Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մեսրոպ Մաշտոց. «Զղջման իմոյ զարտասուս»

Զղջման իմոյ զարտասուս արկանեմ առաջի քո,
Քրիստոս, թո՛ղ ինձ զմեղս իմ որպէս երբեմն պոռնիկին,
Որ միայնդ ես բազմագութ:
Անկանիմ առաջի քո, Քրիստոս, որ հովիւդ ես բանաւոր հօտի,
Խնդրեա և զիս, զմոլորեալս, միայնդ ես բազմագութ:
Զմեղս իմ ցուցից քեզ, Քրիստոս, որ բժիշկդ ես հոգւոց և տէր կենաց,
Բժշկեա և զիմ զհիւանդութիւնս, որ միայնդ ես բազմագութ:

Ի՞նչ են նշանակում այս շարականի խոսքերը՝ թարգմանաբար. «Զղջման իմ արտասուքը թափում եմ Քո առաջ, թող իմ մեղքերը, ինչպես մի անգամ պոռնիկին, Քրիստոս, որ միակ գթառատն ես»: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, նայենք Հովհաննեսի ավետարանի 8-րդ գլուխը.
«Հիսուս գնաց Ձիթենյաց լեռը: Առավոյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, և ինքն ուսուցանում էր նրանց: Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին «Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»: Նրանք այս ասում էին՝ Նրան փորձելու համար, որպեսզի Նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա»: Եւ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչև փոքրերը: Եւ Հիսուս միայն մնաց ու այն կինը՝ կանգնած նրա առաջ: Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եւ սա ասաց՝ ոչ, Տեր: Եւ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա և այսուհետև մի՛ մեղանչիր»»:
Ահա, այսպես, Մաշտոցն աղերսում է, որ Քրիստոս իրեն նույնպես ների իր մեղքերը, ինչպես այն ժամանակ շնացող կնոջը, որ, այդ օրերի օրենքներով պետք է քարկոծմամբ մեռցվեր, որպես ծանր մեղք գործած:
Ապա ասում է՝ Գետնատարած ընկնում եմ Քո առաջ, Քրիստոս, որ հովիվն ես բանավոր հոտի: Որոնիր և ինձ, մոլորյալիս, միակ գթառատդ: Հիշենք այն առակը մոլորեալ գառան մասին, որ բարի Հովիվը թողնելով իր հոտը, որոնում է իր մոլորված գառին: Ահա այսպես էլ, Մաշտոցը խնդրում է հոգատար լինել նաև իր հանդեպ, իբրև մոլորվածի:
Վերջում ասում է՝ Մեղքերն իմ ցույց կտամ Քեզ, նկատի ունի երևի կխոստովանեմ, Քրիստոս, որ հոգիների բժիշկն ես և կյանքի տերը: Բժշկիր և իմ հիվանդությունները, որ միակ գթառատն ես:

Մեսրոպ Մաշտոցի (V դար) «Զղջման իմոյ զարտասուս» ապաշխարության շարականն է՝ Աննա Մայիլյանի կատարմամբ: