Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Խաչը կենաց ծառ է ամենքի համար

…Ինքն Աստվածորդին` Միածին Բանը, որ մարմնով հայտնվեց երկրի վրա, Կենաց փրկական խաչի միջոցով մեզ համար եղավ իմաստություն, արդարություն, փրկություն և սրբություն: Արդ, այս չորս բառերը ցույց են տալիս Քրիստոսի խաչի չորս փրկական ներգործությունները: Քանզի Ինքը` Քրիստոս, մեզ համար իմաստություն եղավ Ադամի տգիտության փոխարեն, որը չհնազանդվեց պատվիրանին: Եղավ արդարություն, քանզի մեզ ազատեց մեր նախնիներին տրված անեծքի դատավճռից: Փրկություն եղավ մահից ու ապականությունից, քանզի մարդու հոգին գերված էր դժոխքի մեջ, իսկ մարմինը` գերեզմանին: Եվ քավելով մեր մեղքերը` եղավ սրբություն, ինչպես գրված է. «Մեր մեղքերը սրբելով` նստեց Մեծության աջ կողմում` բարձունքներում» (Կողոսացիներ Գ 1):

Խաչը մեզ համար իմաստություն է իր զորությամբ, որովհետև այն տեսնելով՝ նրանից անբաժան ենք ճանաչում Խաչվածին, ինչպես Ինքն ասաց. «Այս է Իմ հանգիստը հավիտյանս հավիտենից, սրանում պիտի բնակվեմ, քանզի սիրեցի այն» (Բ Օրինաց ԻԱ 23): Տեսնելով խաչը՝ իմանում ենք, որ Խաչվածը նրա վրա է անմեղ մարմնով՝ ոչ թե Իր պարտքերի, այլ մեզ համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և մահվանից փոխի դեպի կյանք: Նրա վրա Խաչվածը միաժամանակ անմահ է և մեռած, այսինքն՝ մեռած է մարմնով, իսկ Աստվածությամբ կենդանի է… Տեսնելով խաչը՝ նաև գիտակցում ենք, որ հավատացյալներս նույնպես Նրա մահը և անմահությունը կրում ենք մեր մեջ, քանզի հավատով Նրան պատսպարվելով և Նրա հետ խաչվելով՝ մեռնում ենք մարմնով և կենդանանում հոգով…

Խաչն արդարություն է մեզ համար իր նյութի շնորհիվ, որովհետև Աստված խոստացավ մարդուն, որ Կենաց ծառից ճաշակելով՝ նա կանմահանա: Եվ քանի որ չկերավ, արդարապես վերստին Կենաց խաչի փայտով անմահացրեց մարդկանց: Եվ որովհետև սատանան փայտի միջոցով հաղթեց մարդուն, իրավամբ նույն փայտով էլ Տերը հաղթեց մեզ հաղթողին: Մարդն ընկավ և մեռավ ծառի ու նրա պտղի պատճառով (Ծննդոց Գ 6-7), ուստի արդարացի էր, որ նա փայտով էլ կանգնեցվեր ու կենդանացվեր… Այսպես քառակի արդարությամբ՝ փայտն ընդդեմ փայտի, հաղթությունը՝ հաղթության, կյանքն ընդդեմ մահվան և պարգևները խոստման դիմաց արդարապես կատարելով՝ Կենաց և Անմահության փայտը արդարություն է մեզ համար:

Իր քառաթև ձևով խաչը փրկություն է մեզ համար, քանզի այն խորհրդանշում է Քրիստոսի չորս բարերարությունները. խաչի վերին մասը ցույց է տալիս երկնքի արքայության բացվելը, ստորին մասը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը: Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս աոաքինությունները, որոնց վրա պետք է տարածել մեր ներքին մարդուն, վերին մասը նշանակն է սիրո, ստորինը՝ խոնարհության, աջը՝ հնազանդության, իսկ ձախը՝ համբերության: Խաչի գլուխը և պատվանդանը խորհրդանշում են նրա վրա խաչված Քրիստոսի Աստվածությունը և մարդկությունը, աջը՝ արդար հավատացյալներին տրվող շնորհները, իսկ ձախը՝ մեղավորներին ու անհավատներին սպասվող պատուհասը:

Խաչը, մահվան գործիք լինելով, մեզ համար սրբություն է: Խաչափայտը, որ նախկինում մահապատժի և անեծքի գործիք էր, Քրիստոս մեզ համար կենաց և օրհնության միջոց դարձրեց՝ մեզ գնելով Օրենքի անեծքից՝ անեծք լինելով մեզ համար: Եվ մեր մեղքերը սրբելով՝ արդարացրեց մեզ քառաթև խաչի վրա Իր անմեղ Պատարագով, ինչպես որ Հին Ուխտի գառն էր քառակողմ սեղանի վրա: Եվ սրբութունն Ինքը Քրիստոսն է, Ում Հայրը սրբացրեց և առաքեց աշխարհ: Արդ, Սուրբ և Անարատ Մարմնով Նա միացավ խաչափայտին ու սրբեց այն՝ մեզ տալով այն որպես սրբության միջոց ընդդեմ դևերի, մեղքերի, հիվանդությունների և այլ պղծությունների…

Խաչը սրբություն է մեզ համար, քանի որ Սուրբ Հոգին նրա սրբությամբ պարգևվեց մեզ, որովհետև քանի դեռ Հիսուս փառավորված չէր, Հոգին էլ չկար: Այն Սրբության Հոգին, որն Աստված սկզբում փչեց մարդու երեսին, և նա կենդանացավ շնորհներով, սակայն մեղքի հետևանքով վերցրեց մարդկանցից նրանց մարմին լինելու պատճառով, և խաչի միջոցով Իր Հարությունից հետո Տերը վերստին փչեց աոաքյալների վրա՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին»: Ապա բարձրացավ Հոր մոտ և Նրան հաշտեցրեց մարդկանց հետ՝ իբրև Իր մահվան ու չարչարանքների պարգև աշակերտներին առաքելով Սուրբ Հոգին, որ խաչանման և հրեղեն լեզուներով իջավ նրանց վրա:

Սուրբ Գրիգոր Տաթևացի

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ