Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Սուրբ Վարվառայի և Հուլիանեի վկայաբանությունը

Այն ժամանակներում թագավորեց ամբարիշտ և անօրեն Մաքսիմիանոսը, և քրիստոնյաների հալածանքներն ուժեղացան: Եվ [թագավորը] զորագլուխներ և դատավորներ առաքեց իր տերության բոլոր կողմերը` չարչարելու և վերացնելու քրիստոնյաների կարգն ու կրոնը և նրանց ստիպելու զոհ մատուցել կուռքերին: Այն ժամանակ արևելք առաքեց մի ոմն դատավորի, որի անունը Մարկիանոս էր` ազգով և կրոնով հելլեն, լիակատար անաստված և վայրենամիտ: Եվ նա եկավ արևելյան աշխարհը, Իլիուպոլիս քաղաքը, որ Արեգակի քաղաք է կոչվում և Եվխայիտայից քսան ասպարեզ է հեռու: Եվ այնտեղ մի մարդ էր բնակվում, որի անունը Դեոսկորոս էր` մեծատուն, ազնվական և հավատքով` հեթանոս: Եվ նա մի միամորիկ դուստր ուներ, որի անունը Վարվառա էր` խիստ գեղեցիկ և հասակով վայելուչ: Եվ հայրը հրամայեց նրա համար մի աշտարակ կառուցել և այնտեղ բարձրացնելով` բնակեցրեց աղջկան, որպեսզի որևէ մեկը նրան չտեսնի: [Մինչդեռ] աղջկա համբավը տարածվել էր երկրով մեկ, և մեծամեծ իշխանները կամենում էին նրան հարսնության տանել` իրենց զավակներին օրինավոր կերպով ամուսնացնելու համար:

Մի օր հայրը բարձրացավ աշտարակը` տեսնելու իր դստերը և ասաց նրան. «Դո՛ւստր իմ Վարվառա, քեզ սպասում է հարսանյաց առագաստը, ես քեզ պետք է մեծատուն ընտանիքի զավակի տամ կնության: Եվ ի՞նչ ես կարծում, ի՞նչ ես խորհում սրտումդ: Համարձա՛կ ասա»: Իսկ աղջիկը խոժոռվեց և տրտմեց հոր խոսքերից, նայեց երկնքին և հոգոց հանելով ասաց. «Ո՛վ իմ հայր, մի՛ չարչարիր տառապյալ անձն իմ, մի՛ ստիպիր ինձ անձամբ դատաստան տեսնել, և զրկվել այս ազատ և քաղցր կյանքից»: Եվ հիանալով` հայրը թողեց նրան և ներքև իջավ:

Օրեր անց հայրը խորհեց աշտարակի մոտ մի բաղնիք կառուցել և հրամայեց արհեստավորներին, որ արագացնեն կառուցումը: Եվ ավարտելով` կառուցման գործը` հանձնեց [շինարարության] կառավարիչներին, իսկ ինքը գնաց օտար աշխարհներ և այնտեղ մնաց երկար ժամանակ: Մի անգամ Վարվառան իջավ աշտարակից և այնտեղ տեսավ բաղնիքի կառույցը: Ուշադրություն դարձրեց պատուհաններին, որովհետև միայն երկուսն էին բացված հյուսիսային կողմում: Եվ սուրբ Վարվառան ասաց նրանց. «Ո՛վ ճարտարապետներ, դուք շինարարության մեջ հմուտ չեք, քանի որ լոկ երկու պատուհան եք թողել»: Եվ շինարարները պատասխանեցին. «Քո հոր հրամանն ենք կատարել»: Քրիստոսի աղախինն ասաց. «Եվս մի պատուհան բացեք իմ հրամանով, որպեսզի երեք լուսամուտ լինի»: Ասացին նրան. «Լսում ենք քո հրամանը, սակայն երկնչում ենք քո հոր ցասումից. գուցե բարկանա մեզ վրա և տանջանքի ենթարկի, և ոչ ոք չի կարողանա մեզ փրկել նրա ձեռքից»: Երանելին ասաց նրանց. «Վանեցե՛ք երկյուղը ձեր սրտերից, ես հորս կհամոզեմ, որ ների ձեզ»: Եվ կառուցողներն անմիջապես սկսեցին կատարել նրա հրամանը և բաղնիքը դարձնել երեք լուսամուտով: Իսկ երանելի Վարվառան գնաց լոգարանի մարմարիոն ավազանի մոտ, որ արևելյան կողմում էր և իր ձեռքով ուրվագծեց սուրբ Նշանը, որ ասես փափուկ մի նյութի կամ մոմի վրա դրոշմվեց նրա ձեռքի հետքը և պարզորոշ երևում է մինչև այս ժամանակները: Եվ եկող-տեսնողները զարմանում էին: Նաև երանելու ոտքերի հետքերն էին երևում քարեղեն ավազանի վրա, որ մոտեցողներին առողջություն էր շնորհում, ինչպես Պրոբատիկեի ավազանը Սելովամի աղբյուրի մոտ:

Եվ բարձրանալով` երանելի կույսը մտավ իր հոր ապարանքը: Եվ այնտեղ տեսավ նրա աստվածներին, որոնց պաշտում էր: Եվ արհամարհելով` թքեց դրանց երեսներին և ասաց. «Թո՛ղ սրանց նման լինեն սրանց սարքողները, և ովքեր հուսացել են սրանց»: Եվ բարձրացավ իր աշտարակը և մնաց այնտեղ ու մեկուսի աղոթում էր Աստծուն` խնդրելով իր արյան հեղման միջոցով [երկնային] արքայության արժանանալ: Եվ երբ ավարտվեց կառուցումն այն բաղնիքի, որ փրկության առիթ և վերստին ծննդյան ավազան եղավ նրան, վերադարձավ նրա ամբարիշտ հայրը և մտավ բաղնիքը: Եվ տեսավ երեք լուսամուտներն ու ասաց կառուցողներին. «Ինչո՞ւ չլսեցիք իմ հրահանգները և ինչո՞ւ այսպես արեցիք»: Կառուցողները պատասխանեցին և ասացին. «Ինքնագլուխ չենք այդպես արել, այլ քո սիրեցյալ զավակի հրամանով»: Այնժամ կանչեց երանելուն և ցասումով ասաց նրան. «Դո՞ւ ես հրամայել արհեստավորներին բաղնիքում երեք լուսամուտ բացել»: Պատասխանեց հորն ու ասաց. «Այո՛, ես հրամայեցի այդ անել, որովհետև երկու [լուսամուտը] չէր մարմնավորում սուրբ Երրորդությունը. աշխարհ եկող մարդը երեք լույսով է լուսավորվում և մի Աստվածությամբ ժառանգում հավիտենական կյանքը: Եվ այս երեք լուսամուտը դրա համար արեցինք. Հոր, Որդու և Սուրբ Հոգու համար հրամայեցի կառուցել»:

Այնժամ հայրն ասաց նրան. «Ո՛վ որդյակ, չեմ հասկանում այդ ինչ բաներ ես ասում այլաբանորեն. հիմա պարզ կերպով ասա, որ իմանալով հասկանամ ասածներդ»: Կույսը պատասխանեց և ասաց. «Հայր, Որդի և Սուրբ Հոգի, ինչպես նոր ասացի` մի Աստվածություն և երեք Անձնավորություն: Հայրն անսկիզբ է, Որդին` սկզբնակից և ո՛չ թե արարված: Ծնվեց Հորից` առաջ քան հավիտյանը, ժամն ու ժամանակը և սկիզբը ժամանակների: Ծնվեց Կույսից` Աստվածությամբ և Մարդկությամբ և կամավոր խաչվեց հանուն մեր փրկության, և հանուն դրա` ես վկայելու եմ Նրա համար: Սուրբ Հոգին մշտնջենավոր է և ճշմարիտ, էակից է և համագոյակից, որի միջոցով և ճանաչեցինք սուրբ Երրորդությունը»:

Երբ նրա ամբարիշտ հայրը լսեց այս ամենը, չար ցասմամբ բորբոքվեց և իր սուսերը բարձրացնելով` կամենում էր անմիջապես սպանել դստերը: Եվ երբ ձեռքը վերևում էր, Քրիստոսի սուրբ աղախինն սկսեց իր սրտում աղոթք մատուցել առ Աստված: Եվ նույն պահին բաղնիքի առջև եղած վեմը խորանաձև երկու մասի պատռվեց և իր ծոցն առավ սուրբ վկային, իսկ երբ հայրը հեռացավ այդ տեղից, երանելին ողջանդամ և անվնաս դուրս եկավ այնտեղից: Ո՜հ մեծ սքանչելիք… և ինչ անագորույն միտք ուներ նրա հայրը, որ չզղջաց, չփոշմանեց անասելի հրաշքից: Նրա համար գրված է. «Անօրենի սիրտը չի մտնում Տիրոջ ահը» (……) և «Աստված չկա նրա աչքերի առջև» (Սաղմ. Թ. 5):

Եվ սուրբ Վարվառան փախավ հոր մոտից, իսկ հայրն իբրև արյունարբու գազան սկսեց հետապնդել նրան: Եվ ելավ լեռան վրա ու փնտրում էր երանելի Վարվառային: Եվ լեռան վրա տեսավ երկու հովվի, որ իրենց հոտերն էին արածեցնում: Եվ հովիվներին հարցրեց, թե արդյոք չե՞ն տեսել նրան: Եվ նրանցից մեկը որոշեց ստել աղջկա հորը, որ սուրբը չընկնի նրա ձեռքը ու չսպանվի: Եվ երդվեց որոնողին, թե` «Ո՛չ գիտեմ, թե ուր է, և ո՛չ տեսել եմ նրան»: Իսկ մյուս ընկերն ասաց և սկսեց ցույց տալ Քրիստոսի աղախնի [տեղը]: Եվ այն անօրեն հովվին անիծեց սուրբը, և [անօրենն] իր ոչխարների հետ մեկտեղ անմիջապես քարանալով արձանացավ` ինչպես Ղովտի կինը: Եվ մինչ օրս կանգնած է այդ կերպով` ի տես նայողների: Իսկ [աղջկա] ամբարիշտ և չարադև հայրը, փնտրելով նրան գտավ մի վեմի խորշում թաքնված և հուժկու հարվածներով խփեց նրան և մազերից բռնելով` քարշ տվեց մինչև բանտի դուռը: Եվ փակեց նրան մի խցում և կնքեց իր մատանիով, նաև սպառնալով պահանջեց պահապաններից, որպեսզի որևէ մեկին չթողնեն խուցը մտնել, և չհոգան աղջկա մարմնավոր կարիքներն ու ուշադիր հսկեն, մինչև որ ինքը նրա մասին տեղեկացնի Մարկիանոս դատավորին:

Օրեր անց հրաման ստացավ դատավորից, որ նրան ատյան տանի: Եվ իր հետ վերցնելով մի զորագլխի, որ անաստված և անօրեն էր, կույսին հանեց բանտից և դատավորի ձեռքը հանձնեց: Եվ երդվեցրեց նրանց իրենց չաստվածներով և ինքնակալների բախտով, որ անողորմ տանջանքներով և դառն կտտանքներով կսպանի աղջկան: Եվ Մարկիանոս դատավորը նստեց բազմամբոխ հրապարակի ատյանում` բարձր բեմի վրա և նայելով` տեսավ պարկեշտ և գեղեցիկ պատկերը Վարվառա կույսի: Եվ ասաց նրան. «Ո՜վ ազնվագույնդ և վայելուչդ կանանց մեջ, դուստր իմ պատվական, այսուհետ քեզ հարցաքննելու կարիք չկա, որովհետև խիստ իմաստուն, հեզ և հանդարտ ես երևում: Եվ այժմ [միայն մի բան] եմ ցանկանում հարցնել քեզ. ի՞նչ ես կամենում, ասա՛. զոհ կմատուցե՞ս աստվածներին, կկատարե՞ս ինքնակալների կամքը, կերկրպագես նրանց հետ, որ վայելես հայրենի աշխարհի փառքը և թագավորների դուստր կոչվես, թե՞ կամենում ես զրկվել այս քաղցր կյանքից և մահվան դատապարտվածի պես չարչարվել անասելի տանջանքներով, մոլորվելով գնալ գալիլեացիների հետևից և Աստված խոստովանել Նրան, որ հրեաների ձեռքով չարչարվելով մեռավ: [Անձամբ] ես նախատինք եմ համարում անմահ աստվածներին թողնելն ու գնալը ինչ-որ Մեռելի ետևից, ինչպես և դառն տանջանքներն ընդունելը, որ կմաշի գեղեցկությունդ: Եվ [մի՞թե] Նա, որ չկարողացավ փրկել Իր անձը, կարող է ապրեցնել քեզ»:

Քրիստոսի աղախինը պատասխանեց և ասաց դատավորին. «Ես այժմ պատրաստել եմ անձն իմ` հավիտենից կենդանի Աստծուն պատարագ մատուցելու: Նրան, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և դրանցում եղած արարածներին: [Նրան, որ] գթաց Իր ստեղծածներին և ճշմարտապես մարդ եղավ և ամեն ինչ կրեց առանց մեղքերի: Նաև խաչին բարձրացավ մարմնով, սասանեց դժոխքի անդունդը և կապանքի մեջ դրեց մահվան իշխանին և խավարային դևերին, որոնց կողմից դուք մոլորվել եք ձեր անգիտության և հիմարության պատճառով և դրանց աստված եք համարում և հայհոյում եք Նրան, որ մեզ անսպառ և անանց բարիքները շնորհեց: Բարի է նաև այս աշխարհի կյանքը, որովհետև այն ևս մեծ Աստծու ստեղծածն է: Եվ ոչ թե ես մահվան եմ ձգտում, փախչելով Նրա ստեղծած կյանքից, այլ չարիքն այնտեղ է, որ [ոմանք խավարի իշխանի] որս դառնալով` գնում են նրա կորստի [ճանապարհով]: Եվ անառակ անաստվածությամբ կենցաղավարողները, ձեր նմանները, ժառանգելու են անսպառ և մշտնջենավոր տանջանքները, և ձեր չաստվածները ձեզ հետ վառվելու են անշեջ գեհենում: Իսկ ես այն կյանքին եմ ձգտում, որի իշխանությունը չի անցնում և բարիքները չեն սպառվում: Ես Նրան եմ երկրպագում և Նրան եմ փառավորում, որ անանց փառքեր և հանգրվան շնորհեց մեզ: Իսկ քո աստվածների մասին մարգարեն ասում է. «Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են և մարդկանց ձեռքի գործեր» (Սաղմ. ՃԺԳ. 4), և` «Աստվածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, կկորչեն երկնքի տակ» (Երեմ. Ժ. 11):

Այնժամ բարկացած դատավորը հրամայեց կապել նրան և անխնա կերպով ծեծել արջառաջիլերով, իսկ մարմինն ու վերքերը տրորել հաստամազ քուրձերով, մինչև որ մարմինն ամբողջովին շաղախվեց արյամբ: Եվ հրամայեց նրան բանտ նետել, ոտքերը պնդել կոճղերի մեջ, մինչև ինքը խորհի, թե ինչ չարչարանքով սպանի կույսին: Եվ ահա գիշերով լույս ծագեց բանտում, որ փայլում էր որպես արեգակի ճառագայթ ու լուսավորում գիշերվա խավարը: Եվ [հրեշտակների հետ] երևաց Փրկիչն ու ասաց. «Քաջալերվի՛ր և զորացի՛ր, անպարտելի՛ և սիրեցյալ Իմ վկա Վարվառա, որովհետև քո նահատակությունը մեծ ուրախություն է հրեշտակներին երկնքում և մարդկանց` երկրի վրա: Այսուհետ մի՛ երկնչիր բռնակալի սպառնալիքներից, որովհետև քեզ հետ եմ և կփրկեմ քեզ բոլոր հարվածներից, որ տեղալու են քեզ վրա»: Եվ այս ասելով` Փրկիչը խաչակնքեց նրան, և անմիջապես առողջանալով` կույսի վերքերը բժշկվեցին: Եվ Փրկիչը հրեշտակների հետ երկինք բարձրացավ: Իսկ սուրբ վկան ուրախանալով ցնծում էր Աստծու սքանչելիքով և Փրկչի խոստումներով:

Այդ ժամանակ [այնտեղ էր] Հուլիանե անունով աստվածապաշտ և երկյուղած մեկը, որ շրջում էր սուրբ Վարվառայի հետ, նրա նահատակության հանդեսի վկան էր և տեսավ նրա միջոցով եղած բոլոր սքանչելիքներն ու վերքերի ապաքինումը: Եվ անպատում սքանչելիքները տեսնելով` փառավորում էր Աստծուն և կամենում էր հանուն Քրիստոսի կրել նահատակության չարչարանքները:

Եվ հաջորդ օրը դատավորը հրամայեց իր առջև բերել կույսին: Եվ նայելով` տեսավ, որ նրա մարմնի վերքերն առողջացել են, իսկ կույսը ուրախ և զվարթ է: Դատավորն ասաց նրան. «Վարվառա՛, աստվածների հոգածությունը քո նկատմամբ զգո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե ինչպես բժշկեցին վերքերդ»: Երանելին պատասխանեց և ասաց դատավորին. «Ո՛վ դատավոր, քո աստվածները կույր են և համր և քեզ պես սարսափելի անմիտ: Եվ երբեք չեն զգում մարդկանց ցավերը և ո՛չ բարիք կարող են գործել, ո՛չ չարիք: Եվ մենք, որ գիտենք և ճանաչում ենք Աստծուն, չենք կարող թողնել Լույսը և ընթանալ դեպի խավարը, հեռանալ կենդանի Աստծուց և պաշտել մեռելոտի կուռքերը: Եվ եթե դու ընթանաս ճշմարտության հետևից և հեռանաս սնոտի խաբեությունից, ես քեզ ցույց կտամ, թե ինձ ողջացնողն Ո՛վ է. Հիսուս Քրիստոս, Աստվածն իմ և աշխարհի Տերն ու փրկիչը, որին դու չես տեսնում, որովհետև դևերի խարդախությունից և աշխարհի սին ու անցավոր փառքերից խավարել են հոգուդ աչքերը»: Եվ գազազած դատավորն առյուծի պես կրճտացրեց ատամները, հրամայեց կախել նրան, քերել կողերն ու տակը բորբոք կրակ վառել և կապարե գնդով խփել գլխին:

Երբ այս տեսավ Քրիստոսի երանելի աղախին Հուլիանեն, կական բարձրացրեց և լալիս էր դառնապես` աղիողորմ արտասուք թափելով և կոծելով: Այնժամ դատավորը հարցրեց զինվորներին. «Ո՞վ է այդ կինը, որ այդպես արտասվելով` լալիս և ողբում է անօրեն Վարվառայի համար»: Զինվորները պատասխանեցին. «Քրիստոնյա է և դրան ցավակցելով` ողբում է»: Դատավորն ավելի խիստ բարկացավ և հրամայեց նրան ևս կախել, քերել և որովայնի տակ կրակ վառել: Իսկ երանելին աչքերը երկինք հառեց և ասաց. «Դու քննում ես սրտերը, ի՛մ Աստված Հիսուս Քրիստոս, անստվե՛ր Լույս, որ չխամրող լույսով լուսավորեցիր արարածներին: Նայի՛ր Քո աղախնի տառապանքներին և տե՛ս իմ սրտի անձուկ փափագը: Ի՛մ Տեր և Աստված, հեռու մի՛ տար օգնությունդ ինձանից, այլ ամուր կանգնեցրու ոտքերս հավատքի հաստատուն վեմի վրա և անսասան պահիր թշնամու որոգայթներից, որ մարմնիս տկարությունից վախենալով` չերկյուղեմ իմ վկայական հանդեսից: Զորացրո՛ւ ինձ, որ անաստված հեթանոսների առջև քարոզեմ և խոստովանեմ Քո Աստվածությունը և չամաչեմ, Դավիթ Մարգարեի սաղմոսի նմանությամբ, որ ասում է. «Թագավորների առջև խոսեցի Քո պատվիրանների մասին ու չամաչեցի» (Սաղմ. ՃԺԸ. 46):

Այնժամ ամբարիշտ դատավորը հրամայեց սուսերով հատել նրա ստինքները: Եվ երբ անօրեն դահիճներն այդ արեցին, սուրբ կույսը նայեց երկնքին և ասաց. «Ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, մի՛ շրջիր երեսդ ինձանից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր միջիցս»: Եվ երանելի կույսը քաջալերվեց Սուրբ Հոգով և դիմացավ այն տանջանքներին: Եվ դատավորը հրամայեց Հուլիանեին բանտ նետել և հսկել, իսկ սուրբ Վարվառային` մերկացնել ու խայտառակել: Եվ սկսեցին անարգելով քարշ տալ ամբողջ գավառով մեկ: Իսկ երանելի Վարվառա վկայուհին նայեց երկնքին և սկսեց աղոթել առ Աստված. «Տե՛ր Աստված, Քո Որդի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենակալ Հայր, որ հագնում ես երկինքն ամպերով և հանդերձավորվում լույսով, զգեստավորիր Քո անարժան ծառային և ծածկիր մերկությունը մարմնիս, որովհետև հանուն Քեզ հանձն առա վիրավորանքը: Եվ մի՛ թող, որ ամբարիշտներն ու մեղսագործներն ինձ ծաղրի առարկա դարձնեն»: Եվ երբ ավարտեց աղոթքը, քերովբեական կառքով երևաց մեր Փրկիչ Քրիստոսը և Իր հրեշտակներին առաքելով` կույսին լուսեղեն զգեստներով ծածկեց, և երանելին սկսեց համարձակությամբ շրջել:

Եվ Ասկաղովն քաղաքում երանելուն կրկին կանգնեցրին դատավորի առաջ, և նա սուրբ կույս Վարվառայի վրա վճիռ կայացրեց, որ սրով հատեն նրա և իր Հուլիանե նահատակցուհու գլուխները:

Եվ սրբուհու ամբարիշտ հայրը վերցրեց սուրբ Վարվառային դատավորի մոտից և նրան լեռը տարավ: Եվ երանելին հոժարությամբ գնում էր իր գազանացյալ հոր ետևից, որ շուտ վախճանի հասնի և Քրիստոսից ստանա անանց և անթառամ պսակը: Եվ գնալիս երանելի Վարվառան սկսեց աղոթել և ասաց. «Նախահավիտյա՛ն Բանդ Աստված, անսկի՛զբ և անհասանելի Լույս, սրբերի՛ն պսակ շնորհող, որ արարիչն ու Տերն ես բոլորի: Դու երկինքը պարզեցիր իբրև կամար և երկիրը հաստատեցիր ջրերի վրա և ցողածին ամպերին հրամայեցիր անձրև տալ արդարներին ու մեղավորներին: Դու ես ծագեցնում արեգակն արդարների և մեղավորների վրա: Դու ես, որ գնում ես օդի թևերի վրա, և անդունդների սանդարամետները սարսում են Քեզանից…»: Եվ ահա ձայն եղավ երկնքից, որ ասաց. «Անպարտելի՛ ճգնավոր և քաջ նահատակ, ե՛կ և հանգիր»: Եվ սուրբը շարունակեց. «Ո՛վ Տեր, որ ասես գետնին` շրջում ես ծովի վրայով և սաստում նրա ալիքները, և ջրերը հանդարտեցնում են իրենց կոհակները, իսկ հողմերը լռեցնում իրենց ձայնը, և բոլոր տարերքները հնազանդվում են Քո կամքին: Ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, պարգևի՛ր իմ խնդրածները և լսի՛ր Քո աղախնին: Եվ եթե որևէ մեկը հավատով կատարի իմ հիշատակը, Տե՛ր, լսի՛ր նրա խնդրանքները, ոսկորներիս շնորհ տո՛ւր և կատարիր նրա հայցածը: Տե՛ր, փրկի՛ր այդպիսիներին իրենց բոլոր նեղություններից` սովից, սրից, հիվանդություններից, վարակներից, ընկնավորությունից ու ժանտամահությունից: Քո արդար դատաստանի օրը, Տե՛ր, մ՛ի հիշիր նրանց մեղքերը, այլ թողություն տուր: Եվ ընդունի՛ր իմ հոգին խաղաղությամբ»: Եվ երկնքից ձայն լսվեց, որ ասաց. «Ո՛վ ճգնազգյաց և անպարտելի նահատակ, Իմ սիրելի Հուլիանեի հետ մեկտեղ ե՛կ և բազմիր իմ արքայության շտեմարաններում: Եվ ինչ որ խնդրում էիր, ամենը կտրվի քեզ»: Եվ երբ լռեց երկնային ձայնը, ամբարիշտ և անօրեն հայրը կանգնեց Աստծու սուրբ Վարվառայի գլխավերևում և սուսերով կտրեց նրա գլուխը, և սուրբը բարի խոստովանությամբ վկայեց: Իսկ զինվորներից մեկը նույն վայրում կտրեց Հուլիանե կույսի գլուխը: Եվ երբ լեռան վրայից ցած էին իջնում, երկնքից հուր ընկավ և այրեց դատավորին և ամբարիշտ հորը, որ անհետացան փոշու պես:

Քրիստոսի սուրբ վկաներն ու քաջ նահատակները` Վարվառան և Հուլիանեն մարտիրոսվեցին դեկտեմբեր ամսի չորսին:

Եվ Վաղենտիանոս անունով մի աստվածապաշտ և երկյուղած մարդ դատավորի հաջորդից խնդրեց սրբերի նշխարները, պատվական զգեստներ հագցրեց ու պատվով պահեց և հուղարկավորեց Իլիուպոլիս քաղաքի մերձակայքում: Եվ մինչև օրս սուրբ վկաների նշխարները հրաշքներ են գործում` ի փառս ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Surbzoravor.am