Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Արդարությունն անհավասարության արվեստն է, անհատականության գնահատումը

Արդարություն ասելով շատերը պատկերացնում են հավասարություն, որից և սկսվում է արդարության սխալ պատկերացումը: Քրիստոնեության մեջ նման մոտեցում չկա, քրիստոնեությունը երբեք չի ասում, ամեն բան և ամեն ինչ պետք է հավասար բաշխվի մարդկանց մեջ, կամ էլ` բոլոր մարդկանց նույն կերպ պետք է վերաբերվել: Իրականում արդարությունը ոչ թե պահանջում է հավասարություն, այլ` իմաստավորված անհավասարություն, այլ կերպ` արդարությունն անհավասարության արվեստն է, որի հիմքում մարդու անհատականության գնահատումն է, և անպայման, մարդկային խղճի ու սիրո դրսևորումը:Այսինքն արդարությունը դրսևորվում է ոչ թե հավասարության սկզբունքով, քանի որ մարդիկ տաբեր են, և միանման մոտեցում բոլորին չես կարող ցուցաբերել, այլ դրսևորվում է սիրո և առողջ գնահատանքի սկզբունքով: Արդարությունը, քրիստոնեական պատկերացմամբ, յուրաքանչյուրի մեջ տեսնում է անձի առանձնահատկությունը, գնահատում այն ճշմարտորեն և վերաբերվում ազնվորեն: Այն մեխանիզմ, կամ օրենք չէ, այլ` կյանք: Այո', ամենավաղ ժամանակներից մարդիկ խոսել ու գրել են արդարության մասին, բայց այս հարցը մինչև այսօր լուծված չէ, լուծված չէ, քանի որ արդարությունը մարդուն պետք է միայն այն ժամանակ, երբ ինքը դրա կարիքն ունի: Մենք միշտ մտածում ենք որ հենց մեր նկատմամբ արդար չեն, սակայն երբևէ մատածո՞ւմ ենք դիմացինի մասին…Այսինքն էգոիզմն է մյուս պատճառը արդարության խեղաթյուրման: Տեսեք որքան հեղափոխություններ ու պատերազմներ են մղվել հանուն Այսպէս է ասում Տէրը. «արդարության», որտեղ դրսևորվել է բռնություն, թշվառություն, սպանություն…որտե՞ղ է արդարությունը: Իրականում արդարությունը իդեալիստական գաղափար չէ, այն գոյություն ունի և թույլ պիտի չտանք, որ մեր արդարության ձգտումի իրավունքը մեզանից խլեն: Ու այդ իրավունքը մարդկանց հավասարության մեջ չէ, այլ մարդու անհատականության: Եթե ընդունենք որ մարդիկ հավասար են մտքով, կարողությամբ, ընկալումներով, այս պարագային արդարությունը կլինի պարզ թվաբանական գումարում կամ հանում: Մարդիկ նույնը կամ հավասար չեն և արդարությունը չի պահանջում միանման մոտեցում տարբեր մարդկանց նկատմամբ, հակառակը, իրական արդարությունը անհավասարությունն է անհավասարների միջև: Այստեղ խնդիրը, կամ դժվարությունն այլ բանի մեջ է. մարդիկ անսահման շատ և տարբեր են, ինչպե՞ս անել որ յուրաքանչյուրն ստանա ըստ արժանվույն, ինչպե՞ս ամեն մեկին տալ իրենը: Երեխային պետք է կերակրել, խնամել, թույլին` պաշտպանել, հանցագործի հետ ավելի խիստ լինել, ազնիվին վստահել, չարի հետ զգուշ լինել, հերոսին մեծարել: Այստեղ է, որ իրական արդարությունն է դրսևորվում` սիրով, խղճով և անկեղծությամբ: Օրինակ` երբ Սողոմոնը դատեց երկու կանանց, ովքեր վիճում էին մի երեխայի համար, թե ում զավակն է նա. մեկը որ իսկական մայրն էր և մյուսը, ով ցանկանում էր երեխային խլել իր ծնողից և հարցը լուծել չէին կարողանում: Սողոմոն իմաստունը դատի ժամանակ առաջարկեց երեխային մեջտեղից կիսել և հավասարապես տալ երկու կանանց: Գուցե սա՞ էր արդարության պահանջը, սակայն մարդկային բնության արդարության պահանջը այլ էր. այն ինչը առաջարկեց երեխայի իսկական մայրը` ասելով` ոչ, ավելի լավ է երեխային հանձնեք նրան ով ցանկանում է խլել իրենից: Իսկ սրան հակառակ մյուս կինը, ով խաբեբա էր, համաձայնում է, որ երեխային մեջտեղից կիսեն: Այսինքն, արդարությունը մարդկային բնության դրսևորումն է, որ իմաստավորվում է սիրով, խղճով և անկեղծությամբ: Տեսեք, երկու կանանց մոտեցումներն էլ կարելի է տեսականորեն արդար համարել: Սակայն արդարությունը նրա համար չէ, որ դրանով ապրես, այլ աստիճան, որի վրա կանգնելով Քրիստոսի սիրուն հասնես: Աստվածային արդարությունը և մարդու արդարությունը նույնպես տարբեր են, և մարդու առաքելությունն այդ տարբերությունը հնարավորինս կրճատելն է: Օրինակ` տեսե՞լ եք ինչպես են մարդիկ կիսում խնձորը. լավագույն դեպքում` հավասար. սա արդար է: Աստված այլ կերպ կվարվի. մեծ մասը կտա դիմացինին, փոքրը` Իրեն. սա էլ է արդար: Այսինքն, արդարության պարագան քարացած օրինաչափություն չէ, այլ մարդկային կյանքում դրսևորվող սիրո, խղճի և անկեղծության արդյունք:

Տ. Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am