Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Իվան Իլյին․ «Օգնի՛ր ինձ ծառայել Քո Գործին»

Ժամանակակից մարդկությունը մեծ շփոթի մեջ է։ Երերում են կյանքի բոլոր հիմքերը։ Պղտորվել են ոգու բոլոր ակունքները։

Մեր ժամանակի դժբախտությունների ու տառապանքների, մեզ ողողող փորձությունների ու պաշարող վախերի մեջ մենք նորից ենք սովորում աղոթել։ Որովհետև մենք կորցրել ենք այդ բարձրագույն շնորհը և մոռացել այդ հրաշալի արվեստը։ Իսկ առանց աղոթքի մարդը հայտնվում է Աստծուց բաժանված վիճակում և պոկված իսկական կյանքի ակունքից, նա հանձնված է չարի ներգործությանը և ուժ չունի դիմադրելու նրան։

Ամեն մարդ, ով էլ լինի նա և ինչով էլ զբաղվի, պետք է կարողանա կենտրոնացնել իր ուշադրությունը։ Կյանքը սլանում և անցնում է մեր մեջ բազմադեմ զգացողությունների, ցանկությունների ու կրքերի հեղեղի պես, կամ ամեն տեսակ հոգսերի ու զբաղմունքների բազմության պես։ Այդ հեղեղի մեջ մենք կորցնում ենք մեզ և մեր կյանքի իմաստը։ Մեզ հաղթահարում են, մեզ տիրանում են չնչին ու դատարկ բաները, որոնք զուրկ են որևէ գերագույն իմաստից։ Կյանքի փոշին կեղտոտում է մեր աչքերը և զրկում մեզ իրական տեսողությունից։ Մեզ կլանում է կրքերի ճահիճը` մանավանդ սնապարծության և ագահության։ Մեզ հարկավոր է անպայման ազատվել այդ ամենից։ Մեր հոգևոր ուժերը` մտքերը, ցանկությունները, զգացմունքն ու երևակայությունը, ազատված առօրեականից և չնչինից, փնտրում են այլ բան` ավելի լավը, ուղղվում են դեպի ներս ու կենտրոնանում այնտեղ, ինչը կազմում է մեր անձի բուն էությունը, ինչն ամենակարևորն է մարդկային կյանքում, այն, ինչը սրբազան է և լուսակիր, ինչը որոշում է մեր գոյության բուն իմաստը։ Եվ դա է առաջին քայլը դեպի աղոթք։

Աղոթքը կենտրոնացած, անկեղծ աղերսանք է, որն ուղղված է Իսկական Կատարելությանը։ Դիմելով Նրան, աղաչելով Նրան, մենք բացում ենք Նրա առաջ մեր հոգին, և մեր բացված հոգին բարձրանում է Նրա մոտ և կենդանի ստեղծագործ շփման մեջ մտնում Նրա հետ։ Դրա մեջ է յուրաքանչյուր աղոթքի էությունը` և՛ ամենաիմաստուն, և՛ ամենամիամիտ, և անխոս, և լիառատ խոսքերով, և՛ հայցող, և՛ գոհաբանող։ ՈՒստի բոլոր կրոնների ներկայացուցիչները կարող էին աղոթել միասին։

Բայց մեր քրիստոնեական աղոթքը որոշվում է ոչ դրանով։ Քանզի մենք դիմում ենք ոչ թե անշոշափելի ու անըմբռնելի անդեմ Կատարելությանը, այլ կենդանի, կատարյալ Աստծուն` մեր Երկնային Հորը, որն Աստծո Որդու և Սուրբ Հոգու հետ անբաժան լսում է Իր երկրային զավակների աղոթքները։ Մենք Աստծու մեջ նախ և առաջ և ամենից առաջ տեսնում ենք սիրո անսպառ աղբյուրը, որին ինքներս ենք մոտենում և որին նմանվում ենք հենց սիրո միջոցով։ Մեր սիրո թույլ շողը գտնում է Նրա սերը, ամրանում և հաստատվում է նրա մեջ և ընդունում է նրանից ճառագայթող շնորհն ու զորությունը։ Այսպես տրվում են մեզ երեք մեծագույն մխիթարությունները` Աստծո հետ անմիջական շփման զգացումը, զգացումը, որ մեր աղոթքը լսում է Նա, և զգացումը, որ Նա գիտե մեզ, սիրում է ու փայփայում։

Քրիստոնյային, որը գտել է Աստծուն իր սիրով և լսում է, թե ինչպես է Աստված պատասխանում Սիրով իր սիրուն, ներհատուկ է բացառիկ վստահությունը, որ ինքը չի կարող լքված լինել Աստծուց, այլ որ միշտ գտնվում է Նրա սիրող ձեռքի մեջ և Նրա ողորմած հովանու ներքո։ Դրա համար քրիստոնյան առաջին հերթին աղոթում է սրտով` բաց և անկեղծ սրտով, և հանձնում է իրեն սիրող Հոր իշխանությանը։ Եվ հենց դրա համար մենք, ապրելով փորձություններով, վտանգներով ու վախերով լի ժամանակաշրջանում, բնականորեն և անհրաժեշտաբար փնտրում ենք Նրա հովանին, Նրա օգնությունը, Նրա լույսն ու զորությունը։

Բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է պահպանենք երկու հիմնական պահանջներ։

Չպետք է երևակայենք, թե իբր կարող ենք դիմել սիրո ու լույսի Աստծուն երկրային մեր բոլոր գործերում ու հնարանքներում։

Որովհետև մեր երկրային գործերը լինում են անազնիվ ու շահախնդիր, և հաճախ` չար, նենգ ու կործանարար։ Չի կարելի դիմել լույսի Աստծուն մութ ու անխիղճ ձեռնարկումներում։ Չի կարելի օգնություն ակնկալել սիրո Աստծուց` գիշատիչ ու ատելությամբ լի գործերի մեջ։ Աղոթքն ունի արդարացում և իմաստ միայն բարու համար պայքարում։

Եթե ես իսկապես բարին եմ ուզում, այսինքն` այն, ինչն արդար է Նրա սիրո ու կատարելության առջև, ապա կարող եմ համարձակ և վստահ խնդրել Նրա օգնությունը։ Եվ առաջինը, որի համար կարող եմ աղոթել, իմ հոգու իմաստավորումն է և պայծառացումը` ընտրության ու ծառայելու գործում. որ ինձ տրվի ունակություն ստույգ տարբերել բարին չարից և անսխալ ցանկանալ լավագույնը, կատարյալը, որ ինձ շնորհվի մաքուր հայեցություն, ստույգ զանազանում, ճշմարիտ իմացություն և վերջնական նախապատվություն։ Ինձ անհրաժեշտ է վստահ լինել, որ ես իսկապես ճանաչել եմ Իր Գործը և իսկապես ծառայում եմ Իրեն` սիրով ու կամքով։ Եվ եթե ես համոզված եմ դրանում, ապա ես կարող եմ խնդրել օգնություն, աղոթել «համարձակությամբ» (Յովհաննես առաքեալի Առաջին թուղթը 5.14) և հանգիստ ապավինել` «օգնիր ինձ ծառայել Քո Գործին»։ Մարդը, որը հետևում է իր քրիստոնեական խղճի ձայնին, աղոթում է մեծ վստահությամբ, քանզի նա աղոթում է իր խղճի հետ միասին, իր անունից և իր համար։

Ոչ մի աղոթք չի բացառում իմ ինքնուրույն ջանքերը և չի դարձնում դրանք ավելորդ. իմ սերը, իմ ցանկությունը, իմ աշխատանքը, իմ պայքարը պետք է ծառայեն այն գործին, որի համար ես աղոթում եմ։ Եթե այդ գործն իսկապես լավն է ու արդար Աստծու դիմաց, ապա ես պարտավոր եմ ներդնել նրա մեջ իմ ուժերը, ծառայել նրան, պայքարել նրա համար, դիմադրել սպառնալիքներին և գնալ ընդդեմ յուրաքանչյուր վտանգի։ Այդ ժամանակ ես աղոթում եմ հենց իմ ծառայությամբ, այդ ժամանակ ինձ հետ աղոթում են իմ սերը, իմ կամքը, իմ քաջությունը և իմ անսասանությունը, այդ ժամանակ ես վստահ եմ, որ իմ բոլոր ուժերով ծառայում եմ Աստծու գործին, և որ իմ աղոթքը կլսվի։ Տերը կբացի իմ հոգու աչքը, որ ես կարողանամ տեսնել պարզ և ճիշտ, կմաքրի իմ սիրտը, որ ես անկեղծ սիրեմ կատարյալը, կամրացնի իմ կամքը, որ ես ուժաթափ չլինեմ ճանապարհին ու հոգեպես չընկճվեմ և կուղղի իմ քայլերը, որ ես չընկնեմ սխալ ուղիների վրա և չմոլորվեմ։ Եվ եթե իմ ուժը չհերիքեց, եթե մեր բոլոր մարդկային ուժերը չհերիքեն, այդ պահին` մեր աղոթքով, Երկնային ուժը կդարձնի անհասանելին հասանելի։

Իսկ եթե ես աղոթում եմ ինձ համար, իմ կյանքի ու իմ բարերարության համար, ապա պետք է վստահ լինեմ, որ գնում եմ կյանքի ճշմարիտ ուղիներով։ Մաքուր խղճից վեր բարձրացող աղոթքը լինում է հրաշագործ։ Մեծ համարձակությամբ Աստծուն դիմում է այն մարդը, որը Աստծու գործի համար պայքարում չի խնայում ինքն իրեն։ Նա, ով արհամարհում է իր անձնական գործերը հանուն Աստծո Գործի, զգում է իրեն սիրված ու պաշտպանված և աղոթում է առ Աստված այնպես, ինչպես սիրված զավակը դիմում է սիրող հորը. «Տեր, մի՛ թողնիր առանց օգնության Քո զավակին։ Սովորեցրու և պաշտպանիր Քո հավատարիմ որդուն»...

Այդպես է կազմվում, այդպես է ծնվում իսկական աղոթքը առ Աստված։ Այդպիսի աղոթքը հոգևոր ամբողջական արվեստ է, և այդ արվեստը մենք պետք է վերականգնենք մեզ պատահած շփոթին դիմակայելու համար։ Եվ մեր ժամանակի աղետներն ու վախերը, ամբողջ հոգևոր երկրաշարժը, որոնք կրում ենք մեր օրերի հեղափոխությունների ու պատերազմների մեջ, այդ ամենը հոգու մեծ քավարան են, հավատքի և աղոթքի ուսումնարան։

Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am