Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Շուշանիկ Կուրղինյան

Շուշանիկ Հարությունի Կուրղինյան (Փոպոլճյան) (օգոստոսի 18 (30), 1876, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։

Կենսագրություն

Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893 թվականին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։

Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։

Ստեղծագործական աշխատանք

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»-ում, 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»-ում, 1900 թվականին։ Կ.Հ.Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։

1907 թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական-քննադատական միտքը։ Ալեքսանդր Մյասնիկյանը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի Ադա Նեգրիի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։

Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Գյումրիում

Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։

Ետհոկտեմբերյան շրջանում, 1917-1922 թվականներին, Կուրղինյանը ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ. Ի. Լենինին), «Կարմիրներ» և այլն]։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս. Շահումյանի անվան) Վլադիկավկազում։ 1921 թվականին տեղափոխվել է Սովետական Հայաստան։

Հիշատակ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 17 գրադարանը կոչվում է Շուշանիկ Կուրղինյանի անունով (հիմնադրվել է 1939 թվականին):


Շուշանիկ Կուրղինյանի գերեզմանը

Երկեր

Հատընտիր, Յերեւան, 1939, 68 էջ:

Երկերի ժողովածու, Երևան, 1947, 548 էջ:

Բանաստեղծություններ, Երևան, 1971, 180 էջ:

Հատընտիր, Երևան, 1978, 364 էջ:

Բանաստեղծություններ: Արձակ էջեր: Պիեսներ: Նամակներ, Երևան, 1981, 236 էջ:

Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Հակոբյան Հակոբ, Երկեր, Երևան, 1982, էջ 197-358: