Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մարիետա Շահինյան

Մարիետա Սերգեյի Շահինյան (մարտի 21 (ապրիլի 2), 1888, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1946), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1950), ԽՍՀՄ ԳՄ անդամ (1934)։

Կենսագրություն

Ծնվել է 1888 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում, Լազարյան ճեմարանի սան, Մոսկվայի համալսարանի դասախոս և ժամանակի ականավոր ախտորոշողներից մեկի՝ Սերգեյ (Սարգիս) Դավթի Շահինյանի ընտանիքում։ Տասներեք տարեկան էր, երբ մահացավ հայրը, առանց նյութական միջոցների թողնելով կնոջը՝ Փեփրոնե Յակովլևնային, և երկու աղջիկներին՝ Մարիետային ու Լինային: Վաղ պատանեկության տարիներին նա ստիպված էր վաստակել իր ապրուստը առանց ուսումն ընդհատելու: Ավարտեց դասական գիմնազիան, ապա բարձրագույն գրական դասընթացների պատմափիլիսոփայական ֆակուլտետը: Ուսումնասիրում էր արևմտաեվրոպական լեզուներ, գրում մագիստրոսական դիսերտացիա:

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Շահինյանը եղել է Դոնի Ռոստովում, իսկ 1920 թվականին մեկնել է Պետրոգրադ։ 1922 թվականի սեպտեմբերի 17-ին Շահինյանը «Պրավդա» թերթի մանդատով երկարատև գործուղման է մեկնել Անդրկովկասի հանրապետությունները, գրել ակնարկներ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասին, նաև «Սովետական Հայաստան» գիրքը։ 1931 թվականին, քառասուներեք տարեկանում, նա ընդունվում է Պլանային ակադեմիա:

Շահինյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ձորագէսի շինարարությանը, որի առօրյան էլ հանդիսացել է «Հիդրոցենտրալ» (1931) վեպի նյութը։

Աշխատություններ

1909 թվականին լույս է տեսել Մարիետա Շահինյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին հանդիպումները», իսկ 1913 թվականին՝ երկրորդը՝ «Օրինենտալիան»: Շահինյանը գրում է պատմվածքներ, վիպակներ, դրամաներ, գրականագիտական, քննադատական և փիլիսոփայական հոդվածներ, ռուսերեն է թարգմանում Սմբատ Շահազիզի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները: 1915 թվականին Շահինյանը գրել է նախահեղափոխական շրջանի իր ամենածավալուն գործը՝ «Յուր ճակատագիրը» վեպը։ Նա գրել է խորհրդային առաջին արկածային հակաֆաշիստական վեպը՝ «Մես-Մենդը»: Վեպը լույս է տեսել1924 թվականին, տպագրվել աշխարհի բազմաթիվ կոմունիստական թերթերում և բազմիցս հրատարակվել Խորհրդային Միությունում:

1923 թվականին գրել է «Փոփոխություն», 1924 թվականին՝ «Վերնախավի տիկնոջ արկածները» վեպերը և «Ագիտվագոն» պատմվածքը։

1950 թվականին լույս է տեսել Մարիետա Շահինյանի «Ճանապարհորդություն Սովետական Հայաստանում» գիրքը, որի համար նա արժանացել է Ստալինյան մրցանակի։

Մարիետա Շահինյանի հետաքրքրությունը դեպի Հայաստան, հայ մշակույթը, գրականությունն ու արվեստը երբեք չի սպառվել: Նա ստեղծել է մի շարք մենագրություններ, գրել է ծավալուն և լուրջ հոդվածներ հայկական հեքիաթների, Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, իտալահայ նկարիչ Գրիգոր Շլդյանի արվեստաբան Սրբուհի Լիսիցյանի մասին... Գրել է «Մարդը և ժամանակը» ինքնակենսագրական գիրքը: Շահինյանի «Հիշողություններ Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովի մասին» ստեղծագործությունը դարձել է ընթերցողի սեփականությունը, ճիշտ այնպես, ինչպես չեխ կոմպոզիտոր Յոսեֆ Միսլիվեչեկի մասին «Հարություն ի մեռելոց» հանրածանոթ գիրքը, Մոցարտին, Նիկոլայ Մետներին նվիրված հոդվածները, Դմիտրի Շոստակովիչի գրեթե բոլոր խոշոր երկերի վերլուծությունները: «Դ. Դ. Շոստակովիչի հիսուն նամակները» Մարիետա Շահինյանի վերջին ստեղծագործությունն է:

1944 թվականին լույս է տեսել «Ուրալի պաշտպանությունը» գիրքը, որը պատերազմի տարիներին թիկունքի հիանալի մարդկանց մի ամբողջ պատկերասրահ է։ Գիտական մեծ արժեք է ներկայացնում «Գյոթե» ուսումնասիրությունը, որը թարգմանվել է մի քանի լեզուներով։ Շահինյանը 1938 թվականին սկսել և 1968 թվականին ավարտել է Լենինյան քառապատում չորս գրքերը։

Պարգևներ

Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ (1951)՝ «Ճամփորդություն Խորհրդային Հայաստանով» ակնարկների գրքի համար (1950)

Լենինյան մրցանակ (1972)՝ «Ուլյանովների ընտանիքը». «Որդու ծնունդը» (1937, վերահրատարակություն, 1957), «Առաջին համառուսական» (1965), «Պատմության տոմս» (1937), «Չորս դաս Լենինից» (1968) եռագրության և ակնարկներ Վ. Ի. Լենինի մասին

Սոցիալիստական աշխատանքի հերոս (03.05.1976)

Լենինի 2 շքանշան (13.03.1967, 03.05.1976)

Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան(02.07.1971)

Աշխատանքային Կարմիր դրոշի 2 շքանշան (31.01.1939, 15.04.1958)

ՀԽՍՀ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1932)

Ժողովուրդների բարեկամության շքանշան (31.03.1978)

Կարմիր Աստղի շքանշան (23.09.1945)

«Պատվո նշան» շքանշան (08.08.1943)

Մեդալներ

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության մեծ ոսկե մեդալ՝ «Հարություն ի մեռելոց» գրքի համար (1964)

Մ. Շահինյանի անվամբ է կոչվում Տիեզերքի թիվ 2144 մոլորակը։

Ընտանիք

Ամուսին՝ Հակոբ Սամսոնի Խաչատրյանց (1884-1960), բանասեր, հայերենից թարգմանիչ

Դուստր՝ Միրել Յակովլենա Շահինյան (17.05.1918 - 24.02.2012), նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ

Թոռնուհի՝ Ելենա Վիկտորևնա Շահինյան (ծնվ.՝ 1941), կենսաբանական գիտությունների թեկնածու

Թոռ՝ Սերգեյ Վիկտորովիչ Ցիգալ (ծնվ.՝ 1949), նկարիչ-գրաֆիկ, Մոսկվայի նկարիչների միության անդամ

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի