Այսպէս է ասում Տէրը. «Ուրեմն, դէն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, որպէս նորածին երեխաներ՝ միշտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար» (Պետրոս 2:1-2)

Ռուզան Ասատրյան․ Կոկոս փղիկը

Կար-չկար ընդամենը երեք տարեկան մի փղիկ կար: Ինչպես բոլոր հեքիաթներում, նա էլ այս հեքիաթի մեջ շատ արագ մեծացավ: Փղիկը խոշոր ու բարի աչքեր ուներ: Անտառի թռչունները նրա լայն մեջքի վրա հանգիստ քնում էին, երգում ու ծլվլում: Ճնճղուկը նույնիսկ փղիկի մեջքին բույն էր դրել: Փղիկի անունը Կու էր: Նա կոկոս շատ էր սիրում: Հաճախ այնպես էր թափահարում կոկոսի ծառերը, որքիչ էր մնում տեղից պոկեր: Անտառի բնակիչները` արջը, առյուծը, վագրը, աղվեսն ու նապաստակը, գրեթե բոլոր թռչունները մի օր, անձրևից հետո, հավաքվեցին անտառի բացատում և որոշեցին Կուին միաձայն անվանել Կոկոս փղիկ: Սկզբում ծիծաղում էին այդ անունի վրա, սակայն շուտով բոլորը հարմարվեցին: Նրա հետ ամենաշատ ընկերություն էր անում Նունու անունով կապիկը: Որպեսզի կոկոսի ծառերը Կուն արմատահան չաներ, Նունուն արագ-արագ բարձրանում էր ծառի վրա և համեղ կոկոսները պոկելով, տալիս էր փղիկին: Փղիկն էլ Նունուին պաշտպանում էր գիշատիչ կենդանիներից: Շուտով նրանց կողքին հայտնվեց նաև հարյուր տարեկան ծեր ագռավը, որն անտառում փոստատար էր աշխատում: Եվ ահա մի օր առյուծը, առանց ծրարի, բաց նամակ է ուղարկում իր ընկերներին: Այնտեղ գրված էր, որ այսօր մայր եղնիկի ծննդյան օրն է: Ոչ թե եղնիկը պետք է ծնունդը նշի, այլ իրենք կշրջապատեն բացատը և եղնիկներին որսալով, մի լավ կզվարճանան: Ագռավը շատ խղճաց եղնիկին և նամակը բարձրաձայն կարդաց Կոկոս փղիկի մոտ: Նունուն վախեցած դես ու դեն էր ցատկոտում:

- Դե շուտ գնանք նրան փրկելու, թե չէ խեղճ եղնիկին պատկերացնում եմ արդեն առյուծի թաթերի մեջ ու ամբողջ մարմինս դողում է, - շտապեցնում էր Նունուն:

- Շտապենք, - ասաց Կոկոս փղիկը, - ճվճվալու փոխարեն, արագ բարձրացիր մեջքիս: Մենք պիտի փրկենք եղնիկին ու իր ձագերին:

- Կռռ, կռռ, - լսվեց ագռավի ձայնը: - Նամակը տեղ չեմ հասցնի, վերջ, արդեն պատռել եմ: Հիմա կթռչեմ բացատ ու քեզ ցույց կտամ առյուծի տեղը: Նա անհետացավ ամպերի մեջ:

Միամիտ եղնիկները, իսկապես, սեղան էին բացել ու պատրաստվում էին շնորհավորել իրենց մայրիկի ծննդյան օրը: Նրանք անտառի ամենագեղեցիկ ծաղիկներով ու մրգերով զարդարել էին բացատի կանաչ տարածքն ու բոլորովին էլ չէին մտածում մոտակա վտանգի մասին:

- Ես ամեն ինչ տեսա վերևից, առյուծը թփուտների մեջ սողալով մոտենում է եղնիկներին, - ասաց ագռավը:

- Ապրես, սրանից հետո ոչ թե փոստատար, այլ անտառի հետախույզն ես լինելու, - ասաց Կոկոս փղիկը:

Ագռավն իր նոր պաշտոնի համար շատ ուրախացավ: Նա վայրէջք կատարեց Կոկոս փղիկի մեջքին, ապա հին ու կոշտացած սուր ճանկերով կառչեց փղիկի մեջքի կնճիռներից:

Կոկոս փղիկը մոտենում էր բացատին, սակայն ագռավի բերած լուրերի համաձայն, առյուծն ավելի էր մոտեցել:

Եղնիկ մայրիկը հանկարծ թփերի մեջ խշրտոց լսեց: Զգալով վտանգը, նա իր ձագուկներին ուղարկեց բացատի խորքը, իսկ ինքը կանգնեց մենակ և վախվորած հոտոտեց շուրջը:

- Ինչ լինելու է, թող որ ինձ լինի, միայն թե ձագուկներս ողջ մնան, - մայր եղնիկի աչքերը լցվել էին արցունքով:

Խորամանկ առյուծը հեռվից նկատել էր Կոկոս փղիկին: Նա լավ գիտեր, եթե փղիկը իրեն բացատում բռնի, հաստատ կողերը կջարդի: Նա անսպասելիորեն սկսեց ծաղիկներ հավաքել: Եղնիկի ձագուկները վախից կծկվել էին թփերի տակ: Հանկարծ նրանք նկատեցին, որ առյուծը ծաղկեփունջը ձեռքին մոտեցավ մայր եղնիկին ու ծնկի իջավ նրա նուրբ ու քնքուշ դնչիկի տակ:

- Դու անտառի գեղեցկուհին ես, մայր եղնիկ, եթե դու չլինես, անտառի ժպիտը կչքանա…

Եղնիկը նայեց և իր թիկունքում տեսավ հսկա Կոկոս փղիկին: Նա կնճիթով կոկոսներով լցված մի զամբյուղ էր բերել: Մայր եղնիկը իսկույն հասկացավ, որ առյուծը խորամանկել է` աչքի առաջ ունենալով Կոկոս փղիկի ուժն ու բարությունը:

Անտառի բացատում ուրախ ծնունդ էր, իսկ առյուծը աննկատ հեռացել էր:

- Շնորհակալություն քեզ, Կոկոս փղիկ:

Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։