Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Հրաչյա Թամրազյան․ Մարդ-ակնթարթ

...Ի՞նչ ներքին իմաստ ունի ստեղծագործությունը, ի՞նչ շարունակականություն, երբ այն ակնթարթորեն օտարվում է ստեղծագործողից՝ մի ծանր փլվածք թողնելով նրա ներսում... Բայց ժամանակ է անցնում, և պարզվում է, որ դա նույնպես երևութական է, քանի որ ստեղծագործությունը չի պոկվում իր ակունքից, իր կիզակետից, այլ, կարծես, մեկնում է երկարատև պանդխտության, և վերադարձի հոգեմաշ սպասումը ցրում է նրա ամբողջական մտապատկերը, չի թողնում անձնավորել, վերամարմնավորել, վերապրել այն, մինչդեռ դրա մեջ է արտացոլված և թաքնված ստեղծագործողի իսկական Ես-ը՝ սփռված, տարրալուծված ու ցանուցիր... Անհուսությունը, տևական հեռացումը, օտարումը՝ օտարում է սեփական ես-ից, հոգևոր միջուկից, հոգու կիզակետից, սակայն լինում են արթնացման պահեր, երբ քո տրոհված, թափառող, անհանգրվան բառերը, տողերը, բանաստեղծությունները պետք է ի մի բերել, և կենտրոնաձիգ մի ուժ պտտահողմի նման այդ ամենը կուտակում է քո ներսում, ու դու այդ խտանյութի մեջ վերապրում ես, ճանաչում ես, ներզգայում ես ինքդ քեզ, քո թափառող ներաշխարհը:

Զգալ բանաստեղծությունը իբրև ներաշխարհ, հոգևոր մարմին, գերզգայուն թաղանթ, երբ քո մոռացված երգերը բռնում են տունդարձի ճամփան... Զգալ, ինչպես շունչը, ինչպես մարմինը, կյանքը, ցավը, հրճվանքը, ինչպես ասեղի ծակոցը աչքի թաղանթին...

Դա կլինի նրա երկրորդ ծնունդը՝ դառնալով մեկնակետ ներաշխարհի հաջորդ մեծ պայթյունից առաջ, որ այս անգամ հեռահար կարոտի ալեծածան դիմագծերը կտարածի մինչև օտար, անծանոթ երկինքներ, ու նա կճախրի ուրիշ ներտիեզերքում, որտեղից դժվար է վերադարձը՝ սեփական ես-ը, սեփական դեմքը պահպանելու ու վերագտնելու համար...

Այդպես համընկնում են իրար դիմագծերը, դեմքերը, կյանքերն անգամ, այդպես հատում են իրար ճակատագրերը, այդպես, երջանիկ մի պահի, հաղորդվում ես համընդհանուր ես-ին, որ համաբնութենականից է բնությանը, տիեզերքին և Աստծուն...

Այդպես, գտնելով և կորցնելով քեզ, հավերժ գոյացումի և հղացումների ճանապարհին դու դառնում ես ինքնարարիչ՝ ընտրության վերին այն իրավունքով, որ քեզ բերում է վերսլացման ու ինքնասուզման լեռնանիստ հովիտներն ու լեռնապարերը, որ նախորդում է մեծ խոնարհումին...

Ու հետո գուցե, ժամանակի ահեղ գալարապտույտներում այլ կենսոլորտներ և այլ հոգեկերտվածքներ քեզ կներընդունեն, և դու վեր կխոյանաս ու կգահավիժես դարձյալ մինչև քո թողլքված ես-ը: Մինչև անդնդախոր հոգու խորխորատները...

*
Այդ ամենը՝ իբրև տպավորությունների, օրերի շղթա, հոգու ծիր, կարոտ, որ նման է հավերժ վերադարձի, պետք է կարողանալ զգալ իբրև այրող վերապրում, հետադարձ հայացք՝ մաքուր ու վճիտ գույների ակունք։ Այնժամ գուցե քո տարածական ես-ը կխմի ու կհագենա իր իսկ երբևէ արձակած շիթերից, որ հիմա զտված ու մաքուր հոսում են դեպի ներս...

Սա մղում է խորհրդածության...

Բանաստեղծությունները հաճախ դառնում են տեսլաշարեր, հայացքը հարում է մայր բնությանը, խոսքը ձգտում է հարասության, և այս ամենն իբրև ներզգացողություն դառնում է տարածական, ձգտում է ասես անհունին, հոսում է անսկիզբ ու անվերջ, և միայն պայծառ բռնկումներն են, որ տեսանելի են դարձնում այդ հաճախ աղոտ ընթացքը՝ իբրև վառ նախշեր կյանքի ցանցկեն հյուսվածքի վրա, որի տիրակալն է Մարդ – ակնթարթը՝ Ներքին մարդու հավիտենական հպատակը, որն արարում է Ասացող բնության խորքում՝ մեծ հուզազեղումներից, ներքին բնության արտահեղումներից, խենթացող խոսքի ապոթեոզներից առաջ, երբ հաճախ մթագնում է բանականությունը, և կյանքի կտավը ներկվում է արյունով...Պատմությունն այդժամ ընդմիջվում է մահախուճապ երթերով ու ծանր դադարներով, կոտրվում է լինելության ողնաշարը, և դահճապարտ դարը հեռանում է պատմության թատերաբեմից, այդժամ ամեն ինչ պետք է սկսել նորից նոր՝ ապավինելով մայր բնությանը:

... Եվ խոսքն ու բանաստեղծությունը մերձեցման եզրեր են գտնում իրար հետ. այդ դու չես գտնում այդ եզրագծերը, այլ ներշնչանքով ապրող բառերը մի պարզ փոխակերպմամբ, ներքին պայծառացմամբ հարում են իրար՝ արձակ և ազատ շնչառության մեջ գտնելով երգեցիկ, համաշունչ և համահունչ խմբերգերը, որոնք կառավարում են մեր արյան առուները, մեր տիեզերական շնչառությունը, և ամեն անգամ քաոսից մինչև ներդաշնակություն այդ շարժումը ավարտվում է երգով...

Այդ մեր արյունն է երգում, և աստվածարյալ արյան զանգերն ու ղողանջները տարածվում են ներտիեզերքում և արձագանքում նրանից դուրս և նրա խորքում: Եվ այդպես է լինում, որ մեր զարկերակի զարկն ու բանաստեղծության խռովքը խփում են համաչափ, ու աստվածային Բանիվ ճակատագրական այդ զարկերը լսելի են դառնում մեզ և, իբրև լույս ու ձայն, նոսրանյութի պես սփռվում են տիեզերքում: Ամեն ինչ կյանքում՝ բանաստեղծության մեջ դառնում է էութենականից, և նախնականության ու լինելության ձգտող այդ խմբերգը, վեհաշուք խորալը դառնում է էութենաբանություն...

Եվ ամեն ինչ սկսվում է զարկերակի զարկից... Եթե կորցրել ես ներքին լսողությունդ, այդ զարկը խուլ է քեզ համար, և դու համրանում ես տեսածիդ առջև:

Ահա այս հղացքն է երգերը տանում հանկարծագյուտ պատկերների՝ կապելով նրանց արարչագործության ուսեղ շղթային, մարդուն համաբնութենականից դարձնելով տիեզերական երաժշտությանը, նրա հարմոնիկ հոսքերին, հոգևոր լարում, անընդհատականություն, ներքին տագնապ ու խռովք հաղորդելով մեր գոյության ամեն վայրկյանին, մեզ վերածելով Մարդ - ակնթարթի և մեր կյանքերը վերածելով ինքնազեղման: Այդ հուզազեղումն է մեր ինքնազոհության ծեսը հոգևոր տիեզերքի զոհասեղանին...

Հոգին ճամփորդ է երկնուղեշ ծիրում, և այդ հոգևոր շրջապտույտում հնչում է խոսքը՝ ՙդարձ ի շրջանս յուր՚, իսկ այդ շրջանը տիեզերքն է, ներաշխարհը, որ ցավ ու կարոտ է արտածում արտաշխարհի լռանիստ ու շառաչող շեմերին...

*
Ինտիմ, ինտիմ, առավել ինտիմ ու խոր ներզգացողություն չկա աշխարհում, քան երբ մարդը մնում է մայր բնության հետ կատարելապես մենակ, երես-երեսի, ասես մորեմերկ, ու հանկարծ այնժամ իր մեջ է սուզվում մի ուրիշ էակ, մի Մարդ-ակնթարթ՝ արտաքուստ տրված մի հրամանով, շարժումով ձեռքի, մի խենթ ուժանակ, խմորվող մի խորք, որ խառնվում է բնության հենքին, որը նրանով շարժվում է առաջ... որը նրանից մուրում է միայն տևականություն, մի այլ ժամանակ ժամանակների մեջ... հավիտենորեն ապրող ակնթարթ, հետո թուլանում հուզազեղումից ու նորից մտնում է բնության փափուկ շղարշների տակ...

Ինչու՞ է նա աշխարհ գալիս ու հեռանում. ի՞նչ հիշեցում է, ի՞նչ գաղտնիք է դա, որն իբրև ոսպնյակ արտացոլում է միեղեն կյանքը. համաբնութենակից, տիեզերական այդ Ակնթարթը, որն առնում է մեզ իր փայլերի տակ, խնամակալում մեր ամբողջ կյանքի տևականությունն ու ժամանակը:

Սակայն ի՞նչ է նա` լուսեղեն բղխո՞ւմ, դրախտային հո՞ւշ, թե՞ աստվածային մարդեղացման ներքին արտացոլանք, որն այցելում է մեզ այդ պահերին` մայր բնության հետ ներանձնության մեջ ու դառնում անվախճան զրույց կամ հարաժամ աղոթք...
*
Մի հոգի, մի ուրվական, բնության մի պատառիկ քամուց քշված՝ հառաչում է անձրևի տակ... Դու՞ ես, արդյոք, անձնավորում բնաշխարհը, թե՞ նա է քեզ ամեն անգամ հույզ ներշնչում, շունչ ու հոգի, այդ խոր արտացոլանքը, այդ տպավորությունը, այդ միջնաշխարհը, որ արթնանում է ձեր միջև, ո՞ւմ է պատկանում, ումի՞ց է սկսվում և դեպի ու՞ր է վերադառնում... Նա շրջվում է դեպի քեզ՝ իբրև կարոտախտ, նա քայլում է քեզնից անդին՝ իր հետ տանելով հոգուդ թափառող, շարժվող դրոշմը, նրա տատանումները... Ու հետո պիտի այդ դատարկ տարածքը լցնի քեզ ներքաշող բնությունը, որ ներծծում է հայացքդ, որ խայթում է աչքերդ իր ասղնտող միրաժներով... Նա քեզնից հոգի է կորզում, իբրև բնության խորապատկերներով թափառող կերպարանք, որն ի զորու է անձնավորել, զգալ ու տեսնել բնությունը, զրուցել նրա հետ, բառերով դիպչել նրա մայր հենքին, որ մնում է չճանաչված, ինչպես որ մենք ենք մնում անճանաչելի... Երկուստեք այդ փախուստը բնության մեջ ծվարած քո իսկ հոգուց ջլատում է միջնաշխարհը, որ կյանքի սերուցքն է. այն դառնում է դատարկ ու թափուր՝ իբրև անկենդան մարդ և ամայի եզերք...

Եվ ի՞նչ է ստեղծագործելն այս ամենից ետ. ետադարձ հայացք, տպավորությունների հոսք, ծառացում՝ խոսքի շաչող հողմերի առջև, որ որսալ ես ուզում բառերի ցանցերով: Այս ամենը վերածվում է հոգու խոլապտույտի, որի խռովահույզ հոսքերի մեջ հաճախ պատռվում են հոգու թաղանթները, որ բնությունը բուժում է իր հոգեպարար սպեղանիներով, ինչպես կտրված ծառն է պատվում խեժով: Այս ողբերգական արտահեղումներն են, որ վերջանում են երգով, և ուրեմն երգը բնության մի մասն է կամ սրբազան մասունքը, քանի որ դա ամենն է, ինչ մնում է այստեղ այդ Մարդ - ակնթարթից, տիեզերական այդ ցոլացումից և մեր ճամփորդությունից այս հայելացող կյանքում, ուր այցելում ենք միայն մեկ անգամ՝ մեր գոյության ճառագայթները անհունի սիրտը խրելով...

*
Կարողանալ մեն մի ակնթարթ նայել բնության բաց աչքերին... Շրջվելով՝ տեսնել քո հետքերով քայլող այդ Մարդ - ակնթարթին, որ չքանում է իսկույն՝ քեզ թողնելով մենակ ու մոլոր, ու դու ողջ էությամբ, ներընկալումով կառչում ես այդ ակնթարթից տենչալով, որ շառավիղը, հետագիծը, տպավորությունը, հուզազեղման վերհուշը, վերապրումը տևի՝ քեզ պահելով հոգևոր լարման ներքին հոսանքի մեջ, որ դու ընթանաս նրա բացած երևութական հուներով մինչև հաջորդ հանդիպումը, տեսլացումը, ցոլարձակումը Ներքին մարդու, որն իր նմանակին է հանդիպում բնության խորքում, այդ Մարդ - ակնթարթին, որն այնքան հազվադեպ է մեզ այցելում կյանքի տեսանելի արտացոլքերում, բայց որի կենդանի տպավորությունը, շարժվող դրոշմը տևում է Ցկյանս...

Եվ սա է մարդուն մղում խոսելու և չափաբերելու կյանքը... Եվ մարդ - ակնթարթը դառնում է թափառող ասք..., երգող արյուն, որի խորքում թևաբախում է մեր երազների հավերժական չուն...