Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Պաիսիոս Աթոսացի․ «Աստվածային բարեշնորհության կողմից լքված մարդը սատանայից էլ վատն է դառնում»

Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց: «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: Սարսափելի է: Տեսեք. գերգեսացիների երկրում (Ղուկ. 8:26-33) դևերը թույլտվություն խնդրեցին Քրիստոսից՝ խոզերի մեջ մտնելու համար, որովհետև խոզերը սատանային իրավունք չէին տվել իրենց վրա և նա առանց թույլտվության իրավունք չուներ նրանց մեջ մտնելու: Քրիստոս թույլատրեց դա իսրայելացիներին պատժելու համար, քանի որ օրենքն արգելում էր նրանց սննդի մեջ խոզի միս գործածել:

- Հա՛յր, իսկ ոմանք ասում են, թե սատանա գոյություն չունի:

- Այո, ինձ էլ մի մարդ խորհուրդ տվեց «Սուրբ Արսեն Կապադովկիացի» գրքից հանել այն մասերը, որտեղ դիվահարների մասին է խոսվում: «Եվրոպացիները դա չեն հասկանա,- ասաց նա,- Նրանք չեն հավատում, որ սատանան գոյություն ունի»: Նրանք ամեն ինչ հոգեբանությամբ են բացատրում: Եթե ավետարանական դիվահարները հոգեբույժների ձեռքն ընկնեին, ապա նրանց էլեկտրաշոկով բուժման կենթարկեին: Քրիստոս սատանային զրկել է չարիք գործելու իրավունքից: Նա կարող է չարիք գործել, եթե միայն մարդն ինքը նրան իրավունք տա: Եկեղեցու խորհուրդներին չմասնակցելով՝ մարդը բանսարկուին է տալիս այդ իրավունքները և խոցելի է դառնում դիվական ներգործության համար:

- Հա՛յր, իսկ մարդն էլ ի՞նչ կերպ կարող է սատանային այդպիսի իրավունքներ տալ:

- Տրամաբանություն*, հակաճառություն, համառություն, կամայականություն, անհնազանդություն, անամոթություն՝ սրանք բոլորը սատանայի բնորոշ գծերն են: Մարդն այնքանով է խոցելի դառնում դիվական ազդեցության համար, որքանով որ վերը նշված հատկություններն իր մեջ ունի: Սակայն, երբ մարդու հոգին մաքրվում է՝ Սուրբ Հոգին է այնտեղ բնակվում և մարդը լցվում է բարեշնորհությամբ: Եթե մարդ աղտոտի իրեն մահացու մեղքերով, ապա անմաքուր ոգին կբնակվի նրա մեջ: Եթե մեղքերը, որով իրեն աղտոտել է, մահացու չեն, ապա նա բանսարկու ոգու արտաքին ազդեցության տակ է գտնվում:

Ցավոք սրտի, մեր դարաշրջանում մարդիկ չեն ուզում իրենց կրքերն ու կամայականություններն արմատախիլ անել: Նրանք այլոց խորհուրդները չեն ընդունում: Դրանից հետո սկսում են անամոթաբար խոսել ու Աստծո Բարեշնորհությունը վանում են իրենցից: Հետո ուր էլ, որ գնան՝ չեն հաջողում, որովհետև խոցելի են դարձել դիվական ազդեցության համար: Մարդն արդեն ինքը չէ, որովհետև սատանան է նրան դրսից կառավարում: Սատանան նրա մեջ չէ, Աստված մի արասցե: Բայց նույնիսկ դրսից կարող է կառավարել մարդուն:

Աստվածային բարեշնորհության կողմից լքված մարդը սատանայից էլ վատն է դառնում: Որովհետև ամեն ինչ չէ, որ սատանան է անում, այլ մարդկանց է չարին դրդում: Օրինակ՝ նա հանցագործություններ չի անում, այլ մարդկանց է դրդում: Եվ դրանից էլ մարդիկ դիվահար են դառնում:

* «Տրամաբանություն» ասելով Հայրը նկատի ունի ռացիոնալիզմը, դատողությունը:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am