Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Սուրբ Հովակիմ և Աննա` ամենաանկիրք ամուսնական զույգը

«Ծնողները, որ երեխա են ծնում և նրանց մարմին տալիս, պետք է հնարավորինս աջակցեն նաև նրանց հոգևոր վերածննդին»

- Հա՛յր, պատմեք մեզ Սուրբ Աստվածածնի ծնողների` Սուրբ Աննայի և Սուրբ Հովակիմի մասին: Մի առիթով արդեն սկսել էիք պատմել նրանց մասին…

- Դեռ մանկուց ես մեծ ակնածանքով էի վերաբերվում նրանց: Նույնիսկ խնդրել եմ, որ վանական կյանքում ինձ Հովակիմ անունը տան: Ի՜նչ մեծամեծ բաներով ենք մենք նրանց պարտական: Սուրբ Հովակիմն ու Աննան երկրիս երեսին երբևէ գոյություն ունեցած ամենաանկիրք ամուսնական զույգն էին: Նրանք աշխարհիկ իմաստություն ամենևին չունեին:

Հենց այդպիսին էր Աստված ստեղծել մարդուն: Եվ Նրա կամքն էր, որպեսզի մարդիկ այդպես ծնվեին` անկիրք: Բայց առաջին մեղքից հետո տղամարդու և կնոջ միջև կիրք առաջացավ: Եվ հենց որ հայտնվեց մի անկիրք ամուսնական զույգ` այնպիսին, ինչպիսին Աստված էր ստեղծել մարդուն և ինչպիսին պիտի լիներ մարդկային ծնունդը` ըստ Նրա մտահղացման, ծնվեց Ամենասուրբ Աստվածամայրը` ճշմարիտ Արարածը և արդյունքում էլ Նրանից մարմնավորվեց Քրիստոս: Միտքը հուշում է ինձ, որ Քրիստոս վաղուց Երկիր եկած կլիներ, եթե ավելի շուտ հայտնվեր մի այնպիսի առաքինի ու անարատ ամուսնական զույգ, ինչպիսին Սուրբ Հովակիմն ու Աննան էին:

Հռոմեական կաթոլիկները խաբկանքի մեջ են ընկնում: Իբրև թե երկյուղածությունից դրդված, նրանք հավատում են, որ Աստվածամայրը ծնվել է առանց ադամական մեղքի: Այն դեպքում, երբ Նա ազատված չէր ադամական մեղքից, սակայն ծնվել էր հենց այն կերպ, ինչ Աստված էր ցանկանում, որպեսզի մարդիկ ծնվեն արարչագործությունից հետո: Նա Ամենամաքուր* էր, որովհետև Նրա բեղմնավորումն առանց մարմնական հաճույքի էր կատարվել: Տիրամոր սուրբ ծնողները ջերմեռանդորեն աղոթում էին Աստծուն, որպեսզի իրենց երեխա պարգևեր: Եվ այդ աղոթքից հետո նրանք միավորվեցին (որպես ամուսիններ)` ոչ թե մարմնական կրքից մղված, այլ Աստծո առջև ունեցած հնազանդությունից: Ես համոզվեցի դրանում մի հրաշալի իրադարձությունից հետո, որ վերապրեցի Սինայում**:

* Սուրբ Աստվածամոր հղացումն ու ծնունդը բնական էր, ոչ թե կուսական: «Նա Ամենամաքուր էր», որովհետև ինչպես Սուրբ Հովհաննես Դամասկոսցին է գրում իր «Մեր Սուրբ Կույս Աստվածամայր Մարիամի Ծննդյան խոսք»-ում, Նա «անարատությամբ» էր բեղմնավորվել: Սակայն Նա ևս Իր սխրագործությամբ բազմապատկեց ծնողներից ժառանգած սրբությունը` խափանելով «ամենայն ավելորդ և հոգու համար վնասակար միտք, մինչ այն համտեսելը» (տե՛ս PG 96, 669A, 676B):

** 1962-1964թթ. Հայր Պաիսիոսը ճգնել է Սինա լեռան վրա: Թե ինչում էր կայանում նրա հիշատակած հրաշալի իրադարձությունը, նա մեզ չբացահայտեց:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am