Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Հրաչյա Թամրազյան. Կենսագրություն

Հրաչյա Հրանտի Թամրազյան (դեկտեմբերի 5, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2016, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1999):

Հրանտ Թամրազյանի որդին:

Կենսագրություն

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-1991 թվականներին Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-1993 թվականներին զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թվականներին ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցրել է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։

Ստեղծագործական գործունեությունը

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

Պարգևատրումներ

Հրաչյա Թամրազյանը գրական-թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների.

1984 - «Ավանգարդ» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,

1985 - «Գարուն» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,

1991- Հայաստանի Գրողների միության Ավ. Իսահակյանի անվան մրցանակ՝ «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար,

2003 - տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ «Զվարթ գիտություն» գրքի համար,

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (2003) և Հայաստանի Գրողների միության սահմանած (2005) «Լևոն Մկրտչյանի» անվան մրցանակներին՝ թարգմանչական գործունեության համար,

2007 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի,

2010 թ. «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Թեքեյան Մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին,

2011 - պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

2012 - շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ:

Գիտական մենագրություններ և ժողովածուներ

«Անանիա Նարեկացի. կյանքն ու մատենագրությունը», 1986 թ

«Նարեկյան դպրոցը», 2001 թ

«Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը», 2004 թ

«Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքը», (հայերեն, ֆրանսերեն) 2005 և 2007 թթ

«Գրիգոր Նարեկացին և Կիլիկիայի բանաստեղծական արվեստի դպրոցը», 2007 թ

«Ճառ սրբոյն Գրիգորի Նարկեացւոյ ասացեալ», 2009 թ

«Մատենագիրք Հայոց» , Ժ, «Գրիգոր Նարեկացի», կազմող և առաջաբանի հեղինակ, 2008 թ

«Մատենագիրք Հայոց» ԺԲ, «Նարեկյան դպրոցը և X դարի հայ մատենագրությունը», կազմող, խմբագիր և մի շարք առաջաբանների և բնագրագիտական հետազոտությունների հեղինակ, 2009 թ

«Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը» (ռուսերեն), 2011 թ

Տեսանյութը՝ Հանրային հեռուստաընկերության