Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սուրբ Բարդողոմեոս առաքյալի մասին

Երբ Վերնատանը Սուրբ Հոգին իջավ նրանց մեջ, սուրբ առաքյալների գլխավորները` տասներկու աշակերտները, վիճակ ստացան տարբեր ազգեր, հողմերի ձայնով երկնագործելու հրեղեն լեզուների տարուբերմամբ, և ավագության ձեռնադրություն ստացան, իշխանություն ստացան մեղքերը թողնելու և բռնելու, և ցույց տալու նշան ու արվեստ, ախտերին փարատում շնորհելու, և ցավերը վերացնելու, և սատանային հալածելու, և մեղքերից բաժանելու, ապականության ծառայությունից ազատելու` դեպի ազատությունը Աստծու Որդու փառքի, և դեպի Նրա պատվիրանները գնալու, և արժանի լինելու խոստացված պարգևներին ու այնտեղ եղած բարություններին: Եւ ըստ Սուրբ Հոգու առաջնորդության` սփռվեցին-գնացին դեպի բոլոր կողմերը լեզուների` կենդանի խոսքը քարոզելու, և սուրբ ավազանի ծննդյամբ ու Սուրբ Հոգու արարչական զորության հովանավորությամբ նրանց լուսավորելու:

Գնաց և երանելի առաքյալ Բարդողոմեոսը, որ տասներկու [աշակերտներ]ից մեկն էր, հասնելով մտավ իր առաքելական ընտրության վիճակը: Եւ Թովմա առաքյալի հետ միասին իր քարոզության սկզբում նրան պատահեց մտնելու Հնդկաց սահմաններին մերձակա Եդեմ կոչված քաղաքը: Եւ անցնելով քաղաքի միջով նստեց մի աղբյուրի մոտ, որում հմայությամբ դյութական ազդեցություններ էին կատարվում. ստահոդ խաբեության մոլոր պաշտամունքի ցնորքի [պահին] դևերի հայտնություններ, [որ] ձայն էին տալիս աղբյուրին` իբրև աստվածներից մեկին: Այնտեղ բազում նվերներ և զոհեր էին մատուցվում աղբյուրին: Ուստի ստաբանում էին, թե ինքնիրեն է բխել և լի է սնիչ զորությամբ բույսերի և տունկերի և սերմերի, և այլևայլ ծառերի, զանազան ծաղիկների, համով և հոտով: Եւ աղբյուրն [այն] անվանում էին Նեղոսի դուստր: Եւ մի օր, երբ քաղաքի բազմությունը պատրաստվում էր զոհ մատուցել, ընծայել ոսկի և արծաթ դրամներ և թանկագին ակնեղեն, և մեծագին ու պատվական հանդերձներ, դևերն սկսեցին բարբառել աղբյուրի ներքևից և պղպջակներով ջուրը վեր էին մղում, բորբոք հրի ուժգնությամբ և սաստիկ հողմի հնչումով սարսափեցնելով լսողներին և տեսնողներին` հրի փայլմամբ և հողմի հնչմամբ: Եւ արհավիրքի ժամին մեծաձայն աղաղակ բարձրացրին և ուժգին գոռալով գոչում էին աղբյուրի անունը` իբրև աստծու, որ կարող է օգնել և պարգևներ ընդունել նրանից: Իսկ սուրբ առաքյալը հիացած էր ու զարմացած իր մտքում, մեծ տրտմությամբ լցվեց նրանց մոլորության և աղտեղի գործի զուր չարչարանքների և սխալ ընթացքի, անօգուտ ծախսերի և անիմաստ աղաղակի պատճառով, որ ժխորով հավաքվել էին տղամարդիկ ու կանայք իբրև ճիճու և զազրատեսիլ զեռուն` տղմուտ վայրերում կայտառ խլրտում էին աղբյուրի պատվին, դևերի կեղծավորության պատրանքով: Այնժամ երանելի առաքյալը գնաց նրանց մեջ` աղբյուրի վրա, հանեց թիկնոցը, որ ուսին էր գցել, պարզելով գցեց ջրի դեմ, աղոթեց Տեր Հիսուս Քրիստոսի անունով և բարձր ձայնով ասաց. «Ցամաքելով ցամաքի այս ջուրը և ամենևին խոնավության ուժ չունենա»: Եւ իսկույն փակվեց հորդահոս ջրի վտակը և եղավ իբրև ապառաժ վեմ, և հրի որոտման ձայնը և հողմի փայլատակելը լույսի ձևով` կորավ և դադարեց: Եւ դևերը աղաղակ բարձրացրին, ճչացին մեծակական ողբով ու հառաչելով ասացին. «Ո՛վ Հիսուս նազովրեցի, մինչև ե՞րբ տագնապներ հասցնես մեզ վրա և թույլ չտաս մնալ ջրերի անդունդում և մեր բնակության վայրում: Ամեն երկրից մեզ հալածական դարձրիր Քո խաչով և այժմ Քո աշակերտների միջոցով նեղում ու հալածում ես, չարչարում ու վտանգում նախ քան ժամանակը, որ գալու է մեզ»: Այնժամ սուրբ առաքյալը սաստելով նրանց ասաց. «Ո՛վ պիղծեր, դժնիներ ու մարդատյացներ, արդարության թշնամիներ և մոլորության վարդապետներ, ահա սաստում եմ ձեզ հանուն մեր տեր Հիսուս Քրիստոսի, չեք կարող մնալ այստեղ»: Եւ անմիջապես կորան ու սպառվեցին, ջնջվեցին ու վերացան մեջտեղից, ինչպես մոմը, որ չի կարող հրի առաջ մնալ, այդպես վատնվելով պակասեցին: Եւ բազմակույտ ամբոխը տեսավ: Մեծ ահով բռնված դարձան առաքյալին, ընկան սուրբ առաքյալի առջև մեծ սքանչելիքների համար, որ եղան աղբյուրի վրա: Իսկ կեսը գնալով շրջակա տեղերով պատմում էին այդ բաների մասին, մեծ և զարմանալի գործերը և հրաշափառագույն նշանները, որ կատարվեցին առաքյալի միջոցով: Եւ բոլորը գալիս էին տեսնելու սքանչելիքները, քանի որ բազում ժամանակներ հնչել են աղբյուրից. և մի ակնթարթում ցամաքելով սպառվեց հորդահոս ջուրը:

Եւ քաղաքի բազմությունն սկսեց ծարավից նեղվել, և քարեր առնելով ձեռքերը ուզում էին նետել առաքյալի վրա, բայց քարերով խփեցին ու միմյանց սատկեցրին: Հանդուգն ու խուռն քարընկեցությունից սատկեց մոտ երեսուն հոգի: Եւ սուրբ առաքյալը մոտեցավ մեռածներին, ձեռքը դրեց և աղոթեց նրանց վրա, նրանց հոգիները վերադարձան իրենց, և կանգնեցին կենդանի: Եւ նրանցից յուրաքանչյուրը շտապում էր բերել դևերից հիվանդացածների ու պես-պես նեղվածների, կույրերի ու կաղերի, անդամալույծների, խուլերի և համրերի, լուսնոտների, պես-պես ցավերից նեղվածների և բոլորին բուժեց: Այնժամ սկսեց նրանց քարոզել Մատթեոսի ավետարանը, և խնդությամբ լսելով ընդունում էին սուրբ ավետարանի քարոզությունը: Սուրբ առաքյալը ելավ քաղաքից դուրս մի հարթ, ապառաժոտ վայր, ծունր դրեց, աղոթեց և գոհացավ Քրիստոսի շնորհներից, որ բացեց նրանց միտքը հավատալու Տեր Հիսուս Քրիստոսին, որ ճշմարիտ Աստված է և հավիտենական կյանք: Եւ այնտեղ Խաչի նշանը արեց և խոսեց բարձրաձայն: Եւ ահա ահեղ որոտման շարժում ու թնդյուն եղավ, և այդ տեղը պատռվեց խախտվելով և հոսեց հորդաբուխ, քաղցրահամ վտակների` աղբյուրի ջուրը: Եւ շրջապատելով հանդարտ ու հեզ շարժմամբ սկսե
ցին ուրախանալ: Եւ նրանց իջեցնելով ջուրը` մկրտեց և լուսավորեց Սուրբ Հոգու լույսով և կատարեց պատարագի խորհուրդը, և նրանց մեղքերի թողության համար հաղորդեցրեց Աստծու Որդու կենդանարար մարմնին ու արյանը, որ կյանք է ու ապրեցնող և հավատացուցիչ սուրբ Երրորդության: Եւ սուրբ առաքյալի միջոցով կենդանացածներին այնտեղ երեցներ կարգեց և նրանց հաստատեց ճշմարտության հավատքին:

Եւ գնաց մարաց և հելլենացոց կողմերը և չընդունվեց նրանցից, չկարողացավ կատարել այնտեղ զորություններ, բայց քչերը նրանցից, որոնց քարոզեց Մատթեոսի ավետարանը` հավատացին Բանին և թողին աշխարհի ամբողջ ինչքը և գնացին նրա հետ ամեն տեղ, ուր գնում էր: Այնտեղից դարձավ, մտավ Խորին Ասորոց Բուստր քաղաքը: Եւ երբ մտնում էր քաղաք, բարձրացրած բերում էին մի մեռած պատանու` Բուստր քաղաքի հազարապետի որդուն, որի անունը Անդրոնիկոս էր, և տասներկու տարեկան էր: Եւ նրա ետևից բազում լալականներ` փողերով ու քնարներով, դասդաս խմբերով կոծելով մրմնջում էին և հորդահոս արտասուք հեղում պատանու համար: Նույն պահին առաքյալն ընդառաջ գնաց հրապարակում, մեկնեց իր ձեռքը, մոտեցավ դագաղին, ուր մեռած պատանին էր և ասաց. «Պատանի՛ դու, քեզ եմ ասում, վե՛ր կաց` հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի»: Եւ իսկույն մեռյալը կանգնեց, և ովքեր բարձրացրած տանում էին` կանգ առան: Եւ բազմությունը նայեց սուրբ առաքյալի երեսին, և տեսան, որ հուր ցոլաց սուրբ առաքյալի բերանից և մտավ պատանու բերանը, և կենդանացավ: Աղաղակեցին միաբերան և ասացին. «Աստված է երևացել մեր մեջ»: Եւ երիտասարդները բռնեցին սուրբ առաքյալին, բարձրացրին իրենց բազուկների վրա, իսկ ուրիշներն շտապում էին զոհեր ու պատարագ բերել: Իսկ սուրբ առաքյալը փախավ նրանց ձեռքից, հեռացավ ամբոխից և աղաղակեց. «Ես ծառան եմ ամենակալ Տիրոջ և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի, և Սուրբ Հոգու, որի անունով կենդանացավ այդ մեռյալ պատանին: Ես ուղարկվել եմ ձեզ մոտ քարոզելու արքայության Ավետարանը, որպեսզի դուք ընդունելով կյանքի Բանը` ապրեք և դառնաք ձեր ընդունայն պաշտամունքից, որ պաշտում եք ձեր տգիտության և անհավատության պատճառով, և ճանաչեք միակ ճշմարիտ Աստծուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ ստեղծեց երկինքն ու գետինը, ծովը և ամենը ինչ որ կա դրանց մեջ»: Եւ նրանց տվեց Մատթեոսի Ավետարանը, որ վերցրել էր քարոզության համար: Եւ երեք օրում հազիվ զսպեց ժողովրդին` զոհ չմատուցելու իրեն: Այնժամ մկրտեց պատանուն Սուրբ Հոգու լուսավորությամբ, հոգևոր հրով և ջրի մաքրությամբ, հայր հազարապետով և նրա ընտանիքով ու ազգականներով հանդերձ: Եւ պատանու անունը դրեց Մատթեոս` սուրբ ավետարանչի անունով, և նրան ձեռնադրեց առաքյալների բաժանման տասնութերորդ տարում:

Իսկ ովքեր քաղաքից ելել էին պատանու հետևից և տեսան սքանչելիքը և որ հազարապետն ու ամբողջ ազգը հավատացին Քրիստոսին` սուրբ առաքյալի խոսքերով ու նշաններով, իրենք ևս եկան հոժարակամ մկրտվեցին ջրավազանում Սուրբ Հոգով:

Այն քաղաքում յոթ բագին կար, իսկ դրանց մեջ` մարդու նմանությամբ կռած ու քանդակած
կուռքեր, ձևով Արեսի, և չափով Արամազդի, որ զորապետը, առաքյալի հրամանով, խորտակելով կործանեց և բաժանեց աղքատներին ու կարոտյալներին: Եւ սուրբ առաքյալը բազում զորություններ կատարեց` հիվանդների և ախտաժետների վրա, [փրկելով] պես-պես ցավերից, չարչարանքներից, և բազում դևեր հանեց և հալածեց քաղաքից` տեսնողների համար ակնհայտ: Եւ այնտեղ սեղան հաստատեց և իր աշակերտներից մեկին թողեց այնտեղ` քահանայագործելու, նաև պատանուն` ըստ ձեռնադրության, որ ստացավ Սուրբ Հոգու լույսը:

Եւ երբ նրանց հաստատեց կրոնական սուրբ հավատի, ելավ գնաց Գերմանիկեի աշխարհը` Սուրբ Հոգու ընտրած վիճակը: Երբ նա մտնում էր այնտեղ, այն ամբողջ երկրում տարածվեց նրա համբավը, և` նշաններն ու գործերը, որ կատարվում էին սուրբ առաքյալի միջոցով, արեգակի ճառագայթների նման տարածվում էին ամբողջ երկրով մեկ: Եւ բոլորը շտապում էին գալ նրա մոտ, և բերում էին հիվանդներ` պեսպես ցավերով, և Տիրոջ զորությամբ բուժվում էին:

Շատերը նստում էին ճանապարհներին` սպասում, ակնկալելով հանդիպել նրան, որպեսզի երբ նա անցներ, հիվանդությամբ ախտահարվածները և դիվահարները առողջություն գտնեին: Եւ երբ նրանց թագավորը լսեց առաքյալի այնքան սքանչելիքների լուրը, շատ բորբոքվեց, և առաքեց իր ծառաներին, հրամայեց նրան բանտում պահել հինգ օր: Հինգ օր հետո իր մեծամեծներով ու Գերմանիկեի իշխաններով հանդերձ նստեց ատյանում և հրամայեց բերել նրան: Երբ գնացին բանտ, մեծ բազմություն էր գալիս, շրջապատելով այն վայրը, և բանտից դուրս սաստիկ լույս ծագեց` ինչպես արեգակի լույսը միջօրեին: Եւ ահ պատեց նրանց, որ եկել էին սրբին ատյան` խոշտանգման տանելու: Եւ ահով շտապ դարձան այնտեղից, իրենց տեսած մեծամեծ սքանչելիքները պատմեցին թագավորին և նրա հետիններին:

Այն ժամանակ թագավորը նաև նրա հետի մեծամեծները մեծ ցասումով հրամայեցին, որ հրկիզեն բանտը և դրա հետ այրեն Աստծու սրբին: Իսկ նա բանտում ամեն օր աղոթում էր, որ Աստված գթա իր արարածներին, և դառնան մոլորությունից, որ ընկել էին խորին կորստի անգիտության խավարի մեջ, սատանայական խաբեպատիր մոլորությամբ, որովհետև պաշտում էին իրենց ստեղծած, իրենց ձեռքի գործերին:

Ու մինչ նրանք այսպես էին մտածում սրբի մասին, հանկարծակի ահեղ որոտմունք ու ճայթյուն եղավ ամպերից` հրացայտ փայլատակումով: Նրանք ընկան գետին և նրանց մտքերը ցնորվեցին, եղան անխոս անասունի նման, որոնց մեջ չկա իմաստություն: Իսկ սուրբ առաքյալը բանտից դուրս ելավ, մեկ առ մեկ ձեռքը դրեց նրանց վրա, կազդուրվեցին, կանգնեցին իրենց ոտքերի վրա: Եւ նրանց միտքը վերադարձավ իրենց, և սուրբ առաքյալից խնդրեցին ողորմություն, գթություն հայցեցին Տեր Աստծուց և` բուժում ստանալ իրենց հասած հարվածներից: Իսկ Աստծու սուրբն ասաց. «Ում մարմնի աչքերն են բաց` տեսնում են միայն այս աշխարհի լույսը, և ոչ ճշմարիտ լույսը, որ լուսավորում է աշխարհ եկող ամեն մարդու: Արդ, եթե համաձայնեք իմ խոսքերին և հավատաք Աստծու Միածին Որդու Ավետարանի քարոզությանը, որ ես եմ ձեզ ավետարանում, կընդունեք ձեր ստացած հարվածների բուժումը, որ հայցում եք Տիրոջից` իմ բարեխոսության միջոցով, և կապրեք դուք և կլինեք անստվեր լույսի ու հավիտյան անանց կյանքի ժառանգորդներ, որ Աստծու Որդին Հիսուս կտա ձեզ, եթե հավատաք Նրա անվանը աներկբա խոստովանությամբ»: Պատասխանեցին. «Հավատում ենք քո Աստծուն, որ դու հավատալով պատմում ես մեզ, միայն թե մեր անձերն ապրեն, և լուսավորես մեզ»: Եւ առաքյալը, ինչպես ամեն տեղ, այնտեղ ևս քարոզեց Մատթեոսի Ավետարանը, և Եսայի տեսանողի մարգարեությունը, և դրանց մեկնությունը, որ կա առակներում, և խորիմաստ ճառերը, որ կային մարգարեության ու սուրբ Ավետարանի մեջ:

Այնուհետև թագավորները, մեծամեծները, նախարարները սկսեցին շտապեցնել սուրբ առաքյալին և ասացին. «Շուտ կատարիր մեր մեջ Ավետարանի քարոզությունը, որից, ասում ես, մկրտվելով կհասնենք մեղքերի թողության և երկնքի արքայության, որպեսզի բուժումն լինի մեզ հասած հարվածներից: Արդ, մի՛ ուշացնիր մեզ տալ օգուտը, որ մեր փրկության համար է, որ քո բերանից լսեցինք, և մեզ հասած այս պատուհասի խրատը: Այժմ իմացանք և ճանաչեցինք, որ քո Աստվածը ճշմարիտ Աստվածն է, և չկա մեկը Նրանից բացի, և մենք Նրան կծառայենք ու կհնազանդվենք, քանի որ Նա է Աստված ճշմարիտ և հավիտենական կյանք և աշխարհների փրկիչ»: Այնժամ սուրբ առաքյալը նրանց տարավ վտակի մոտ, որ հարավակողմում իջնում էր փոքր ձորակից, իջեցրեց ջուրը, մկրտեց նրանց:

Եւ նրանք բացին աչքերը և տեսան Սուրբ Հոգին, որ իջնում էր օդով և պարզ լույսով, և լուսավորեց նրանց, նրանց լույս հագցրեց իբրև հանդերձանք, իսկույն սեղան բացեց և կերակրեց նրանց երկնային հացով և Աստծու Որդու արյունով, և աղոթելով` ձեռքը դրեց նրանց վրա, որպեսզի հաստատ մնան հավատքին, որ ընդունեցին և լուսավորվեցին Սուրբ Հոգու լույսով: Եւ նրանք խնդրում էին սուրբ առաքյալին, որ մնա իրենց մոտ և հովվի իրենց, որ անբաժան մնա իրենցից: Իսկ նա պատասխանեց. «Ես նաև այլ քաղաքներում եմ ավետարանելու, ինչպես ասաց Քրիստոս. «Գնացեք բոլոր հեթանոսների մեջ, մկրտեցեք նրանց հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» (Մատթ. ԻԸ. 19): Արդ, Քրիստոս ինքը, որին հավատացիք և լուսավորվելով կնքվեցիք Նրա Հոգով, Նա կլինի ձեզ հետ, իսկ մենք [մեկնենք], քանի որ մեզ է հանձնել հեթանոսներին, մի՛ հակառակվեք Նրա հրամանին»: Եւ լսելով` թույլ տվին նրան:
Եւ սուրբը գնաց հասավ Պարթևների, Մարերի և Ելիմացոց երկիրը, և նրանց քարոզում էր կյանքի Բանը:

Պարթևներից շատերը դարձան դեպի զորությունների Տերը` նշաններով, հնարներով և պեսպես բժշկությամբ, որ սուրբ առաքյալից ստացան, առողջացում ախտերից` Տիրոջ ողորմությամբ և գթությամբ: Եւ այնտեղ լուսավորելով շատերին` գնաց Պարսից և Մոգուց կողմերը և սկսեց նրանց քարոզել իր սովորական վարդապետությունը, Մատթեոսի Ավետարանը, և ինչ հանգամանք որ կար մոգերի վերաբերյալ` դրեց նրանց առջև: Եւ հասավ մինչև նրանց կրակապաշտության վայրը, որ մոգության օրենքով պաշտում էին, իր ձեռքերը պարզեց դեպի արևելք, արեգակի դեմ, որը պաշտում էին, և արգելեց այն և նրա ճառագայթների ուժը պակասեցրեց մինչև օրվա վեցերորդ ժամը: Եւ երկնքից նշան` հրո սյուն կանգնեց կրակարանի մեջ, հանդիմանելով նրանց մոլորությունը` տեսիլքով ու սքանչելիքով, փոխանակ սպասարկեն Հելիոսին, Սեփին, Արեսին և Պռենին: Բայց չնայած ի վերուստ այնքան մեծ սքանչելիքներ ու զարմանալի նշաններ եղան, բայց նրանք չվախեցան դառնալու տարրերի երկրպագությունից, որի մեջ ընկել էին սնոտի առասպելաբանությամբ ու բարձրահոն պարծանքով, միայն ութ հոգուց բացի, որոնց լուսավորեց և հանեց նրանց խուժադուժ ազգի կործանվածների միջից:

Եւ անցավ գնաց Հայոց Գողթն գավառը, շտապեց հասնել Թադեոսի վիճակը` ըստ Սուրբ Հոգու հրամանի: Եւ այնտեղ քարոզեց կյանքի Բանը, և նրանք խնդությամբ ու մեծ հոժարությամբ ընդունեցին, հավանեցին ու հնազանդվեցին, լուսավորվեցին ավազանի մկրտությամբ: Նրանց [մոտ] երեցներ թողեց այնտեղի մոգերից, որ աշակերտեցին սուրբ առաքյալին: Եւ բազում զորություններ կատարեց Աստված այն այրերի ձեռքով ամեն տեղ, ուր հասնում էին նրանց ոտքերը: Եւ շատերին սնոտի պաշտամունքից դարձրին ի Տեր, և նրանց վրա իջավ առաքելական շնորհ:

Սանատրուկ թագավորի քսանիններորդ տարում սուրբ առաքյալ Բարթուղիմեոսը մտավ Հայաստան Սուրբ Հոգու հրամանի համաձայն որ նրան ընտրեց հեթանոսներին դարձի բերելու առաքելության: Եւ Թովմային, որ յոթանասուն աշակերտներից էր, ըստ իր առաջնորդական վերակացության, գրեց նրան, որ իրենց զանց չառնի` քարոզելու արքայության Ավետարանը, ինչպես ամեն տեղ, Թադեոս առաքյալի փոխարեն:

Եւ սուրբ առաքյալը եկավ Արտաշի բլուրը, հանդիպեց մի ուրիշի` տասներկուսից, Հուդա Հակոբյանին: Եւ այնտեղ, ուր պատահեցին միմյանց` տերունական Խաչի նշանը կանգնեցրին և միմյանցից բաժանվեցին մեծ ուրախությամբ: Եւ Հուդան գնաց իր տեղերը: Իսկ Բարթուղիմեոսը գնաց մտավ Հայոց Հեր և Զարևանդ գավառները, և հիվանդների վրա նշաններ ու հմտություններ բանեցրեց, և բազում դևեր հանեց, այնտեղ լուսավորեց շատերին և մխիթարեց սուրբ ավետարանի վարդապետության խոսքերով, նրանցից հավաստում ստացավ, որ հաստատուն կմնան ընդունած հավատքին, և հավատարիմ եղան: Մեկ-մեկ ձեռքը դնելով` նրանց հանձնեց Աստծու շնորհներին: Իսկ ինքը գնաց Հայոց Ուրբանիոս քաղաքը: Եւ նրա մոտ էին գալիս բոլոր նեղվածները պես-պես ցավերից ու տանջանքներից, և բուժեց բոլորին և լուսավորեց սուրբ ավազանի մկրտությամբ:

Նրա մասին լսեց Ոգուհին` Սանատրուկ թագավորի քույրը, որ Աբգարի քրոջ դուստրն էր, և եկավ նրա մոտ գաղտնաբար, լսեց նրանից կյանքի Բանը, հավատաց մեր Տեր Հիսուս Քրիստոսին` ինքը և բոլոր յուրայինները: Եւ հագավ կուսության զգեստ, իսպառ հրաժարվեց աշխարհի փառքից և աշակերտելով առաքյալին` շրջում էր նրա հետ:

Թագավորը լսեց եղելությունները, մեծ ցասումով բռնեց` կատաղի արյունարբու գազանի նման, ուղարկեց Տերենտիոս հազարապետին և նրա հետ եղածներին: Եւ երբ հազարապետը թագավորի հրամանով եկավ նրա մոտ և տեսավ Աստծու սրբին` գորով զգաց նրա նկատմամբ, և նա սկսեց նրան քարոզել արքայության ավետարանը: Եւ Տերը բացեց նրա միտքը` անսալու նրա խոսքերին: Նա բորոտության ախտով էր տառապում, և սուրբ առաքյալը նրան գիշերով մկրտեց, և լուսավոր ամպը հովանի եղավ այնտեղի վրա, և հրո լույսը շրջափակեց սրբարար ավազանը: Երբ նա ելնում էր ջրից` նրա վրայից ընկավ գոսացած մաշկը` ծառի կեղևի և որթի տերևի նման և լույս հագավ իբրև հանդերձ: Եւ տեսնելով սքանչելիքը` շատերը հավատացին Տիրոջը:

Երբ սքանչելիքի լուրը հասավ թագավորին, առավել զայրացավ, աններում բարկությամբ շտապ նախարարներից ուրիշ մեկին ուղարկեց, որ արագ վերջ տա դրան, որ չթուլանան ու մնան, տևաբար լսեն նրանց: Եւ սուրբ առաքյալին` կույսի և հազարապետի ու մյուս աշակերտածների հետ տարան ատյան: Եւ վեց հոգի սուրբ առաքյալին փշոտ մահակներով տանջեցին մեկ ժամի չափ, և կարծում էին, որ նա մեռել է. քաշեցին քաղաքից դուրս գցեցին: Բայց սուրբ առաքյալը կենդանի էր զորությամբ և ուժով իր Տիրոջ, որին հավատացել էր: Մոտ երեք ժամ այսպես ընկած մնաց, և նրա շուրջը [հավաքվել էր] մեծ բազմություն քաղաքից և նրա մերձակայքից: Երեք ժամ հետո շարժեց ձեռքը, և ձեռք մեկնեցին, նա ելավ նստեց ամուր, և ձեռքերը վեր բարձրացրեց դեպի երկինք, ասաց. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, այս վիճակը ձեռքից մի՛ թող Թադեոսի, Հուդայի և իմ` Բարդուղիմեոսի խնդրանքով, որ հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց, այլ սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից: Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ Քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և` որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»:

Երբ սա ասաց` հողը շարժվեց, և ահա լուսեղեն կամարը եկավ կանգնեց սրբի վրա: Եւ նա նայեց վերև` երկինք, ավանդեց հոգին, և անուշության հոտ բուրեց, և սուրբ Թադեոս առաքյալը մարմնավոր տեսիլքով ընդառաջ էր գալիս նրան: Եւ գնացին նույն կողմը, որտեղից եկավ աստծու սուրբ Թադեոսը: Եւ ահ պատեց բոլորին, և այն օրը երկու հազար հոգի հավատացին, և բոլորը փառավորում էին Աստծուն կատարվածի համար: Իսկ կամարաձև լույսը [սրբի] մարմնի վրա մնաց տասներկու օր:

Իսկ երանելի Ոգուհիին ու հազարապետին սպանեց սրով, նաև բազում ուրիշների: Տեսնելով սուրբ առաքյալի մարմինը` հանգստի տեղափոխեցին նույն տեղում, նույնպես և մյուս վկաներին, ի փառս ամենասուրբ Երրորդության:

Իսկ երբ որոտումն եղավ` խուլերը լսեցին և բուժվեցին, տեսան կույրերը և լուսավորվեցին, և համրերը խոսեցին, և բոլորը ամեն ախտից բուժվեցին, որոնք հավատացին մեր Տեր Հիսուս Քրիստոսին` սուրբ առաքյալ Բարդուղիմեոսի միջոցով: Եւ հավատացյալները միաբան ձեռքերը վեր բարձրացրին, միաբերան փառավորում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա հետ Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net