Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Շառլ Պերո․ Մատնաչափիկը

Ժամանակով մի փայտահատ է լինում: Ունենում է յոթ զավակ, յո´թն էլ տղա: Նրանք շատ աղքատ են ապրում, և փայտահատն ու կինը դժվարությամբ են պահում երեխաներին:

Տղաներից ամենափոքրը շատ պստլիկ է ծնվում, ընդամենը մի մատի չափ: Դրա համար էլ նրա անունը Մատնաչափիկ են դնում: Մի տարի այդ երկրում սով է ընկնում: Խեղճ փայտահատը չի իմանում՝ ինչպե´ս կերակրի յոթ երեխային, մտածում է, մտածում ու որոշում նրանցից ազատվել:

Գիշերը, երբ երեխաները պառկում են քնելու, փայտահատը կնոջ հետ նստում է կրակի մոտ ու ասում.

- Էլ չենք կարող կերակրել մեր երեխաներին: Ես չեմ դիմանա, որ նրանք սովից մեռնեն մեր աչքի առաջ: Արի´ առավոտը նրանց տանենք անտառ, թողնենք այնտեղ: Մինչև նրանք ցախ հավաքեն, մենք աննկատ կհեռանանք:

- Այդ ի՜նչ ես ասում, - գոչում է կինը, - հարազատ երեխաներիդ դու քո ձեռքով ինչպե՜ս կարող ես կորցնել:

Փայտահատը սկսում է համոզել կնոջը, բայց, որքան էլ թշվառ է պատկերում իրենց խեղճուկրակ վիճակը, կինը չի համաձայնում: Ի վերջո համոզվելով, թե որքա՜ն ծանր կլինի, եթե երեխաներն իրենց աչքի առաջ քաղցից մեռնեն, համաձայնում է ամուսնու հետ և արցունքն աչքերին՝ պառկում քնելու:

Մատնաչափիկը լսում է նրանց խոսակցությունը: Նա արթնացել էր ու ծածուկ իջել մահճակալից, թաքնվել նստարանի տակ, որի կողքին նստել էին ծնողները: Հետո նա էլ է գնում քնելու, բայց ամբողջ գիշեր չի կարողանում աչք կպցնել. մտածում է, թե ի´նչ անի:

Առավոտյան Մատնաչափիկը բոլորից շուտ է արթնանում ու գնում գետափ: Գրպանները լցնում է սպիտակ մանր խիճով ու աննկատելի վերադառնում տուն:

Երբ երեխաներն արթնանում են, հայրն ու մայրը կերակրում են նրանց ու տանում անտառ՝ ցախ հավաքելու:
Ոչինչ չկասկածելով՝ երեխաներն ուրախ գնում են ծնողների հետևից:

Գնում են այնքա~ն, որ հասնում են թավուտի խորքերը, որտեղ մի տասը քայլի վրա արդեն ոչինչ չի երևում: Փայտահատը սկսում է փայտ կտրել, իսկ երեխաները ցրվում են՝ ցախ հավաքելու:

Տեսնելով, որ երեխաները զբաղված են գործով, փայտահատն ու կինը ծածուկ փախչում են հազիվ նշմարվող կածանով:

Երբ երեխաներն իմանում են, որ մենակ են մնացել անտառում, վախից սկսում են լաց լինել ու գոռալ: Միայն Մատնաչափիկը չի վախենում: Նա գիտեր, թե ինչպես պետք է գտնի տան ճանապարհը: Անտառ գնալիս նա գրպանի քարերը հատ-հատ գցել էր ճանապարհին: Ու հիմա հույս ուներ՝ այդ մանր ճերմակ քարերի օգնությամբ դուրս գալ անտառից:

- Մի´ վախեցեք, եղբայրներ, ես ձեզ տուն կտանեմ, - ասում է Մատնաչափիկը:

Եղբայրները հետևում են նրան, և նույն ճանապարհով, որով եկել էին, Մատնաչափիկը նրանց առաջնորդում է տուն:

Երեխաները չեն ուզում միանգամից ներս մտնել, դռան տակ ականջ են դնում, տեսնեն՝ ի´նչ են խոսում հայրն ու մայրը:

Երբ ծնողներն անտառից վերադառնում են տուն, հարևաններից մեկը, որ փող էր վերցրել նրանցից, վերադարձնում է պարտքը: Դա ճիշտ ժամանակին է լինում:

Փայտահատն ուրախանում է, կնոջն ուղարկում է խանութից միս գնելու: Եվ, քանի որ վաղուց միս չէին կերել, կինը միանգամից շատ է գնում՝ ավելի´, քան հարկավոր էր երկուսի համար:
Երբ ուտում են, կշտանում, կինը հառաչում է ու ասում.

- Ա՜խ, տեսնես որտե՞ղ են հիմա մեր խեղճ երեխաները: Ի՜նչ ախորժակով կճաշեին մեզ հետ: Ո՜նց կարողացար կործանել հարազատ զավակներիդ: Ասում էի, չէ՞, որ հետո մեր գլուխը կծեծենք: Տեսնես հիմա ի՜նչ են անում մութ անտառում: Ա՜խ, գուցե գայլի բաժին են դարձել:

Մայրը կսկծալով լաց է լինում: Փայտահատն էլ է խղճում երեխաներին, բայց ջանում է ցույց չտալ ու կնոջն էլ համոզում է չհիշել նրանց:

Բայց կինը աղեկտուր արտասվում է:

- Ա՜խ, - լալիս է նա, - ո՞ւր են իմ բալիկները, ո՞ւր են իմ խեղճ երեխաները… Լսելով մոր ձայնը՝ երեխաները է´լ չեն դիմանում, միաբերան գոչում են.

- Մենք այստե՜ղ ենք, մենք այստե՜ղ ենք:

Մայրը վազում է բաց անում դուռը և, համբուրելով ու գուրգուրելով իր զավակներին, ասում.

-Որքա՜ն ուրախ եմ, որ եկաք, ի´մ բալիկներ: Հիմա, երևի, շատ հոգնած ու քաղցած եք:

Երեխաները շարվում են սեղանի շուրջ և սկսում ուտել ու պատմել, թե որքան սարսափելի էր անտառում, և Մատնաչափիկն ինչպես գտավ տան ճանապարհը:

Հայրն ու մայրը ուրախանում են, որ երեխաները եկել են, բայց, երբ փողը վերջանում է, դարձյալ նույն վիճակի մեջ են ընկնում ու որոշում՝ երեխաներին դարձյալ տանել անտառ, կորցնել: Եվ, որպեսզի նրանք կրկին չվերադառնան՝ որոշում են այս անգամ ավելի հեռու տանել:

Որքան էլ ծածուկ ու կամացուկ էին խոսում, Մատնաչափիկը լսում է նրանց: Նա այնքան էլ չի վախենում, կարծում է, թե դարձյալ կկարողանա եղբայրներին տուն բերել: Առավոտյան էլ, թեև շուտ է արթնանում, բայց չի կարողանում սպիտակ խիճ հավաքել: Ծնողները դուռն ամուր փակել էին:

Մատնաչափիկը չի իմանում ինչ անի, բայց երբ մայրն ամեն մեկին մի կտոր հաց է տալիս, որոշում է քարերի փոխարեն հացի փշրանք շաղ տալ ու այդ հետքերով անտառից դուրս գալ: Դրա համար էլ չի ուտում իր բաժին հացի կտորը, դնում է գրպանը:

Հայրն ու մայրը երեխաներին տանում են անտառի ամենահեռավոր, ամենախուլ մասը: Հենց որ տեղ են հասնում, փայտահատը երեխաներին պատվիրում է, որ ցախ հավաքեն, իսկ ինքն ու կինը անմիջապես ծլկում են:

Երբ Մատնաչափիկը նկատում է, որ ծնողները դարձյալ իրենց մենակ են թողել, սկսում է որոնել հացի փշրանքները, որ դրանց միջոցով գտնի տան ճանապարհը: Բայց ոչ մի փշուր չի գտնում. Անտառի թռչունները բոլորը կերել էին:
Եվ երեխաները գնում են, ուր աչքները կտրի:

Նրանք ավելի ու ավելի են խորանում անտառի մեջ: Շուտով մութն ընկնում է, և ուժգին քամի է բարձրանում:

Երեխաները դողում են վախից ու ցրտից: Նրանց թվում է, թե չորս կողմերում գայլեր են ոռնում ու գալիս՝ իրենց ուտելու: Վախենում են նույնիսկ խոսել կամ ետ նայել:

Շուտով հորդ անձրև է սկսվում ու մինչև ոսկորները թրջում նրանց: Ամեն քայլափոխի սայթաքում են, վեր ընկնում, ելնում ցեխոտված ու մի քանի քայլ հետո՝ նորից ընկնում առուների մեջ:

Վերջապես հարթ տեղ են գտնում և որոշում մի քիչ շունչ առնել: Եղբայրները նստում են մի մեծ կոճղի վրա, իսկ Մատնաչափիկը բարձրանում է ծառի կատարը՝ տեսնելու, թե որևէ տուն կամ ճամփա չի՞ երևում արդյոք:

Նա հեռավոր մի լույս է նկատում: Իջնում է ծառից ու երեխաներին տանում դեպի լույսը:

Երկար են գնում: Լույսը մե´կ կորչում է, մե´կ՝ կրկին հայտնվում նրանց աչքին: Վերջապես հասնում են մի տնակի:

Հեռվից հենց այդ տնակի լույսն էին տեսել նրանք:

Երեխաները թակում են դուռը: Մի կին է դուրս գալիս՝ լապտերը ձեռքին, ու հարցնում, թե ի´նչ են ուզում:

Մատնաչափիկն ասում է, որ ինքն ու եղբայրները մոլորվել են ու գիշերելու տեղ են խնդրում:

Տեսնելով, թե ի´նչ լավ երեխաներ են, կինը լաց է լինում և ասում.

- Ա՜խ, խեղճ երեխաներ, գիտե՞ք՝ ուր եք ընկել: Ախր, սա փոքրիկ երեխաներ ուտող մարդակերի տունն է:

- Ի՞նչ անենք, - դողդողալով ասում է Մատնաչափիկը: - Եթե դուք չընդունեք, միևնույն է՝ գայլերը մեզ կուտեն: Ավելի լավ է՝ ձեր ամուսինն ուտի մեզ: Գուցե և, եթե դուք խնդրեք՝ մեզ խղճա ու խնայի՞:

Մարդակերի կինը մտածում է, որ մինչև առավոտ կկարողանա թաքցնել երեխաներին. ներս է թողնում ու նստեցնում կրակի մոտ տաքանալու: Կրակի վրա կինը մի ամբողջ ոչխար էր խորովում մարդակերի ընթրիքի համար:

Երեխաները դեռ կարգին չէին տաքացել, երբ դուռն ուժգին թակում են: Մարդակերն է լինում: Կինը երեխաներին թաքցնում է մահճակալի տակ և գնում դուռը բանալու:

Ներս մտնելուն պես մարդակերը հարցնում է՝ ընթրիքը պատրաստ է, գինի բերել է: Կինը մարդակերի առաջ մի մեծ սափոր լիքը գինի է դնում ու մի խորոված ոչխար: Ոչխարը դեռ լավ խորովված չի լինում, արյունը վրայից կաթում է, բայց դա ավելի է դուր գալիս մարդակերին, նա արագ խժռում է ոչխարը և խմում գինին:

Հանկարծ մարդակերը սկսում է հոտոտել աջ ու ձախ:

- Ես մարդու մսի հոտ եմ առնում, - ասում է նա:

-Ի՜նչ ես ասում, մեզ մարդ որտեղի՞ց: Հորթի մսի հոտը կլինի, հենց նո´ր մաշկեցի:

-Քեզ ասում եմ՝ մարդո´ւ մսի հոտ եմ առնում,-ասում է մարդակերն ու բռունցքով այնպես զարկում սեղանին, որ քիչ է մնում՝ ամանները առաստաղին կպչեն:

Մարդակերը տեղից ելնում է ու մոտենում մահճակալին:

- Ա՜, - գոչում է նա՝ տեսնելով երեխաներին: - Ահա´, թե դու ինչպե՜ս ես խաբում ինձ: Դրա համար արժե քե´զ ուտել:
Եվ, բռնելով երեխաներին, մեկիկ-մեկիկ դուրս է քաշում մահճակալի տակից:

Խեղճ երեխաները ծնկի են գալիս մարդակերի առջև և խնդրում, որ իրենց չսպանի: Բայց դա ամենակատաղի մարդակերն է լինում: Բոլորովին չի խղճում երեխաներին, ասում է, թե՝ անպայման կուտի: Եվ, բռնելով տղաներից մեկի ոտքերից, ուզում է մորթել:

- Ախր, ինչո՞ւ ես շտապում, - ասում է կինը: - Դեռ այնքա՜ն շատ միս ունենք: Տե´ս՝ մի հո´րթ, երկու ոչխա´ր, կես խո´զ…

- Լա´վ, մինչև վաղը թող մնան: Հիմա լավ կերակրի´ր դրանց, որ չնիհարեն, և քնեցրո´ւ:

Բարի կինը ուրախանում է, որ մարդակերը երեխաներին ձեռք չտվեց, լավ ընթրիք է բերում, բայց երեխաները վախից ոչ մի պատառ չեն ուտում:

Իսկ մարդակերն էլի է գինի խմում և ուրախանում, որ այդպիսի համեղ ուտելիք ունի: Նա մի ամբողջ սափոր գինի էլ է խմում ու գնում քնելու:

Մարդակերը յոթ աղջիկ է ունենում՝ չար ու տգեղ: Նրանք, թեև շատ փոքրիկ էին, բայց արդեն մարդու միս էին ուտում իրենց հոր նման:

Այդ երեկո նրանց վաղ էին քնեցրել: Մարդակերի աղջիկները բոլորը մի մահճակալի վրա էին պառկած, ու նրանց բոլորի գլխին ոսկե պսակներ էին դրված:

Այդ նույն սենյակում մի մահճակալ էլ կար, նույնքան մեծ: Մարդակերի կինը տղաներին տեղավորում է այդ մահճակալին, ու ինքն էլ՝ գնում քնելու:

Մատնաչափիկը նկատում է, որ մարդակերի աղջիկների գլխին ոսկե պսակներ են դրված: Վախենալով, որ մարդակերը գիշերը կգա ու կմորթի իրենց, կամացուկ վեր է կենում, հանում իր և եղբայրների թասակները: Հետո հանում է փոքրիկ մարդակերների ոսկե պսակներն ու իրենց գլխարկները դնում նրանց գլխին, իսկ պսակները՝ իրենց գլխին: Նա այդպես է անում, որ մթության մեջ մարդակերն իր աղջիկներին շփոթի տղաների հետ, որոնց ուզում էր մորթել:

Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես մտածել էր Մատնաչափիկը: Մարդակերը արթնանում է գիշերվա կեսին, արագ ցած է իջնում անկողնուց, վերցնում դանակը, կամացուկ մտնում երեխաների սենյակը և մոտենում այն մահճակալին, որի վրա պառկած էին տղաները: Բացի Մատնաչափիկից՝ բոլորը քնած էին: Նա շատ է վախենում, երբ մարդակերը, շոշափելով տղաների գլուխները, շոշափում է նաև իր՝ Մատնաչափիկի գլուխը:

Ձեռքի տակ զգալով պսակները՝ մարդակերն ասում է.

- Քի՜չ էր մնում՝ աղջիկներիս մորթեի, երևի՝ երեկոյան գինի շատ խմեցի:

Հետո մոտենում է փոքրիկ մարդակերների մահճակալին և, շոշափելով տղաների թասակները, ասում.

- Ահա´ թե որտե՜ղ են քնած նրանք:

Ու նա մորթում է իր բոլոր աղջիկներին և գնում քնելու:

Երբ Մատնաչափիկը լսում է, որ մարդակերն արդեն գնաց, անմիջապես արթնացնում է եղբայրներին, պատվիրում շտապ հագնվել ու հետևել իրեն: Նրանք կամացուկ դուրս են գալիս պարտեզ, մագլցելով անցնում ցանկապատն ու փախչում:

Իսկ մարդակերն առավոտյան, արթնանալով, կնոջն ասում է.

- Գնա´ վերև ու հավաքի´ր երեկվա տղաներին:

Կինը զարմանում է մարդակերի բարությանը: Կարծում է, թե ամուսինը պատվիրում է հագցնել տղաներին: Նա բարձրանում է վերև ու, տեսնելով իր բոլոր աղջիկներին մորթված, ուշաթափ փռվում է հատակին:

«Էս ինչո՞ւ է ուշանում», - մտածում է մարդակերն ու ինքն էլ է վերև բարձրանում:

Երբ տեսնում է իր աղջիկներին մորթված, սկսում է մազերը փետել:

- Ա՜խ, Էս ի՜նչ արի, - գոռում է նա: - Սա էդ տղաների սարքած գործն է, բայց նրանք դեռ պատասխան կտան և շա´տ շուտով:

Մարդակերը մի գավաթ ջուր է լցնում կնոջ քթի մեջ և, երբ նա ուշքի է գալիս, ասում է.

- Այստե´ղ տուր իմ արագավազ կոշիկները, ես պետք է բռնե´մ էդ լակոտներին:

Մարդակերը հագնում է կոշիկները, մի քիչ վազվզում այս ու այն կողմ, գտնում տղաների հետքն ու բռնում այդ ուղղությունը:

Տղաները դեռ հեռվից տեսնում են, որ մարդակերը գալիս է՝ մի բլրից մյուսը մի քայլ անելով, գետերի ու գետակների վրայից թռչելով:

Նրանք թաքնվելու տեղ են որոնում: Մատնաչափիկը մոտակայքում մի քարանձավ է նկատում, ու եղբայրների հետ վազում, թաքնվում են այնտեղ:

Մարդակերը, երկա՜ր հետապնդումից հոգնած, նստում է մի փոքր հանգստանալու հենց ա´յն ժայռի վրա, որի քարանձավում թաքնվել էին տղաները:

Նա անմիջապես քնում է ու այնպես ուժգին խռմփացնում, որ երեխաները վախից քարանում են:

Բայց Մատնաչափիկն իրեն չի կորցնում: Նա եղբայրներին պատվիրում է, որ, քանի դեռ մարդակերը քնած է՝ փախչեն տուն, իսկ իր համար չանհանգստանան:

Եղբայրները լսում են նրան, դուրս թափվում քարանձավից ու վազ են տալիս, որքան ուժ ունեն:

Իսկ Մատնաչափիկը գաղտագողի մոտենում է մարդակերին, նրա ոտքերից կամացուկ դուրս քաշում արագավազ կոշիկներն ու ինքը հագնում: Դրանք շատ մեծ ու լայն կոշիկներ էին, բայց, քանի որ կախարդական էին, անմիջպես դառնում են նրա ոտքով մեկ, ասես հենց նրա համար էին կարված:

Հագնելով արագավազ կոշիկները՝ Մատնաչափիկը մարդակերի գրպանից հանում է ոսկով լի մի քսակ ու վազում տուն: Եղբայրներն արդեն տուն էին հասել: Նրանք ուրախ-ուրախ դիմավորում են Մատնաչափիկին:

Փայտահատը մարդակերի ոսկիները ստանալուց հետո շատ է հարստանում ու երեխաներին այլևս անտառ չի տանում: