Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Շառլ Պերո. Մոխրոտիկը

Ժամանակով մի մարդ էր ապրում: Կինը մահացել էր, մնացել էին ինքն ու աղջիկը: Շուտով նա երկրորդ անգամ ամուսնացավ մի շատ գոռոզ ու դաժան կնոջ հետ: Կինը այրի էր և առաջին ամուսնուց 2 աղջիկ էլ ինքն ուներ:

Աղջիկներն էլ իրենց մոր նման չար ու կռվարար էին:

Հենց առաջին օրվանից խորթ մայրը իրեն ցույց տվեց. նա վատ էր հագցնում հոր աղջկան, վատ էր կերակրում, բայց ամենածանր աշխատանքներն էր անել տալիս: Սա էր ավլում հատակը, լվանում ամանները, լվացք անում: Քնում էր տանիքում, հատակին փռված ծղոտի վրա, իսկ քույրերը՝ տաք, լուսավոր սենյակներում, փափուկ մետաքսե անկողիններում: Գործը վերջացնելուց հետո խեղճ աղջիկը նստում էր բուխարիկի մոտ, մոխրով լի արկղի վրա: Դրա համար էլ խորթ մայրն ու քույրերը նրան Մոխրոտիկ էին ասում: Մոխրոտիկը համբերությամբ տանում էր բոլոր վիրավորանքները ու երբեք չէր բողոքում հորը: Միևնույն է, հայրը ոչինչ չէր անելու, որովհետև վախենում էր կռվարար կնոջից:

Մի անգամ արքայորդին պարահանդես սարքեց ու հրավիրեց բոլոր հարուստ մարդկանց: Մոխրոտիկի քույրերն էլ հրավեր ստացան: Նրանք շատ ուրախացան ու սկսեցին պատրաստվել պարահանդեսի: Մոխրոտիկի գործն ավելի շատացավ, ստիպված էր առավոտից երեկո լվանալ ու արդուկել քույրերի հագուստները: Այդ օրերին խոսքն ու զրույցը հենց միայն պարահանդեսի մասին էր: Քույրերն ամբողջ օրը պտտվում էին հայելու առաջ, փորձում հագուստները:

- Ես, - ասաց ավագ քույրը, - պարահանդեսի կգնամ ժանյակազարդ կարմիր թավշյա զգեստով:

- Իսկ ես, - ասաց կրտսերը, - սև մետաքսե զգեստ կհագնեմ ոսկեգույն ծաղիկներով ու ադամանդե մանյակով:

Քույրերը կանչեցին Մոխրոտիկին ու խորհուրդ հարցրին, թե ինչպես լավ հագնվեն: Մոխրոտիկը խորհուրդներ տվեց, նույնիսկ խոստացավ սանրել նրանց մազերը, որին նրանք հաճույքով համաձայնեցին: Երբ Մոխրոտը սանրում էի քույրերի մազերը, նրանք ասում էին.

- Մոխրոտիկ, դու էլ կուզեի՞ր պարահանդես գալ.

- Ախ, քույրիկներ, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, ես ի՞նչ պարահանդեսի բան եմ:

Վերջապես քույրերը կառք նստեցին ու գնացին: Մոխրոտը երկար նայեց նրանց ետևից, հետո սկսեց լաց լինել: Այդ ժամանակ եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր:

- Դո՞ւ էլ կուզեիր գնալ պարահանդեսի, - հարցրեց կախարդը:

- Շատ կուզեի,- պատասխանեց Մոխրոտիկը:

- Լավ,- ասաց կախարդը: - Եթե խելոք լինես, ես հաճույքով կկատարեմ քո ցանկությունը: Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն ձիեր:

Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.

- Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:

Երբ Մոխրոտիկը բերեց մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն ասաց.

- Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:

- Շատ ուրախ եմ, - պատասխանեց Մոխրոտիկը, - բայց ինչպե՞ս կգնամ այս կեղտոտ պատառոտված շորերով:

Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:

- Եթե թեկուզ մի րոպե ավելի մնաս, քո կառքն էլի դդում կդառնա, ձիերդ՝ մկներ, սպասավորներդ՝ մողեսներ, կառապանդ՝ առնետ, իսկ հագուստդ՝ մաշված ու կեղտոտ, ինչպես առաջ: Մոխրոտիկը խոստացավ վերադառնալ կեսգիշերից առաջ, և ուրախությունից խենթացած գնաց:

Երբ մոխրոտիկը պալատ մտավ, քար լռություն տիրեց: Հյուրերը դադարեցին պարել, երաժիշտները դադարեցին նվագել, բոլորը նայում էին անծանոթ գեղեցկուհուն: Չորս կողմից լսվում էր միայն.

- Ա՛խ, որքա՜ն գեղեցիկ է: Ախ, ինչ սլացի՜կ է:

Կանայք բոլորն ուշադրությամբ նրա սանրվածքն էին զննում, նրա զեգստը: Արքայորդին Մոխրոտին նստեցրեց իր կողքին: Երբ պարերը վերսկսվեցին, նրան հրավիրեց պարելու: Մոխրոտիկն այնպես լավ էր պարում, որ հյուրերն ավելի զարմացան ու զմայլվեցին նրանով: Պարեցին հետո, հիանալի սեղան բացեցին, բայց արքայորդին ոչ մի բանի չդիպավ, նա նայում էր անծանոթ գեղեցկուհուն, միայն նրա մասին մտածում: Իսկ Մոխրոտը նստեց քույրերի մոտ ու շատ սիրալիր զրուցեց նրանց հետ, նույնիսկ նարինջ ու խնձոր հյուրասիրեց նրանց, որ մատուցել էր նրան արքայորդին: Հանկարծ Մոխրոտիկը լսեց ժամացույցի զարկը՝ տասներկուսին քառորդ էր պակաս: Նա գլուխ տվեց բոլոր հյուրերին և շտապ դուրս փախավ: Վերադառնալով տուն, Մոխրոտիկը շնորհակալություն հայտնեց կախարդին և ասաց, թե վաղն էլ կուզեր գնալ: Երբ նա կախարդին պատմում էր պարահանդեսում իր տեսածի մասին, քույրերը վերադարձան: Մոխրոտիկը վազեց դուռը բանալու:

- Ի՜նչ ուշ վերադարձաք,- ասաց նա հորանջելով, իբր նոր է արթնացել:

- Եթե դու լինեիր այդ հրաշալի պարահանդեսում, - ասաց կրտսեր քույրը,- կտեսնեիր, թե ինչ հետաքրքիր էր:

Պարահանդես եկավ մի այնպիսի գեղեցիկ արքայադուստր, որի նմանը դեռ ոչ ոք չի տեսել: Նա շատ բարի էր ու ինձ հրաշալի նարինջ հյուրասիրեց:

Մոխրոտը գոհ էր քույրերի գովեստից: Նա հարցրեց արքայադստեր անունը, բայց քույրերն ասացին, որ ոք չգիտե:

- Երիտասարդ արքայորդին,- ավելացրին քույրերը, ասաց թե աշխարհում էլ ոչինչ չի ցանկանա, միայն թե իմանա՝ ով է այդ արքայադուստրը:

Մոխրոտիկը ժպտաց ու ասաց.

- Ախ, ի՜նչ բախտավոր եք, քույրիկներ: Չ՞ի կարելի ես էլ տեսնեմ գեղեցկուհի արքայադստերը: Սիրելի քույրիկ, տվեք ձեր դեղին զգեստը, որ հագնում եք տանը: Ես նրանով կգամ պարահանդես:

- Չէ մի՜, - բարկացավ քույրը: - Քեզ պես կեղտոտը հագնի՞ իմ հագուստը: Գժվել եմ, ինչ է:

Մոխրոտիկը չվիրավորվեց մերժումից: Գիտեր, որ կախարդից այնպիսի զգեստ կստանա, որ քույրերը երազում էլ չեն տեսել: Հաջորդ օրը քույրերը էլի գնացին պարահանդես, Մոխրոտիկն էլ գնաց: Այս անգամ ավելի շքեղ էր հագնված:

Արքայորդին չէր հեռանում նրա մոտից, ամբողջ ժամանակ միայն նրա հետ էր խոսում: Մոխրոտիկը ուրախանում էր, պարում ու բոլորովին մոռացել էր կախարդի պատվերը: Նրան թվում էր թե տասնմեկն էլ չկար, երբ ժամացույցն ավետեց կեսգիշեր: Լսելով ժամացույցի զարկերը, նա վեր կացավ ու շտապ փախավ: Վազելիս Մոխրոտիկի բյուրեղապակյա կոշիկներից մեկը դուրս եկավ ոտքից: Արքայորդին վերցրեց կոշիկն ու վազեց նրա ետևից: Նա հասավ դարբասին ու հարցրեց դռնապաններին, թե չտեսան արքայադստերը: Դռնապաններն ասացին, թե տեսել են միայն վատ հագնված մի խեղճ աղջկա, որ ավելի շատ մուրացիկի էր նման, քան արքայադստեր:

Արքայորդին տխուր վերադարձավ պալատ, մտածելով, թե ինչպես գտնի անհետացած արքայադստերը: Իսկ

Մոխրոտը շնչակտուր վազեց տուն, առանց կառքի ու առանց սպասավորների, իր հին ու կեղտոտ զգեստը հագին:

Նրա բոլոր զարդարանքներից միայն բյուրեղապակյա մի կոշիկն էր մնացել ձեռքին: Երբ քույրերը վերադարձան տուն, Մոխրոտիկը հարցրեց, լա՞վ ուրախացան պարահանդեսում, և անծանոթ գեղեցկուհին եկե՞լ էր արդյոք:

Քույրերն ասացին, որ գեղեցկուհին եկել էր, բայց կեսգիշերին շտապ փախավ, որտքից գցելով բյուրեղապակյա կոշիկներից մեկը, որի նման գեղեցիկ կոշիկ չկա աշխարհում:

- Երիտասարդ արքայորդին վերցրեց այդ կոշիկը և ամբողջ ժամանակ դրան էր նայում: Երևի սիրահարվել է այդ գեղեցկուհուն: Քույրերը չէին սխալվում:

Արքայորդին իրոք սիրահարվել էր անծանոթ գեղեցկուհուն: Մի քանի օր անց նա հրամայեց իր մունետիկներին փողհարել, որ ամուսնանում է այն աղջկա հետ, ում ոտքին հարմար կլինի բյուրեղապակյա կոշիկը: Պալատականները շրջում էին քաղաքում և կոշիկը փորձում բոլոր աղջիկների ոտքին: Մոխրոտիկի քույրերին էլ այցելեցին: Նրանք փորձեցին ոտքը մի կերպ մտցնել կոշիկի մեջ, բայց երկուսի ոտքերն էլ մեծ էին: Մոխրոտիկն էլ էր այդ սենյակում:

- Տվեք ես էլ փորձեմ կոշիկը, - հանկարծ ասաց նա:

Քույրերը ծիծաղեցին նրա վրա: Բայց պալատականը Մոխրոտիկին նստեցրեց աթոռին և կոշիկը մոտեցրեց նրա ոտքին: Ոտքն առանց դժվարության մտավ կոշիկի մեջ: Քույրերը շատ զարմացան: Բայց շվարած մնացին, երբ Մոխրոտիկը գրպանից հանեց մյուս կոշիկը և այն էլ մյուս ոտքին հագավ: Այդ պահին հայտնվեց կախարդը: Նա իր փայտիկի ծայրը կպցրեց Մոխրոտիկի զգեստին ու դարձրեց շքեղ հագուստ: Քույրերը հասկացան, որ պարահանդես եկած գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել: Նրանք Մոխրոտիկի ոտքն ընկան, սկսեցին աղերսել, որ ների բոլոր վիրավորանքները, որ համբերությամբ տարել է … Մոխրոտիկը բարձրացրեց նրանց և ասաց, որ բոլորովին չի բարկանում…

Հետո նրան տարան պալատ: Հաջորդ օրը արքայորդին ամուսնացավ Մոխրոտիկի հետ և ուրախ ու շքեղ հարսանիք արեց: