Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Վերցրու կյանքից` ինչ ուզում ես… Անտոնինա Մահարի

30/06/2017, Գրական Թերթ

Գուրգենի հետ դուրս էինք եկել զբոսանքի: Կանգառում մեզ մոտեցավ բարձրահասակ, վայելչատես մի կին: Նա ձեռնափայտով էր, խնդրեց անցկացնել փողոցը: Այն օրերին դեռևս տրամվայները գործում էին, փողոցն էլ լայն էր, Գուրգենի հետ դժվարությամբ նրան ուղեկցեցինք. շատ ուժեղ կաղում էր: Հարցրի` վթարի՞ց է տուժել: Տիրական ձայնով պատասխանեց. «Ոչ: Ես Բաքվից եմ, ամուսինս ԿԳԲ-ի պետ էր: Գիտե՞ք` ինչպես էինք ապրում: Տղաներս փոքր էին, երկու դայակ էինք վարձում, ինձ խնամում էին երկու կին, ամուսինս թիկնապահ ուներ, երկու մեքենա, իսկ մեր ճաշերը ռեստորանների շեֆ-խոհարարներն էին պատրաստում: Ամուսնուս հաճախ էին հրավիրում Մոսկվա: Այնտեղ շքանշան ու մեդալներ էր ստանում լավ աշխատանքի համար»:
Ես գիտեի, որ այն օրերին ԿԳԲ-ի աշխատակիցները մեդալ ու շքանշան ստանում էին հրաշալի, տաղանդավոր, հիմնականում անմեղ մարդկանց կտտանքների ու մահվան դատապարտելու համար:
Իսկ կինը շարունակեց. «Գիտե՞ք` ինչպես էինք ապրում: Արձակուրդներն անցկացնում էինք սովետի ու արտասահմանի լավագույն սանատորիաներում, շուրջերկրյա ճամփորդությունների էինք գնում: Իսկ հետո Բաքու եկավ Սև օրը: Չնայած տունը հսկվում էր, իսկ գուցե հենց նրանց թողտվությամբ, տուն խուժեցին դիմակավոր մարդիկ, ամուսնուս ծեծեցին, ջարդեցին ողնաշարը, վնասեցին իմ ոտքը, ու հիմա դժվարությամբ եմ քայլում, գտան բանկերում պահած մեր փողերն ու հրամայեցին անմիջապես լքել Բաքուն: Մի կերպ հասանք Երևան: Ամուսինս կաթվածահար` անկողնային հիվանդ է, վշտից խելագարված կրկնում է. «Ինչի՞ համար, ինչի՞ համար է այս տառապանքը, ես այնքան ազնիվ եմ աշխատել»»: Իսկ ես մտածեցի. «Ուրեմն` մարդկանց կտտանքների ու մահվան ուղարկելը ազնիվ աշխատանք է»:
Կինը դառնաղի լաց էր լինում, ես փորձում էի հանգստացնել նրան, բայց նրա վերջին խոսքերն էին. «Եթե միայն իմանայիք, թե մենք ինչպե՛ս էինք ապրում…»:
Ու ես հիշեցի ժողովրդական իմաստությունը. «Վերցրու կյանքից` ինչ ուզում ես, բայց իմացիր, որ ամեն ինչի համար պիտի վճարես»: