Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Կոմիտաս․ Քաղհան

Գարնան գութանը հանեցի,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Աշնան անի լավ օրեր,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Քաղհան կանեմ հո բարով,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Տոլմա փաթթեմ բիբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Բեռնեմ սայլը սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր կանեմ:

Հայ ժողովրդական «Քաղհան» երգն է: Մշակումը` Կոմիտասի: Կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Խմբավար` Հարություն Թոփիկյան:

Սա գյուղացու աշխատանքային առօրյա է, որտեղ գյուղացին գործն անում է, ու, ասես, քթի տակ դնդնալով ինքն իր հետ խոսում իր արածի մասին՝ ամեն քառատողի վերջում նաև հիշելով իր սիրելիին՝ Սոնա յարին: Սոնան ընդհանրապես հայ երգերում հաճախ հանդիպող անուն է և նշանակում է սիրունատես: Եւ այսպես, գյուղացին սկզբում պատմում է, որ գարնանը գութանը հանել, հողը վարել ու արտը բամբակ է ցանել: Հետո ասում է, որ երբ ամառը եկավ, քաղն էլ աճեց, ելավ, ու ինքը քաղհանի համար օգնող մշակ է գտավ, քաղհանավոր ճարեց:

Առհասարակ քիչ թե շատ ունևոր գյուղացիները մշակներ էին վարձում, որ իրենց օգնեին դաշտերում աշխատանքները ժամանակին ավարտելու համար:

Երրորդ քառատողում խնդրում, որ աշնանն էլ լինեն լավ օրեր և ինքը, երևի հաջորդ գարնանը, նորից բամբակ քաղի նուբարով: Նուբարը առաջին բերքն է:

Այս կատարումը պարունակում է միայն այս քառատողերը: Սակայն երգն ունի շարունակություն էլ, որոնք նույնպես կներկայացնեմ:

Դրանցից մեկում գյուղացին երգում է, որ այժմ բարով քաղհան է անում: Սա նշանակում է, որ տարին նպաստավոր է եղել բերքի համար, կարկուտ, երաշտ կամ մեկ այլ բան չի եղել, որ կփչացներ արտի բերքը: Եւ այժմ գոհությամբ քաղհան է անում և քթի տակ երգում այս զվարթ երգը: Այս տողերից հետո, որից իմանում ենք, որ մշակը քաղհան է անում, երգում է, որ աշխատանքից հետո տոլմա է փաթաթելու բիբարով: Բիբարը թուրքերեն բառ է, հայերենում ասում ենք պղպեղ: Այսինքն ամբողջ օրն աշխատելով վաստակելուց հետո արդեն պետք է ընտանիքով, կամ ինչպես էր հին ժամանակներում՝ գերդաստանով, սեղան նստեն:

Եվ վերջին քառատողում, ինչպես երևում է խոսքերից, արդեն աշխատանքն ավարտել է դաշտում, ողջ քաղհանածը բարձել է սայլին, որպեսզի սարը հանի և տուն տանի: Այս խոսքերից իմանում ենք, որ դաշտը տնից բավականին հեռու է, սարից այն կողմ: Վերջին երկու տողում ասում է, որ ձմռան ամիսները հանգիստ է անցկացնելու, և թող դուրս գա չարակամ մարդու աչքը, ով կնախանձի իր արդար վաստակին: Այստեղ կարծես սովորեցնում է, որ փոխանակ դրացու՝ քրտինքով վաստակած, ձեռք բերածին չար աչքով նայելու, ավելի լավ է ամենքն էլ աշխատանքով, արդար քրտինքով վաստակեն իրենց ապրուստը, այնպես՝ ինչպես ինքն է առանց ուրիշի ունեցվածքին աչք դնելու ողջ տարին աշխատել, ինչը երևում է երգի խոսքերից, որտեղ չկա նախանձի ոչ մի խոսք: