Այսպէս է ասում Տէրը. «Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ» (Առակներ 28:16)

Սուրբ Սոփիայի և նրա դուստրերի՝ Պիստիսի (հավատ), Ելպիսի (հույս) և Ագապիսի (սեր) վկայաբանությունը

[Բարի էին] մեր փրկչի և մարդկային էության բարերարի` Հիսուս Քրիստոսի երկնավոր խոսքերը, որոնցով ավետարանեց հավատալ մի Աստծուն` ամենակալ Հորը, և մի Տիրոջը` Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, և Սուրբ Հոգուն, ու հեռանալ կուռքերի մոլորությունից և մեղքերի թողություն գտնել ջրով և Հոգով: Ինչպես [և] Հովհաննես [Մկրտիչն] էր ասում. «Ես ձեզ ջրով եմ մկրտում… [կգա] ինձնից զորավորը, Նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի» (Մատթ. Գ. 11; Մարկ. Ա. 8; Ղուկ. Գ. 16; Յովհ. Ա. 26): Այս բարի բանն ավետարանեցին ամբողջ աշխարհում սուրբ առաքյալները, և երկնքի ներքո եղած ողջ երկիրը մկրտվեց: Եվ պայծառ ու զվարթ էր բարեպաշտության հրամանը:

Մի կին, որի անունը [Սոփիա] էր, [այսինքն] Իմաստություն, հավատացյալ ազգից և հույժ մեծատուն, իր երեք դուստրերի հետ մտավ Հռոմ քաղաքը: Իր դուստրերի հետ մեկտեղ նա փութաց առնել Քրիստոսի կնիքը և նրանց դաստիարակեց հավատքի բարեպաշտությամբ: Եվ աղջիկներն աճում էին իմաստությամբ և Աստծու շնորհներով: Եվ մայրը, տեսնելով իր դուստրերի իմաստությունը, փառավորում էր Աստծուն և աղոթում նրանց համար, ավելի ոգևորելով նրանց աստվածային շնորհների խորհուրդներով: Եվ սուրբ աղջիկները, մեծ առաքինությամբ զարդարուն, իրենց մանուկ օրերն անց էին կացնում մարգարեական և առաքելական Գրքերի [ընթերցմամբ]` աշխատելով իրենց սրտերում պահել: Եվ երբ մի կիրակի, իրենց սովորության համաձայն, նրանք գնում էին Տիրոջ տուն` աղոթելու, Աստծու ծառաների թշնամի սատանան մտավ քաղաքի մեծերից մեկի` ոմն Անտիոքոսի սիրտը: Եվ գնալով Ադրիանոս թագավորի մոտ` [Անտիոքոսն] ասաց. «Մի կին, որ չգիտեմ իր դուստրերի հետ ո՞րտեղից է հալածվելով գաղթել, մեր կանանց համոզեց պաշտել մի Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: Եվ անգամ ստիպում է [նրանց] մեզնից հեռու մնալ, և նույնիսկ մեզ հետ ուտելու չեն գալիս, այլ մշտապես դեգերում են այդ աղջիկների հետ և բաժանվում մեր մեջ տիրող աստվածների փառավորությունից»: Եվ երբ թագավորը լսեց նրանց մասին, դահիճներին ուղարկեց նրանց ետևից, և բռնելով` բերեցին թագավորի ապարանքը:

Եվ սուրբ կույսերը` իրենց մոր հետ, ուրախ, ձեռք ձեռքի տված գնացին: Եվ երբ հասան թագավորի պալատին, իրենց վրա դրոշմեցին Քրիստոսի խաչի նշանը, որովհետև Սուրբ Հոգու շնորհները նրանց երեսների վրա էին: Եվ երբ նրանք արքունիք մտան, թագավորը նայեց նրանց և գրեթե մեկ ժամ հիացած մնաց: Եվ ասաց նրանց մորը. «Ի՞նչ երկրից ես, ի՞նչ զբաղմունքի տեր, որ այսպիսի աղմուկ բարձրացրեցիր Հռոմեացիների քաղաքում` ուրացնելով աստվածներին, որ ստեղծել են ամբողջ աշխարհը: Ասա՛, ի՞նչ է քո անունը»: Եվ Սոփիան ասաց. «Ես Քրիստոնյա եմ. [այս է անունն այն, որով հպարտանում եմ]»: Թագավորն ասաց. «Իսկական անունդ եմ հարցնում, որով մարդիկ կոչում են քեզ»: Այնժամ Քրիստոսի իսկական աղախինն ասաց. «Ծնողներիս կողմից Սոֆիա եմ կոչվել, սակայն իսկական անունս Քրիստոնյա է: Առաջավորներից և մեծամեծներից եմ սերում և Իտալիայից եմ: Մեր փրկիչ Քրիստոսի մարդասիրությունն ինձ կոչեց Հռոմեացիների քաղաքը, որպեսզի մանուկներին, որ Տերն ինձ շնորհեց, սրբությամբ պահեմ և իբրև պատարագ Քրիստոսին ընծայեմ»:

Եվ այս խոսքերը լսելով` թագավորը հրամայեց նրան հանգրվանել քաղաքի մի մեծատուն կնոջ մոտ` մինչև ավարտին հասնի քննությունը: Եվ երբ այնտեղ էին մնում, Սոփիան ասաց իր դուստրերին. «Ի՛մ անուշիկ զավակներ, ձեզ կրթեցի բարի դպրությամբ և քրիստոսական գիտությամբ: Եվ ում վրա դրեցիք ձեր հույսը, Նա կանչում է ձեզ: Այլևս մի՛ նայեք ձեր ծաղկուն հասակին և սպառազինվեցե՛ք ձեզ Կանչողի զենքերով, և երբ ավարտեք ձեր խոստովանությունը, ինձ հիշեցե՛ք Քրիստոսի մոտ: Երբ մտնեք երկնավոր Թագավորի զորքը, բարեխոսեցե՛ք ինձ համար, և ձեր առաքինությամբ, դստրիկնե՛րս, կմոտենամ երկնային արքայությանը, և Աստծու հավիտենական ժառանգությանը հաճո եղածները կկանչեն ինձ ձեր շնորհիվ: Ի՛մ քաղցրիկ աղջիկներ, դուք իմ հույսն ու հարստությունն եք, ձեր վկայությամբ մխիթարեցե՛ք ձեր թշվառական մորը, որ երկնեց և ծնեց ձեզ ցավերով, սնեց իր կաթով: Քաջալերվե՛ք ձեր նահատակությամբ, որ հանուն Քրիստոսի է, որովհետև Փեսայի խրախճանքի ժամանակ Նա է ձեզ շնորհելու արդարության պսակը»: Եվ երբ մայրն այս մտքերն էր սերմանում նրանց սրտերում, իրարով ցնծացյալ, Քրիստոսի շնորհներով էին լցվում:

Եվ աղջիկներն ասացին իրենց մորը. «Մե՛ր տիրուհի և մայր, լոկ ցնծությամբ և ուրախությամբ մատուցի՛ր մեզ Երկնավորին, որպեսզի մեր փրկիչ Քրիստոսը, որի օրենքներով դաստիարակվեցինք, համբերություն շնորհի մեզ և թագավորի խոսքերին պատասխանելու կարողություն տա»:

Եվ երբ երեք օր անցավ, թագավորը հրամայեց իր առջև բերել նրանց: Եվ երբ նրանք արքունիք մտան, թագավորն ասաց նրանց. «Աղջիկնե՛ր, տեսնում եմ ձեր աստվածային գեղեցկությունը, ձեր դեմքերի հմայքը, որ վեր է մարդկային էությունից, ձեր հասակները, որ առավել են ձեր տարիքակիցներից: Խրատ եմ տալիս ձեզ, որ խղճաք ձեր մոր ծերությունը և խնայեք ձեր ծաղկուն հասակը, համաձայնեցե՛ք և լսեցե՛ք ինձ` որպես ձեր հորը և զո՛հ մատուցեցեք աստվածներին` ամբողջ աշխարհի տերերին: Ի՛մ անվանի դուստրեր, տվե՛ք ձեր համաձայնությունը և երջանիկ կապրեք իմ թագավորությունում և կպայծառանաք` կոչվելով թագավորի դուստրեր: Նաև կհրամայեմ կուսակալներիս, առաջնորդներիս, բոլոր նախարարներիս և զորականներիս, որ օրենքով հաստատվի ձեր որդեգրությունը: Իսկ եթե չհամաձայնեք և չհնազանդվեք խրատիս, բազում և պես-պես տանջանքներով կչարչարեմ ձեզ և ձեր ցանկալի անդամները շներին կնետեմ: Համաձայնեցե՛ք, քանի դեռ չեմ սկսել [տանջել] ձեզ»:

Իսկ սուրբ կույսերը միակամ պատասխանեցին թագավորին. «Մեզ հարկավոր չեն քո պարգևները, այլ [պետք են] դեպի առաջ, դեպի Քրիստոս տանող [բարիք]ները: Նրան ենք ճանաչում երկնքի, երկրի, ծովի և բոլոր արարածների Տեր, և Նա է, որ մեզ ընդունում է իբրև Իր դուստրեր: Քրիստոսի սպառազինությունն ստանալով` հավատացած ենք, որ պարտության կմատնենք չարչարանքի գործիքներն ու քո [մտածած] տանջանքները: Այժմ ևեթ առաջ բեր տանջանքի բոլոր ունեցածդ գործիքները, որպեսզի տեսնես մեր համբերությունը և գթությունը մեր բարերար Աստծու, մեր փրկչի` Հիսուս Քրիստոսի, որ մեզ հետ է»:

Այնժամ բարկանալով` հրամայեց կանչել նրանց մորը և ասաց նրան. «Ասա՛ դուստրերիդ անուններն ու տարիքները»: Եվ նա ասաց. «Առաջին դուստրս Պիստիսն է, որ տասներկու տարեկան է: Երկրորդս տասնամյա է, և նրա անունը Ելպիս է: Երրորդ դստերս անունը Ագապիս է, և բոլորել է իններորդ տարին»: Այնժամ թագավորը հրամայեց առաջ բերել Պիստիսին և ասաց նրան. «Զո՛հ մատուցիր մեծ և գեղեցկագույն Աստղիկին. նայի՛ր նրա վրա` ի՜նչ հմայիչ կին է»: Իսկ Աստծու սուրբ Պիստիսն ասաց. «Ո՜հ մարդկային անզգամություն և կուրություն. Իր խոսքով ամենն ստեղծողին` Աստծուն և ճշմարիտ բարերար Հիսուս Քրիստոսին թողած` պաշտում են անմռունչ կուռքերն ու ոչինչ չզգացող քարերը»: Երբ Ադրիանոս թագավորն այս լսեց, հրամայեց մերկացնել նրան և բրածեծ անել` մինչև չհամաձայնի զոհ մատուցել: Եվ այնքան երկար տանջեցին աղջկան, որ հոգնելով` իրար փոխարինեցին տասներկու դահիճներ, սակայն նրա մարմնին անգամ հարվածների հետքեր չերևացին: Եվ թագավորը տեսնելով, թե որքան տանջանքներ կրեց, բայց մարմնին վերքեր չգոյացան, հրամայեց սրով կտրել Քրիստոսի գառան [մանկական կրծքերը]:

Իսկ մոտիկ գտնվող տղամարդիկ և կանայք, տեսնելով դեռատի աղջկան, որ մերթ տանջանքի էր ենթարկվում, իսկ ապա չարչարվում երկաթով, կական էին բարձրացնում և ասում իրար. «Արդյոք ինչ չարիք են գործել սրանք, որ այսպիսի տանջանքների են արժանի. անարդա՜ր է դատը և վճիռը` սխալ»: Եվ սրբի ստինքները կտրելիս` արյան փոխարեն կաթ էր բխում, և տեսնողները փառք էին տալիս Աստծուն` զարմանալով կատարվածից: Եվ Աստծու սուրբ կույսն ասաց. «Ա՞յս են քո տանջանքները, ո՛վ Աստծու թշնամի: Սրանք չզգաց մարմինն իմ` փայտերի հարվածներն ու կտրվելը: Ո՛վ անսուրբ մարդ, ինքդ տեսար, որ արյան փոխարեն կաթ հոսեց գետնին: Մտքումդ կարծում էիր, թե տանջանքներով կհեռացնես ինձ իմ Քրիստոսից: Այժմ լսի՛ր, դու, որ արժանի ես Աստծու բարկությանը. եթե անգամ հրամայես երեսիցս մասեր կտրել, դարձյալ չեմ ամաչի, որովհետև իմ զորացուցիչը Քրիստոսն է: Եվ դու դատի ես կանգնելու` ինձ հասցված տանջանքների համար: Իմ Աստուծով ե՛ս հաստատակամ եմ քո հանդգնությունը հաղթելու հարցում»:

Եվ թագավորը հրամայեց երկաթյա մահիճ բերել և դնել կրակին, մինչև որ ցանցը հրի պես փայլատակի: [Եվ երբ պատրաստ էր], սրբին պառկեցրին վրան, սակայն երանելի Պիստիսն աղոթելով ցնծում էր և ձեռքերը երկինք կարկառելով ասում էր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, նայի՛ր իմ տկարությանը և մի՛ թող, որ հաղթի բռնավորի բարկությունը: Անսպի և անբիծ պահի՛ր ինձ, ինչպես երեք մանուկներին հնոցի մեջ: Նրանց պես և մեզ` երեք քույրերիս պահի՛ր, որ հակամարտենք և կործանենք սրա հանդգնությունը»: Եվ աղոթքից հետո` ժամեր շարունակ, հուրը չմոտեցավ նրան: Այնժամ [թագավորը] հրամայեց նրան հանել մահճի վրայից և մի կաթսա բերել` մեջը լցնելով ձեթ, մոմ և նավթ: Եվ երբ հալվեցին ու բոցը խիստ զորացավ, նրան պետք է նետեին մեջը: Իսկ երանելին երկինք նայեց և ասաց այսպես. «[Դո՛ւ], որ բոլոր արարածների ստեղծողն ես, Աստվա՛ծ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, փրկի՛ր ինձ այս վայրենի գազանից և Քո մեծ ողորմությամբ օժանդակի՛ր»: Երբ ավարտեց խոսքը, հնչեց թագավորի հրամանը, և նա խնդությամբ մտավ կաթսան, որ անմիջապես սառեց, ու Աստծու աղախինն, ասես ցողով, հովանում էր կաթսայում: Եվ որովհետև Ադրիանոսը չկարողացավ տանջանքներով վնասել սրբին, տրտմեց և խորհում էր, թե ինչ եղանակով կործանի նրան: Եվ հրամայեց սրով սպանել նրան: Իսկ սուրբը, լսելով թագավորի վճիռը, ուրախությամբ աղաչում էր մորը, որ աղոթի իր համար, որպեսզի հասնի իր առջև դրված նպատակին: Դիմում էր նաև քույրերին. «Ի՛մ քույրեր, գիտե՛ք, թե ում նվիրեցինք մեր անձերը: Եվ պետք է հոժարությամբ ընդունենք և դիմանանք մեր Փրկչի վկայությանը, որովհետև մեզ լույս աշխարհ բերող մայրը մեծ ուրախության մեջ է մեր այս պատերազմի համար: Չմոռանաք Տիրոջ հետ արված մեր ուխտը և չտրտմեցնեք մեր Սոփիա մորը, որ մեզնից ամեն մեկի համար ինը ամիս չարչարվել և դիմացել է ցավերին, որի ստինքների մեղրաբուխ կաթն ենք խմել, և որ մեզ սնել է Քրիստոսի իմաստությամբ: Այժմ սկսում եմ ընթանալ բարվոք ճանապարհով և աղաչում եմ ձեզ, ի՛մ ընտիր քույրեր և Սոփիայի դուստրեր, երկնային արքայությունը ցանկացե՛ք, որ մեր առաքինությամբ ուրախ լինենք սրբերի հետ»: Եվ այս ասելով` երանելի աղջիկը փաթաթվեց մորը, համբուրեց և ասաց. «Աղոթի՛ր ինձ համար, մա՛յր իմ»: Փարվեց նաև քույրերին և նույն բանն ասաց և պատրաստվեց մահվան ու պարզեց պարանոցը: Իսկ մայրն ու քույրերը կանգնած էին և ասում էին. «Մե՛ր ընտիր Պիստիս, առաջացի՛ր քո մարտիրոսության ճանապարհով և մի՛ վախենա սրից, որովհետև բարի ճանապարհով ես ճամփորդում: Եվ հիշի՛ր մեզ երկնային արքայության մեջ»: [Եվ երբ դահիճը] սուրը [ձեռքին] մոտեցավ սուրբ կույսին, նա ձեռքերը բարձրացրեց դեպի իր Աստվածը և ասաց. «Ի՛մ ապավեն Տեր, հիշի՛ր Քո բոլոր ծառաներին և Քո բոլոր աղախիններին: Ամենատե՛ս Քրիստոս, հիշի՛ր նաև ինձ` անարժանիս, և արագացրու կռապաշտ ապստամբների սուրը»: Եվ այս ասելով` երանելին ավարտեց իր ընթացքը և այսպես Աստուծով մարտիրոսվեց: Եվ մինչ մարմինը դրված էր, մայրը մոտեցավ, ընկավ վրան և գոհանում էր Քրիստոսից, որ բարի վախճանի հասցրեց նրան:

Ադրիանոսը կանչեց Ելպիսին և փորձում էր նրան համոզել. «Դո՛ւստր, լսի՛ր ինձ, որպես քո հորը. երկրպագի՛ր մեծ և փառավոր Արտեմիսին և հեռացի՛ր ողջ և առողջ»: Իսկ երջանիկ Ելպիսն ասաց. «Գիտեցի՛ր, ո՛վ թագավոր, որ դատարկ ու սին խոսքերով չես կարողանա ինձ խաբել, ինչպես տեսնում ես և կարող ես համոզվել, ես նոր մարտիրոսվածի քույրն եմ. որովհետև նույն մայրը ծնեց մեզ, նույն կաթը խմեցինք, միևնույն քրիստոսական կանոններով դաստիարակվեցինք և նույն ճանապարհն ենք գնալու և համոզված ենք նույն պսակն ստանալ, որովհետև նույն Փեսային` Հիսուս Քրիստոսին նվիրեցինք մեր անձերը: Այսուհետ քո ստահոդ խոսքերով մի՛ փորձիր սովորեցնել ինձ, արա՛ ինչ կամենում ես, որովհետև ում ապավինեցի ես, ում վրա դրեցի հույսն իմ` Նրա հետ են իմ սիրտն ու անձը»:

Երբ Ադրիանոսը լսեց այս, [աղջկա] պատասխանից հասկացավ, որ չի կարող համոզել, հրամայեց նրան պառկեցնել և արջառաջիլերով հարվածել: Եվ այնքան երկար տանջեցին, որ տասը դահիճ իրար հաջորդեց: Իսկ մայրն, Աստծուն աղոթելով, ասում էր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, դստերն իմ դիմանալու կարողություն տո՛ւր, որպեսզի նա հաղթի սպասվող պատերազմում, ինչպես առաջին դուստրս հաղթեց»: Եվ այս էր աղոթում մայրը, որ մեծ ուրախության մեջ էր: Իսկ սուրբ Ելպիսն ասում էր. «Իմ Աստված, որին փութում եմ զինվորագրվել. [Դու], որ սքանչելիք գործող միակն ես, որ փրկեցիր շուշանը անօրեն ծերունուց, որ լսեցիր մանուկ Դանիելի աղոթքները` առյուծների փոսից, որ փրկեցիր Քո սուրբ Թեկղին կրակից և վայրի գազաններից, որ լսում ես ամենքին, որ ծառայում են Քո արդարությանը. լսի՛ր նաև ինձ` Քո անարժան սպասուհուն, և համբերություն տո՛ւր ինձ, որպեսզի ինձնով փառավորվի Քո անունը»: Հետո դիմեց թագավորին. «Ապա, սկսի՛ր տանջանքներդ, որ փորձովդ իմանաս ինձ զորացնող Աստծուն»: Եվ բարկացած բռնակալը մտորում էր, թե ինչ տանջանքով կործանի նրան, և հրամայեց հրով այրել: [Իսկ սուրբը], հրի մեջ ընկնելով, ցնծում և ասում էր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, անուշադրության մի՛ մատնիր Քո աղախնին, որովհետև նեղության մեջ եմ. շո՛ւտ լսիր ինձ, որպեսզի կարողանամ առանց ամաչելու կանգնել Քո առջև: Սպանի՛ր անօրեն թագավորին սրով»:

Եվ տեսնելով, որ հուրը աղջկան չի վնասում, բռնակալը հրամայեց [երկաթյա ճանկերով] քերել նրան: Եվ երկար քերեցին սրբին: Եվ աղջկա սուրբ անդամներից, որ կտրտվում էին, մոտիկ կանգնածներին խնկահոտ էր բուրում, իսկ երեսին փայլում էին շնորհները: Եվ ասաց թագավորին. «Ո՛վ բռնակալ, կարծում եմ` դու ավելի շատ ես տանջվում, քանի որ չես կարողանում մի փոքր աղջկա հաղթել»: Իսկ բռնակալին տիրացած սատանան նրա միտքը գցեց` ձեթով և ճարպով լեցուն մի կաթսա դնել և մեջը կրակ վառել: Եվ երբ կաթսան եռում էր, և մեծ շիթեր էին թռչում, իսկ մոտ կանգնածներից շատերն այրվում էին գոլորշուց, թագավորը հրամայեց սրբին մեջը նետել: Եվ աղջկան վերցնելով` դահիճները նետեցին կաթսայի մեջ, բայց այն անմիջապես ճեղքվեց և այրեց բոլոր մոտ կանգնած անհավատներին: Իսկ բռնակալը չզղջաց կատարվածի համար, և չհիացավ Տիրոջ սքանչելիքներով, այլ հրամայեց սրով սպանել սրբին: Իսկ սուրբը, վճիռը լսելով, զվարթ սրտով և զգոն մտքով մոտեցավ մորը և հրաժեշտ տվեց նրան: Մոտեցավ նաև իր քույր Պիստիսի մարմնին և ասաց. «Բարեխոսի՛ր ինձ համար, որ ես ևս գամ քեզ մոտ»: Իսկ կրտսերին ասաց. «Քո՛ւյր իմ Ագապիս, շտապի՛ր մեզ մոտ և արի՛ կամավոր, որովհետև հավիտենական ճանապարհով ենք շարժվում: Չընկրկե՛ս, մե՛ր սիրելի աղավնյակ, որովհետև մեզ Աստված կանչեց, Նա, որ մեր փրկիչն է»: Նաև ավելացրեց. «Ի՛մ Քրիստոս, խաղաղությամբ ընդունի՛ր Քո աղախնի հոգին»: Իսկ մայրը, որ խնդության մեջ էր, ասաց. «Դստրի՛կ իմ, ի՛մ սիրելի զավակ, իմ բարի հույս, ճանապարհդ բերկրանքով անցի՛ր: Եվ Աստծու առջև հիշի՛ր ինձ»: Եվ երբ մայրն արտասանեց այս խոսքերը, աղջիկը սրով մարտիրոսվեց:

Մայրը փաթաթվեց [սրբերի] ոսկորներին, համբուրում և ասում էր. «Երկու բարեխոսներս գնացին Աստծու մոտ»: Հետո խոսեց փոքրի հետ. «Ագապի՛ս, իմ երրորդ դուստր, հավիտենական ճանապարհը տեսնելով` հանգիստ սրտով զորացի՛ր նաև դու: Ահա տեսնում եմ երկու դուստրերիս պսակները հյուսված, իսկ քոնի հյուսվելու սկիզբն է: Եվ ես բերկրում եմ` քեզ տեսնելով»: Եվ բռնակալը կանչեց Ագապիսին` կրտսեր աղջկան, և գուրգուրելով` «Իմ դուստր» էր կոչում` կամենալով սին խոսքերով խաբել Քրիստոսի փոքր և անմեղ աղախնին: Իսկ սուրբ Ագապիսն ասաց. «Չգիտե՞ս, ո՛վ բռնավոր, որ նոր մարտիրոսվածների հետ նույն մտքին եմ, որովհետև նույն մայրը ծնեց ինձ, և աստվածպաշտության նույն օրենքներով դաստիարակվեցինք և միևնույն Քրիստոս թագավորին ապավինեցինք»: Իսկ բռնակալն ու արյունարբուն, այս խոսքերը լսելով, չխղճաց աղջկան և չգթաց փոքր հասակը, այլ ինչպես անապատում կերակուր գտած առյուծ` ատամները կրճտացնում էր նրա վրա: Եվ հրամայեց նրան մի անվի վրա կապել և այն ձողին դնելով` [ձաղկել]: Իսկ երանելին աչքերը երկինք էր հառել և աղոթում էր: Այնժամ թագավորը գավազանավորներին հրամայեց նրան չարաչար ծեծել: Եվ հարվածներն ընդունելիս` ասում էր. «Ո՛վ բռնակալ, իզուր ես չարչարվում և անիմաստ ջանում. վրաս չեն ազդում քո տանջանքները»: Եվ երբ ինը գավազանավոր փոխվեց, իսկ նա չվնասվեց, թագավորը հրամայեց իջեցնել նրան և պատրաստել հնոցը: Եվ երեք օր վառած պահեցին հնոցը, որ սկսեց պղնձի պես շողալ: Եվ սատանայի որդի Ադրիանոսն ասաց աղջկան. «Լոկ երկրպագի՛ր Արտեմիս աստվածուհուն, և քեզ բաց կթողնեմ»: Իսկ աղջիկը, լցվելով Սուրբ Հոգու շնորհներով, ասաց. «Ո՜վ անմիտ և անզգամ, ի՜նչ ես անիմաստ խոսում, ոչինչ չես շահի` այդ բաներն ասելով»: Եվ լսելով` բռնակալը զայրացավ և հրամայեց նրան հնոցը նետել: [Սակայն] երբ [դահիճները] նրան հնոցը գցեցին, հուրն անմիջապես մարեց, իսկ [դուրս թռած] բոցերը տարածվեցին շուրջբոլորը և մոտ կանգնածներից շատերին այրեցին: Իսկ Աստծու սուրբ կույսը հնոցում Տիրոջն էր փառավորում և ասում. «Քեզ եմ բարեբանում, ի՛մ Տեր Աստված, որ մարդկային ցեղի փրկության համար առաքեցիր Քո միածին Որդուն: Այժմ արի՛ Քո աղախնի փրկության համար և փրկի՛ր ինձ սատանայի ձեռքից. [Դու], որ օրհնյալն ես հավիտյան. ամեն»: Եվ Ադրիանոսը, հնոցին մոտենալով և սուրբ կույսի օրհնությունը լսելով, ավելի բարկացավ: Եվ հնոցից մի փոքրիկ կայծ ընկավ թագավորի վրա և վնասեց նրան: Եվ սիրտը նվաղեց, որովհետև տեսավ երեք հաղթահասակ և արևի շողերի պես փայլող դեմքերով այրերի, որոնք շրջում էին սուրբ Ագապիսի հետ: Եվ Քրիստոսի աղախինն անվնաս դուրս եկավ հնոցից, իսկ անօրեն թագավորը, տեսնելով, որ հուրը չհաղթեց աղջկան, հրամայեց երկաթյա շամփուրներ տաքացնել և ծակծկել նրա մարմինը: Իսկ սուրբն անվախ դիմանում էր Քրիստոսի համար իրեն հասցվող բոլոր տանջանքներին: Եվ թագավորը, որ վնասվել էր իր վրա թռած կայծից, զայրագնած հրամայեց սրով սպանել աղջկան:

Իսկ երանելի աղջիկն սկսեց ասել. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր Հիսուս Քրիստոս, օրհնում և փառավորում եմ Քո անունը, որ ինձ ևս արժանի դարձրեցիր հավասարվելու իմ քույրերին, որոնց ընտրեցիր և կանչեցիր: Աղաչում եմ Քեզ, Տե՛ր, հիշի՛ր իմ մայր Սոփիային, որ, Աբրահամի զոհ մատուցելու պես, իր որովայնի պտուղ[ներ]ը` մեզ երեքիս, իբրև ողջակեզ մատուցեց Քեզ` ճշմարիտ քահանայապետ Քրիստոսիդ: Այժմ, Տե՛ր, ուժ և շնորհներ տուր Քո աղախնին` մեր մորը, որ խաղաղությամբ թաղի մեզ` երեքիս, և նոր միայն հանգչի մեզ հետ, և այդպես մենք` երեք դուստրերով հանգչենք մեր մոր հետ հավիտենության մեջ»: Եվ մայրն ասաց նրան. «Ի՛մ երրորդ դստրիկ, Ագապի՛ս, հանգիստ եղի՛ր, որովհետև բարվոք ճանապարհով ես ընթանում: Սա էր իմ ուխտը` երեք հարսներին մատուցել Քրիստոսին: Դստրի՛կ իմ, հիշի՛ր քո մորը երկնային արքայության մեջ. քո պսակը ևս հյուսված եմ տեսնում»: Եվ երբ մայրն այս ասաց, երանելի Ագապիսը սրով սպանվեց: Եվ մայրը փաթաթվեց ի Քրիստոս վախճանված դստերը և համբուրում էր: Եվ զարդարեց նրանց մարմինները մեծապայծառ զարդերով, կառք լծեց և վրան դրեց երեք դուստրերին և մոտ երեք մղոն դուրս գալով քաղաքից` նրանց թաղեց մի պատվելի տեղում և տաճար կառուցեց նրանց վրա:

Հռոմեացիների մեծամեծ կանայք, ինչպես և սրբերի մայրը, հավաքվեցին. նրանցից յուրաքանչյուրը անուշաբույր յուղեր էր բերել, որ ցանում էին այն տեղի վրա, ուր կույսերի ոսկորներն էին, իսկ հետո [կանայք], Աստծուն օրհնելով, մտան Հռոմ:

Երեք օր անց կույսերի մայրը գնում էր պատերազմում հաղթած իր դուստրերի հիշատակը հարգելու: Եվ հավաքվեցին տղամարդիկ և կանայք: Եվ երբ հասան գերեզմանին, սրբերի մայր Սոփիան պառկեց նշխարների մոտ և ասաց. «Ի՛մ մարտիրոսված դուստրեր, ինձ համար բարեխոսեցեք Քրիստոսին, որ սիրեց ձեզ, և հավիտենության մեջ ինձ բնակակից ընդունեցեք ձեզ»: Եվ այս ասելով` ինքը ևս նրանց հետ ննջեց խաղաղությամբ: Եվ հավաքվածները նրան ևս թաղեցին նույն գերեզմանում, և սրբերը միասին գնացին Տիրոջ մոտ:

Իսկ բռնակալը, որ կայծից վնասվել էր, գնալով ավելի վատացավ, կոպերը բորբոքվեցին, մարմինն սկսեց նեխել և Տիրոջ ահով պատվեց: Եվ աղաղակ բարձրացնելով` բղավում էր. «Երե՛ք կույսերի և նրանց մայր Սոփիայի Աստված, շտապ հանի՛ր հոգիս մարմնիցս, որովհետև գիտեմ, որ նրանց համար եմ կրում այս ամենը»:

Քրիստոսի մանուկները` Պիստիսը, Ելպիսը, Ագապիսը, և նրանց մայր Սոփիան վկայեցին նախքան ինը կաղանդները` հրոտից ամսի տասնմեկին, Ադրիանոսի թագավորության օրոք, իսկ ըստ մեզ` Հիսուս Քրիստոսի թագավորության, որին փառք, զորություն Սուրբ Հոգու հետ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Surbzoravor.am