Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Տիրամոր աղոթքներ

Մեծացուսցէ

Մեծացուսցէ անձն իմ զՏէր
եւ ցնծասցէ հոգի իմ Աստուծով փրկչաւ իմով:
Այց արար ի վերայ խոնարհութեան աղախնոյ իւրոյ.
այսուհետեւ երանիցեն ինձ ամենայն ազգք:
Արար ընդ իս մեծամեծս հզօրն,
եւ սուրբ է անուն նորա:
Ողորմութիւն արար ազգաց յազգս երկիւղածաց իւրոց,
եւ արար զզօրութիւն բազկաւ իւրով:
Ցրուեաց զամբարտաւանս ի մտաց սրտից,
եւ քակեաց զհզօրս յաթոռոց:
Զխոնարհս բարձրացոյց, զկարօտս ելից բարութեամբ,
եւ զմեծատունս արձակեաց ունայնս:
Պաշտպանեաց Իսրայէլի ծառայի իւրոյ՝
յիշելով զողորմութիւնս իւր:
Որպէս խօսեցաւ առ հարսն մեր՝
ընդ Աբրահամու եւ զաւակի նորա յաւիտեան:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Աշխարհաբար արեւելահայերեն

Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,
եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով,
որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ:
Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան,
որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար,
եւ նրա անունը սուրբ է:
Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է:
Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց,
ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով.
հզօրներին տապալեց իրենց աթոռներից
եւ բարձրացրեց խոնարհներին:
Քաղցածներին լիացրեց բարիքներով
եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց:
Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները,
ինչպէս ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան:

Աշխարհաբար արեւմտահայերեն

Անձս Տէրը կը փառաւորէ
եւ հոգիս կը ցնծայ իմ Աստուած փրկիչովս:
Որովհետեւ հայեցաւ Իր աղախնին խոնարհութեան,
այսուհետեւ բոլոր ազգերը ինծի երանի՛ պիտի տան:
Որովհետեւ Հզօրը ինծի մեծամեծ գործեր կատարեց,
մե՛ծ է Անոր անունը:
Իսկ Անոր ողորմութիւնը Իր երկիւղածներուն վրայ
կը տարածուի սերունդէ սերունդ:
Իր բազուկին զօրութեամբ մեծ գործեր կատարեց,
ամբարտաւան խորհուրդներով մարդիկը ցրուեց,
Հզօրները իրենց գահերէն վար առաւ
եւ խոնարհները բարձրացուց:
Քաղցածները բարիքներով լիացուց,
իսկ մեծատունները ձեռնունայն ճամբեց:
Իր ծառան Իսրայէլը պաշտպանեց՝
յիշելով Իր բարեգթութիւնը,
ինչպէս որ նախապէս խօսած էր մեր հայրերուն՝
Աբրահամին եւ անոր սերունդին, յաւիտեան:

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ