Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Հայկական գրաֆիկա

Թանգարանի գրաֆիկայի հավաքածուի կորիզն են կազմում շուրջ 250 հայ նկարիչների գծանկարները, ջրանկարները, պաստելները, գրքային գրաֆիկան, ծաղրանկարները, պլակատները, որոնք ընդհանուր հաշվով կազմում են ավելի քան 4000 միավոր: Հայկական գրաֆիկան իր արմատներով կապված է միջնադարի հայերեն ձեռագիր գրքի ստեղծման, նրա ձևավորման ու նկարազարդման հետ: Մի կողմ թողնելով գրաֆիկայի ծագման պատմությունը` նշենք, որ ի տարբերություն գեղանկարչության, հայկական գծանկարը որպես արվեստի տեսակ սկսել է ձևավորվել 19-րդ դարից: Հայկական հավաքածուն արժևորվում է ինչպես ցուցանմուշների մեծ մասի բարձր գեղարվեստական մակարդակով, այնպես էլ նրանով, որ այստեղ ներկայացված են, թեև ոչ համազոր, գրաֆիկայի հայրենական դպրոցի զարգացման բոլոր փուլերը, նրանց հիմնական տեսակներն ու ժանրերը` սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 90-ականները:

Ժամանակի առումով պատկերասրահի հավաքածուում ամենավաղ գծանկարները պատկանում են հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն (1817-1900), որի արվեստը վերաբերում է թեˊ հայկական, թեˊ ռուսական մշակույթներին:

19-րդ դարում Կոստանդնուպոլսում է ապրել և ստեղծագործել գծանկարի վարպետ դիմանկարիչ Մելքոն Տիրացույանը (1837-1904):

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայկական արվեստը բնորոշվում է Ռուսաստանում, Եվրոպայում և Անդրկովկասի մշակույթի կենտրոն Թիֆլիսում մասնագիտական կրթություն ստացած նկարիչների թվային աճով: Նրանցից ոմանք մնացին օտար երկրներում, շատերը հաստատվեցին Թիֆլիսում: Ընդլայնվում է նաև նրանց ստեղծագործական թեմատիկան: Գրաֆիկայում ի հայտ են գալիս նոր ժանրեր` բնանկար, այդ թվում նաև ճարտարապետական, կենցաղային տեսարաններ, շարունակվում են զարգանալ դիմանկարը և գրքարվեստը, ծնունդ են առնում նոր տեսակներ` պլակատ, թատերա-դեկորացիոն արվեստ և այլն:

Դիմանկարի ժանրը, որ նախորդ ժամանակաշրջանի գեղանկարչության գրեթե միակ ոլորտն էր, իր զարգացումն ապրեց նաև գրաֆիկայի մեջ` Ստեփան Աղաջանյանի (1863-1940), Փանոս Թերլեմեզյանի (1865-1941), Ենովք Նազարյանցի (1868-1928), Հմայակ Հակոբյանի (1871-1939), Դավիթ Օքրոյանցի (1874-1943) արվեստում: Հայկական գրաֆիկայի հետագա զարգացմանը զգալիորեն նպաստեց բոլոր ժանրերում ստեղծագործող Վարդգես Սուրենյանցի (1860-1921) արվեստը: Պատկերասրահում հավաքված են նկարչի գրքային, ամսագրային ձևավորումները, թատերական ձևավորումների էսքիզները, դիմանկարները, պլակատները: Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925), Հարություն Շամշինյանի (1856-1914), Հմայակ Հակոբյանի (1871-1939), Սեդրակ Առաքելյանի (1884-1942) աշխատանքներում կենտրոնական տեղ է գրավում բնանկարը: Բացի բնանկարից, Հարություն Շամշինյանը (1856-1914) անդրադարձել է նաև ժանրային տեսարաններին, նա առաջինն էր հայ նկարիչներից, որ պատկերեց հասարակ մարդկանց կենցաղը: Այդ թեման իր ուրույն և վառ արտացոլումը գտավ ինքնատիպ գծանկարիչ Վանո Խոջաբեկյանի (1875-1922) ստեղծագործության մեջ:

Ճարտարապետական պեյզաժը ներկայացված է Արշակ Ֆեթվաճյանի (1866-1947) վարպետորեն արված և պատմական արժեք ունեցող ջրանկարներում, իսկ հետագայում նաև քանդակագործ Ստեփան Թարյանի (1899-1954) գործերում:

Հայկական գրաֆիկայում առանձնահատուկ տեղ է գրավում ֆրանսահայ նկարիչ Էդգար Շահինը (1874-1947), որի օֆորտներն արժանացել են համաշխարհային ճանաչման:

Օֆորտի և վիմագրության տեխնիկայով են աշխատել նաև ֆրանսահայ արվեստագետներ Տիգրան Փոլադը (1874-1950), Գառզուն (1907-2000), Ժանսեմը (1920), Արսեն Շաբանյանը (1864-1949) և այլք:

Ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու (1904-1948) արվեստը սյուրռեալիզմն ու աբստրակտ էքսպրեսիոնիզմը կապող օղակ է: Թանգարանի հավաքածուում տեղ է գտել 1930-ական թվականներին ստեղծած նրա մեկ ճեպանկար:

Սկսած 20-րդ դարի առաջին կեսից և հետագայում շատ նկարիչներ, որ ճակատագրի բերումով ապրում էին աշխարհի տարբեր ծայրերում, հնարավորություն ունեցան վերահաստատվելու հայրենիքում: Այս հանգամանքը ևս նպաստեց գրաֆիկայի բոլոր ժանրերի և տեսակների զարգացմանը, իսկ գծանկարը հետզհետե ստացավ ինքնուրույն բնույթ:

1920-ական, նաև 1940-ական թվականներին պատմական-քաղաքական իրադարձությունների բերումով ուշադրության են արժանանում ծաղրանկարը և պլակատը: Գրաֆիկայի նշված տեսակներում էին աշխատում Լևոն Գենչօղլյանը (1897-1974), Աշոտ Մամաջանյանը (1908-1994), Մարիամ Ասլամազյանը (1907-2006) և Երանուհի Ասլամազյանը (1909-1998), Դմիտրի Նալբանդյանը (1906-1993/4), Սարգիս Արուտչյանը (1920-2000) և ուրիշներ:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում քանդակագործներ Հակոբ Գյուրջյանի (1881-1948) և Երվանդ Քոչարի (1899-1979) գրաֆիկական գործերը, որոնք աչքի են ընկնում գծերի պլաստիկայով, կերպարների յուրովի մեկնաբանմամբ և կատարման ֆակտուրայով:

Պետրոս Կոնտուրաջյանի (1905-1965) ստեղծագործական ժառանգությունը ամենամեծն է հավաքածուում: Բազմաթիվ են պաստելով, մատիտով և ածուխով արված կանանց մերկ ֆիգուրներն ու դիմանկարները, բնապատկերներն ու նատյուրմորտները: Պատկերասրահի ֆոնդերում են գտնվում Նիկոլայ Թևոսյանի (1910-1957)` եվրոպական հին վարպետների ոճով, սանգինայով արված նրբագեղ դիմանկարները:

Ուշագրավ են Մարտիրոս Սարյանի (1880-1972), Հակոբ Կոջոյանի (1883-1959), Տաճատ Խաչվանքյանի (1896-1940), Միքայել Արուտչյանի (1897-1961), Շավարշ Հովհաննիսյանի (1908-1980), Արարատ Ղարիբյանի (1903-1952), Սարգիս Ալեքսանյանի (1910-1942), Կարապետ Տիրատուրյանի (1911-1975), Էդվարդ Իսաբեկյանի (1914-2007), Գրիգոր Խանջյանի (1926-2000), Գեորգի Յարալյանի (1927) ինչպես գրքային նկարազարդումներն ու ձևավորումները, այնպես էլ ինքնուրույն գծանկարները: Կերպարվեստի և ժամանակատարածական արվեստների սինթեզի խնդիրներն է փորձել լուծել իր ստեղծագործության մեջ Գեորգի Յակուլովը (1884-1928): Թանգարանի ֆոնդերում են պահվում Մարտիրոս Սարյանի (1880-1972), Գեորգի Յակուլովի (1884-1928), Միքայել Արուտչյանի (1897-1961), Մինաս Ավետիսյանի (1928-1975), Գեղամ Ասատրյանի (1920-1995) թատերական բեմադրությունների էսքիզները:

20-րդ դարի 70-80-ական թվականներին մի շարք նկարիչների` Վլադիմիր Այվազյանի (1915-1999), Կարապետ Գյոկչակյանի (1916-1999), Վահրամ Խաչիկյանի (1923-2002), Պետրոս Մալայանի (1927-1999), Արկադի Պետրոսյանի (1933), Ռուդոլֆ Խաչատրյանի (1937-2007), Հենրիկ Մամյանի (1934), Անդրանիկ Կիլիկյանի (1937-2005), Արա Բաղդասարյանի (1940), Գաստելլո Գասպարյանի (1941), Ռուբեն Ղևոնդյանի (1942) և շատ ուրիշների արվեստի կարևոր մասն են կազմում հաստոցային գծանկարը և տպագրական գրաֆիկան:

Աղբյուր՝ ՀԱՊ