Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Աստծո վեհանձն զավակները

Կան մարդիկ, որ ապաշխարել են իրենց մեղքից, և Աստված ներել է նրանց: Հոգևոր օրենքները դադարել են գործել, սակայն չնայած դրան՝ մարդիկ չեն մոռանում իրենց մեղքը: Նրանք թախանձագին խնդրում են Աստծուն իրենց այս կյանքում պատժել, որպեսզի վճարեն դրա համար: Եվ քանի որ նրանք համառորեն պնդում են, Բարեգութ Աստված կատարում է նրանց բարեպաշտ աղաչանքները: Սակայն Իր Երկնային խնայողական դրամարկղում՝ Դրախտում, նրանց համար վարձք է կուտակում ու դրա հոգևոր տոկոսները: Այդ մարդիկ Աստծո վեհանձն զավակներն են, Նրա ամենաբարեպաշտ երեխաները:

«Հոգևոր մարգագետին» գրքում* պատմվում է Աբբա Պիմենի մասին, ով հովիվ էր եղել: Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ ու խնդրեց, որպեսզի Աբբան իրեն գիշերակացի թողնի իր խցում: Հյուրերի համար հատուկ տեղ չունենալով՝ Աբբան այցելուին տեղավորեց այնտեղ, որտեղ ինքն էր գիշերում, իսկ ինքը գնաց քարանձավներից մեկում գիշերելու: Առավոտյան, երբ խուց վերադարձավ, այցելուն նրան հարցրեց. «Գիշերն ինչպե՞ս անցկացրեցիր, Աբբա, չսառեցի՞ր»:

«Ոչ,- պատասխանեց Աբբա Պիմենը,- գիշերը լավ անցկացրեցի: Մի քարայր մտա և այնտեղ մի քնած առյուծ տեսա: Ես էլ պառկեցի ու մեջքս նրա բաշին հենեցի: Առյուծի շնչառությունից քարանձավը վառարանի պես տաքացել էր և ես չսառեցի»: «Չվախեցա՞ր, որ առյուծը քեզ կուտի»: «Ոչ,- պատասխանեց Աբբան,- չվախեցա, բայց գիտցիր, որ ինձ վայրի գազաններն են ուտելու»: «Որտեղի՞ց գիտես»: «Աշխարհիկ կյանքում ես հովիվ եմ եղել,- պատասխանեց Աբբան,- մի անգամ իմ հոտն էի արածեցնում և շներս մի մարդու պատառոտեցին, ով այդտեղով էր անցնում: Ես կարող էի այդ մարդուն փրկել, սակայն անտարբեր գտնվեցի: Այդ պահից սկսած անընդհատ խնդրում եմ Աստծուն, որպեսզի վայրի գազաններն ինձ ուտեն: Եվ հավատում եմ, որ Աստված այդ ողորմությունը կանի»: Իսկապես այդ Աբբային գազանները կերան: Սակայն մյուս կյանքում այդպիսի մարդիկ ամենաընտրյալ տեղում են լինելու:

- Հա՛յր, Եկեղեցու Հայրերի մի գրվածքի մեկնաբանություններում կարդացել եմ, որ երբ մարդը մեղք է գործում՝ պետք է պատժվի, որպեսզի վճարի իր գործած չարիքի դիմաց:

- Ոչ, դա այդպես չէ: Եթե մարդը զղջում է, ապա չի պատժվում, որովհետև Քրիստոս ողորմում է նրան: Պետք է շատ ուշադիր լինել Հայրերի գրվածքների մեկնաբանությունների նկատմամբ, որովհետև մի «մեկնաբան» կարող է վատ մարդ չլինել, բայց իր մեկնաբանությունները ճիշտ չլինեն: Եթե վստահ չես, որ մեկնաբանությունները կազմողն ամեն ինչ ճիշտ է մեկնում, ապա ավելի լավ է միայն գրվածքը կարդալ: Մի մարդ ինձ ասաց, որ Եսայի մարգարեին փայտե սղոցով են սղոցել**, որովհետև նա պետք է մարդկանց մեղքերի համար սղոցվեր: Բայց իրականում մարգարեն ինքն էր Աստծուն խնդրում, որպեսզի իրեն ժողովրդի մեղքերի համար սղոցեն և մարդկանց նկատմամբ մարգարեի այդ մեծագույն սիրո պատճառով Աստված տվեց խնդրածը: Բայց քանի անգամ, որ սղոցը մարգարեի մարմնի վրայով տարան, այնքան պսակ էլ Աստված նրան տվեց: Որոշ բաներ հասկանալու համար անհրաժեշտ է որոշակի նախադրյալներ ունենալ, ինչ-որ բան իմանալ: Աբբա Պիմենը, որի մասին պատմեցի, կարող էր Եսայի մարգարեին հասկանալ, թեկուզև նրա հետ նույն բանը չէր կատարվել, որովհետև Եսայի մարգարեի պարագայում մարդկանց համար արվող զոհաբերություն կար:

- Հա՛յր, իսկ մեր դարաշրջանում այդպիսի դեպքեր պատահո՞ւմ են:

- Այո, իհարկե: Մի դեպք եմ հիշում, որ տեղի ունեցավ, երբ ես Փիլոթեոս մենաստանում էի ապրում: Մի մարդ մի թուրքի էր վառարանում այրել, ով մորթել էր իր հորը: Հետո նա ապաշխարեց, Սուրբ Լեռ եկավ, դարձավ վանական և ջանասիրությամբ լծվեց վանական ճգնությանը: Սակայն օր ու գիշեր Աստծուց թողտվություն էր խնդրում, որպեսզի ինքն այրվի: Մի անգամ մենաստանում հրդեհ բռնկվեց: Այն ժամանակ ես վանական տնտեսն էի: Դույլերն ու այլ անոթները ջրով լցրեցի և բոլոր վազեցինք հրդեհը մարելու: Իսկ երբ մարեցինք այն՝ այդ վանականին այրված գտանք:

Այդ տեսարանը մինչև այժմ աչքիս առաջ է… Եվ ի՞նչ էր պատահել: Այդ վանականն, ում մասին խոսում ենք, արդեն ութսունհինգ տարեկան էր: Մեկ այլ վանական, ով յոթանասունհինգ տարեկան էր, խնամում էր նրան: Այդ օրը այդ խնամող վանականը՝ կամենալով գոնե մի փոքր թեթևացնել այն մյուսի ռևմատիկ ցավերը, նրա ոտքերը կերոսինով շփեց, փաթաթեց դրանք ու ծերունուն պառկեցրեց այրվող օջախի մոտ: Շագանակենու վառելափայտից մի այրվող ածուխ թռավ: Այն ընկավ վանականի փաթաթված ոտքերին, դրանք սկսեցին այրվել, ինքն էլ այրվեց և մենաստանում էլ հրդեհ բռնկվեց: Ես շատ էի վշտացել տեղի ունեցածի պատճառով և չէի կարողանում հանգստանալ: Հետո հոգևոր հայրս ինձ ասաց. «Մի վշտացիր: Նա ինքն էր դա Աստծուց խնդրում, որպեսզի քավի իր մեղքը: Տեղի ունեցածն Աստծո պարգևն էր»:

* Տե՛ս, Սուրբ Հովհաննես Մոսխոս: «Հոգևոր մարգագետին»: Սերգիևյան մենաստան: 1915: Էջ 197:

** Տե՛ս, Սուրբ Եսայի մարգարեի վարքը՝ ռուսերեն լեզվով Վարք Սրբոցում: Մայիս ամիս: Մ., 1907: Էջ. 287:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am