Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Երջանկություն

Երջանկության համար

Անտիկ աշխարհում տաղանդ բառը դրամի միավոր էր, իսկ այժմ այդ բառի իմաստի տակ շատեր հասկանում են կարողությունը հայտնի դառնալու, և, իհարկե, դրանով նաև դրամ վաստակելու: Սուրբ Հռիփսիմեն մերժեց հարստությունը, փողը, շքեղությունը, հասարակության մեջ ազդեցիկ դիրքը: Նույն բանն արեց Սուրբ Սանդուխտ կույսը: Նա թագավորի դուստր էր, ուներ մեծ հարստություն, իշխանություն, սակայն այս ամենից հրաժարվեց: Իսկ հիմա համեմատենք այս սրբուհիներին մերօրյա երիտասարդուհիների հետ: Մերօրյա կանանց ու աղջիկների գերակշռող մեծամասնությունը ձգտում է այն ամենին, ինչից հրաժարվեցին Սուրբ Հռիփսիմեն և Սուրբ Սանդուխտը:

Այսօր շատ երիտասարդուհիներ ձգտում են նորաձևության, սիրում են շքեղ մեքենա վարել և ամեն ինչում բարօրություն ունենալ: Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Մարդիկ երջանիկ են համարում նրան, ով ունի երթևեկության շքեղ միջոցներ, գեղեցիկ կին կամ ամուսին, հարստություն կամ բարօրություն: Սակայն եթե այս ամենը նրանից հեռացնենք, նա ամբողջովին դատարկ և միայնակ կմնա»: Եվ իրոք, եթե սահմանենք, որ երջանկությունը մարդուն շրջապատող իրերը կամ առարկաներն են, ապա այդպիսի սահմանումը ծիծաղելի և անհեթեթ կթվա: Իսկ սրբերն իրենց մերժումով մեզ սովորեցնում են, որ իրական երջանկությունը գալիս է մեկ այլ աղբյուրից` Աստծուց, հանուն որի իրենք հրաժարվեցին ամեն ինչից: Հետևաբար, իրենց ընտրությամբ նրանք մեզ բոլորիս կարծես ասում են. «Երջանկություն գտնելու համար նախ պետք է գտնենք Աստծուն»:

Երջանկությունն իբրև արդյունք

Սկզբնական շրջանում Կաթողիկոսներն ամուսնանում էին, որովհետև այն ժամանակ հատուկ ուշադրություն էին դարձնում տոհմի շարունակելիությանը: Մեր պատմիչները, սակայն, նշում են այն փաստը, որ Կաթողիկոսներն ամուսնանում էին որդեծնության համար և հոգևոր գործունեության անցնելուց հետո ապրում էին այնպես, ինչպես հրահանգում էր Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված թղթում. «Նրանք, որ կին ունեն, թող այնպես ապրեն, որպես թե ունեցած չլինեին» (Ա Կորնթ. 7.29): Մեր սուրբ Կաթողիկոսներն ավելի շատ հետևել են կյանքի այն ձևին, որով ապրեցին մարգարեները, Հովհաննես Մկրտիչը և Հիսուս Քրիստոս, և որը քարոզում էր Պողոս առաքյալը` այն ավելի բարձր դասելով ամուսնությունից: Շատ մարդկանց համար սա կարող է անհասկանալի թվալ: Սակայն մեկ բան բոլորն էլ կարող են հասկանալ` ինչ էլ լինի, Աստծուն պետք է ամեն ինչից և բոլորից վեր դասել: Այսօր հաճախ ենք, դժբախտաբար, ականատես լինում հետևյալ իրողությանը: Տեսնում ենք ընտանիքներ, որոնք կարծես թե երջանիկ են, կան խելոք և գեղեցիկ երեխաներ, ապահով աշխատանք: Բայց մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ մի չնչին պատճառից ամուսինները բաժանվում են, ընտանիքը քայքայվում է, և երեխաների աչքերը լցվում են տխրությամբ: Հաճախ էլ ամուսինները ներքնապես արդեն բաժանված են լինում նույնիսկ միասին ապրելով: Ի՞նչն է դրա պատճառը: Մարդկանց համար նպատակ է դարձել երջանկությունը և լավ ապրելը, մինչդեռ նպատակը պետք է լինի Աստված, իսկ երջանկությունը դեպի Աստված այդ ձգտման արդյունքը: Ինչպես որ առանց կրակի չկա ջերմություն և առանց արևի` լույս, այնպես էլ առանց Աստծո չկա երջանկություն: Հաճախ մտածեք այս մասին և ճշմարտությունն ընդունելու դեպքում երջանկությունը ձեզ համար արդեն այլ իմաստ կստանա:

Դրախտ և երջանկություն

Դրախտ բառը մեր մարդկային մտածողության մեջ համարժեք է դարձել երջանկություն և երանություն բառերին: Եվ դրախտի կորուստը մարդկության համար կարծես թե անխախտ և անփոփոխ երջանկության ու երանության կորուստն էր: Ըստ մի մտածողի շատ հետաքրքիր սահմանումի` երջանկությունը մարդու կոչումն է: Իրոք, եթե դիտենք ինքներս մեզ և մյուս մարդկանց, կնկատենք, որ մեր և մնացած բոլորի ողջ կյանքի որոնումներն ու փնտրտուքներն ունեն միայն մեկ նպատակ` երջանկություն: Եվ չնայած մեր բոլոր ջանքերին` շատերիս հաճախ այնպես է թվում, թե այդպես էլ չենք կարողացել հասնել մեր երազած երջանկությանը: Եվ կարծես թե Ադամից ժառանգաբար մեզ է փոխանցվել ոչ միայն անհնազանդության ադամական մեղքը, այլև դրախտային երջանկության կամ երանության կորստի ցավը և այն վերագտնելու տենչալի բաղձանքը: Երբեմն մենք, հոգնելով կյանքի առօրյայից ու միապաղաղությունից, հոգսերից ու դժվարություններից, ինքներս մեզ ասում ենք. «Այնպես կուզեի, որ դրախտում լինեի»: Բայց միևնույն ժամանակ մեր մտքի մեջ դրախտը պատկերվում է իբրև հեքիաթային կանաչ տարածություն` մեղմ ու շոյող քամուց հեզությամբ այս ու այն կողմ օրորվող գեղեցիկ ծառերով, իրենց գեղեցիկ գլխիկները սիրահարների նման միմյանց մոտեցնող և տարածության մեջ բազմերանգ գույներ սփռող սքանչելի ծաղիկներով: Ահա թե մոտավորապես ինչ ենք պատկերացնում մենք, երբ արտասանում ենք դրախտ բառը: Բայց ամեն տեղ էլ խոտեր, ծառեր և ծաղիկներ կան, և մենք էլ շատ անգամներ ենք այդպիսի վայր տեսել կամ նման տեղում հանգստացել, սակայն ոչ մի անգամ մենք չենք զգացել, թե ինչ է դրախտը: Եվ եթե նույնիսկ հիանալի տրամադրություն ունեցող մեկի համար բնության այդ գեղեցիկ տեսքը կարող է հեքիաթային թվալ, ապա դառը դժբախտություն ճաշակած և հոգու խորքում նոր բացված վերք ունեցող մեկին այդ ամենը կարող է միայն մռայլ մի տեսարան թվալ: Հետևաբար, դրախտը դրախտ էին դարձնում ոչ թե խոտերը, ծառերն ու ծաղիկները, այլ` աստվածային ներկայությունը: Եվ երջանկության մեր ձգտումը կամ դրախտի տենչանքը, ինչքան էլ որ ինքներս չգիտակցենք դա, այնուամենայնիվ, աստվածային ներկայության ներքին և հոգևոր փափագն է, մի ներկայություն, որը մեզ բերում է հոգու անդորրություն, խաղաղություն և ներդաշնակություն: Իսկ ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ` հոգու խաղաղ և ներդաշնակ վիճակ: Բայց մենք ինչպե՞ս կարող ենք զգալ` սիրու՞մ ենք Աստծուն, թե՞ ոչ, և այդ սիրո պատճառով արդյո՞ք Աստված բնակվում է մեր մեջ: Սերը մի այնպիսի զգացմունք է, որը կարելի է միայն զգալ սրտի որոշ թրթիռներով և սրտի բոցավառ ջերմությամբ: Սակայն այսօր մեր սրտերը կարծես ընդդարմացել են, և շատ բան ինքներս չենք կարողանում զգալ: Այդ անզգայության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք այսօր ավելի շատ շփվում ենք անշունչ առարկաների հետ, իսկ մարդկանց հետ մեր հարաբերություններն էլ իջեցրել ենք սխալ մակարդակի վրա: Երբեմն մեզանից ոմանք ցանկանում են զգալ Աստծո հանդեպ իրենց սրտի ջերմությունը, սրտի այնպիսի երանելի ջերմություն, որն ունենում է խելահեղորեն սիրահարված մարդը: Սառած կամ անզգայացած սրտերը վերստին զգայուն դարձնելու և մեր մեջ աստվածային բնակությունը հաստատապես իմանալու համար լսենք, թե ինչ է ասում Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթում. «Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ, և Նրա սերը մեր մեջ կատարյալ է» (Ա Հովհ. 4.12): Հետևաբար, եթե միմյանց սիրում ենք, Աստված բնակվում է մեր մեջ անկախ նրանից մենք դա երբեմն զգում ենք, թե ոչ, և սրտերը զգայուն դարձնելու պայմանն էլ առաքյալը շեշտում է` եթե միմյանց սիրենք: Այս պայմանը ենթադրում է ատելության բացակայություն, որովհետև եթե մեկն ատում է կամ արհամարհում է իր եղբորը, իր հարազատին կամ իր բարեկամին, որոնց տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում (Ա Հովհ. 4.20 ):

Կրկին երջանկության մասին

Սրբերի, նրանց ճգնությունների և զրկանքներով լի կյանքի մասին լսելով` շատերը կարող են հարցնել. «Ինչպե՞ս են այդ մարդիկ հրաժարվել այս կյանքում երջանկություն վայելելուց և ապրել են խստակյաց ճգնավորական կյանքով»: Սակայն մարդ արարածն ինքն էլ չի կարող հստակ պատասխանել այն հարցին, թե ինչ է երջանկությունը: Այս կյանքում կարող է լինել հարաբերական երջանկություն, որը ոմանց համար բարօրությամբ ապրելն է, մյուսների համար զավակներ ունենալը և նրանց առողջ ու ապահով տեսնելը և այլն: Ֆրանսիացի հայտնի մտածող Շատոբրիանը նշում է, որ եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ մեր բոլոր կրքերն ու ցանկություններն այս արեգակի տակ կարող են հեշտությամբ հագեցում գտնել, սերը, փառատենչությունը, բարկությունը լիովին բավարարվելու հնարավորություն ունեն: Բայց երջանկության պահանջը միակն է, որ հագեցում չունի: Մեր հոգին անընդհատ պահանջում է: Հազիվ իր տենչանքի առարկան ձեռք բերած` նա էլի է պահանջում: Ամբողջ աշխարհը չի գոհացնում նրան: Կենդանիները երբեք չեն խռովվում այն հույզով, որը խռովում է մարդու սիրտը: Նրանք վայրկենապես հասնում են իրենց գերագույն երջանկությանը. մի քիչ խոտ գոհացնում է գառանը, մի քիչ արյուն հագեցնում է վագրին: Ուրեմն, միակ արարածը, որ որոնում է իրենից դուրս և ինքն իրենով ամբողջություն չի կազմում, մարդն է: Եվ սրբերը հենց այդ գերագույն երջանկությանը` Աստծո հետ միավորությանն են ցանկացել հասնել դեռ այս կյանքի ընթացքում: Երանելի Օգոստինոսը դիպուկ է ասել. «Աշխարհն ունի որոշակի ցավեր, որոշ հաճույքներ, տագնապալից հանգստություն, թշվառությամբ լեցուն բաներ և … երջանկության դատարկ հույս»: Երջանկության մեր մարդկային պատկերացումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը և իրական երջանկության հասնելու համար պետք է նախևառաջ միավորություն Աստծո հետ:

Չարիք և երջանկություն

Հայտնի է, որ Աստծուն հավատարիմ մարգարեները և Քրիստոսի առաքյալները այս կյանքում դաժան հալածանքների են ենթարկվել և սպանվել են: Այս իրողությունը ոմանց կարող է հուսահատության մեջ գցել, որովհետև եթե Աստծուն այդքան նախանձախնդիր մարդիկ նման հալածանքներ են ունեցել, ապա ուրեմն ի՞նչ կլինեն սովորական հավատացյալները, ուրեմն Աստված է թույլ տալիս չարիքի ազդեցությունը: Եվ զարմանալի է, որ Աստվածաշնչում էլ ասված է. «Չարիք կպատահի՞, եթե Տերը չի արել այն» (Ամոս 3.6): Սակայն չար բառը երկու իմաստ ունի. առաջինը` անառակություն և այլ արատներ, բայց նաև չարիք են կոչվում քաղցը, մահը, հիվանդությունը և այլն, որոնք չեն կարող իսկական չարիք լինել, որովհետև դրանք պատճառ են դառնում առաքինության: Եկեղեցական սրբերից մեկը մի գեղեցիկ համեմատությամբ ասում է, որ նույնպես բժիշկը լավն է ոչ միայն այն ժամանակ, երբ հիվանդին տանում է բնության մեջ, կամ մեկ այլ հաճելի տեղ, այլ նաև այն ժամանակ, երբ տանջում է քացախով, ծարավով, զրկելով լույսից` ծածկում է սենյակը: Մարդիկ ցանկանում են երջանկություն: Բայց երջանկության հասկացությունն այնքան անորոշ հասկացություն է, որ չնայած յուրաքանչյուր մարդ ձգտում է դրան, սակայն երբեք չի կարող որոշակիորեն ասել, թե ինչ է ցանկանում: Ընդհանուր գծերով երջանկություն ասելով` մարդիկ հասկանում են մարմնական և հոգևոր բարիքներ վայելելու մշտական երանելի վիճակ: Սակայն աշխարհահռչակ փիլիսոփաներից մեկն ասում է. «Մարդն այդ պատկերացմամբ ուզում է երջանկություն, բայց որքան հաճախ է մարմնի թուլությունը նրան ետ պահել շվայտությունից, որի մեջ նրան կարող էր գցել հիանալի առողջությունը»: Այդ իսկ պատճառով երջանիկ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գործել ըստ իմաստուն վարվելակերպի` կարևորելով պահքը, ժուժկալությունը, աղոթքը, հարգանքը, զսպվածությունը և այլն: Սրանց առնչվող ողջ մարդկության հարուստ փորձը ցույց է տալիս, որ, որպես կանոն, դրանք ամենից ավելի են նպաստում մարդու անձնական կյանքում իրական բարիքների ձեռքբերմանը:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբուր՝ Surbzoravor.am