Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Անտոնի Սուրոժսկի «Լռել Աստծո հետ միասին»

Մենք պետք է սովորենք աղոթել` ոչ թե աղաչել, այլ հանդիպել Աստծուն:

Այսինքն` կանգնել Աստծո առաջ երեկոյան, առավոտյան կամ, երբ որ ուզում եք և ասեք. «Տե՛ր` ես գիտեմ Դու ամենահաս ես, Դու ամենուր ես, Դու և այստեղ ես, և ես Քո ներկայության տակ եմ. որքա՜ն զարմանալի է: Կարելի՞ է` Քեզ հետ մի քիչ նստեմ և Քեզ հետ խոսելու փոխարեն պարզապես լռեմ Քեզ հետ միասին…»:

Դուք գիտեք` ինչ է պատահում երբեմն. ընկերները հանդիպում են, նստում են բուխարու մոտ: Իջնում է երեկոն: Սկզբում աշխույժ զրուցում են, հետո խոսակցությունը դառնում է ավելի հանդարտ ու խորը, իսկ հետո անգամ խոսելդ չի գալիս, որովհետև այնքա՜ն լավ է միասին նստել:

Եվ ընկերները նստում են և միասին լռում: Այ հենց սա պիտի մենք աղոթքում փնտրենք, ոչ թե Աստծուն ինչ-որ բան ասեք, որ Նրա համար նորություն լինի. հազարամյակներ անց դուք ի՞նչ նոր բան կարող եք Աստծուն ասել: Բայց դուք կարող եք սկսել ահա թե ինչից. Նրա հետ խոսել, Նրան պատմել, թե ինչպես է անցել ձեր օրը, թե ինչպես եք շպրտվել մեկ այս, մեկ այն կողմ, այ սա հիասթափեցրել է, սա էլ` շփոթեցրել, իսկ սա մեծ ուրախություն էր, ահա այսպես անցավ օրը: Իսկ հիմա, լռության մեջ մի քիչ նստեմ Քո կողքին…

Հետո, երբ ես դադարեմ աղոթել բառերով կամ մտքերով, ամեն ինչ կլռի, սենյակում խաղաղություն կտիրի: Այդ ժամանակ Աստծո հետ կլինես. ես Նրան կնայեմ, Նա ինձ կնայի, և մենք այնքա՜ն լավ կզգանք միմյանց հետ…

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Աղբյուր՝ Հայկական կակաչ