Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Դանիել Վարուժանի նամակը մորը՝ Թագուհի Պաղտիկյան-Չպուքքեարեանին

«1903թ., նոյեմբեր, Վենետիկ»

Անուշակ մայրիկ,
Ձեր ձեռնագրով՝ Ձեր նամակը ինծի անակնկալ մ'եղաւ, քաղցր անակնկալ մը: ասկէ վերջ պիտի գրեք, այնպես չէ՞, քանի որ Ձեր սրտէն՝ ալ մէ՜կ կտորը միայն պանդխտութեան մեջ է:
Մեծ ջանքով մը գրերնիդ կարդացի. թուղթը՝ մեյ մը աջ դարձնելով, մէյ մը ձախ, և քիչ մըն ալ մարգարէանալով. այս ջանքը քաղցր էր ինձի, ինչպես Ձեր յիշատակը քաղցր է, և ինչպես դուք ամենաքաղցր էք:
Իմ գալուստս կ'երազէք, հէ՞. աղօթք ըրէք, սիրելի մայր, աղօթք ըրէք. ա՛յդ ալ կ'ըլլայ:
Եղբօրս կրթութիւնը հօրս թողուցէք, դուք միայն սիրեցէք զինքը և խնամեցէք: Երջանի՜կ է այն մանուկը՝ երբ կրթող հայր մ’ունի և խնամող մայր մը, ըսածս գիտեմ:
…. Մնաք բարով, սիրելիներ. Ձեր ծիծաղի և արցունքի ժամերուն մեջ զիս մի մոռնաք:

Մնաք բարով՝
Ձերդ
«Դ. Չպուքքեարեան»


Այս լուսանկարում Դանիել Վարուժանի հայրն է` Գրիգոր Չպուգքարյանը, «կրթված և գրագետ մարդ մը», Թագուհին, «միջահասակ, շնորհալի և ժպտերես… ճերմակ մորթով, երկար մազերով… մի կին», և ինքը Դանիելը` աջ կողմում: Ո՞վ է ձախ կողմում կանգնած երեխան, դժվարանում եմ ասել, քանի որ Դանիելի կրտսեր եղբայրը` Վահանը ծնվել է բավականին ուշ` 1900 թվականին, իսկ այստեղ Դանիելը 5-6 տարեկան է` մոտավորապես 1890 թվականի լուսանկար է: Այնուհետև հայրը մեկնելու Պոլիս, ուր երկար տարիներ կաշխատի «Խավյար խանին մեջ», իսկ մայրը Դանիելի հետ կմնա Բրգնիքում: 8-10 տարվա բաժանումից հետո Թագուհին Դանիելի հետ կմեկնի Պոլիս: «Կարոտից մղված թե որդուն ուսման տալու մտահոգությամբ` Գրիգո՞րն է Պոլիս կանչում կնոջն ու զավակին, թե՞ ջարդերի պատճառով ամուսնուց լուր չստացող, տագնապած կինն է մեկնում Պոլիս` հետը վերցրած որդուն, հայտնի չէ»:

Վազգեն Գաբրիելյան, «Դանիել Վարուժան», Երևան, 2009, էջ 12-13

Գրականության և արվեստի թանգարան