Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Համակ սեր առ երգ և Տեր

Լուսինեն չի երգում, Լուսինեն աղոթում է…
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Ինչքան ժամանակ է ՝ դու չկաս. չկա՞ս, ո՞վ ասաց: Ինչպե՞ս կարող ես չլինել: Պարզապես քեզ արթմնի չեմ տեսնում. քայլում եմ, խոսում, դու հետս ես, «զրուցում եմ», ձայնդ ականջիս մեջ է, քո կենդանի շունչը զգում եմ շուրջս, դու օդի, ջրի, լույսի պես ամենուր ես ՝ քո հաստատուն ներկայությամբ, քո բարի, հմայող ժպիտով, բոլորի նկատմամբ քո ներողամիտ, ամեն արարք արդարացնող, ամենքին օգտակար լինելու քո պատրաստակամությամբ: Մի՞թե որևէ ողջի մասին այդքան խոսվում է. մի՞թե ողջը այսքան ներկա է ծանոթ ու անծանոթ օջախներում… Պատարագի ընթացքում, երբ քո «բաժինը» ուրիշն է կատարում, միևնույն է, ես քեզ եմ լսում …

…Վիճակդ սկսեց ծանրանալ. համարյա հակառակ քո կամքի (անշուշտ, ոչ առանց Խորենի համաձայնության) հեռագրեցի Արարքցյանին (շուրջ 15 տարի «քո» Բաբիկին), խնդրեցի շտապ ընդունելություն՝ քո օրհասական վիճակի մասին տեղեկացնելու, անհապաղ Միացյալ Նահանգներ բուժման ուղարկելու ակնկալիքով: Քո հարցը լուծեց կառավարությունը (շնորհակալ եմ), իսկ Խորենի ճանապարհածախսի կեսը հոգաց նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը ՝ տեղի տալով Սիլվա Կապուտիկյանի հորդորներին: Մեկնեցիր, սակայն ինչ - ինչ հանգամանքներից նեղվեցիր, թե քո հյուրընկալները «не были в восторге от меня» ու վերադարձար ժամանակից շուտ ՝ չանսալով Խորենի ՝ այստեղից քեզ ուղղված բազում խնդրանքներին ու հանդիմանություններին, որ քննություններն ավարտվեն, կթռչի, կգա: Վերջին խոսակցության ժամանակ ասել էիր. «Դու ուզում ես արի, ես վերադառնում եմ»: Բուժումդ անավարտ ՝ վերադարձար: Խորենը կգար, ու ամեն ինչ կընկներ իր տեղը … Ի դեպ Խորենի մասին: Հիշո՞ւմ ես Միքայելյանի հիվանդանոցում (ո՞վ էր կարծում, որ վերջը մոտենում է) ասացի. «Լուսինե, Խորենին քարի պես սեփական մատներով պիտի քանդակես»: Համաձայնվեցիր: Քո նկատմամբ ունեցած մայր - հայրական, իսկական հարազատի հոգատարության շնորհիվ չէ՞ր, որ Խորենը չէր կարողանում հանդուրժել բաներ, որ ուղղակի գծով հարվածում էին առողջությանդ … Ու շատ հաճախ բարկանալով, երբեմն ՝ վիրավորվելով «նազդ տանում էր»: Տեղին է հիշել դեռևս 69-ին ՝ Կապուտիկյանի 50-ամյակի օրը, Պարույր Սևակի խոսքը ձեր կենացի առիթով. «Խորեն, ողջ լինես: Մենք, այսօր Լուսինե ունենալով , քեզ շատ ենք երախտապարտ. թե չէ Ախալցխայից Երևան տեղափոխված մի ռուսախոս աղջիկ որտեղի՞ց կարող էր այդպես խորապես հասկանալ և ըմբռնել հոգևոր երգի էությունը . նրա կատարումը սովորական չէ . Լուսինեն չի երգում, Լուսինեն աղոթում է» :

Լուսինե, սիրելիս, հիշել քեզ, մտորել քո մասին, «զրուցել քեզ հետ» և չանդրադառնալ այն մեծ մարդուն, համընդհանուր սիրո և հարգանքի արժանացած լուսահոգի Վեհափառին, անհնարին է:

Արի հիշենք երկու դրվագ :

Բոլորին քաջ հայտնի է, որ դու շատ էիր աղոթում . նույնիսկ կիրակի օրերին Էջմիածնից վերադառնալուց հետո, եկեղեցում երեք ժամ պատարագին մասնակցելուց հետո տուն էիր մտնում, հանգստանալու և կարգին սնվելու փոխարեն երբեմն աղոթքդ շարունակում էիր տանը և ոչ կարճ ՝ խախտելով ռեժիմդ, նորից ու նորից վտանգելով առանց այդ էլ խաթարված առողջությունդ: Այդ արարքդ Խորենին շատ անգամ հավասարակշռությունից հանում էր, զանգում էր ինձ, դժգոհում էր, ելք չէինք գտնում: Վերջապես որոշեցինք միասին Վեհափառի մոտ գնալ՝ հաստատ գիտենալով, որ նրա խոսքը կազդի քեզ վրա, քանի որ դու պաշտամունքի հասնող աղջկական սեր ու հարգանք և մեծագույն ակնածանք ունեիր նրա նկատմամբ:

Գնացինք քեզանից գաղտնի (դու մինչև վերջ էլ չիմացար այդ մասին): Վեհափառն ասաց, որ առաջիկա չորեքշաբթի քեզ հետ այցելենք քաղաքային վիլլա: Զանգեցի քեզ նախազգուշացնելու, անմիջապես հարցրեցիր, թե չլինի՞ որևէ բան եմ ասել իրեն: Մատներս խաչելով ՝ թույլ տվեցի փոքրիկ սուտ . «Ոչ, - ասացի , - միայն հարցրեց քո մասին, ուսերս թոթովեցի. հասկացավ, որ լավ չես: - Եւ նախահարձակ եղա, - ի՞նչ ասեի՝ լա՞վ ես, ես կարող էի ճիշտ բան ասել»:

Վեհափառը զրույցի ընթացքում բացատրեց աղոթքի էությունը, նաև, որ այն կարճ ու երկար լինելու հետ կապ չունի, որ կարևորը անկեղծ հավատով աղոթելն է: Նաև ասաց, որ պետք է աղոթքդ չափավորես, որ պետք է քո առողջությանը հետևես, քանի որ մի ողջ ժողովուրդ քո երեսին է նայում :

Ավելացրեց, որ առաջիկա օրերին պատարագիչը ինքն է լինելու. ծածուկ աղոթքը, որ միշտ նվիրել է իր ծնողներին, այս անգամ կնվիրի քեզ: Արցունքներդ գլոր-գլոր թափվում էին …

Վեհափառի խոսքը մոգական ուժ ունեցավ: Այս դեպքից «գոտեպնդվեցի», հենց շատ էիր շեղվում, սպառնում էի, թե Վեհափառին կտեղեկացնեմ և, կարծես, քեզ «հավաքում էիր»:

Նորից 4-րդ բուժմիավորման հիվանդանոցում ենք՝ Նահանգները մեկնելուցդ երկու-երեք օր առաջ: Երեկոյան, ուշ ժամի Սիլվան զանգեց, թե առավոտյան Վեհափառը այցելելու է քեզ. ես գիտեի , թե դու այդ լուրը ինչպես կընդունես, թե ինչ ազդեցություն կթողնի քեզ վրա, ցանկացա կանխել անհանգտությունդ (խոսակցությունը քիչ զավեշտական ստացվեց, այդ պատճառով մեջ եմ բերում տառացի): Երբ Սիլվան ասաց, որ լսափողը փոխանցեմ քեզ , որպեսզի այդ հաճելի լուրը ինքը հաղորդի, ասացի .

- Գիտե՞ք, Սիլվա ջան, այդ մասին աշխարհում ընդհանուր լռություն է:

- Ի՞նչ լռություն, ա՛յ Նինա, ինչի՞ մասին ես ասում:

- Այդ հարցի վերաբերյալ աշխարհում խո՛ր լռություն է … մե՛ծ լռություն :

Դադար :

- Հա՛, հասկացա, չասե՞մ Վեհափառի այցելության մասին :

- Իհա՛րկե: Թե չէ անհանգիստ գիշեր կսպասվի …

- Այ թե շրջահայաց ես, հա՛ …

Առավոտյան, քո սովորության համաձայն, ծուլանում ես անկողնուցդ վեր կենալ: Ես շուրջդ աննկատ «կարգի եմ բերում»: Աչքիցդ չի վրիպում. զարմանում ես, թե ինչ եմ անում: Պատասխանում եմ, թե Սիլվան գալու է, գուցե Գեղամյանը հետը գա. կտեսնի անկարգ վիճակ, անհարմար է, օտար մարդ է: Շտապեցնում եմ քեզ, չես լսում, ստիպված ասում եմ Վեհափառի այցի մասին : Խառնվում ես իրար : Վեհափառը Ազատի հետ ներս է մտնում: Քեզ նվեր է բերել օնիքսից պատրաստված ափաչափ հայկական խաչ. ուրախացել ես , զգացվել ես . այլևս այն հիվանդը չես …

Իրենց ուղեկցեցի մինչև շքամուտք. հրաժեշտ տալիս համբուրեցի աջը. երկու ձեռքով ուսերս բռնեց ու ասաց. «Վարձքդ կատար, լավ գործ եք անում, ապրեք» : Անմոռաց օր : Ամեն անգամ արտերկրից վերադառնալիս ասում էիր, թե որևէ բեմից իմ շատ սիրած «Ու՞ր ես, Մա՛յր իմ» -ը երգելիս պատկերացնում ես, որ ես դահլիճում նստած եմ, և ինձ համար ես երգում … Աղոթք ու լույս՝ քո խնկելի հիշատակին …

Գիտեմ, հոգիդ հաշտ է ինձ հետ, ամեն բանի գեղեցիկն էիր սիրում. դագաղագործ Վարդգեսին խնդրեցի, Վ. Վիսոցկու օրինակով պատրաստեց քոնը. սպիտակ ատլաս, դարսերով : Խորենի ընտրած վարդագույն հագուստի մեջ քնած հրեշտակ էիր …

17 տարի համարյա ամեն հոկտեմբերի 7-ի միասին էինք այցելում լուսահոգի Վեհամոր շիրիմին ( Սիրանույշ Պալճյան, Վազգեն Ա-ի մայրը ): 92-ին չորս օր առաջ ոտքդ վնասեցիր . հիվանդանոցում էիր . ես մենակ այցելեցի: «Քննեցիր», թե քո անունից քանի և ինչ գույնի ծաղիկներ եմ դրել: 17 տարի … ի՞նչ իմանայինք, թե այդքան սիրածդ Վեհամոր տապանաքարից չորս շարք վերև դու ես «պառկելու»:

… Իր թափառ կյանքում մարդ ի՞նչ իմանա ՝
Չի՞ նստել, թախծել այդ քարի վրա …

ՆԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ» , 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1998

(Լուսանկարում՝ Նինա Հարությունյան, Սիլվա Կապուտիկյան, Վերա Հակոբյան, Լուսինե Զաքարյան)

ՀԳ. Խորին շնորհակալություն ենք հայտնում Արեգ Հակոբյանին՝ Նինա Հարությունյանի թոռնիկին նրա երջանկահիշատակ տատիկի անգին գանձերը մեզ տրամադրելու համար:

Աղբյուր՝ ՄԱԳԱՂԱԹ․AM