Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Կյանքը հանուն հավատքի. Վահան Գողթնեցի

704 թ.-ին Արաբ զորավար Ոկբան հայ նախարարներին նենգությամբ հավաքում է Նախիջևանում և մի եկեղեցու մեջ այրել է տալիս նրանց, իսկ նրանց ընտանիքներին գերեվարում է Դամասկոս, որը Հայաստանին տիրող ամիրապետների մայրաքաղաքն էր: Այս գերյալների մեջ էր չորսամյա Վահան մանուկը, որը Նախիջևանում այրված, Գողթնյաց գավառի՝ Խոսրով իշխանի որդին էր: Այս անչափահաս տղաները Դամասկոսում իսլամական կրթություն են ստանում, սրանց մեջ իր ուշիմությամբ և առաջադիմությամբ աչքի է ընկնում Վահան մանուկը, որի անունը փոխել էին Վահապ: Իր կրթությունը ավարտելուց հետո ամիրապետի դիվանադպիր է նշանակվում: Թեև Վահապը բոլորովին իսլամացած և գրեթե արաբացած էր, բայց տեղյակ էր իր հայկական ծագումի, քրիստոնյա լինելու և իշխանական տնից սերելու մասին:

Երբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի միջնորդությամբ 719 թ.-ին Էոմեր ամիրապետի կողմից քրիստոնյաներին ընդհանուր ներում և վերադարձի թույլտվություն շնորհվեց, Վահանը նույնպես փափագեց օգտվել այս ներումից:

Էոմեր ամիրապետը հատուկ սեր ուներ իր դիվանապետի՝ Վահապի հանդեպ և չցանկացավ նրան իր մոտից հեռացնել:

Սակայն, 719 թ.-ին Վահանը վերադառնում է հայրենիք և ամուսնանում Սյունյաց իշխանի աղջկա հետ: Վերստին քրիստոնեություն է ընդունում և սրտանց կապվում է իր նոր հավատքի հետ և որպես Գողթնյաց գավառի իշխան՝ երկար տարիներ կառավարում է իր երկիրը, միաժամանակ ապաշխարելով իր անգիտակից և երկարատև ուրացման համար: Որոշ ժամանակ անց Դամասկոսի արքունիքի կողմից Վահանը փնտրվում է և պահանջվում նրա վերադարձը: Այս դեպքերից հետո Վահանը որոշում է, մինչև իսկ իր ընտանիքից գաղտնի, հեռանալ Հայաստանից, անցնել հունական կողմը և այնտեղ ազատաբար պաշտել իր վերագտած կրոնը, որին կապվել էր հոգով: Իր մտադրությունները գործի վերածելով, մի գիշեր, 20 ձիավորների ընկերակցությամբ, հեռանում է տնից: Սակայն, Սյունյաց իշխանը նրան գտնում է Վայոց ձորում և վերադարձնում իր քաղաք: Այս թափառական կյանքին մեկընդմիշտ վերջ տալու համար, Վահանը որոշում է անձամբ ներկայանալ ամիրապետին, իր վիճակը պարզաբանել և նրանից իր հայրենի կրոնն ազատ դավանելու իրավունք խնդրել: Այն պահին, երբ Վահանը վերջնականապես հասկացավ, որ ազատապես քրիստոնեություն դավանելու համարձակություն ստանալու հույս չկա, և որ գործը վերջնակետին է հասել (իսլամությունից հրաժարված համարվելով, մահվան էր արժանի), աղոթքով ինքն իրեն նահատակության պատրաստեց: Դահճապետի սպառնալիքները անօգուտ եղան և տեսնելով Վահանի հաստատակամությունը, ի վերջո նրա գլուխը կտրելով իրականացրեցին վճիռը:

Աղբյուր՝ Qahana.am