Այսպէս է ասում Տէրը. «Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի» (Առակներ 21:21)

Լեզուն և ազգային ինքնաճանաչությունը

(հատվածներ Լեոյի «Ռուսահայոց գրականություն» հոդվածից)

Անպատրաստ, ինքնուրույնությունից զուրկ ազգերին, այն ազգերին, որոնց ստեղծագործող ուժերը քնած դրության մեջ են, հատուկ է ենթարկվել քաղաքակրթությամբ, մտավոր առաջադիմությամբ հզոր ազգերի ազդեցության: Այս հանգամանքը հատուկ է մանավանդ փոքրիկ, անպաշտպան, ցիրուցան եղած ազգերին, մանավանդ, երբ նրանք աղքատ են հոգով, երբ նրանք սեփական անկախ շավիղ չեն կարող հարթել քաղաքակրթության դաշտում և պիտի շարունակ սովորեն, աշակերտեն:

Հայի խիստ ենթարկվող բնավորությունը չափազանց աչք ծակող պատմական մի իրողություն է: Օտարին ենթարկվելու, օտարինը յուրացնելու համար հային հարկավոր էլ չէ, որ այդ օտարը նրանից շատ բարձր լինի իր քաղաքակրությամբ, իր մտավոր ուժով: Երբ մենք տեսնում ենք Լեհաստանի հայությունը կորցրած իր ազգային լեզուն, ազգային առանձնահատկությունները, ասում ենք, որ դա մի բնական օրենք է, որ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ թույլը, անպատրաստը, քոչվորը պիտի կլանվի, ոչնչանա գոյության կռվի մեջ: Բայց ահա տեսնում ենք հայեր քրդերի, չերքեզների, թաթարների մեջ: Ըստ երևույթին, այդ միջավայրում հայը պիտի բարձր լիներ իրան շրջապատողներից իբրև մտավոր ուժ և եթե չենթարկեր նրանց իր ազդեցության, գոնե պիտի հեշտ պահպանոր իր ինքնուրույնությունը: Բայց բոլորովին հակառակն ենք տեսնում: Նույնիսկ այդպիսի տեղերում հայը այնքան խիստ ենթարկվող էր, որ մոռանում է իր լեզուն, ամեն կողմով նմանվում է շրջապատին, պահպանելով միայն, այն էլ ոչ միշտ, իր կրոնը:

Այսպիսի հատկություններով օժտված մի ազգի մտավոր սեփականությունը բնական է, որ պիտի կրե օտարների խիստ ազդեցության կնիքը: Ռուսահայերի գրականությունը ռուսաց խիստ ազդեցության տակ է առաջ եկել և այսօր էլ արևմտյան հայ գրողները շեշտում են այդ հանգամանքը մի առանձին ձևով, կարծես նոր գյուտ են արել: Միանգամայն ճիշտ է, որ մեր արևելյան գրականությունը իր ուղղությամբ, իր ձգտումներով, արտահայտության ձևերով ռուսաց գրականության մի փոքրիկ զավակն է: Բայց ե՞րբ և ո՞ւր է հայը բոլորովին ազատ եղել դրսի ազդեցություններից:

… Ազդեցություններ` որքան կամենաք: Արևմտյան հայերի լեզուն ենթարկվում է թուրքերենին, ընդունում է նրա ձևերը, ողողվում է նրա բառերով: Դեռ մի երեսուն-քառասուն տարի առաջ կարելի էր կարդալ թուրքամոլ եվրոպացիների գրվածքներում, թե հայերը Թուրքիայում նույն թուրքերն են: Իսկ թուրքահայ նոր գրականությունը, ո՞ւմ համար է սա գաղտնիք, սկզբից ևեթ ֆրանսիական գրականության պատճենն էր ձգտում դառնալ: Հազիվ թե մի ուրիշ օտար երկրում ֆրանսիական գրականության հսկաները այնպիսի ջերմ պաշտամունքի առարկա դարձած լինեին, ինչպես թուրքահայերի մեջ: Ներկայումս էլ, ինչպես տասնյակ տարիների ընթացքում, Կ. Պոլսի հայոց մամուլը կերակրում է իր ընթերցողներին ֆրանսիական փողոցային, խայտառակ վեպերի թարգմանություններով: Սա արդեն պարզ ազդեցություն չէ, այլ մոլություն:

Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը:

Այն, որ ազդեցությունների, հետևողության հարցը ոչ մի կողմով խորթ չէ մեր ազգի բազմադարյան կյանքին: Մենք վաղուց ենք սովոր փոխառությունների, վաղուց ենք աշակերտում ուրիշներին, յուրացնում օտարներինը: Այսօր էլ նույնքան բնական, անխուսափելի է մի որևէ ազդեցության տակ ապրելը, ինչպես հազարավոր տարիներ առաջ: Մնում է չվրդովվել, որ մենք կատարյալ ինքնուրույնություն չենք կարողացել ցույց տալ, որ մեզ չէ վիճակվել մտավոր կատարյալ անկախություն պահպանել: Մնում է սառն կերպով վերլուծել մեզ վրա ներգործած ազդեցությունների հետևանքները: Եթե մենք, ազդվելով օտարներից, մի որևէ բան արել ենք մեր հայրենի տունը շեն պահելու համար, դրանից ի՞նչ վնաս: Ընդհակառակն, մենք պիտի մեծարենք, բարերար համարենք այն ազդեցությունները, որոնք առաջնորդել են մեզ մեր սեփական ցավերը հասկանալու, նրանց համար դրաման գտնելու:

… Երբ մի ազգ, դարավոր աղետներից, երկար քնից հետո սկսում է զարթնել, սկսում է հասկանալ, թե ինչ է նրան պակասում, մենք ասում ենք, որ այդ ազգը հասել է ինչնաճանաչության: Քննել ինքն իրեն, որոնել ու գտնել իր պակասությունները - ահա ինքնաճանաչ ազգի գործը: Առանց այդ գործի ոչ մի ազգ չի կարող ասել, թե զարթնել է քնից, ուզում է ապրել, կենսունակ լինել:

Մեր ազգային ինքնաճանաչությունը իր առաջին քայլերից նկատեց մեր մեծ պակասություններից մեկը` այն, որ մենք չունենք աշխարհիկ գրականություն:

Իսկ ե՞րբ զարթնեց մեր ինքնաճանաչությունը:

Ազգերի մեջ միանգամից, մի թռիչքով, հրաշք չի կատարվում: Երևույթները պատրաստվում են երկար ժամանակի ընթացքում: Նույնիսկ անկումն էլ ժամանակ է պահանջում, որպեսզի ընդհանուր, վերջնական երևույթ դառնա: Իսկ անկումից հարություն առնելը ավելի երկար ջանքերի, համառ գործունեության է կարոտ, երբ հարություն առնողը շրջապատված է խիստ աննպաստ հանգամանքներով:

Ո՞րն է մեր ազգային ինքնաճանաչության թվականը: Ո՞ր տարուց սկսած մենք սկսեցինք գիտակցորեն, քննողաբար շոշափել մեր մարմինը:

Որոշ տարեթիվ չկա և չի էլ կարող լինել: Եթե բոլոր առհասարակ ազգերի համար օրենք է, որ առաջադիմության, վերածնության գործը րոպեի մեջ չծնվի, այլ սերունդների համառ աշխատանքով, այդ օրենքը առավել մեզ պես մի խեղճ, անօգնական, դարերով թշվառությունների մրուրը քամած ազգի համար պիտի լինի անողոք, խիստ ու կոշտ: Եվ մենք պիտի շատ երկար ժամանակամիջոց բերենք մեր աչքի առաջ, որպեսզի տեսնենք մեր մեջ կատարված շարժումը հանուն մեր ինքնաճանաչության, հանուն մեր փրկության:

Այդ ժամանակամիջոցը ամբողջ երկու դարի շրջան է կազմում: Տասնութերորդ դարի սկզբից մենք տեսնում ենք հայկական հորիզոնի վրա երկու խոշոր երևույթներ, որոնք ցույց են տալիս, թե մենք սկսում ենք ապրել: Այդ երևույթները մեր երկնակամարի երկու հակառակ ծայրերում են լույս տալիս` արևելքում և հեռու արևմուտքում: Արևելքում Իսրայել Օրի, հայ մելիքներ, Դավիթ-Բեկ` քաղաքական ազատության գաղափարը, արևմուտքում` Մխիթար և իր միաբանությունը` գրական վերածնության գաղափարը:

Լեո, Երկերի ժողովածու, իններորդ հատոր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, 499-501.

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության