Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սուրբ Քրիստափորի վկայաբանությունը

Դեկոսի թագավորության1 ժամանակներում մեծ հալածանքներ սկսվեցին քրիստոնյաների դեմ: Եվ հայհոյում էին Տիրոջ անունն ու ամենուր նեղում քրիստոնյաներին: Եվ [այն ժամանակներում Ռեպրոպոս անունով] մի մարդ կար` շնագլուխ [մարդակերների ցեղից]2: Եվ պատերազմի ժամանակ մի կոմս նրան3 գերեվարեց: Եվ ամբարշտության գործերը տեսնելով` [հոգին] խռովվում էր: Եվ Սուրբ Հոգու շնորհներով շարժվեց նրա սիրտը, և աղաչում էր Աստծուն, որ բոլորին օգտակար լինելու համար կարողանա խոսել նրանց լեզվով` [հունարեն]4, որովհետև [մինչ այդ] չէր տիրապետում: Եվ վերին Զորությունը նրան հավատի հաստատություն, ճշմարիտ բանի գիտություն, Աստծու սիրո հաղորդություն և առ Աստված ցանկություն շնորհեց, և զորանալով` նա փառավորեց Աստծուն: Եվ երբ տեսավ, որ դատավորի զինվորները չարչարում են քրիստոնյաներին, ասաց նրանց. «Ո՛վ ամբարշտության պաշտոնյաներ և գերիներ սատանայի, դուք կամենում եք Աստծու երկյուղածներին ձեզ հետ կործանել»: Նա իր տեսքով ու ազդու խոսքերով զարհուրեցրեց նրանց, և գնալով պատմեցին դատավորին, թե` քրիստոնյաների համար սրտացավ է և փառավորում է Քրիստոսին և արհամարհում աստվածներին ու թագավորների հրամանները: «Այս իսկ պատճառով,- ասացին [զինվորները դատավորին],-քեզ ծանուցեցինք, որ վարվես` ինչպես քեզ հաճո կթվա»:

Եվ թագավորը երկու հարյուր զինվոր ուղարկեց, որ բերեն նրան: Եվ զինվորները գնացին, որ նրան ատյան բերեն, որ ստույգն իմանա Ռեպրոպոսի մասին: Իսկ երանելին այդ ժամանակ Աստծու տունն էր գնացել և բեմի առջև կանգնած` այս աղոթքն էր մատուցում. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր, Քեզ ճանաչելու և Քո կամքը կատարելու շնորհի համար: Այժմ ևս մի՛ զրկիր ինձ Քո օգնությունից, այլ Քո հաճությամբ առաջնորդի՛ր ինձ դեպի Քո կամքի խորհուրդները, որ բարձրարարվի և փառավորվի Քո անունը, որովհետև միայն Դու ես արժանի պատվի և փառքի»: Եվ պաղատելով շատ արցունք թափեց բեմի առջև:

Եվ զինվորներն շտապով հասան, երբ Ռեպրոպոսը դեռ աղոթում էր, և նրան կալանեցին, որ ատյան տանեն: Եվ նրան պատմեցին թագավորի խոսքերը, իսկ երանելին ասաց. «Քրիստոս ինձ ազատեց սատանայի կապանքներից ու պատրանքներից և ինձ խավարից դեպի լույս, անաստվածությունից դեպի ճշմարիտ աստվածգիտություն առաջնորդեց: Խնդությամբ եմ ընդունում ձեր կապանքները, չարչարանքն ու մահը` հանուն Քրիստոսի, որովհետև Նա այս ամենը կամավոր կրեց ինձ համար: Ովքեր ճանաչեցին Նրան` հավատացին երկնքի և երկրի Տիրոջը, որ լուսավորում է բոլորին և հրավիրում Իր արքայությունը: Եվ եթե դուք ևս կամենում եք, բաց է ողորմության դուռը, և կընդունի ձեզ»: Եվ Տիրոջ երևմամբ նրանք սարսափեցին, և նրանց մտքերը բացվեցին, որ ընդունեն կյանքի խոսքը, որ Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ քարոզեց երանելին: Նաև այլ բաներ խոսեց երանելին, և թագավորի ուղարկած զինվորները հավատացին ամենասուրբ Երրորդությանը: Իսկ երանելին սկսեց գոհանալ Աստծուց և այս սաղմոսն ասել. «Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում: Դեպի սրբությունը պարզեցե՛ք ձեր ձեռքերն ու օրհնեցե՛ք Տիրոջը» (Սաղմ. ՃԼԳ. 1-2):

Եվ ավարտելով սաղմոսը` սկսեց զինվորների հետ աղոթել և գոհանալ Աստծուց: Ապա կանչեց այնտեղի Պետրոս5 անունով երեցին, որպեսզի զինվորներին և իրեն մկրտի Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Եվ երբ մկրտեց, երանելի Ռեպրոպոսին Քրիստափոր կոչեց և ընծայեց Քրիստոսի շնորհին: Եվ երանելի Քրիստափորը ոգևորում էր նորահավատներին և ասում. «Ի՛մ որդյակներ, որ Քրիստոսի Ավետարանով ծնեցի. ում որ այժմ զինվորագրվեցիք, հաստատուն մնացեք ձեր արդարության գործերում, որ հաճո լինեք մեր հույս Քրիստոսին և ժառանգեք հավիտենական պսակը»: Եվ նրանք միաբան պատասխանեցին. «Քեզ հետ ենք` կենդանի, թե մեռած. արա՛ ինչ կամենում ես»: Քրիստափորն ասաց նրանց. «Եկե՛ք միասին ատյան գնանք: Եվ ինձ կտանեք կապանքներով` որպես հրամայվեց ձեզ»: Եվ նրանք չէին կամենում, սակայն երանելին իր քաղցր խոսքերով համոզեց նրանց, և համաձայնելով` նրանք Քրիստափորին կապանքներով դատավորի մոտ տարան: Եվ Քրիստոսի շնորհիվ Քրիստափորը ահազդու տեսք ուներ:

Եվ դատավորը հարցրեց. «Ինչո՞ւ էիր պաշտպանում քրիստոնյաներին և արհամարհում աստվածներին ու թագավորների հրամանները: Ասա՛ ինձ ստույգ` ի՞նչ է քո անունը և ի՞նչ ազգից ես»: Սուրբը պատասխանեց և ասաց. «Ազգս երևում է արտաքինիցս, իսկ ես մկրտությամբ Քրիստափոր կոչվեցի, այսինքն Քրիստոսազգեստ, որովհետև կռապաշտության խավարից մերկացա և քրիստոսական զգեստներ հագա: Եվ արհամարհում եմ ձեռակերտ աստվածներին և թագավորների հրամանները և միայն երկնավոր և անմահ Թագավորին եմ երկրպագում ու փառավորում»: Դատավորն ասաց. «Այդպես հանդուգն մի՛ բարբաջիր, այլ համաձայնի՛ր զոհ մատուցել, և թագավորը քեզ մեծամեծ պարգևների և պատվի կարժանացնի: Իսկ եթե չլսես, տեսակ-տեսակ տանջանքներով կնեղեմ քեզ, մինչև որ մահանաս, և քո Քրիստոսը չի կարողանա քեզ ազատել իմ ձեռքից»: Սուրբ Քրիստափորը պատասխանեց. «Ինձ ո՛չ քո իշխանությունն է պետք, ո՛չ պատիվը, և ո՛չ խոստացածդ պարգևները: Եվ չեմ վախենում ո՛չ տանջանքներից և ո՛չ մահվանից, որովհետև հուսացել եմ իմ փրկիչ Աստծուն, որ կարող է ինձ անշարժ պահել իմ այս ճշմարիտ խոստովանության պահին: Եվ գիտեցի՛ր, որ դևերին զոհ չեմ մատուցում. ինչ որ անելու ես, արա՛ անմիջապես»:

Այնժամ դատավորը հրամայեց սուրբ Քրիստափորին կախել և քերել: Եվ երկար այսպես տանջվելով` բոլորովին չխոտորվեց թագավորի խոսքերով, այլ գոհանում էր Աստծուց և օրհնում էր, արհամարհելով տանջանքները, այնքան, որ դատավորը զարմացավ և սկսեց մտածել, թե ի՞նչ անի: Եվ մեկը մոտեցավ և ասաց դատավորին. «Թո՛ղ պոռնիկներ կանչեն և մի տան մեջ նրա հետ փակեն ու այդպես թողնեն»: Եվ դատավորին հաճո թվաց [այս միտքը], և հրամայեց կանչել զարդարուն կանանց: Եվ նրանց հրահանգեց, որ պոռնկության գայթակղությամբ [թմրեցնեն] սրբի զգաստությունը, որ այդպես համաձայնի: Եվ երբ Աստծու սրբին տարան այն տունը և նրանից հետո` կանանց, սուրբն սկսեց աղոթել Տիրոջը: Եվ խնդրում էր, որ նրանք դարձի գան, և նրանց փրկության համար արտասուք էր հեղում Քրիստոսի առջև: Եվ նրանց մեղքերի թողություն խնդրում. «Որովհետև Քո ստեղծածներն են, թո՛ղ Քեզ երկրպագեն և հավատով ու մկրտությամբ թո՛ղ մաքրվեն մեղքերից` ի փառս Աստծու»: Եվ աղոթելուց հետո սկսեց քարոզել նրանց: Եվ աստվածային ազդմամբ ու սրբի աղոթքների շնորհիվ անմիջապես համաձայնեցին և հավատացին Աստծուն և խոստովանեցին իրենց մեղքերն ու հանձն առան մաքուր գտնվել [այդուհետ] և մեռնել հանուն Քրիստոսի, միայն թե ողորմած Աստված ընդունի:

Եվ եկավ թագավորի` ատյան կոչող հրամանը: «Կարողացա՞ք դրան ձեր կամքին ենթարկել ի փառս աստվածների»: Եվ պատասխանեցին. «Ոչ թե մենք նրան, այլ նա մեզ ծանոթացրեց Քրիստոսին: Եվ այսուհետ արհամարհում ենք կուռքերին, մաքուր կյանք պիտի վարենք և հաստատվենք Աստծու փառքերի մեջ»: Բարկանալով` դատավորը հրամայեց կախել նրանց և երկար տանջել` մինչև մահանան: Իսկ սուրբն աղոթում էր նրանց համար` Քրիստոսի մարդասիրության շնորհներ և տանջանքներում համբերութուն խնդրելով: Եվ հետո բարի խոստովանությամբ հոգիներն ավանդեցին ի Քրիստոս` Նրա շնորհիվ և իրենց արյան հեղմամբ մաքրվելով մեղքերից: Եվ նրանց անուններն էին` մեկինը` Կալինիկիա և մյուսինը` Ակյուլինա: Եվ հրամայեց այրել երանելիներին:

Դրանից հետո հրամայեց սուրբ Քրիստափորին իր մոտ բերել և ասաց. «Չարամի՛տ և չարարվեստ, մինչև ե՞րբ պիտի համառես և չենթարկվես թագավորի հրամանին և փառք չտաս աստվածներին»: Սուրբն ասաց. «Ես հնազանդ եմ իմ Աստծու` ամենքի արարչի հրամանին և միայն Նրան եմ փառք տալիս` այժմ և հավիտյան»: Եվ այն երկու հարյուրը, որ հավատացել էին Աստծուն, արտաբերեցին` «Ամեն»,- և դատավորի առջև Քրիստոս խոստովանեցին: Եվ [հրամայվեց] սրի քաշելով` կոտորել նրանց: Եվ նրանք ասացին նաև այս. «Փա՜ռք Քեզ, Քրիստո՛ս, որ մեզ արժան համարեցիր մեռնելու Քո մեծ անվան համար: Եվ այժմ Քո անվամբ մեզ ընդունիր անուշ բույրերի մեջ»:

Իսկ երանելի Քրիստափորին հրամայեց ծանր տանջանքների ենթարկել` «Որպեսզի սակավամեղների պես նա արագ չմահանա»: Եվ հանձնարարեց ձյութ ու ձեթ բերել և լցնել պղնձյա կաթսայի մեջ: Ապա հրամայեց եռացնել և նահատակին կանգնեցնել մեջը: [Սակայն] վերին զորությամբ նա ողջ մնաց: Եվ երբ տեսան այս սքանչելիքը, շատերը հավատացին Աստծուն, իսկ բռնակալն իր գործակից սատանայի հետ մեկտեղ ամոթով մնաց: Եվ բարկանալով նրանց վրա, ովքեր հավատացել էին, հրամայեց սրով սպանել և այրել նրանց մարմինները: Ապա հրամայեց քար կապել սուրբ Քրիստափորի [վրա] և այդպես քարշ տալ: Սակայն նա դարձյալ չմահացավ, այլ Տիրոջ շնորհով ամուր էր և գոհանում էր Աստծուց: Եվ թագավորը զարմացավ նրա ժուժկալությամբ, թե ինչպես չմեռավ: Եվ ասաց սրբին. «Ինչո՞ւ ես մտքիդ դրել, թե չես ենթարկվելու: Այսքան տանջվեցիր. օգնե՞ց քեզ Քրիստոս, որի հետ հույս էիր կապել, թե կփրկի քեզ»: Սուրբ Քրիստափորը պատասխանեց. «Ճանաչի՛ր քո ամբարտավանությունն ու Քրիստոսի հաղթող զորությունը. քո տանջանքներով չկարողացար համոզել ինձ, իսկ ես մարտնչեցի Քրիստոսի [տված] զորությամբ և հաղթեցի և շտապում եմ դուրս գալ այս մարմնից և Աստծու մոտ մտնել նրանց հետ, որ քո միջոցով տեղափոխվեցին մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստծու մոտ»:

Եվ երբ բռնակալը տեսավ սրբի անսասան կամքն ու իր հաղթվելը, մտածեց անմիջապես սրով սպանել երանելիին, որ նրան տեսնելով` ուրիշները ևս չհավատան Քրիստոսին և չարհամարհեն սնոտի պաշտամունքը: Եվ հրամայեց գլխատել սուրբ Քրիստափորին: Եվ երբ սրբին տարան մարտիրոսության վայրը, խնդրեց մի փոքր ժամանակ տալ, որ աղոթի: Եվ ծնկի իջնելով` արտասվում և ասում էր. «Ի՛մ Տեր Աստված, հիշի՛ր ինձ` Քո անվան համար մեռնողիս: Ընդունի՛ր ինձ նրանց հետ, որ փառավորվեցին Քո առջև մահ ընդունելով: [Դու], որ փրկեցիր ինձ բոլոր նեղություններից և չարչարանքներից և ամոթով թողեցիր իմ ատելիներին, հաստատուն պահիր առ Քեզ իմ հույսը: Եվ ի՞նչպես վարձահատույց լինեմ Տիրոջը` ինձ շնորհվածների համար. կընդունեմ մահվան բաժակը, կբարձրաձայնեմ Տիրոջ անունն ու Քո ողորմածության համար կխոստովանեմ Քեզ: Հիսո՛ւս, ի՛մ հույս, կյա՛նք և պատի՛վ, Քո փառավոր անվան համար իմ հանգստարանին շնորհ ընծայի՛ր. ովքեր հիշեն Քո անվան համար եղած իմ չարչարանքները և մոտենան իմ ոսկորների նշխարներին, եթե նեղված լինեն տեսակ-տեսակ ցավերից և տանջանքներից, թո՛ղ բժշկվեն` թե՛ մարդ, թե՛ անասուն: Թո՛ղ մեղքերին թողություն լինի, հիվանդներին` առողջություն, հավատացյալների պատերազմին` հաղթության զորակցություն: Եվ բոլոր կենդանիները, որ տրվեցին մարդու կարիքների համար, թո՛ղ բժշկվեն, իսկ բույսերն ու տունկերը առատորեն աճեն` չարժանանալով Քո բարկությանն ու զայրույթին, որովհետև Դու ես, որ հարվածում ես ու նաև Քո ողորմածությամբ բժշկում, երբ կամենաս: [Դու], որ արարիչն ես բոլոր արարածների, ընդունի՛ր ինձ Քո արժանավորների հարկում, որտեղից մեզ հեռացնում է մեղքը, մինչդեռ արդարությունը հաստատում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ: Ընդունի՛ր այդտեղ և ինձ, որ արժանի լինեմ փառավորելու ամենասուրբ Երրորդությունդ` այժմ և հավիտյանս հավիտենից:

Եվ մի ձայն որոտաց, որ ասաց. «Քրիստոսի՛ զինվոր, արի՛ այն տեղը, որ Աստված պատրաստեց Իր սիրելիների համար, որպեսզի քո զինվորակիցների հետ հավիտյան վայելես անպատմելի բարիքները»: Եվ սրբի մարտիրոսության վայրում հավատարիմ մարդիկ կային, որ լսելով` պատմեցին այս ամենը:

Եվ այս ամենից հետո սրբի գլուխն անմիջապես սրով հատեցին. մեհեկի հինգն էր:

Եվ Աթանաս եպիսկոպոսը Տալիա քաղաքից, որ Պարսից սահմանի մոտ է, եկավ Անտիոք: Եվ երեք հարյուր դահեկան տվեց սրբի ոսկորները պահողներին և իր քաղաքը տանելով` վկայարան կառուցեց ու սրբի նշխարները մեծ պատվով դրեց այնտեղ: Եվ վկայարանում սրբի բարեխոսությամբ բազում բժշկություններ են լինում: Եվ սրբի հիշատակը տարեցտարի միշտ կատարում են` ի փառս և ի գովություն Հոր, Որդու և Սուրբ Հոգու` այժմ և միշտ և հավիտյանս:

1 Բն.` Հուլիանոսի թագավորության և Դեկոսի դատավորությանգ: Փխ. ըստ «Յայսմաւուրքի»:

2  Հավելումները «Յայսմաւուրք»-ից են: Ռուսերեն բնագրի կազմողները նշում են, որ ոմանք նրան համարում են քանանացի, իսկ ոմանք քանինացի (canis - շուն), կինոքեֆալ (κύνος - շուն և κεφαλή - գլուխ) ևն: Արտաքինի և շնագլուխ ազգության հանգամանքը հանդիպում է հետագա շարադրանքում, երբ թագավորի այն հարցին, թե` ի՞նչ ազգից է, Ռեպրոպոսը պատասխանում է. «Ազգս երևում է արտաքինիցս»:

3  Բն.` թագավորի մոտ տարավ Մարգարիտ (Ռեպրոպոս) էր կոչվող այս մարդուն և ընդունեց իր զորքի կազմում: Փխ. ըստ «Յայսմաւուրք»-ի և ռուս. տարբերակի:

4 Հավելումն ըստ «Յայասմաւուրք»-ի: Ռուս. տարբերակում` «մարդկային լեզվով չէր խոսում»:

5 Ըստ «Յայսմաւուրքի» Ռեպրոպոսին մկրտել է Անտիոքի քահանայապետ և վկա Բաբիլասը:

Աղբյուր՝ Surbzoravor.am