Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Արքաների Քաղաքամայրը. Արտաշատ

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես առաջինի օրոք մ.թ.ա. II դարում: Հայտնի է, որ Արտաշատի տեղադրությունը որոշելիս, հայոց արքային օգնել է կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալ Բարկան, որը հանդիսանում էր Հռոմի ոխերիմ թշնամին: Արտաշատը կառուցվում է Արաքս և Մեծամոր գետերի միախառնումով ստեղծված՝ 12 փոքր ու մեծ բլուրների վրա: Հիմնվելով անտիկ հեղինակների վկայությունների վրա՝ պարզ է դառնում, որ քաղաքամայրը եղել է տարածաշրջանի զորեղ առևտրական քաղաքներից մեկը, գտնվել է միջազգային առևտրական ճանապարհների խաչմերուկում, այսինքն` տեղի ընտրությունը շատ հաջող էր կատարված թե՛ ստրատեգիական և թե տնտեսական առումով ու միանգամայն համապատասխանում էր այն բոլոր պահանջներին, որոնք, ըստ անտիկ հեղինակների, անհրաժեշտ էին քաղաքի կառուցման համար: [1, էջ 181-188]


Արտաշատի առաջին բլրի հատակագիծը. Ճարտարապետ` Արմեն Տոնիկյան

Մի շարք եվրոպացի միսսիոներներ, ճանապարհորդներ, ինչպես նաև տեղի գիտնականներ, որոնցից էր նաև խոշորագույն գիտնական Ղեվոնդ Ալիշանը՝ հիմնվելով պատմիչների հիշատակությունների վրա փորձում էին գտնել Արտաշատի տեղադրությունը, սակայն նրանք շփոթել էին Դվինի ավերակները Արտաշատի հետ, քանի որ Դվինի հարևանությամբ Վերին Արտաշատ գյուղն է գտնվում: Այստեղ՝ 1899թ. պեղումներ էր իրականցնում անվանի հայագետ Նիկողայոս Մառը, սակայն նա չհաստատեց արդյոք Արտաշատն է այստեղ, թե՞ Դվինը: Այսպիսով և ավարտվեցին Արտաշատ մայրաքաղաքի որոնումները: [2, с. 17]

1967 թ. Փոքր Վեդի գյուղում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, աշխատողները հանդիպում են մի քարի, որի վրա երևում են լատիներեն տառեր։ Դրանցից մեկը` առաջինը, բաղկացած է կրաքարե հինգ սալից (երկ. 8,5 մ, լայն. 0,80 մ): Արձանագրությունը պատկանում է Տրայանոս կայսրին, ընթերցվում է հետևյալ կերպ. «Իմպերատոր Կեսար աստվածային, Ներվայի որդի Ներվա Տրայանոս, օպտիմոս (լավագույն), օգոստոս (վեհափառ), Գերմանիկոս (գերմանական), Դակիկոս (Դակիական), Պարթևիկոս (Պարթևական), գերագույն քուրմ մաքսիմոս (մեծագույն), տրիբունի իշխանությամբ (օժտված) 20 անգամ, կայսր (հռչակված) 13 անգամ, հյուպատոս անգամ, (հայրենիքի, հայր՞), սկյութական IV լեգեոնը կատարեց (կանգնեցրեց): Արձանագրությունը գրված է` «116 թ. փետրվարի 20-ից կամ 21-ից հետո և դեկտեմբերի 10-ից առաջ» [3, էջ 308]:

Տրայանոս կասյեր լատիներեն արձանագրությունը գտնված Փոքր Վեդի գյուղից

Քանի որ Փոքր Վեդին գտնվում Է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հյուսիս-արևելյան սահմաններում, հայտնաբերված բոլոր նյութերը կապվում են այդ հին մայրաքաղաքի և ընդհանրապես հայոց պատմության շատ կարևոր բացթողումների հետ: Ի վերջո մեկնարկեցին քաղաքամայր Արտաշատի պեղումները: 1967 թ. սկսվեցին տեղանքի մեծամասշտաբ ուսումնասիրությունները, իսկ արդեն 1970 թ. սկսած պեղումները հարուստ ու բազմատեսակ նյութեր տվեցին` բացահայտելով քաղաքի բազմակողմանի զարգացած մշակույթը: Պարզվեց, որ Արտաշատի բլուրները բնակեցված են եղել դեռևս վաղ երկրագործական շրջանում: Այդ են վկայում VII և VIII բլուրներում հայտնաբերված մ. թ. ա. V-IV հազարամյակի բնավայրի հետքերը:

I բլուր. Առաջին բլուրը իրենից ներկայացնում է եռանկյունաձև հատակագիծ ունեցող, մեծ սրահներով և աշտարակներով կառույց, որոնց տրամագիծը որոշ հատվածներում հասնում է 9-10 մետրի: I բլուրը սկիզբ է առնում հյուսիային կողմից: Բլուրն ունի պաշտպանական նշանակություն: Այստեղ բացվել են զորանոցային տիպի շինություններ, դարբնի, զինագործի և այլ արհեստանոցներ։

II բլուր. Առաջին բլրի հարավարևմտյան կողմից պատերը իջնում են, որոնք և միացնում են առաջին և երկրորդ բլուրները: Այն ունի 70 մ բարձրություն, ծառայել է իբրև միջնաբերդ:

III և IV բլուրներ. II և IV բլուրները մտնում էին պաշտպանական ընղհանուր համակարգի մեջ և ապահովում III բլրի կապը V բլրի ու քաղաքի մյուս թաղամասերի հետ:

Արտաշատ մայրաքաղաքի միջնաբերդը, ուրարտական աղյուսե, որմնահեծ պարիսպներով:

V բլուր . V բլուրը բնակության համար շատ հարմար է (նկատելի են մեծ վառարանների հետքեր): Պեղումների արդյունքում բացվել են բնակելի տներ, դարպասի դիմաց` մասնավոր արխիվի մնացորդներ [4, p. 365-370,] : Հնարավոր է, որ այստեղ է եղել մաքսատունը և հրապարակ-շուկաներից մեկը:

VI բլուր. Արտաշատի պաշտամունքայի կենտրոնը VI բլուրն էր (բարձ. 50 մ), որի վրա կառուցվել է Հայաստան աշխարհի և Արտաշատի հովանավոր Անահիտի,ինչպես նաև թագավորի նախնիներին նվիրված տաճարը: Հայտնի է, որ պաշտամունքային վայրերը չեն փոխվում. այստեղ է գտնվում Խոր Վիրապը:

VII բլուր . Այս բլուրը իրենից ներկայացում է արհեստավորական թաղամաս, այստեղ ապրել են արհեստավորներ և միջին դասի քաղաքացիներ: Չպետք է մոռանալ զինվորականությանը, որովհետև VII բլուրը I բլրի նման, իր դիրքով, ուներ շատ կարևոր ֆունկցիա։ Դա՝I,III,IV և V բլուրների հետ միասին II և VI բլուրների պաշտպանության ապահովումն էր։

VIII բլուր . VIII բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, կիր պատրաստելու վառարան, գինեգործության հետ կապված մի շարք պարագաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է արհեստավորների տարածքը:

Մյուս բլուրները նույնպես ունեցել են պաշտպանական պարսիպներ և կազմել են քաղաքի մասը: Սակայն, քանի որ Արտաշատի բլուրները հարուստ են սև մարմարով՝ մի քանի բլուրներ պայթեցվել են, ինչի հետևանքով տուժել են նաև կառույցները:

Արտաշատ մայրաքաղաքի հարավարևմտյան կոմղում գտնվող հասարակական բաղնիքի տարածքը:

Հասարակական բաղնիքի ամենամեծ բաղնիքներից մեկը հիպոկաուստիկ սյուներով:

Հետագա տարիներին՝ մասնավորապես 2003թ.-ից սկսած Արտաշատի պեղումները իրակացվում են ներկայիս բլուրներից դեպի հարավ-արևմուտք՝ Արաքս գետի հարևանությամբ: Այստեղ բացվել են մոնումենտալ շինության բացառիկ հետքեր: Ուշագրավ է հասարակական բաղնիքը՝ իր հիպոկաուստիկ սյուներով և մոզաիկ ամենատարբեր պատկերներով: Այն բաղկացած է 9 մեծ ու փոքր սենյակներից, որոնք բավականին լավ են պահպանվել: Բացառիկ նշանակություն ունի բաղնիքի հարևանությամբ հայտնաբերված տաճարը, որը, թերևս, ՀՀ տարածքում հայտնաբերված ամենավաղ ու ամենամեծ հեթանոսական տաճարն է (մինչ այս մեզ հայտնի էր միայն Գառնիի տաճարը): Տաճարը ունի մոտ 22.5 մ լայնություն և 30 մ երկարություն: Տաճարը կառուցված է հսկայական ժայռերի վրա, որոնք հղկված են և ծառայում են որպես ստիլոբադ: Տաճարի սյուների վրա առվակոսներ են փորագրված (կանելյուռներ), տաճարը ունեցել է երեք հսկայական ակռոտերիներ և այլն: Պեղումներից մինչ օրս էլ ի հայտ են գալիս այդ շքեղ տաճարի բեկորները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել հին Հայստանի տաճարաշինության և ճարտարապետության մասին:

Արաքսի ափին հայտնաբերված տաճարի վերակազմությունը. ճարտարապետ` Գևորգ Գյուլամիրյան

Հատված խճանկարից

Պեղումները չեն դադարում անակնկալներ մատուցել ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ նաև ամբողջ աշխարհին: 2013թ. պեղումների ընթացքում վառված գերանների տակից ի հայտ եկան շուրջ 850 Սասանյան կնքադրոշմներ ամենատարբեր պատկերներով՝ Սասանյան արքաներ (Շապուհ II, Վարահրան I, Արդաշիր և այլն), նախարարներ, կենդանիներ և այլն: Փաստորեն մենք գործ ունենք հսկայական մի արխիվի հետ, որը հաստատում է այն փաստը, որ Արտաշատը առևտրական քաղաք է եղել:

2014թ. իրականացվող հնագիտական աշխատանքների ժամանակ՝ բաղնիքի կից սենյակի պատը բացելիս, հայտնաբերվեց հաջորդ անակնկալը՝ որմանկարներով մի սրահ, որոնք բացառիկ են և միակն են տարածաշրջանում: Դրանք նման են Պոմպեյ և Հերկուլանում քաղաքների հնագիտական պեղումներից ի հայտ եկած որմնանկարներին՝ ամենատարբեր գույներով, բուսաերկրաչափական բազմաժանր զարդամոտիվներով:

Հարկ եմ համարում կրկին նշել, որ Արտաշատը լինելով մայրաքաղաք` դարձավ Հայաստանի քաղաքական ու տնտեսական հզորության մարմնավորումը: Այն՝ իր ռազմավարական դիրքի և տնտեսական բարենպաստ պայմանների շնորհիվ, հինգ հարյուր տարուց ավելի պահպանեց առաջին քաղաքի դերը, որի վառ վկայությունն են բազում տարիների հնագիտական աշխատանքների շնորհիվ հայտանաբերված արխիվները: Արտաշատը բազմաշերտ և բազմաբովանդակ մի հուշարձան է, որի մեջ կարող ենք գտնել պատմություններ և քաղաքակրթություններ, մշակույթներ և մշակութային զարգացման կարևորագույն փուլեր: Սպասում ենք նոր անակնկալների, Արտաշա՛տ:

1. Ժ. Դ. Խ ա չ ա տ ր յ ա ն. Հայաստանի անտիկ շրջանի քաղաքներն քաղաքաշինությունը
2. Б. Аракелян, АрташатI,Ереван 1982 с. 17
3. Բ. Ն. Ա ռ ա ք ե լ յ ա ն. Լատիներեն արձանագրություններ Արտաշատմայրաքաղաքից.ՊԲՀ, 1967

4. Ž. D. K h a c h a t r i a n. The Archives of Sealings Found at Artashat (Artaxata).– “Bulletin de correspon-dance Hellenique”, Supplement 29, Paris, 1996, pl. 73-76

Աղբյուր՝ Arvestagir.am