Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Արտավազդ Փելեշյան

Արտավազդ (Արթուր) Փելեշյան (փետրվարի 22, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։

Կենսագրություն

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում, այժմ՝Գյումրի։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը, մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Նրա գործունեության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում, եւ Հարավային Կորեայում։ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում եւ Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։

Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում եւ կինոդպրոցներում՝

ԽՍՀՄ Հեռուստատեսության եւ ռադիոյի հեռարձակումների աշխատողների որակավորման ինստիտուտում, ԽՍՀՄ Պետական կինոյի ինստիտուտում (Մոսկվա)՝ սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասարաններում,

ՖԱՄՈՒ (Պրահա) կինոակադեմիայում, ՖԵՄԻՍ (Փարիզ), կինոյի համալսարան (Մեխիկո)

Համարվում է պատվավոր դոկտոր եւ պրոֆեսոր երկու պետական բուհերում՝

Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական Ինստիտուտ

Հայ-Ռուսական Համալսարան

Աշխատել է Բելառուսֆիլում, Հայֆիլմում, Գորկու անվան ստուդիայում, Մոսֆիլմում, Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար եւ Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։

2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվոտախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։

Գրքեր

«Իմ կինոն» - ռուսերեն լեզվով, հրատարակված է Հայաստանում (1988)

«Դիստանցիոն մոնտաժ եւ Արտավազդ Փելեշյանի կինոն» - իտալերեն, հրատարակված է Իտալիայում (1989)

«Արտավազդ Փելեշյան. ՄԵՐ ԴԱՐԸ» - գերմաներեն եւ անգլերեն, հրատարակված է Ավստրիայում եւ Գերմանիայում (2004)

«Դիստանցիոն մոնտաժ եւ հեռավորության տեսություն» - իսպաներեն եւ անգլերեն, հրատարակված է Մեքսիկայում (2011)

«Նյութը եւ Տիեզերքը - Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը» - իսպաներեն եւ ֆրանսերեն, հրատարակված է Կոլումբիայում եւ Ֆրանսիայում (2011)

«Արտավազդ Փելեշյանի դիստանցիոն մոնտաժը» - չեխերեն, հրատարակված է Չեխիայում (2016)

«Տպավորությունների ժամանակը» - ռուսերեն (երկու հատոր), հրատարակված է Հայաստանում։ Իր նախագծերի եւ տեսությունների հետ մեկտեղ, համաշխարհային մամուլի ամփոփումը իր ֆիլմերի եւ ստեղծագործությունների մասին (2016)

«Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» - ֆրանսերեն, հրատարակված է Ֆրանսիայում (2017)

«Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» - ռուսերեն, հրատարակված է Հայաստանում (2017)

«Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» - անգլերեն, հրատարակված է Հայաստանում (2018)

Մրցանակներ և պարգևներ

Օբերհաուզում կայացած Լիամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գրան պրի «Մենք» ֆիլմի համար (1970)
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)

Սերգեյ Ռադոնեժսկու 3 աստիճանի շքանշան`«Աստված Ռուսաստանում» ֆիլմի համար: Շքանշանը հանձնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք սրբազան Պիմենը (1984)

ՀԽՍՀ պետական մրցանակ «Մեր դարը» ֆիլմի համար (1985)

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին մրցանակ՝ «Իմ կինոն» գրքում ներառված տեսական և գրական աշխատանքների համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիական մտքի զարգացման յուրահատուկ ստեղծագործական փորձն արտացոլելու համար (1987)

ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (07.06.1996)

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996)

SCAM գրան պրի համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (Ֆրանսիա, 2000)

Ռուսական ազգային «Դափնի» մրցանակ՝ ոչ խաղարկային ֆիլմերի եւ հեռուստատեսության ոլորտում (2003)

ՀՀ ժողովրդական արտիստ (2004)

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2006)

ԱՊՀ երկրների միջպետական «Համագործակցության աստղեր» մրցանակ՝ գիտության եւ արվեստի բնագավառում եղած ձեռքբերումներում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակը հանձնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն (2012)

ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)

«Եղիցի Լույս» մրցանակ։ Մրցանակը հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (2013)

Գյումրու պատվավոր քաղաքացի (2013)

Յոգլովոյում (Չեխիա) կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2015)

Երևանի պատվավոր քաղաքացի (2017)

Պատվո շքանշան (16.02.2018)

Տեսանյուրթը Վերնատուն հաղորդաշարի