Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Իվան Իլյին․ Խելքն առանց խղճի՝ սրիկա է

Ամեն ինչ կյանքում «խոսում է», «կանչում» և «սովորեցնում», ամեն ինչ նշան է տալիս, ամեն ինչ վկայում է ավելի խոր և վսեմ բաների մասին, ամեն ինչ իմաստալից է ու խորախորհուրդ։ «Չկան աշխարհում չնչին պահեր» (Բարատինսկի)։

Ամեն «պարագա» և «իրադարձություն» ունեն սեփական ներքին իմաստը` սեփական բեռը, սեփական հոգևոր խնդիրների ամբողջությունը, սեփական առաջադրանքը, հնարավոր է` սեփական ցավը, սեփական տառապանքը, սեփական գայթակղությունը, սեփական վտանգը, սեփական կործանումը և, ամենակարևորը, սեփական կանչը, սեփական իմաստնացումն ու սեփական մերձեցումը Աստծուն։

Կյանքի մաքրման, աճման, իմաստուն դառնալու արվեստը Աստծո հիերոգլիֆների վերծանման կարողության մեջ է, որոնք ոչ միայն հարկավոր է զննել, այլև յուրացնել դրանց ճշմարիտ իմաստն ու իմաստությունը, ըմբռնելով սեփական կյանքի յուրաքանչյուր իրադարձությունը և երևույթը որպես Աստծո անձամբ դիմելը մարդուն ու, ընկալելով այդպես այդ իմաստությունը, ներառել այն սեփական բնավորության, սեփական ոգու, սեփական գործողության, սեփական սրտի, սեփական կամքի, սեփական աղոթքի մեջ։ Այդ ժամանակ ամեն ինչ սկսում է տալ մարդուն սեփական նվիրական «լույսն» ու «կրակը», և մարդու ներքին «կրակն» ուժեղանում է դրանից ու դառնում որոշիչ, առաջատար, գլխավոր և ամեն ինչ ընդգրկող։ Կյանքը դառնում է հոգևոր վերընթաց ու մաքրում, և նրա կրակները տանում են մարդուն առ Աստված։

Հարկավոր չէ կասկածել այդպիսի կյանքի հնարավորությանը ու պետք չէ երկար հարցուփորձ անել, թե ինչպես բռնել այդ ուղին։ Իմաստությունը նրա վաղնջական է ու հին։ Նրա մասին գիտեն և՛ կրոնական առասպելները, և՛ ժողովրդական հեքիաթները։ ՈՒ այդ ուղին բռնելու համար հարկավոր է միայն ապրել հոգու բաց աչքով։

Մարդը մուտք է գործում կյանքի անմիջական ընթացքի մեջ, որը լի է աշխատանքներով, արգելքներով, վտանգներով ու գայթակղություններով ու սովորում է նրանցից թաքնված իմաստություն, ամեն անգամ հարցնելով, թե որտեղ է ամենակարճ ուղեցույց թելը, որը տանում է այդ իմաստությունից դեպի Աստված։ Այդպիսին է Հերակլեսի սխրանքների ծածուկ իմաստը։ Այդպիսին է Իլյա Մուրոմեցի ծառայությունը։ Այդպիսին են միջնադարյան ասպետի սխրանքները։ ՈՒ այդպիսին է յուրաքանչյուր մարդու կյանքը, ով ապրում է պատասխանատվությամբ ծառայելով։ Հարկավոր է ունենալ գերագույն ուշադրության նվիրականը` ունկնդրելու համար, փնտրելու և գտնելու բոլոր հարցերի պատասխանները։

Պետք է ընտելանալ այդ հարցերին, որ նրանք երբեք չանհետանան հոգու մեջ։

Ինչո՞ւ այդ հանդիպումը կայացավ իմ կյանքում։ Ինչի՞ համար էր ուղարկված ինձ այդ «դիպվածը»։ Ո՞Ւր է տանում ինձ այդ իրադարձությունը։ Ի՞նչ է այդ մարդը, որպես հոգևոր երևույթ, ցանկանում ինձ «ասել»։ Ինչո՞ւ է ուղարկված ինձ այդ հիվանդությունը։ Ինչո՞ւ և ինչի՞ համար ես չկործանվեցի այդ վտանգից։ Ի՞նչ է ասում ինձ իմ աղքատությունը։ Ինչի՞ն է սովորեցնում ինձ իմ հարստությունը։ Ի՞նչ է ամենօրյա խորհրդավոր քունը, որը տանում-հեռացնում է ու մարում իմ էությունը կամ էլ հանկարծ համառորեն չի ցանկանում գալ։ Ինչո՞ւ է իմ կյանքում հայտնվել այդ անտանելի դատարկաբանը։ Ինչո՞ւ է ինձ այդքան դուր գալիս հոգեպես հանգիստ և լռակյաց կինը լուսաշող հայացքով։ Ի՞նչ էին ուզում ասել ինձ այդ սոնատը, այդ նկարը, այդ մայր տաճարը։ Ինչո՞ւ է ինձ համար այդքան անտանելի սովի զգացումը, այնինչ Փրկիչը ծոմապահում էր քառասուն օր։ Ինչի՞ մասին է լռում այդ հարյուրամյա անտառը։ Ի՞նչ է բաց անում իմ առաջ, ո՞ւր է կանչում ինձ անհանգիստ ծովը։ Ինչո՞ւ է սիրտս սեղմվում երանելի նախազգացումից, երբ հեռվում երևում են լեռների ձյունե գագաթները։ Ինչո՞ւ է ինձ համակում այնպիսի սփոփանք և ուրախություն, երբ ես նայում եմ սպիտակ սիրամարգի նրբագեղ շարժումներին։ Ինչպիսի՞ հոգևոր շերտեր ալեկոծեց իմ մեջ այդ ագիտատորի անողոք չարակամությունը։ Ինչո՞ւ են փոխվում մարդկանց ձայնի երանգն ու դեմքի արտահայտությունը, երբ նրանք պիտի զրկվեն իրենց ունեցվածքի մի մասից։ Ի՞նչ անեմ ձանձրույթի և առանց պատճառի տաղտկության հետ, երբ նրանք տիրում են հոգուս։ Որտե՞ղ թաքնվեմ հոգսերից, որոնք նվազեցնում են կյանքի մակարդակը։ Ինչո՞ւ են մարդիկ լինում «վատ տրամադրության» մեջ։ Ի՞նչ են սովորեցնում ինձ իմ և ուրիշների կյանքի անհաջողությունները։ Ինչպե՞ս հաղթահարել նախանձը։ Ի՞նչ պետք է անեմ, երբ ինչ-որ մեկը սկսի ատել ինձ։ Ինչի՞ն է պարտավորեցնում մարդուն ֆիզիկական գեղեցկությունը։ Ինչպե՞ս վարվեմ ես իմ անճոռնիության հետ, որ այն չխանգարի իմ ապրելուն։ Ինչո՞ւ է այդքան անտանելի մարդկային հետաքրքրասիրությունը։ Ի՞նչ անեմ իմ քաղցած սնափառության հետ։ Ինչպե՞ս հաղթահարեմ ինձ հասցրած անպատվությունը։ Ո՞րն է խելքի և խորամանկության տարբերությունը։ Ինչպե՞ս վարվել հիմար մարդկանց հետ։ Ո՞րն է կաշառելիության և վաճառվողության էությունը, և արդյոք կարելի՞ է հաղթահարել դրանք։ Ինչո՞ւ են մարդկանց մեջ կուտակվում սովորաբար այդքան շատ գռեհիկ ու կեղտոտ բաներ մարմնական տարերքի շուրջ։ Ընդունա՞կ եմ արդյոք դիմանալու մենակությանը ու եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Արդյոք բոլոր մարդիկ արժանի՞ են հարգանքի, ազատության, ձայնի իրավունքի, իշխանության լիազորության։ Ո՞րն է ստի վնասը։ Արդյոք ես չե՞մ լինում կեղծավոր և հատկապես ե՞րբ։ Ընդունա՞կ եմ արդյոք գնալու մահվան այն բանի համար, ինչին հավատում եմ։ Ի՞նչ է խիղճը, և ինչպե՞ս է պետք անսալ նրան։ Ինչո՞ւ են մարդիկ նախընտրում ստրկությունն ազատությունից։

Պատիվ` մի՞թե այն միայն դատարկ նախապաշարմունք է։ Ի՞նչ անել, որ գովեստը չդառնա շողոքորթություն։ Ինչպե՞ս հաղթահարել հանդիմանության տհաճությունը։ Ինչպե՞ս պատասխանել բամբասանքներին և զրպարտությանը։ Ինչո՞ւ եմ ես այդքան հաճախ լինում անտակտ։ Արդյոք հարկավո՞ր է ներել ամեն ինչ և ամենքին։ Ո՞րն է իմ մասնագիտության հոգևոր իմաստը։ Մի՞թե ամեն մի աշխատանք ազնիվ է ու արժանավայել։ Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում լինել երջանիկ։

Այսպիսի հարցերի բազմությունը չպետք է կորչի սրտի հորիզոնից։ Ասում եմ` «սրտի», քանզի դրանք հարկավոր է ուղղել ոչ թե պարզապես վերացական մտքով, այլ սրտախղճային և խղճա-կրոնական հայեցողությամբ։ Այդ հարցերը հենց ինքնին փիլիսոփայական բնույթի են։ Սակայն և տեսական փիլիսոփայության մեջ դրանք լուծվում էին արդյունավետորեն միայն այն ժամանակ, երբ տրվում էին կենդանի խղճով և միաժամանակ կրոնական հայեցողության լույսի ներքո։ Ոչինչ այնքան չի վնասում և չի վնասել փիլիսոփայությանը, որքան չոր դատողական-վերացական խրատամոլությունը կյանքի սրբազան խնդիրների մասին և պատասխանների անսկզբունքային «նախագծումը» (տրամաբանական հորինումը)։ Այդպիսի փիլիսոփայությունը միշտ մնացել է շինծու և ստեղծել միայն գռեհկություն։

Իսկ այստեղ բանը ոչ թե տեսությունն է, այլ կենդանի մարդու` ինքդ քո և սեփական կյանքի փորձառության, սեփական հոգևոր սուբստանցիայի (անփոփոխ էություն) ներգրավման հարցերի հայեցումն ու լուծումը։ Ինչքան վճռական է այդ մոտեցումը, այնքան լավ` հարցը ոչ թե ուրիշի, ոչ թե ուրիշների, ոչ թե «մարդկանց» «ընդհանրապես», այլ հենց իմ մասին է։ Ինչքան ուժեղ է հայեցողի մեջ այդ յուրատեսակ զգացումը` «իմ հետագա կյանքը կձևավորվի այլ կերպ, նայած, թե ինչպիսին կլինի պատասխանն այդ հարցին», այնքան ավելի ճիշտ, ավելի նշանակալից կլինեն նկրտումները, ավելի բեղմնավոր` կատարսիսը (հուն. katharsis` մաքրում, սրբում, ազատում)։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն պատասխանի կյանքի համապատասխան հարցերին, դարձնելով սեփական կյանքի հայեցությունն ու աշխարհայեցությունը Աստծո հայեցողություն։ ՈՒրիշի պատասխանները շատ հաճախ մնում են «տեսական», չեն ընդունվում սրտով ու չեն կերտում ոգին։

Այդ պատճառով անհրաժեշտություն չկա վերը նշված հարցերին տալու պատասխանների մի համակարգ, այդ պատասխանները միշտ կարող են ինչ-որ մեկին թվալ ո՛չ համոզիչ, և ո՛չ էլ բավարար։ Սակայն այն բանի համար, որ հասկանալի դառնա ուսմունքը կրոնական կատարսիսի մասին և չառաջարկվի վերացական տեսություն այնտեղ, որտեղ անհրաժեշտ են կենդանի և բովանդակալից դիտողություններ, ես կփորձեմ հենց հիմա տալ մի քանի մոտավոր պատասխան։

Ի՞նչ է սովորեցնում ինձ անքնությունը։ Նա ակնառուորեն հաստատում է, որ մեր մարդկային ինքնակամությունն ունի իր սահմանները, քանզի քունը վրա է հասնում «ինքն իրեն» և չի ենթարկվում հրամանի։ Մենք ապրում ենք համակված բնական օրենքների խորհրդավոր ցանցով, որոնց հարկավոր է ականջ դնել, որ ճշտորեն ունկնդրենք նրանց նվիրական բանական լինելը։ Որտեղի՞ց է այդ բանականությունը։ Ինչպե՞ս մուտք գործել նրա առողջարար ջրերը։ Գիշերային միայնության երկար ժամերին, բոլորից լքված, ես հիանում եմ Աստծո ստեղծած խորհրդավոր բանականությամբ և սովորում եմ վստահել նրան և կանգնել նրա Արարչի առաջ։ Անքնությունը պարգևում է ինձ մենակություն, իսկ Աստծո մոտ կարելի է գալ` միայն մնալով Նրա հետ առանձնացած։ Նա բաց է անում իմ առջև անզորությունս, իսկ այն անհրաժեշտ է ճաշակել ամեն մեկին` իմանալու համար, թե որտեղից կարող է գալ իսկական օգնությունը։ Նա ստիպում է ինձ ճաշակել, թե ինչ է քնի գաղտնիքը և ինչ` քնի օրհնությունը, իսկ գաղտնիքը և օրհնությունը, ըստ էության, ուղիներ են, որոնք տանում են առ Աստված։ Ոգու շողերով ես լուսավորում եմ իմ ամբողջ կյանքը և լսում, թե ինչպես է ազատագրվում իմ մեջ իմ խղճի ձայնը, իսկ խղճի ձայնը միաժամանակ և՛ Աստծո կանչն է, և՛ իմ աղոթքը առ Նա։ Եվ այդպես ամեն ինչ ավարտվում է աղոթքով։ Այդպես կցանկանայի ես քնել և իմ մահվան ժամին։ Տեր իմ, շնորհակալ եմ քեզ անքուն գիշերվա այդ պարգևների համար, քանզի լույսը Քո լուսավորեց ինձ այս երկրային խավարում։

Ի՞նչ է նշանակում այդ «ձանձրույթը», որը վերածվում է տաղտկության և անելանելի անձկության։ Ինձ համակում են տրտմությունն ու մեռելային անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ, հոգևոր ընկճվածությունը, հոգևոր անզորությունը։ Ինձ համար ոչ մի բան հաճելի չէ, ես ոչինչ ու ոչ մեկին չեմ սիրում։ Կարծես իմ մեջ ցամաքել են սիրո ուժը, տեսնելու ընդունակությունը, ուրախանալու ձիրքը։ Արդյոք աշխա՞րհն է աղքատացել իր ամբողջ հարստությամբ, իր բոլոր խորքերով և գաղտնիքներով, իր ամբողջ գեղեցկությամբ։ Ո՛չ, այդ ե՛ս եմ աղքատացել, չի՛ խոսում իմ հետաքրքրությունը, չի՛ երգում իմ սիրտը, չե՛ն երազում իմ ցանկությունները։ Դա նշանակում է, որ մեր երջանկությունը սիրո մեջ է, իսկ տրտմությունը վրա է հասնում, երբ սերը հանգչում է մեր սրտում։ Իսկ ինչո՞ւ է այն հանգչում։ Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ ես անչափ սիրեցի անարժանը։ ՈՒրեմն, անհրաժեշտ է տիրապետել սիրո արվեստին։ Իսկ եթե հիմա չկա իմ մեջ այդ ամենը, ես համբերատար կսպասեմ մինչև անցնի տրտմությունս ու կփորձեմ արթնացնել իմ սերը կարեկցանքով ու բարությամբ։

Ի՞նչ է սովորեցնում ինձ իմ աղքատությունը։ Այդ դպրոցը դժնդակ է, նվաստացման դպրոց է, բոլորին թվում է, թե իբր չքավորը ուրիշներից «վատն է», ուրիշներից «անարժան է» և հենց այդ պատճառով դատապարտված է ապրելու առանց «հաճույքների»։ ՈՒստի մարդը չպետք է ցանկանա հարստություն, մինչև որ չհաղթահարի այդ նվաստացումները, այսինքն` մինչև չհամոզվի նրանց չնչինության մեջ։ Որպեսզի համոզվի, որ նա ուրիշներից «վատը» չէ, աղքատ մարդը պետք է գտնի բարու և չարի իսկական չափանիշը և հաստատի սեփական սիրտն ու կամքը բարության մեջ, դրանով նա կհաղթահարի աղքատության առաջին գայթակղությունը։ Որպեսզի համոզվի, որ աղքատությունն ու հարստությունը չեն որոշում մարդու արժեքը, աղքատը պետք է հաստատի իր մեջ սեփական հոգևոր արժանապատվության զգացումը և դրանով հաղթահարի աղքատության երկրորդ գայթակղությունը։ Հետո նա պետք է համոզվի, որ հարստությունը չի ապահովում մարդուն ո՛չ սեր, ո՛չ երջանկություն, ո՛չ ուրախություն։

ՈՒրախության իսկական աղբյուրները հասանելի են և՛ աղքատին, ու նա պետք է գտնի ուրախության այդ աղբյուրները տանող ճիշտ ճանապարհը` հաղթահարելով աղքատության երրորդ գայթակղությունը։ ՈՒ այդ ժամանակ նրա սիրտը կդառնա անընդունակ նախանձելու, ինչից էլ ծնվում են ամեն տեսակի չարություն, գռեհկություն և հեղափոխականություն. այդ ժամանակ նա կհաստատվի սրտի բարության և ոգու ազատության մեջ ու կհաղթահարի աղքատության չորրորդ գայթակղությունը։ Դրանով նա հոգեպես կհասունանա հարուստ լինելու համար և ամեն տեսակի ունեցվածք կդառնա իր համար ազատության, բարության, սիրո և ոգու գործիք։ Ահա թե ինչու է ուղարկված մեր սերնդին աղքատությունը։ Տե՛ր իմ, շնորհակալություն Քեզ աղքատության այդ զարմանալի դպրոցի համար։ Նա սովորեցրեց ինձ հոգեպես ազատագրվել երկրային «բարիքներից»։

Իսկ ի՞նչը նախընտրել կյանքում` խե՞լքը, թե՞ խորամանկությունը, ո՞ւմ վստահել, ինչո՞վ ապրել։ Հարկավոր է նախընտրել այն, ինչից մարդը դառնում է ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի մաքուր, ավելի իմաստուն, այն, ինչը տանում է նրան դեպի հոգևորը և Աստծո հայեցմանը։

Խորամանկությունը բնազդի ծնունդ է` նա մոտեցնում է մարդուն կենդանական վիճակին, խորամանկությունն առաջանում է վտանգի զգացողությունից, այն վախի ծնունդ է, խորամանկությունը ծնվում է ագահությունից և տանում է թշնամության, նա սիրուն հակադիր է և նշանակում է բոլորի պայքարը բոլորի դեմ։ Խորամանկությունն անհավատությունից է բարու և արիության զորության հանդեպ. նա վկայում է կրոնական հավատքի կենսական անզորության մասին։ Խորամանկությունը կարելի է ներել, սակայն դժվար է չարհամարհել։ Նա վկայում է հոգու թուլության մասին և հեռացնում է Աստծուց։ Բայց մի՞թե «առողջ» միտքը չի հեռացնում Աստծուց։ Արդյո՞ք խելքը բացառում է գռեհկությունը։ Ո՛չ։ Խելքն առանց սրտի` մեռած է, խելքն առանց խղճի` սրիկա է, խելքն առանց կամքի` հիմար է, խելքն առանց երևակայության կույր է։ Եվ ահա մեր դարաշրջանը, որը բերել-հասցրել է մեզ «մերկ մտքի» ճգնաժամին, ցույց է տալիս մեզ հեռվում նոր, վսեմ գաղափարը` ապագայի գաղափարը` գիտակցության գաղափարը, որը զննում է սրտի միջից, ցանկանում է խղճից ելնելով, խորհում է հոգով և հավատում է Աստծուն. այդ գաղափարը, ըստ էության, շատ հին է ու ի սկզբանե սրբազան, սակայն` կորսված մեր կողմից։ Միայն հանուն այդ գաղափարի իրականացման արժե ապրել, տառապել ու աշխատել, քանզի նրանում են նոր քրիստոնեական մշակույթի երաշխիքն ու սկիզբը։ Նրանում է մեր հոգևոր վերածնունդը։ Ի՞նչ է սովորեցնում մարդուն նրա մարմնի գեղեցկությունը։ Նա սովորեցնում է նրբանկատություն, տակտ, խոնարհություն։ Նա սովորեցնում է նրան չհաշտվել սեփական հոգևոր տգեղության և բարոյական այլանդակության հետ, որպեսզի նա չապրի մարդկանց մեջ կատարելության կեղծ դիմակի տակ, հոգևոր կույրերի համար որպես հավերժ գայթակղություն։

Ի՞նչ կարող եմ սովորել այդ անտանելի շատախոսից։ Պատասխանատվություն սեփական խոսքերիս համար։

Զգուշաբար վարվել խոսքի իրավունքի և բառի ճառագայթման հետ։ ՈՒշադիր լինել խոսքի խորիմաստության նկատմամբ։ Ցանկանալ խոսել միայն գլխավորի մասին։ Մաքրել խոսակցական «տարածությունը» գռեհկությունից։

Ինչո՞ւ է ինձ համար անտանելի սովի զգացողությունը, մինչդեռ Փրկիչը 40 օր ծոմ էր պահում։ Որովհետև իմ հոգին դեռ չի տիրապետում իմ բնազդին, որը մնում է ինքնակամ, պահանջկոտ, ագահ և ոչ հոգևոր։

Ի՞նչը չի հերիքում սնափառ մարդուն։ Նրան չի հերիքում ինքն իրեն մոռանալու կարողությունը հոգևոր առարկաների մեջ` ապրել նրանցով, սիրել դրանք, ուրախանալ և ծառայել նրանց. նրան չի հերիքում կամքը, որպեսզի լինել, այլ ոչ թե երևալ, նրան չի հերիքում ինքն իրեն չափելու արվեստը Աստծո շողով, այլ ոչ թե մարդկային գնահատանքներով։

Պատիվ` մի՞թե դա միայն դատարկ նախապաշարմունք է։ Պատիվը, որպես ինքն իրեն հարգելու հնարավորություն և իրավունք, Աստծո առաջ կյանքի ամենաթանկագին հիմքն է։ Պատիվը, որպես հոգևոր տեսողություն ունեցող մարդկանց կողմից հարգված լինելու իրավունք, մեծագույն մխիթարանք է կյանքում։ Մարդկանց հարգանքը, փոխադարձ «պատիվ տալը» դաստիարակում ու միացնում են նրանց։ Սակայն արտաքին մեծարանքը հարկավոր է ոչ թե նրան, ում դա մատուցում են (քանզի նրա պատիվը մեծարանքների մեջ չէ), այլ նրանց, ովքեր դա անում են (քանզի խոնարհվելով ուրիշի արժանիքների դիմաց, մարդիկ դաստիարակում են իրենց սեփականը)։

Իմաստի այդպիսի փնտրումը, ամեն ինչ Աստծո շողերի մեջ դնելը յուրաքանչյուր մարդ պետք է սովորի ինքնուրույն, միայնության մեջ մաքրվող սրտում։ Սակայն շատ ավելի լավ է, երբ ուրիշներն իմանան իր մեջ կատարվող կրոնական կատարսիսի մասին հենց իր կյանքում կատարված գործերից, քանզի ամեն մի քայլ այդ ուղու վրա տալիս է մարդուն հոգևոր այրում, որի կրակը ճառագայթում է ու լույս տալիս ուրիշներին, անկախ իր կամքից։

Ես հեշտությամբ կարող եմ պատկերացնել, որ ինչ-որ մեկն ի պատասխան կասի ինձ. «Այո, այդ ուղու վրա կարելի է ձեռք բերել ոչ քիչ իմաստություն և նույնիսկ լույս, սակայն այստեղ չկա Աստված, և հասնել նրան այդ ճանապարհով անհույս է»։

Պատասխանում եմ։ Երբ ես ամռան մի պայծառ օր քայլում եմ հեռավոր դաշտերում, և արևը լույսով է ողողում բոլոր մեծաշուք տարածություններն իմ առջև ու իմ գլխի վերևում, երբ նա բարեգթորեն ջերմացնում է ինձ` պարգևելով կյանք և բժշկելով ջերմությամբ, երբ ես նույնիսկ կարող եմ նայել նրան, ճիշտ է, միայն մի ակնթարթ, որ չկուրանամ, քանզի ինձ տրված չէ «արծվի հայացք», այդ ժամանակ «հասա՞ ես արդյոք արևին», թե՞ դա «անհույս» է։ Կամ մի՞թե նրա լույսն ու ջերմությունը հենց «ինքը» չէ։ Կարճ ասած, «ինքը» չէ՛։ Սակայն այլ ճանապարհ նրան ուղղված մենք չունենք։

Բոլոր մեծագույն կրոնները գիտեին, որ հնարավոր չէ դիտել Աստծուն առանց մաքրվելու, ու այդ պատճառով մշակում էին կատարսիսի մասին ուսմունքը։ Եվ նրանք ճիշտ էին։ Քանի դեռ մարդը քայլում է փոշոտ ճանապարհով, նա փոշի է բարձրացնում և ինքն իր առաջ փակում է արևի լույսը։ Քանի դեռ նա քարշ է գալիս ճահիճներում, մշուշը խանգարում է նրա տեսողությունը։ Իսկ մեղք գործելու գիշերային պահին արևն առհասարակ չի երևում։ Սոկրատեսը ճիշտ էր, երբ հավատում էր, որ կատարյալն ըմբռնվում է միայն անձնական մաքրման չափով։ Եվ Աստծուն տեսնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Նրա մաքուր ու լուսավոր տարածություններ։ Ահա թե ինչու Քրիստոսին ճանաչում էին և ընդունում ոչ բոլորը, այլ միայն «սրտով մաքուրները»։

Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am