Այսպէս է ասում Տէրը. «Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի» (Մարկոսի 13:13)

Լուսինե Զաքարյան․ Լուսավորչի կանթեղը

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

1902

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտ.՝ Շահան Պերպերյանի
Կատարում՝ Լուսինե Զաքարյանի