Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Շավարշ Միսաքյան

Շավարշ Միսաքյան (ավազանի անունը՝ Եղիազար, 1884, Սեբաստիայի նահանգ, Թուրքիա - հունվարի 26, 1957, Փարիզ, Ֆրանսիա), հայ հրապարակագիր, ազգային-քաղաքական գործիչ։

Կենսագրություն

Շավարշ Միսաքյանը (կենտրոնում), 1911 թ. նոյեմբերի 26-ին Էրզրումում

Շավարշ Միսաքյանը ծնվել է Սեբաստիա նահանգի Զիմառա գյուղում։ 1890 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ Շավարշը դպրոց է հաճախել, այնուհետև սովորել է Գում Գափուի վարժարանում, Կալաթայի կեդրոնականը և Կետիկ Փաշայի Կարկուրյան դպրոցում։ 16 տարեկան հասակում աշխատանքի է անցել «Սուրհանդակ» թերթի խմբագրությունում։ Գաղտնի աշխատել է Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ լույս տեսնող դաշնակցական «Ռազմիկ» թերթում: 1908 թվականին օսմանյան սահմանադրության հաստատումից հետո, օգտվելով ազատության առաջին շրջանից, Միսաքյանը Գեղամ Բարսեղյանի, Վահրամ Թաթուլի և Զաբել Եսայանի հետ ձեռնարկել է «Ազդակ» շաբաթաթերթի հրատարակությունը, հիմնել է նաև «Արծիվ» գրատունը և «Ազդակ»-ի մատենաշարը: Շաբաթաթերթին աշխատակցել են Դանիել Վարուժանը, Միսակ Մեծարենցը, Սիամանթոն, Ահարոն Տատուրյանը, Հակոբ Օշականը, Հակոբ Մնձուրին, Հարություն Շահրիկյանը, Բարսեղ Շահպազը: Թերթի գործունեությունը դադարել է 1909 թվականի հոկտեմբերին, երբ լույս տեսավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազատամարտ»-ը: 1911 թվականին մեկնում է Կարին և ամբողջ տարին խմբագրում տեղի «Յառաջ» թերթը, որի հիմնադիր Եղիշե Թոփչյանը սպանվել էր 1909 թվականին: Կոստանդնուպոլիս վերադառնալով «Ազատամարտ» թերթում ստանձնում է գրական բաժնի խմբագրությունը` մինչև 1915 թվականի ապրիլ 11/24-ի պոլսահայ մտավորականության զանգվածային ձերբակալությունը և «Ազատամարտ»-ի խափանումը թուրքական իշխանության կողմից:


Փարիզ, փետրվարի 1928 թ. «Յառաջ» թերթի խմբագրությունը: Ձախից աջ` Շավարշ Միսաքյան, Արմեն Լուբին (Շահան Շահնուր), Նշան Պէշիկթաշլեան, Մելքոն Քեպապչյան, Շավարշ Նարտունի և Թեոդիկ

Հրապարակագրական ու գրականագիտական աշխատանքներին զուգահեռ Շավարշ Միսաքյանը ներգրավվել է կուսակցական աշխատանքներում: 1907 թվականին անդամագրվել է ՀՅԴ շարքերը: 1915 թվականի ապրիլին, որպես հայտնի խմբագիր ու կուսակցական գործիչ, նրա անունը նունպես ներառած էր թուրք գաղտնի ոստիկանության պատրաստած ցուցակում: Պատահականորեն կարողանում է խուսափել թուրքական ոստիկանության հետապնդումներից, բայց ի վերջո ձերբակալվում է, երբ փորձում էր Պոլսից հեռանալ ու Բուլղարիայում ապաստանել։ Բանտում է մնում մինչև 1918 թվականի նոյեմբերի 17-ը, ապա ազատ է արձակվում:

1919 թվականին Շավարշ Միսաքյանը ժամանում է Երևան՝ որպես Կ. Պոլսի պատգամավոր մասնակցելու ՀՅԴ 9-րդ ժողովին: Վերադառնալով Պոլիս՝ շարունակում է գլխավորել Պոլսի Կեդրոնական կոմիտեն` միաժամանակ խմբագրելով «Ճակատամարտ»-ը մինչև 1922 թվականի նոյեմբեր, երբ քեմալական վարչակարգը վերջնականապես հաղթանակ է տանում Թուրքիայում: Կեդրոնական կոմիտեի մյուս անդամների հետ մեկնում է Սոֆիա, որտեղ շարունակում է կանոնավոր լերպով խմբագրականներ ուղարկել Պոլսի «Ճակատամարտ»-ին` մինչև 1924 թվականին դրա փակումը: Նույն թվականին մեկնում է Փարիզ և մասնակցում Դաշնակցության 10-րդ Ընդհանուր ժողովին, որտեղ ընտրվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, 1929 թվականին վերընտրվում հաջորդ Ընդհանուր ժողովում և շուրջ տասը տարի վարում կուսակցական-կազմակերպական պատասխանատու պաշտոններ` միաժամանակ Սիմոն Վրացյանի և Արշակ Ջամալյանի հետ մասնակցելով «Դրօշակ»-ի խմբագրումին, լինում Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, ավելի ուշ Եգիպտոսում, Պաղեստինում, Սիրիայում, Լիբանանում:

«Յառաջ»

Ֆրանսիայում հաստատվելուց հետո, կուսակցական գործունեությանը զուգահեռ, 1925 թվականի օգոստոսին հիմնում է «Յառաջ» հասարակական-քաղաքական և գրական օրաթերթը: Միսաքեանը «Յառաջ»-ի խմբագրությունը վարել է 1925 թվականից մինչև իր մահը՝ 1957 թվականի հունվար: Օրաթերթի հրատարակությունը 5 տարուան ընդմիջում է ունեցել (1940-1945 թթ.) Գերմանիայի կողմից Փարիզի գրավման պատճառով: Պատերազմի տարիներին լույս է ընծայել «Հայկաշէն» (3 գիրք) և «Արածանի» (երկու հատոր) հավաքածուները, որտեղ գրական և ուսումնասիրական ուշագրավ էջեր կան հայ լեզվի, հրապարակագրության և գրականության մասին:

«Անկոչելիին դիմաց ` Շավարշ Միսաքեանի յուշերը» թեմայով Գրիգոր Պլտեանի դասախոսությունը Ականաթում . 25.05.2015

Հանդիպումը նվիրված էր Շավարշ Միսաքյանին՝ արեւմտահայ դաշնակցական ականավոր գործիչ եւ հրապարակախոս, Փարիզի "Յառաջ" օրաթերթի հիմնադիր եւ երկարամյա տնօրեն ու խմբագիր:

Մեծ եղեռնի օրերին Պոլսում բնակվող Միսաքյանը մազապուրծ փրկվել է ձերբակալված հայ մտավորականների դառն ճակատագրից: Այդ մասին պատմող իր հուշերը առանձին գրքով հրատարակվել են Մարսելում 2015-ի Մայիսին: Այս նոր հատորի վերջաբանը գրել է Գրիգոր Պլտյանը:

Շավարշ Միսաքյանը համարվում է Գենոցիդ տերմինի` հայերեն համարժեք Ցեղասպանություն բառի ստեղծողը, 1945 թվին: