Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Ազատ Ղարիբյան․ Կենսագրություն

Ազատ Ղարիբյան (հուլիսի 25, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 14, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուսույց, բալետի արտիստ, բալետմայստեր: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956 թ.), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.)։

Պարուհի Թերեզա Գրիգորյանի ամուսինն է։

Թերեզա Գրիգորյանն ու Ազատ Ղարիբյանը (1964թ.)

Կենսագրություն

1940 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ Մեկ տարի սովորել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է Անդրկովկասի զինվորական օկրուգի պարի անսամբլում՝ ելույթներ ունենալով զինվորների համար։ 1948 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը։ Եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, պարուսույց, բալետմեյստեր։ 1962 թվականին եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, 1963-1983 թվականներին` Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը։ 1959 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ` ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր։ Մասնակցել է նաև Կիրովականի և Ղարաբաղի պարի պետական անսամբլների ստեղծմանը, Կանադայում կազմակերպել է պարային համույթ։ 1976 թվականին հանդիսացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի ստեղծման նախաձեռնողներից մեկը։ 1986 թվականին ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է լավագույն պարային համարներ՝ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խաչատուր Ավետիսյանի «Հուշեր», Մ. Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ։

Դերապարեր

Նուրալի՝ «Բախչիսարայի շատրվանը»
Կարեն՝ «Գայանե»
Աշուղ՝ «Խանդութ»
Բազիլ՝ «Դոն Քիշոտ»

Բեմադրել է Գրիգոր Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», Բ. Սակիլարիի «Չոփչոփիկը», Հ. Մուրադյանի «Կարմիր գլխարկը», Ի. Մորոզովի «Բժիշկ Այբոլիտը», պարեր Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» և այլ ներկայացումներ։

Կոչումներ

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1956 թ.
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980 թ.