Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Հովհաննես Շարամբյան

Նկարիչ, հասարակական գործիչ Հովհաննես (Վանիկ) Միհրանի Շարամբյանը ծնվել է 1926թ. օգոստոսի 17-ին, Երևանում՝ Վանից գաղթած հոր և երևանցի մոր ընտանիքում: Հազարավոր հայ ընտանիքների նման նա էլ վաղ հասակնից ճաշակել էր ստալինյան բռնությունների դառը համը. 15 տարեկան է եղել, երբ աքսորել են հորը, իսկ հորեղբայրներին, բացի մեկից, գնդակահարել: 1941-1945թթ. Հովհ. Շարամբեյանը սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի գեղանկարչական բաժնում: 1943թ.-ից աշխատել է Դիլիջանի Հ. Հակոբյանի անվան ժողովրդական թատրոնում, որպես գլխավոր նկարիչ: 1945-1951թ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ուսումը կիսատ թողել հիվանդության պատճառով: 1947թ. կազմակերպել է Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանին կից գեղարվեստական ստուդիա և 25 տարի ղեկավարել այն, որի հիման վրա 1970-թ.-ից հիմնել է նկարչական դպրոց:

1951թ. երիտասարդ Հովհ. Շարամբեյանը վճռեց հաստատվել Դիլիջանում հիվանդության պատճառով: Եվ եթե Դիլիջանի հրաշագործ օդը նրան նվիրեց առողջություն, ապա ինքն էլ պարտք չմնաց Դիլիջան քաղաքին: «Քաղաքագլուխ», «Պատվավոր քաղաքացի», «Մեր պատգամավոր», ահա այսպիսի և շատ այլ հումորային ձևերով էին դիլիջանի բնակիչներն արտահայտում իրենց սերը Վանիկի հանդեպ: Այդպես էին նրան անվանում՝ մեր Վանիկը: Հիվանդության հետ օրհասական կռվի բռնված՝ հաղթող դուրս եկավ: Դիլիջանը դարձավ Վանիկի երկրորդ ծննդավայրը: Բժիշկների խորհրդով չշտապեց Երևան վերադառնալ և իր կյանքն ընդմիշտ կապեց Դիլիջանի հետ: Երևանում անցկացրած հազվադեպ օրերին նա անընդհատ զգում էր, որ ինչ-որ բան պակասում էր, կարոտում էր Դիլիջանն, անտառներն ու սարեր, այդ արդեն հարազատ դարձած քաղաքը: Դիլիջանի հետ նրան արդեն կապում էր ոչ միայն առողջանալու ցանկությունը: Օրեր շարունակ նա ներկերն ու վրձինը ձեռքին շրջում էր Դիլիջանի շրջակա բլուրներով, կատարում բազմաթիվ էսքիզներ հետագա կտավների համար:

1953թ. երիտասարդ նկարիչն իր առաջին մասնակցությունն է ունենում հանրապետական ցուցահադեսի, իսկ 1956թ. ընդունվում ԽՍՀՄ նկարիչների շարքերը: Նույն տարում նաև ընտրվել է Հայկական ԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ-կիրառական արվեստի գեղարվեստական խորհրդի նախագահ: 1950-ական թվականներից Հովհ. Շարամբեյանն արդեն ակտիվ մասնակցություն ուներ Դիլիջանի մշակութային կյանքին և մեծ ազդեցություն Խորհրդային Հայաստանի մշակութային ոլորտում: Դիլիջանում նա ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա, մասնակցելով նախգծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ:

1958թ. Հովհ. Շարամբեյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Դիլիջանի երկրագիտական թանգարանի գեղարվեստի բաժնի հիմնադրմանը, և հարստացրել է կերպարվեստի ֆոնդը: Շուրջ 30 տարվա ընթացքում նրա ջանքերով Դիլիջան են տեղափոխվել հարյուրավոր գեղանկարչական գործեր Խորհրդային Միության տարբեր թանգարաններից: 1960թ. Դիլիջանում ունեցած իր առաջին անհատական ցուցահանդեսից հետո նշանակվել է քաղաքի գլխավոր նկարիչ՝ հասարակական հիմունքներով: Ավելի ուշ՝ 1960-ական թվականերին իր ստեղծագործությունների և ժողովրդական արվեստի ցուցահանդեսներով հանդես է եկել Իտալիայում, Բուլղարիայում, Փարիզում, Լենինգրադում, Դիլիջանում, Շամշադինում, Իջևանում, Էջմիածնում և այլուր: 1967թ. Հովհ. Շարամբեյանն ընդունվել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ և նույն թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում, իսկ 1969թ. ընտրվել է Հայաստանի նկարիչների միության վարչության քարտուղար: 1970թ. ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի, պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով:

1973թ. Հովհ. Շարամբեյանն ըտրվել է Հայաստանի ժողովրդական արվեստի տան կիրառական արվեստի սեկցիայի նախագահ: Նույն տարում արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակույթի կապի Հայկական ընկերությունում, որտեղ գլխավորել է գրականության և արվեստի գործիչների բաժինը, ակտիվ հասարակական աշխատանքի համար պարգևատրվել է Սովետական Բարեկամության ընկերությունների միության «Բարեկամության գործի մեջ ներդրման համար» պատվո նշանով, իսկ 1978թ. նշանակվել է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության արվեստի պետական թանգարանի տնօրեն:

1970-1980-ական թվականները կրկին ակտիվ են եղան ցուցահանդեսների տեսանկյունից, հատկապես երբ Հովհ. Շարամբեյանը զբաղեցնում էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի ընկերության կերպարվեստի և գրականության բաժանմունքների վարիչի պաշտոնը: Այսպես՝ թե´ իր, և թե´ ժողովրդական, կիրառական արվեստի ցուցահանդեսների համար Հովհ. Շարամբեյանը ուղևորութույններ է կատարել Գերմանիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Բելգիա, Լյուքսենբուրգ, բացել է բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր շրջաններում և այլուր, պարբերաբար մասնակցել է հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների՝ իրեն դրսևորելով որպես շնորհաշատ ու նրբազգաց գեղանկարիչ:

1977թ. Հովհ. Շարամբեյանի մասնակցությամբ ստեղծվել է Երևանի փայտարվեստի սրահը, որի ցուցանմուշների մի զգալի մասը նկարչի նվերն էր սրահին իր անձնական հավաքածուից: 1979թ. Հովհ. Շարամբեյանի ղեկավարությամբ հիմնադրվել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը, որի համար հիմք հանդիսացավ իր և արվեստաբան Ս. Դավթյանի հավաքածուն: Այն առաջընթաց քայլ էր, որակական մեծ փոփոխություն՝ ժողովրդական արվեստի արժևորման ասպարեզում: Նորաստեղծ թանգարանն իր կառուցվածքով և բնույթով հիշեցնում էր Մոսկվայի, Լենինգրադի և Խորհրդային Միության մյուս խոշոր քաղաքների նշանավոր թանգարանները, որտեղ աշխատանքներն ընթանում էին գրեթե գիտահետազոտական ծրագրերին համապատասխան: Ըստ էության, ստեղծվել էր հանրապետական նշանակության լուրջ հաստատություն, որի ղեկավարումը և կազմակերպչական տարաբնույթ աշխատանքների համակարգումը պահանջում էր ժողովրդական արվեստի խոր իմացություն և ղեկավարման կարողություններով օժտված անձնավորություն: Այդ պատասխանատու առաքելությունը մեծ սիրով ու նվիրումով կատարեց մարդկային լավագույն հատկանիշներով օժտված, հայ ազգագրության հմուտ գիտակ Հովհ. Շարամբեյանը:

Տարբեր տարիների Հովհ. Շարամբեյանը եղել է Դիլիջանի պետական ժողովրդական թատրոնների գլխավոր բեմադրող-նկարիչ, ինչպես նաև «Անուշ» հեռուստատեսային ֆիլմ-օպերայի բեմադրող նկարիչը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1983թ. հունիսի 18-ին, և Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական դրամատիկական հաղորդաշարերից մեկի՝ ժողովրդական արվեստին նվիրված «Բյուրակն» հաղորդաշարի խմբագրության գլխավոր խորհրդատու:

1981թ. Հովհ. Շարամբեյանը պարգևատրվել է «Պատվո նշան» Շքանշանով, իսկ 1984թ. ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրմանագրով նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 1969-1973թթ. եղել է Հայաստանի նկարիչների վարչության նախագահի տեղակալ: Իր գործունեության համար պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների պատվոգրերով և մեդալներով: Հետագա տարիների իր հասարակական լայնածավալ գործունեության պատճառով չի կարողացել ամբողջովին նվիրվել նկարչությանը:

Բայց այնուամենայնիվ Հովհ. Շարամբեյանը նախ և առաջ նկարիչ էր, սիրում էր պատկերել և վերարտադրել տեսածը և հատկապես այն ամենն, ինչը բնորոշ է հայ մարդուն ու նրա կենցաղին, գունագեղ, հզոր բնանկարներ, հոգեբանական դիմանկարներ և ներդաշնակ նատյուրմորտներ: Հովհ. Շարամբեյանի ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Հայաստանի արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի կուլտուրայի մինիստրության և Հայաստանի գեղարվեստի ֆոնդերում, Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Դիլիջանի երկրագիտական թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

Գեղանկարչությունից բացի Հովհ. Շարամբեյանն իր կյանքի կարևորագույն առաքելությունն էր համարում հայկական մշակույթի, ժողովրդական ստեղծագործության ու ավանդույթների պահպանության գործը: Առհասարակ XX դարի 1960-1980-ական թվականները դիտարկվում են իբրև ինքնուրույն ու վառ փուլ հայ մշակույթի նորագույն պատմության մեջ: Երկրում ստեղծագործական վերելքի բարենպաստ մթնոլորտ էր: Նախ, դա պայմանավորված էր որոշ սոցիալ-քաղաքական փոփոխություններով, բացի այդ, Խորհրդային Հայաստանում դեռևս հաջողությամբ գործում էին 1920-1950-ական թվականներին ստեղծված մշակութային կազմակերպությունները և ինստիտուտները: Խորհրդային տարիների «երկաթե վարագույրը» մեզնից ծածկում էր քաղաքակիրթ աշխարհի նվաճումներն, այդ թվում և մշակույթի բնագավառում: Սա իր դրոշմն է թողել ընդհանուր հայաստանյան մշակութային իրավիճակի վրա: Ստալինիզմի դարաշրջանում և նրա հետագա տարիներին մոռացության էին մատնվել ազգի լավագույն ավանդույթները: Արդեն XX դարի առաջին կեսից, հայերը և հատկապես մտավորակաները փորձում էին վերագտնել իրենք իրենց, վերածնել ակնածանքը ազգային ավանդույթների հանդեպ: Ազգային արվեստը և միջնադարյան ավանդույթներն ավելի քան երբևէ սկսեցին ուշադրության կենտրոնում գտնվել: Հետաքրքրությունը ժողովրդականի, ազգայինի հանդեպ աճեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում: Հայ արվեստագետի ու հայ մտավորականի համար անկասկած ավելի բեղուն ժամանակաշրջան էր սկսվում, ազատ մշակութային-հասարակական գործունեություն ծավալելու տեսանկյունից:

1960-ական թթ.-ից արդեն Հայաստանը վայելում էր իր հարաբերական անկախությունը, ինչը խրուշչովյան ձնհալով պայմանավորված առանձնահատուկ փոփոխությունների հետևանք էր: Այս տարիներին հայկական գիտակցության մեջ տեղի են ունենում զգալի փոփոխություններ ազգային մշակութային ժառանգության գնահատման տեսանկյունից: Հայաստանի համար դա հատկապես ժողովրդական արվեստի հանդեպ ունեցած վերաբերմունքի հարցն էր: Այս վերաբերմունքը կարելի է բնութագրել որպես ազգային կերպարի, ազգային դեմքի վերագտման փորձ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ազգի հետագա կյանքը: Արվեստագետների և գիտնականների ջանքերով ստեղծվում է համազգային հետաքրքրասիրություն դեպի հայ հին մշակույթը: Այն դառնում է մշակութային հիշողության օրգանական մասը:

Այս գործընթացն առաջ բերեց նոր անհատականությունների, ովքեր արժևորում, գնահատում և նվիրված էին իրենց ազնիվ գործին: Հովհ. Շարամբեյանը հենց այդպիսի նվիրյալներից էր: Նրան ի վերուստ էր տրված ապրելու, տեսնելու, գնահատելու հայկական մշակույթը՝ այն ամենը, ինչ ստեղծել է հայ մարդու ստեղծագործ միտքն ու աշխատասեր ձեռքը: Յուրօրինակ սիրով ու քնքշանքով է վերաբերվել ազգային պատմությանն ու մշակույթին՝ հին փողոցներին, պատմական արժեք ունեցող շենքերին, գյուղերում պահպանված հազարաշեն երդիկով տներին, անգամ թոնրատան անկլյունում դրված սևացած պղնձե կաթսային, փայտե գրտնակին, կարպետազարդ գդալնոցին՝ ծանրաբեռնված մեծ ու փոքր նախշազարդ գդալներով: Հաճախ մտորում էր, թե ո՞վ գիտե «այս կամ այն գորգը գործելիս, ասեղնագործ ժանյակը հյուսելիս կամ մանկան փայտե օրորոցը պատրաստելիս ի՞նչ է մրմնջացել կամ երգել վարպետը …»: Անվերջ հրի-թրի ու թալանի մատնվելով՝ հայկական բնակավայրերում այրել, ոչնչացրել կամ պարզապես գողացել են ամեն ինչ՝ գրքեր, մատյաններ, կենցաղային իրեր, կահկարասի և այլն: Հայն անվերջ ստիպված է եղել ստեղծել նորը՝ կրկնելով, ընդօրինաելով հինը, սակայն ավելացնելով նաև իր նոր ապրումներն ու հույզերը, իր ցավը, վիշտը, բերկրանքն ու ուրախությունը: Եվ այս ողջ ապրումները փոխանցվել են հայկական զարդարվեստի բուսական, երկրաչափական և կենդանական զարդանաշխերին, քարին, փայտին, գորգին, կարպետին, կավին, արծաթին, բնորոշ լեզվով ոճավորված պահպանել և արար աշխարհին ներկայացրել դարերի պատմություն ունեցող հայկական արհեստներն ու մշակույթը:

Հովհ. Շարամբեյանն առանձնակի հուզմունքով ընդգծում էր այն միտքը, թե Սփյուռքից վերադարձվող ամեն մի իր կարելի է դիտել որպես մի հուշարձան նրա պատվին, ով այն հայրենիք է ուղարկել, և այն հայրենասերնրն, ովքեր իրենց կամքից անկախ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հայրենիքի բարգավաճման գործին, սակայն գեթ մի արժեք, մի կորած մասունք կամ մոռացված հուշ են վերադարձրել Հայաստան, կարող են իրենց լավ գործ կատարած համարել:

Հովհ. Շարամբեյանն ուզում էր, որ չխաթավի ազգային մշակույթի պահպանման բնականոն ընթացքը: Նա ցավով տեսնում էր, թե ինչպես է խորհրդային շրջանում արվում ամեն ինչ, որպեսզի ազգերը, կորցնելով իրենց մշակույթի անհատականությունը, խառնվելով մեկ մշակութային կաթսայում, միաձուլվեն: Ուստի իր համախոհների հետ փորձել է ընդդիմանալ կործանարար այս ընթացքին: Սկսել է Հայաստանի, Վրաստանի քաղաքներից ու նկուղերից հավաքել հայկական ժողովրդական արհեստների նմուշներ, իսկ ավելի ուշ ստեղծել ժողովրդական վարպետների միություն՝ իր շուրջը համախմբելով ասեղնագործության, քարի և փայտի գեղարվեստական մշակման, գորգագործության, արծաթագործության, բրուտագործության և այլ բանիմաց վարպետ-արհեստավորների՝ նրանց առաջնորդելով դեպի հայկական ազգային մշակույթի ակունքները: Արհեստավորներին տալով հնարվորություն ընդօրինակելու անհատ մարդկանց մոտ և թանգարաններում պահպանված հին նմուշները՝ նա ոչ միայն հարություն է տվել այդ արհեստների զարգացմանը, այլ նոր միտք և խորհուրդ է մտցրել դրանց գնահատման, արժևորման ու օգտագործման մեջ:

Հովհ. Շարամբեյանը մարդկանց հետ ջերմ հարաբերություններ ստեղծելու զարմանալի շնորհ ուներ: Նա սիրով ուղղորդում էր վարպետին ստեղծելու նորը՝ նրբանկատորեն մերժելով այն ամենն, ինչ հարազատ չէր ժողովրդական արվեստի ակունքներին: Հուզվում և ուրախանում էր յուրաքանչյուր ավարտուն զարդանախշի, ժողովրդական արվեստի յուրաքանչյուր նմուշի ստեղծման համար: Հովհ. Շարամբեյանը նույնպիսի սիրով ու ջերմությամբ էր վերաբերվում իր շրջապատի մարդկանց: Շատ էր սիրում «հրաշք» բառը և իր հիացումն արտահայտում էր այդ բառով, քանի որ յուրաքանչյուր անձի կամ երևույթի մեջ կարողանում էր տեսնել միայն բարին ու գեղեցիկը:

1986թ. մայիսի 11-ին՝ կյանքի 60-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից կյանքից անժամանակ հեռացավ Հովհ. Շարամբեյանը: Մինչ կյանքի վերջին օրերը Շարամբեյանը հավատարիմ մնաց իր անցած ճանապարհին, բարու ու գեղեցիկի լուսավոր հունդեր շաղ տալու մարդասիրական դավանանքին: Թերևս դա է պատճառը, որ դիլիջանցիների համար նա դարձել էլ «Մեր Վանիկը»: Նա եղել է ազգի այն նվիրյալ զավակը, որ ժամանակի խառնաշփոթ փոշուց մաքրել և ճանապարհ է հարթել՝ ի ցույց աշխարհի դնելով հայկական դեկորատիվ կիրառական արհեստի գեղջկական մաքրություն ունեցող անաղարտ արվեստը: Հետագայում ըստ արժանվույն գնահատվեց նրա նվիրումը ժողովրական արվեստին. Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը և իր վերակառուցած Դիլիջանյան փողոցը կոչվեցին նրա անունով:

Կազմող ՝ Հասմիկ Բարխուդարյան
Արվեստաբան
2016 թ.

Աղբյուրը` Sharambeyan.am