Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

«Միշտ ավելի մեծ շնորհներով հարստացրու հոգիս»

Տե՜ր Հիսուս,
հաղորդակից դարձրու - աղաչում եմ Քեզ -
Քո Հոգին իմ հոգուն.
վերստին նորոգիր Մկրտությանս խորհուրդը,
Քո սուրբ Արյամբ ինձ սրբելով:

Միացրու ինձ Սուրբ Պատարագի մեջ Քո ինքնանվիրմանը.
միշտ ավելի մեծ շնորհներով հարստացրու հոգիս.
և հատկապես պարգևիր ինձ շնորհը
ճշմարիտ ու հարատև աղոթքի:

Մի նոր սիրտ պարգևիր ինձ,
սիրույդ բոցերի մեջ մաքրագործված սիրտ,
որի գորովն ու զգացմունքները,
նույնիսկ եթե միջակ են,
հաճո կլինեն Քեզ:

Այցելիր, Տեր իմ, իմ այս խեղճ սրտին,
և այն ընտրության անոթի վերածիր:
Ուղղիր իմ դիտավորությունները,
որպեսզի մոլի կամ չափազանց մարդկային չլինեն,
և թող որ իմ գործերը
համապատասխան լինեն Քո կամքին:

Ինձ Քեզ նման դարձրու համբերության մեջ,
որպեսզի իմ համար սիրելի լինի
Քո հետ միասին չարչարվելն ու հոգնելը:

Թող որ ես խոսեմ, Տեր, Քո Հոգու համաձայն.
թող որ խոսքերս փառավորեն Քեզ
և օգտակար լինեն մերձավորներիս հոգևոր բարիքին:

Էությունս ամբողջովին Քեզ եմ հանձնում ու վստահում,
որպեսզի Սուրբ Հոգու միջոցով այն կերպարանավորես,
այն վերանորոգես ու փոխակերպես,
անմնացորդ կերպով Քեզ նմանեցնելով:

Ամեն:

Եր. Էլենա Գուերրա (1835-1914թթ.)
Աղբյուր՝ Mashtoz.org