Այսպէս է ասում Տէրը. «Միայն թէ Աւետարանին արժանի ձեւով ընթացէ՛ք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէ՛կ հոգով եւ որպէս մէ՛կ շունչ պայքարում էք Աւետարանի հաւատի համար» (Փիլիպեցիներ 1:27)

Գոշավանք վանական համալիր

Պատմաճարտարապետական արգելոցը գտնվում է Գոշ գյուղում՝ Դիլիջանից 15 կմ դեպի արևելք: Արգելոցը գործում է 1974 թ-ից, իսկ 2003 թ-ից գործում է որպես ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ և ներառում է ՀՀ կառավարության կողմից 2004թ-ի դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Գոշավանք վանական համալիրը:

Վանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք:

Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ:

Մխիթար Գոշի վանահայրության օրոք այստեղ կառուցվել են Ս. Լուսավորիչ փայտակերտ և Ս. Հովհաննես-Կարապետ փոքրիկ եկեղեցիները (չեն պահպանվել), Ս. Աստվածածին եկեղեցին իր գավթով: Վանքի կառուցապատումը շարունակվել է մինչև XIII դ. վերջը:

Նոր Գետիկի ճարտարապետական համալիրի մասը կազմող հուշարձանները բաժանված են երկու խմբի: Ձորակի հյուսիսային լանջին տեղավորված է հիմնական խումբը՝ բաղկացած Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Գրիգոր եկեղեցիներից, ժամատնից, գրատուն–զանգակատնից, քաղաքացիական մի այլ շենքից, մատուռներից, պատվանդանավոր խաչքարերից: Այս խմբից հարավարևելք՝ ձորակի հանդիպակաց լանջին, իրարից փոքր-ինչ վեր տեղավորված են Սբ. Հռիփսիմե երկխորան եկեղեցին և մի ավերակ շենք, որը համարվում է Մխիթար Գոշի դամբարանը:

Ս. Աստվածածին եկեղեցի- վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է 1191-1196 թթ.՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝ հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Ճարտարապետագեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին:

Ժամատուն (արևմտյան կողմից)- կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203 թթ.՝ աջակցությամբ Զաքարե և Իվանե եղբայրների: Պատկանում է քառասյուն ժամատների տիպին՝ արևելյան անկյուններում զույգ ավանդատներով: Ծածկի համակարգի համար բացի չորս սյուներից հենարան են ծառայում պատերին կից ութ որմնասյուները: Կենտրոնական հատվածը պսակված է երդիկով: Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են:

Ս. Գրիգոր եկեղեցի- կառուցվել է 1241 թ. գլխավորի հարավային կողմում, և ունի ավելի փոքր չափեր:

Ս. Լուսավորիչ- Գոշավանքի երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241 թթ.՝ ժամատան հարավային պատին կից՝ իշխան Գրիգոր Տղայի միջոցներով (ով սատար է եղել նաև Սբ. Գրիգոր եկեղեցու կառուցմանը): Այս գողտրիկ եկեղեցին իր ժամանակներում քիչ հանդիպող միանավ բազիլիկ տիպի է՝ երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով: Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է նաև արտաքին պատերի բացառիկ դեկորատիվությամբ, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: Առանձնապես ուշագրավ է արևմտյան պատի մշակումը գեղեցիկ շքամուտքով, պատերի դեկորատիվ կամարների ու անցումային կիսակամարների (ինչպես Դեղձուտի վանքի եկեղեցու) և արևելյան պատի լուսամուտի հարուստ ձևերով:

Գրատուն-զանգակատուն - այս կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Շինության գրատունը կառուցվել է 1241 թ., զանգակատունը՝ 1291 թ.: Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ, և միասին հիմք են ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների (Եղվարդի Ս. Աստվածածին, Ամաղու Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտան) հատակագծային և ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սրա ծածկի կենտրոնական մասի կառուցվածքը, որտեղ անցումը դեպի բազմանկյունի լայն երդիկը կատարված է շեղակի դրված քարե հեծանների միջոցով, որոնք իրենց միջին մասերում ունեն եռատերև փորվածքներ (ինչպես գեղագիտական, այնպես էլ վերին լույսը ավելի լայն անկյունով սփռելու նպատակով):

Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս (Պաւղոս) քարագործ-վարպետի կողմից 1291 թ. կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Ս. Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել:

Գրատուն-զանգակատան շենքի հյուսիսարևմտյան կողմում տեղադրված ու երբեմնի փայտածածկ շենքը, որից պահպանվել են միայն պատերը, ենթադրաբար եղել է վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը:

Հուշարձանախումբը նորոգվել է 1950-1960-ական թթ. (հեղինակ` Հ. Գասպարյան, Յու. Թամանյան):

Վանական համալիրին կից գործում է փոքրիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված են ազգագրական բնույթի շուրջ 100 նյութեր:

ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 9-ի N616 որոշմամբ այն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականություն

Յու. Թամանյան, Շ. Ազատյան, Գոշավանք, չափագրություններ և լուսանկարներ, Ե., 1974

Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992

О. Халпахчян. Архитектурные ансамбли Армении. М., 1980.

Goshavank. Milano, 1974 (Documenti di architettura Armena, N 7).

Տեսարաններ համալիրի հուշարձաններից

Աղբյուր՝ Hushardzan.am

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Ոչ միայն հացիվ» հաղոդաշարի