Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ռոստամ բազի

Կարին - Ռոստամ Բազի

Ռոստամ բազին հայկական ռազմի պարերից է: Հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում՝ Կապուտան (Ուրմիա) լճի շրջակայքում: Ռոստամը դա պարսիկ գրող Ֆիրդուսու հայտնի էպոսի հերոսի անունն է, որը ողջ Պարսկաստանում, այդ թվում նաև պարսկահայոց մեջ ընդունված էր որպես հերոսականություն, առնականություն, դյուցազնականություն խորհրդանշող պատմական անձերից, կերպարներից մեկը: Իսկ բազի թարգմանվում է որպես, խաղ, այսինքն եթե ամբողջովին փորձենք հայեցի մեկնաբանություն տալ, ապա այն թերևս կհնչի որպես «Քաջերի խաղ», որը կրել է ռազմիկների մարզելու խնդիրը:

Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Գրական հայերենում նրանք կոչվում են ռազմական պարեր - ռազմ-կռիվ բառարմատից, կամ պատերազմական պարեր, պատերազմ-կռիվ բառից:

Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարված հաղթանակների կապակցությամբ հնում կոչում էին Պարք Բանակաց: Բոլոր ժողովուրդների և ցեղերի մոտ հնում կատարվում էին մենամարտի և ճակատամարտի բեմականացումը: Այն ցեղերի մոտ, որտեղ այժմ էլ իրականացվում է պատանիներին ցեղի գաղտնիքների և խորհրդապաշտություններին հաղորդություն տալու ծեսը, նման բեմականացումները իրականացվում են նաև մեր ժամանակներում:

Հաղորդություն ստացող պատանիները պիտի ծանոթանային իրենց ցեղի, և իրենց նախնիների հերոսական սխրանքներին ծանոթացնող պատմությունների հետ: Ռազմական սյուժեն, կամ առանձին ռազմական պարերը կատարվում էին նմանատիպ պատմա-դիցաբանական և էպիկական ներկայացումներին՝ ավագների անմիջական հսկողությամբ, ղեկավարությամբ և երբեմն մասնակցությամբ, հաղորդություն վերցնող, օծվող պատանու դիմաց: Աստիճանաբար նաև պատանիները սովորում էին պարերը բեմականացնել և կատարել, գովերգելով իր ցեղի կամ ժողովրդի վերապրած ռազմարշավները, հաղթանակները կամ ողբերգելով պարտությունները:

Միևնույն ժամանակ տարեց սերունդը չԷր կարող չնկատել երիտասարդության առողջության վրա ռազմական պարերի առողջարարական և կազդուրիչ ազդեցությունը: Նաև նրանց մեջ ֆիզիկական ճարպկությունը, ներդաշնակությունը և շարժումների թեթևությունը զարգացնող ազդեցությունը: Հասկանալի է, որ իրենց ողջ վաղնջական պաշտանմունքայնությամբ և սրբազանությամբ ռազմական պարերը , մրցումներն ու խաղերը սկսեցին ոչ աննշան դեր խաղալ երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործում:

Շհորհիվ իրենց օգտակար մարզումների արդյունքների, ռազմակամ պարերը, մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստականության համակարգի մեջ: Դրանով է պայմանավորված ռազմական պարերը համաժողովրդական տարածումը, որը ծնեց նրա մեջ կենցաղային դիմագծեր, բովանդակություն, որոնք հետագայում զարգացան նրանց պաշտանմունքային նշանակությանը և բովանդակությանը զուգահեռ:
Ռազմական պարերը կատարվում էին հարսանեկան թափորների ժամանակ՝ պսակադրությունից հետո, եկեղեցուց փեսայի տուն տանող ճանապարհին: Նրանք կատարվում էին նաև բուն հարսանիքի ժամանակ : Այս պարերը ըստ երևույթին աղջիկ առևանգելու ժամանակ կռիվ - մենամարտերի կամ նույնիսկ մեծ ճակատամարտերի վերապրուքներ են:

Թաղման թափորների ժամանակ հայերի կողմից ռազմական պարերի կատարման, թաղման ծեսերում ճակատամարտերի բեմականացման մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին: Իսկ ճակատամարտերի նման բեմականացումները իրենց մեջ պարփակում են պարային տարրեր, կատարվում էին պարային ռիթմով և արագությամբ, և կազմված են մի շարք ավանդական պարաքայլերից, ռազմական շարքերի և վերադասավորումների մեջ մնջախաղային հարձակումներով և նահանջներով կամ թշմանու հետապնդումներով:

Եթե մինչ օրս ռազմական պարերը չեն կորցրել իրենց բազմազանությունը, շարժունակությունը, բուռն խառնվածքային ձևերը՝ թռիչքներ, հարձակումներ և մնջախաղային արտահայտչությունը, ապա ավելի քան պարզ է, որ հնում, երբ ռազմական պարերը ունեին արդիական նշանակություն հայերի կենցաղում և ծեսերում, նրանք պետք է լինեին լի ավելի վառ գեղարվեստական արտահայտչականությամբ և թատերականացվածությամբ, կառուցված տեխնիկապես կատարելագործված ռազմական շարժումների վրա և հին հայկական սպառազինության կատարյալ տիրապետմամբ:

Չնայած որ ռազմի պարերի գերակշռող մասը գծային պարեր են, որոնք բաժանվոմ են երկու ձևերի՝ միաշարք և երկշարք գծային պարերի, այդուհանդերձ Ռոստամ բազին ռազմի պարերի այն պահպանված նմուշներից է, որը պարվում է շրջանաձև: Պարեղանակը 3/4 հաշիվ ունի, բայց խառը շեշտադրումով: Պարի հատակագծի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է, ինչը վկայում է պարի դրական ազդեցության, նրա հաղթական մոգության մասին: Պարաքայլերը շատ տիպիկ են պարսկահայոց պարարվեստին և մի քիչ կլորավուն, աղեղնաձև քայլերով:

Պարաքայլի հաշիվը յոթ է, ինչը նույնպես դրական խորհուրդ ունի և երևի մարտում հաղթանակին նպատակմղված մոգություն: Առաջին երեք հաշիվը տեղում ձախ ոտքով, իսկ երրորդը հենց դեպի ձախ կատարվող շարժումներ են, ասես նախկին մարտերում անհաջողությունների, ձախորդությունների հետ կապը խզելուն նպատակամղված, որը հոգեբանորեն նախատատրաստում է ապագա մարտերում հաղթողին ոգի ներշնչելու: Հետագա երեք հաշվին մարմինը փոքր-ինչ աջ դարձումով շատ ավելի կտրուկ տեղաշարժվում է դեպի աջ և պարի վերջակետը յոթերորդ հաշվին մարմինը ուղղվում է, հանգելով ելման դրության, բարձր թռիչքով վերջակետ դնելով պարաքայլին՝ ասես արձանագրելով տարված հաղթանակը:

Անշուշտ այս պարը մի քանի տեսանկյունից դրական ազդեցություն ունի մարտիկների վրա: Նախ և առաջ մարտական ոգեղենության, ֆիզիկական բարձր պատրաստականության, ճարպկության և բարձր ցատկունակության:
Ենթադրաբար այս պարը վերապրուկ է հեթանոսական արևապաշտական ժամանակներից, այդ է վկայում պարի հատակագծի ձևը, որը հիշեցնում է արևի սկավառակը, քանզի արևի և Հայոց ռազմի Աստված Վահագնի հովանավորությունն էլ մարտի ժամանակ ակնակալում են պարի մասնակիցները:

Ըստ որոշ հիշատակությունների պարը երբեմն պարվել է փոքր դաշույներով, որը կենցաղից հետզհետե դուրս է մղվել: Իսկ երբեմն պարվել է ջահերով, որը նույնպես կենցաղից դուրս է մղված, բայց ինչը խորհրդանշում է պարի հեթանոսական ծագումը և նախկինում նրա արևապաշտական բնույթ ունենալը: