Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

«Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի նվազել են սրբերը»

Սերգեյ ՖՈՒԴԵԼ

Եկեղեցում, ուր միշտ աղոթում էր Սմարագդա մայրիկը, քահանան անհավատ էր։ Սմարագդան գիտեր և նեղվում էր դրանից, բայց ի՞նչ կարող էր անել։ Եվ նա այսպես վարվեց. սկզբում խոստովանում էր իր խցում` սուրբ Սպիրիդոն Տրիմիֆունտացու սրբանկարի առջև, ում հատկապես շատ էր մեծարում, իսկ հետո գնում էր տաճար ակներև խոստովանության։ Ակներևն անհրաժեշտ էր որպես խոնարհության ակնհայտ սխրանք և դաս բոլորին պառակտման անթույլատրելիության մասին։ Մի օր Սմարագդա մայրիկն իր սրտամոտ բարեկամին պատմեց, թե ինչպես այդպիսի մի կրկնակի խոստովանությունից հետո երազում տեսավ, որ կանգնած է եկեղեցում, և ինչ-որ մեկը բոլորին մի-մի ծաղիկ է բաժանում, իսկ իրեն տալիս է երկուսը, ասելով. «Սա քե՛զ` երկու խոստովանության համար»։

Տեսնել հարկավոր է ամեն ինչ` և՛ հավատը, և՛ անհավատությունը, և՛ Եկեղեցին, և՛ նրա նմանակին, իսկ Տերը կխրատի ամեն մի խոնարհ սրտի, թե ինչպես վարվել։
Ինչ-որ ֆրանսիացի լավ է ասել. «Ավելի վտանգավոր է կորցնել հավատը առաջին մեղքի փաստի նկատմամբ, քան հավատը առ Աստված»։ Կորցնելով հավատն ադամական մեղքի փաստի նկատմամբ, «մոռանալով նրա մասին», մարդը կորցնում է իրականության զգացողությունը` և՛ մարդկային, և՛ եկեղեցական։ Նա դնում է բարօրության վարդագույն ակնոցն ու դառնում անհասանելի աշխարհի ողբերգության և Եկեղեցու տառապանքի համար։

«Յուրաքանչյուր մարդ... ունի սեփական երկինք և երկիր, ոգի և մարմին, ներքին և արտաքին, նախնադարյան կատարելության մնացորդ և մեղանչական ապականության քաոսը, որի միջից շնորհի ազդեցությամբ... իրականանում է նոր էակը» (Միտրոպոլիտ Ֆիլարետ (Դրոզդով)։

Տաճար մտան երկու տղա` մեկը վեց տարեկան էր, մյուսը` ավելի փոքր։ Փոքրը, ըստ երևույթին, այստեղ դեռ չէր եղել, և ավագն առաջնորդում էր նրան։ Ահա և Խաչը։ «Իսկ սա ի՞նչ է, ինչո՞ւ է Նա խաչված», - սարսափած հարցնում է մանուկը։ Ավագը վստահ պատասխանում է. «Ճշմարտության համար»։

Մի երիտասարդ ներկա է լինում 1963 թվին հայր Նիկոլայ Գոլուբցովի թաղմանը, որից հետո ասում է իր մորը. «Հիմա ես գիտեմ, թե ինչ է Եկեղեցին»։ Ինչո՞ւ է նա այդպես ասել։ Հազար հոգուց բաղկացած ամբոխ էր, սակայն այդ մարդը լավ գիտեր այդ ամբոխը։ Կատարվել էր Եկեղեցու ծեսը, երգվել էին աղոթքները, բուրվառի խնկարկումը, ինչն էլ բավականին հայտնի էր նրան։ Այստեղ կատարվեց այն, ինչը այդ ամենը վերածեց մի անըմբռնելի համաձուլվածքի, ավելի ճիշտ` օրգանիզմի, այստեղ տեղի ունեցավ այդ մարդկային հոգիների և մարմինների խառնամբոխի վերափոխումը Քրիստոսի Մարմնին։ Սեպտեմբերյան առավոտի, մարդկային կյանքերի, զգացումների և ծեսերի դյուրաբեկությունն ու անցողականությունը համակվեցին Աստվածային անապականության ոսկե և հավերժ շողով` բացվե՛ց Եկեղեցին։

Կարելի է շատ գրել թանկագին մարդկանց մասին, որոնք ապրում են սրտի հիշողության մեջ։ Սակայն ավելի լավ չէ՞ լռել, որ նրանք ավելի չհեռանան, հնարավոր է, անհանգստացած ոչ այնպես ասված խոսքից։ Չափազանց թանկ է այդ հիշողությունը, կենդանի մարդկանց իրենում կրելը։
Սակայն ես չեմ կարող թաքցնել իմ երախտագիտությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր, այսպես թե այնպես, պատահաբար կամ ոչ պատահաբար, շատ կամ քիչ բացել են կյանքիս ընթացքում դուռը դեպի Եկեղեցի։ Այդ պատճառով էլ սարսափելի է ապրել, որովհետև գնալով պակասում են արդարները։ Ինչպես ասված է. «Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի նվազել են սրբերը»։

Հայր Ալեքսանդր Ելչանինովը գրում է. «Մեր ջահելության գլխավոր սխալն այն համոզումն է, թե քրիստոնեությունը փիլիսոփայական համակարգ է, որը կարելի է տրամաբանորեն ապացուցել, որ իրենք տվյալ վիճակում կարող են յուրացնել. հավատի ամեն մի ճշմարտություն... Քրիստոնեությունը կյանք է»։ Երբեմն տեսնում ես, թե ինչպիսի խանդավառությամբ է ընդունում որևէ երիտասարդ քրիստոնեությունը` «մտածողության ինչպիսի՜ հարստություն նյութապաշտության աղքատիկությունից հետո», սակայն անցնում է ժամանակը, և, չընդունելով քրիստոնեությունը որպես կյանք, որպես ամբողջ կյանքի հոգևոր վերափոխման սխրանք, այդ մարդը հանկարծակի կատարում է այնպիսի բարոյական արարք, որը միանգամից դնում է նրան քրիստոնեությունից դուրս։
Մի Վալաամի վանականի մոտ, որը չէր ցանկանում ըմբռնել սեփական հանցանքը և հնազանդվել, երազում գալիս է հայր Հովհան Կրոնշտադտցին և ասում. «Փորի՛ր ավելի խոր», այսինքն հասիր հոգու խավարի մեջ մի ինչ-որ լույսի, ինչպես հողում թաքնված ոսկու բնակտորի։ Այդպես էլ շատ երիտասարդների ուզում ես ասել. «Փորե՛ք ավելի խոր»։

Վարոնոֆի Մեծը սովորեցնում էր, որ ներքին աղոթքի համար մարդաշատ վայրերում հարկավոր է «պահպանել աչքերը», որովհետև նրանց միջոցով ներխուժում է ցրվածությունը և քշում է աղոթքը։ Կարող է հարց ծագել. ինչո՞ւ է պետք դա մեզ, հասարակ մարդկանց։ Տարածությունը հայրերի և մեր միջև ահռելի է, սակայն արևն էլ է արտացոլվում «ջրերի փոքրիկ կաթիլի մեջ»։ Նմանեցման ինչ-որ օրենքի համաձայն սրբերի խորհուրդները կարող են իրոք ընկալվել և մեր փոքր չափով։
Հիշում եմ, թե Պոսադում (Զագորսկում) ինչպես էր խոնարհած աչքերով քայլում Ֆլորենսկին։ Եկեղեցին, որտեղ նա կատարում էր ժամերգությունը, տնական էր, հիվանդանոցում, այնտեղ, որտեղ հիմա պոլիկլինիկա է։ Ես եղել եմ նրա պատարագին ու տեսել, որ նա արարողության ժամանակ էլ «պահպանում էր աչքերը»։

«Անընդհատ աղոթեք». սա առաքյալի ուղիղ պատվիրանն է։ Հայրերը ուսուցանում են, որ անընդհատ կարող է լինել միայն սրտի աղոթքը։ ՈՒղեղը հոգնում է, իսկ սիրտը քնի մեջ էլ արթուն է։ Բայց մեզ` անկատար մարդկանց համար սրտաբուխ աղոթքը նախ և առաջ անկեղծ աղոթքն է։ Առաքյալը պահանջում է ամենից առաջ անդադրում կամ անփոփոխելի աղոթական անկեղծություն, նա ուզում է, որ մենք մշտապես լինենք աղոթական շնչառության անկեղծ ճշմարտության մեջ։

Եթե այդպես հասկանանք աղոթքը, ապա անհեթեթ է որևէ տարակուսանք, թե դա հնարավոր է։ Ինչո՞ւ հնարավոր չէ անկեղծությունը։ Հիշում եմ, թե ինչպես միտրոպոլիտ Կիրիլը պատմում էր մեզ ՈՒստ-Սիսոլսկում 1923-ին, որ Մոսկվայում Յարոսլավլյան կայարանում հեղափոխությունից առաջ կար մի դռնապան, որը կանգնած էր գլխավոր մուտքի մոտ ինչ-որ տրեխավոր համազգեստով, և որ այդ դռնապանը երկար տարիներ կատարում էր անընդհատ աղոթքի սխրանքը։

«Վանքն աշխարհում» կամ «սպիտակ վանականությունը» Ավետարանի նեղ ճանապարհի հաստատումն է բոլորի համար, այլ ոչ թե այն քչերի, որոնք գտնվում են վանքի ցանկապատի հետևում, դա փորձ է քրիստոնեության ամբողջականության իրականացմանը աշխարհի խորքում, և հենց դրանով դա միայն վերադարձ է դեպի սկզբնական քրիստոնեություն։ «Վանականությունն աշխարհում» ոչ ոք չի հորինել, դա պահանջել է Եկեղեցու պատմությունը, որի ավարտը միակցվում է սկզբի հետ։ Աշխարհը վերադառնում է դեպի հեթանոսություն։ Իհարկե, նա «վերադարձել է» արդեն վաղուց, սակայն վերջին դարերի ընթացքում բոլոր գործընթացներն արագացել են։ Այդ պատճառով այդքան հստակ սկսեցին խոսել աշխարհի մեջ վանքի մասին այդ տարիների կրոնական մտածողները` Տիխոն Զադոնսկին, Ամվրոսի Օպտինսկին, Դոստոևսկին։

Մայրիկ Սմարագդան ասում էր ինքն իր մասին. «Ես ծույլ վանական եմ։ ՈՒ փրկվելն էլ ինձ համար դժվար չէ` աշխատանքի չեմ գնում, նստած եմ ինձ համար հանգիստ առանձին խցում, համրիչս (վարդարան) եմ թափահարում։ Այ, դու գնա՛ ու փրկվի՛ր աշխարհի կենտրոնում «ցցված», ոնց որ բոլորն են ապրում»։
Այնպես որ «վանքն աշխարհում» քրիստոնեությունն է աշխարհում «ցցված»։
Գեղեցիկ չի հնչում, բայց դա այդպես է։

Կուզեի մի անգամ ևս խորհել առաքյալի պատվիրանի մասին անդադրում աղոթքի վերաբերյալ։ Աղոթքը ավարտելուց հետո, այսինքն, երբ մենք ընդմիջում ենք աղոթքը, կատարելով այս կամ այլ աղոթքի կանոն, կամ կանգնելով ժամերգության, մենք սովորաբար սկսում ենք հպարտանալ։ Մեր աղոթական ընդհատումները լցվում են մեծամտությամբ, այսինքն, ըստ էության, նրանք լցվում են աղոթքի իմաստի ժխտումով. մենք հենց նոր բազմիցս ասացինք «ողորմի՛ր մեզ», իսկ ընդմիջման ժամանակ գոհունակորեն և հոգնած հոգոց ենք հանում ու բնավ չենք համարում, որ մեզ պետք է «ողորմել»։ Աղոթքի ընդհատումը կարող է պարարտ հող դառնալ հպարտության համար։
Աղոթքի չընդհատվելու մեջ է աղոթքի հոգևոր տրամաբանությունը, և նախ և առաջ, նրա խոնարհության և կատարյալ անկեղծության արմատավորման համար, այսինքն, աղոթքի հենց բուն բնության։ Ես չեմ կարող չաղոթել մշտապես, քանզի հենց ես եմ կարիք զգում Աստծո օգնության։

Եվ ինչո՞ւ պիտի հպարտանամ, եթե անընդհատ օգնություն եմ կանչում։ Չէ՞ որ մենք չենք հպարտանում մեր ֆիզիկական շնչառությամբ, նրա անընդհատությամբ, մենք ոչ մի կերպ չենք նկատում այն, չենք գնահատում, մենք պարզապես շնչում ենք։ Այդպես էլ աղոթքը պետք է դառնա անդադրում շնչառության պես պարզ։
Ինձ գուցե դատապարտեն, որ գրում եմ դրա մասին։ Ես ինքս ինձ դատապարտում եմ, որովհետև գրում եմ աղոթքի մասին աղոթել չկարողանալով։ Բայց համոզված եմ. եթե մենք չենք աղոթում, ապա գոնե պետք է հոգոց հանենք աղոթքի մասին մեր մեղավոր սրտում։ Հենց մեղավոր սրտին է անհրաժեշտ ավելի շատ հոգոց հանել ու տրտնջալ։

Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am