Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք

-

Հայերիս քաղաքակրթական տեղի և դերի, ինքնության և արժեքային կողմնորոշման հարցերը պարբերաբար դառնում են եթե ոչ՝ հասարակական քննարկման, ապա՝ գոնե մտավոր կամ քաղաքական նեղ շրջանակների դիսկուրսի առարկա: Մասնավորապես, միանշանակ դատողություններ են արվում հայկական ու եվրոպական արժեքների գրեթե նույնական լինելու և մեր քաղաքակրթական պատկանելությունն այս թեզից բխեցնելու առումով:

Առհասարակ, ինքնությանը, մշակութային կամ քաղաքակրթական փոխազդեցություններին վերաբերող հարցերը շատ բարդ են: Այդուհանդերձ, չհավակնելով գիտական խորության, խիստ համառոտ շարադրենք մեր պատկերացումները` նպատակ ունենալով այս հարցերում մտցնել որոշակի ելակետային ճշգրտումներ և առաջ բերել առողջ քննարկում:

* * *

Հոգեկերտվածքով և բնաշխարհագրությամբ մենք և մեր բարձրավանդակը ո՛չ Արևելք ենք, ո՛չ Արևմուտք, բայց միաժամանակ՝ և՛ Արևելք ենք, և՛ Արևմուտք: Մենք համադրույթ ենք Արևելքի և Արևմուտքի` թե՛ հոգեմտավոր գծերով, թե՛ աշխարհաքաղաքական դիրքով. մի յուրահատուկ խաչմերուկ արևելյան և արևմտյան մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների, տնտեսական ուղիների… Մենք հոգով Արևելք ենք, մտքով` Արևմուտք:

Սակայն ամենից առաջ մենք Մենք ենք` իբրև ինքնատիպ Էություն և Բնություն, իբրև Ազգ և Հայրենիք, իբրև Հայ և Հայաստան:


Մեր երկիրը` Հայկական բարձրավանդակը, իր բնությամբ և աշխարհագրական դիրքով ո՛չ Ասիային է պատկանում, ո՛չ Եվրոպային: Միաժամանակ, այն իրար է զոդում ասիական ու եվրոպական բնաշխարհները (ցամաքամասերը), հավասարապես լինելով և՛ Ասիա, և՛ Եվրոպա: (Այս մասին ավելի լուրջ տեսական գործ, քան կատարել է մեր մտածողներից Հայկ Ասատրյանը, դժվար է գտնել):

Մեր լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, մեր այբուբենը` ինքնատիպ:

Մեր մարդաբանական տիպն առանձնահատուկ է` «արմենոիդ»:

Մեր եկեղեցին ո՛չ կաթոլիկ է, ո՛չ օրթոդոքս, այլ` արևելաքրիստոնեական եկեղեցիներից գլխավորը:

Մեր տոմարը ևս առանձնահատուկ է. Հուլյան և Գրիգորյան տոմարներին զուգահեռ` մենք օգտագործել ենք նաև սեփական տոմարական համակարգերը և օրացույցը:

Մեր ճարտարապետությունն ինքնուրույն է` հայկական (առնվազն, ա՛յդ են վկայում Թորոս Թորամանյանի` հայկական ճարտարապետության վերաբերյալ ուսումնասիրությունները):

Մենք ունենք ինքնուրույն երաժշտություն` անկախ արևելյան կամ արևմտյան ազդեցություններից (վկա՝ Կոմիտաս վարդապետը):

Մեր գրականությունը (հատկապես` պոեզիան), թեև ունի արևելյան ու արևմտյան երանգներ, բայց այն ոչ ասիական է, ոչ եվրոպական, այլ` հայկական: Նույնը կարելի է ասել հայկական նկարչության մասին…

Այսպիսով, մենք ո՛չ ասիացի ենք, ո՛չ եվրոպացի: Մենք, առաջին հերթին, Հայ ենք և այնքան ենք եվրոպացի, որքան ասիացի: Արևմուտքը մեզ դիտում է՝ իբրև Արևելք. եվրոպացիների համար մենք արևելյան ազգ ենք` ասիացի: Արևելքի ընկալմամբ` մենք Արևմտյան աշխարհի մաս ենք, եվրոպացի: Մեր քաղաքակրթությունը, ըստ այդմ, զուտ եվրոպական (արևմտյան) կամ զուտ ասիական (արևելյան) կաղապարներում չի տեղավորվում: Այն, նախևառաջ, հայկական է` հաղորդակից և ներդաշնակ արևելյան ու արևմտյան էություններին:

Բայց մեր կյանքի ընթացքը, որդեգրած ուղին չեն բխում առարկայական այս իրողություններից: Մենք ամեն ինչով «ձգտում» ենք Արևմուտք, իսկ Արևելքում չենք փնտրում այն, ինչ պետք է փնտրել: Կա ներդաշնակության խախտում` «քաղաքակրթական Արևմուտքի» և «մշակութային Արևելքի» հանդեպ մեր կողմնորոշումներում:

Օրինակ, «քաղաքակիրթ աշխարհ» ասելով` մեզանում շատերն առավելապես հասկանում են «արևմտյան աշխարհը», մնացածներին (այդ թվում` չինացիներին, ճապոնացիներին) թողնելով քաղաքակրթական «լուսանցքում»: Կամ անընդհատ տարփողվում է եվրոպական արժեքների* և մեր արժեհամակարգի գրեթե նույնականության թեզը, կարծես թե, ասենք, Կոնֆուցիոսի բարոյախոսությունը և, առհասարակ, արևելյան իմաստությունները խորթ են մեր արժեհամակարգին:

Մշակութային կամ քաղաքակրթական փոխազդեցութունների առումով մենք սնվել ենք և՛ Արևելքից (Ասիայից), և՛ Արևմուտքից (Եվրոպայից): Բայց, միաժամանակ, սնել ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին, և փոխադարձաբար հարստացել:

Մենք հոգով պետք է լինենք Արևելքում` սնվենք այնտեղի հոգևոր իմաստություններից, մտքով` Արևմուտքում, մշտապես հաղորդակից բնագիտության և տեխնիկայի նվաճումներին:

Մենք դաշնակիցներ պետք է փնտրենք թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում` առավելապես ելնելով ժողովուրդների հոգեհարազատության և քաղաքակրթական ընդհանրության սկզբունքից:

Իսկ ամենից առաջ մենք Մենք պետք է լինենք` իբրև Հայ և Հայաստան:

* - Նախ, պետք է հստակ տարբերակել «դասական» եվրոպական (իրականում` արևմտաեվրոպական) արժեքներն արդի արևմտյան հակա-արժեքներից (առաջին հերթին` հոգևոր և բարոյական): Իսկ թե որքանով են, օրինակ, ուղղափառ սերբերը, կաթոլիկ իսպանացիները և բողոքական անգլիացիները միևնույն «եվրոպական» արժեհամակարգի կրողը, դեռ լուրջ գիտական հիմնավորման կարիք ունի:

Մուշեղ Լալայան
ՀՀԿ փոխնախագահ

Աղբյուր՝ 168.am