Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Արամ Խաչատրյան-Լուսինե Զաքարյան

1977 թվականի ապրիլի 26-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (այժմ՝ «Արամ Խաչատրյան»համերգասրահ) լեփլեցուն էր:

Լուսինեի մենահամերգը, ինչպես միշտ, անցնում էր խոր երաժշտական ու մարդկային բավականության պայմաններում: Յուրաքանչյուր համարից հետո դահլիճը արձագանքում էր հևքոտ ու տաք շնչառությամբ, որ հասնում ու ձուլվում էր երգչուհուն: Նախապատրաստվելով հաջորդ երգին, անբացատրելի ազատությամբ էր լցվում, նա առնում էր դահլիճի ուժը, որովհետև համակրանքը և ծափերի մեջ դրված ոգեշունչ նվիրվածությունը անկեղծ էին, մինչև վերջ բաց-խոստովանություն:

Նա եկավ համերգի առաջին բաժնի վերջում ՝ Մարգարիտա Հարությունյանի ուղեկցությամբ և տեղավորվեց չորրորդ կարգում: Լուսինեն տեսավ նրան՝ սիրելի մաեստրոյին, հայ ժողովրդի մեծ զավակին: Արամ Խաչատրյանի հետ ինքը և Խորենը բարեկամացել էին մի քանի տարի առաջ՝ Կարլովի Վարի առողջարանում հանգստանալիս: Ճանաչում էր կոմպոզիտորը Լուսինեի ազնիվ հոգին և բարի սիրտը, գնահատում՝ կատարած գործը:

Սկսվեց համերգի երկրորդ բաժինը՝ միջնադարյան երգեր, Կոմիտաս և Եկմալյան: Լսում էր ուշադիր, անհանգիստ: Կարծես հայտնություն էր իր համար: Լիքը, փամփլիկ դեմքը, մսոտ, հաստ շրթունքները դողում էին հուզմունքից ու բավականությունից: Յուրաքանչյուր երգից հետո ինչ-որ խոսքեր էր բացականչում, սրբում էր արցունքները:

Մարիանայի (Մարիանա Հարությունյանի մասին է խոսքը, Լուսինեի երկար տարիների կոնցերմեյստերը) ռոյալը ծածկված էր ծաղիկներով: Բաց երկնագույն շրջազգեստով, կապույտ զմրուխտե ականջողերով, շիկնած ու վայելչատես Լուսինեն ծաղիկների միջից ջոկում էր ամենալավերը: Դահլիճը թնդում էր ծափերի որոտից: Ծաղիկների մի հսկա խուրձ գրկին մոտեցավ բեմի առաջնամասին և սկսեց ծափահարել՝ դեմքով ցույց տալով մեծ կոմպոզիտորին:

Արամ Խաչատրյանը մոտեցավ Լուսինեին: Երբ երգչուհուն համբուրելուց հետո, ծաղիկները ձեռքին նա դեմքով դարձավ դեպի դահլիճը՝ ծափահարությունների փոթորկը սուրաց կատաղի վերելքով: Բոլորը ոտքի էին: Ծերունազարդ կոմպոզիտորը ցնցվում էր հուզմունքից, աչքերից հոսում էին արցունքները: Նա կանգնել էր շվար, ուրախության մեջ՝ երջանիկ գնահատության այդ ցույցից և մանավանդ մարդկանց հարազատ-մտերիմ, կայտառ-կայծակող աչքերում նստած գերազնիվ ոգևորությունից: Տևական ժամանակ դահլիճը չէր հանդարտվում, հետո բեմը կիսամութ դարձավ և երկնքից ասես օրհնություն և օվսաննա թափվեց: Լուսինեն տալիս էր «էության գերագույնը»: «Սուրբ, Սուրբը» ասես երգում էր միայն Արամ Խաչատրյանի համար: Մեծ կոմպոզիտորը այլևս անջատվել էր դահլիճից. նա ինքն իր հետ էր՝ միջնադարյան մեղեդու անմեկնելի գեղեցկության հետ:

Համերգից հետո, ներս մտնելով փոքրիկ զարդասենյակը, նա կրկին համբուրեց Լուսինեին և նստելով գրասեղանի առաջ՝ գրեց.

Սիրելի Լուսինե, ես ուրախ եմ, որ կարող եմ ասել մի քանի խոսք Ձեր արտասովոր տաղանդի մասին: Ձեր այս համերգից ես ստացա իսկական, վիթխարի գեղարվեստական բավականություն:
Դուք ունեք շատ գեղեցիկ, բոլոր ձայնասահմաններում սահուն, լսելիքը, սիրտը և գիտակցությունը շոյող ձայն:
Ձեր պարզությունը և Ձեր կատարման անարատ մաքրությունը հմայում է լսողին: Բոլորը կարկամում են:
Դա ինչ-որ կախարդանք է:
Թող Ձեր արվեստը պատռի բոլոր սահմանները և նվաճի տիեզերքը

Արամ Խաչատրյան
26.4.1977

(Հատված պրոֆեսոր Կարլեն Դանիելյանի
«Լուսինե Զաքարյան» գիրք-էսսեից)
Աղբյուր՝ Լուսինե-Զաքարյան ֆեյսբուկյան էջ: