Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմը

Չարենցականության մի զարմանալի ոգի, սեփական երկրին ու ժողովրդին ուղղված հայացք կա այս ֆիլմում։

Ֆիլմ առանց մետապատումային լեզվի, որի ձգտումն է՝ չպատմելու պատմություն եւ դրանով իսկ՝ զերծ պահելու պատկերը սոցիալիստական եւ ազգային պատումների գաղափարաբա-նական պարտադրանքից: Նշանավոր հայաստանցի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը նկատում է, որ, կինոնկարը հայ ժողովրդի ճակատագրի մասին է, իր նպատակը չի եղել հանգեցնել ֆիլմի բովանդակությունը ազգային բացառիկության մտքերին, որ իր խնդիրն է եղել ազգայինի մեջ բացահայտել միջազգային, համամարդկային արժեքներ, որոշակի մարդկանց եւ իրադարձու-թյունների պատկերմամբ հասնել ազգային թեմայի համամարդկային արտահայտության եւ ընդհանրացումների…

Էպիկականը, մոնումենտալը, տարերայինը (Հատված՝ «Արտավազդ Փելեշյան. մոնտաժը` ընդդեմ պատումի» հոդվածից.)

«Տիեզերականը», «էպիկականը», «համամարդկայինը» Փելեշյանի աշխատանքների հաճախ հանդիպող որակումներից են։ Մյուս կողմից՝ նրա ֆիլմերը բնութագրվում են որպես մարդկային բնության սահմաններին մոտենալու փորձ. «Փելեշյանին հաջողվում է հաղորդել սեփական (եւ բոլորիս համար ընդհանուր) անընդունակությունը՝ շփվելու այն բանի հետ, ինչ ընկած է մեր բնույթից դուրս» (Ջ. Կյեզա): Փելեշյանն ինքը «Մենք» ֆիլմի վերաբերյալ անում է մի այսպիսի նուրբ դիտարկում, որտեղ, կոնկրետի եւ ընդհանրականի անքակտելիու-թյունն ընդգծելու հետ միասին, մատնանշում է նաեւ մարդու եւ բնության խորին կապերը. «Մենք ըմբռնում ենք կոնկրետ թաղման ինքնուրույն իմաստը եւ ընկալում ժողովրդի կերպարը որոշակի կենսական իրավիճակում… մենք տեսնում ենք մարդկանց՝ հայրենիք վերադառնալու կոնկրետ փաստը, բայց միաժամանակ ընկալում ենք բնության հետ մարդկանց միավորման պատկերը»։

Բնության հետ միավորման խաղաղ եւ գրեթե հեթանոսական արարքից շատ ավելի հաճախ Փելեշյանի ֆիլմերում մարդը հայտնվում է այնպիսի վիճակներում, որ կարելի է անվանել աղետ (գետի հորձանքով քշվող կամ ձնահյուսի հետ գահավիժող հովվի մարմինը, «անկշռելիությունից դեֆորմացված տիեզերագնացի դեմքը»….), «կատաստրոֆա, որը վերջ չունի» (Ս. Դանեյ)։

Տարերքի անհաղթահարելի ուժի հանդիման կամ զանգվածային իրադարձությունների հորձանուտում՝ մարդը պատկերվում է որպես շատ ավելի մեծ մի բանի տարր։ Նա, եթե կարելի է այդպես ասել, տարերայնացվում է. արդիության դարաշրջանի լուսավորյալ ենթակայի (սուբյեկտի) փոխարեն պատկերվում է ապամարդկայնանալու, «անօրգանական աշխարհի մաս դառնալու» (Ժ. Դելյոզ)եզրին բռնված մարդը։ Բնության ձերբազատումը հումանիստական լուսապսակից լծորդվում է «մարդ-բնություն» հակադրության խնդրականացմամբ։ Ահա թե ինչու նրա ֆիլմերը որոշ մեկնաբանների հիշեցնում են Ժողովողին եւ Վերգիլիուսին։ Թվում է` այս նպատակին է ծառայում նաեւ սեւ-սպիտակ պատկերը։

Աղբյուր՝ Lilmadoyansmediablog.wordpress.com