Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Ավետիք Իսահակյանի վերջին անեկդոտը

Խաղաղ զբաղմունքի տեր մարդիկ էինք: Մեր զենքը գրիչն էր, մարտադաշտը` թուղթը: Ծնունդ էր, թե մահ, սեր էր, թե ատելություն, ուրախություն էր, թե տխրություն, գրչով էր կատարվում, թղթի վրա: Մեկ-մեկ եթե սպանության, արյուն թափելու հարկ էր լինում, էլի գրչով էր կատարվում, էլի թղթի վրա: Ու երբ հեռանում էինք գրասեղանից, հոգով ու մարմնով հանգիստ էինք լինում. ապրող, շնչող մարդուն դժբախտություն բերող ոչինչ չէինք արել:

Ազատ ժամերին հավաքվում էինք Գրողների տանը: Ընկերներ կային, բարեկամներ, հանդիպել էր պետք: Խումբ-խումբ նստում էինք դահլիճի պատերի երկայնքով շարված բազմոցներին, ասում-խոսում գրական, ոչ գրական, սակայն միշտ բոլորիս հուզող այս-այն հարցի մասին:

Հաճախ մեր զրույցներին, ավելի ճիշտ մեզ էր միանում այդ պահին Գրողների տանը հայտնված Ավետիկ Իսահակյանը, մեր Նախագահը, մեր Վարպետը:

Էլ ի՞նչ խումբ-խումբ նստել. շրջան էինք կազմում, կենտրոնում` Իսահակյանը: Եվ ավելի աշխույժ, ավելի բովանդակալից էին դառնում մեր ասուլիսները:

Ու երբ, թվում էր, սպառված էին օրվա հարցերը և ցրվելու, տուն գնալու ժամանակն էր, Վարպետը, մեղմ ժպիտը դեմքին, հայացքը սրան-նրան էր դարձնում: Զգում էինք, որ ասելիք-հարցնելիք ունի:

Հարցնում էր.

- Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

Ինչո՞ւ չկա: Շա՜տ: Միայն թե, արի այդ հազարավոր անեկդոտների միջից ընտրիր այնպիսի մեկը, որ աշխարհ տեսած, կյանք տեսած Իսահակյանը գոհ մնա լսածից, եթե ոչ ծիծաղ, գոնե ծիծաղի ստվեր հիշեցնող բան երևա նրա դեմքին:

Ես, ինչ ճիշտ է` ճիշտ է, հեռու էի մնում գայթակղումներից. հանկարծ ինքս չդառնամ ծիծաղի առարկա: Լինում էին այնպիսիները, որ պատրաստակամ արձագանքում էին.

- Կա՜, Վարպետ:

Իսահակյանը դեմքը շրջում էր դեպի խոսողը.

- Որ կա, ինչի՞ ես պահում: Պատմիր:

Ու պատմում էին:

Վարպետը լսում էր անեկդոտը, մերթ, իսկապես, լիաթոք ծիծաղում, մերթ հազիվ ժպտում, մերթ էլ, ուղղակի, չէր թաքցնում դժգոհությունը.

- Հեչ բան էր:

Ասում էր ու բարձրանում տեղից:

Մենք էլ էինք ոտքի կանգնում, ցրվում մեր տները:

Մի անգամ, երբ կրկին մեզ հասավ Իսահակյանի` «Անեկդոտ-մանեկդոտ չկա՞ն», ինչպես պատահեց, ինքս էլ չհասկացա, բերանիցս դուրս թռավ.

- Կա՛ Վարպետ:

Հայացքը դարձրեց ինձ:

- Որ կա, ինչի՞ ես պահում: Պատմիր:

Ճա՞րս ինչ, պատմեցի:

Խոսքը առերես ամուսնուն նվիրված, իրականում ամեն քայլափոխի նրան դավաճանող կնոջ մասին էր:

Վարպետը լսեց-լսեց և, չէի սպասի քա՜հ-քահ ծիծաղեց: Աչքերը ջրակալվեցին: Երբ մի քիչ խաղաղվեց, ասաց.

- Էդպես է, բա՜: Զուր տե՞ղն եմ գրել. «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»:

Այդ էր ու այդ. թիրախ դարձա նրա համար: Որտեղ հանդիպում էր, երբ հանդիպում էր, ինչպիսի պայմաներում էր սեղմում էր պատին, իր սիրած հարցը դեմ անում ճակատիս.

- Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

Լինելիս` կամ ծիծաղ, կամ ծիծաղի ստվեր, կամ էլ, կարճ ու կտրուկ.

- Հեչ բան էր:

Այսպես տարիներ շարունակ:

Ու թվում էր, սահման և վերջ չէին ունենալու մեր հավաքույթները, մեր ասուլիսները: Թվում էր, միշտ էինք լինելու մենք, կենտրոնում` Իսահակյանը, բաժանման պահին նրա հավերժական.

- Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

1957 թվականի հոկտեմբերյան մի առավոտ, աշխատանքային օրը հազիվ սկսած, գնացի Գրողների տուն, կարևոր գործ ունեի միության առաջին քարտուղար Էդուարդ Թոփչյանի հետ: Նախօրյակին էինք որոշել ժամը. խանգարող չէր լինի, և երկուսով կզբաղվեինք ինձ հուզող հարցով:

Տեղ հասա, բարձրացա երկրոդ հարկ, վստահ բաց արի դուռը, համոզված, որ Թոփչյանին մենակ կգտնեմ: Սակայն, ինչպես բացել էի դուռը, այնպես էլ, և անմիջապես փակեցի, ինքս մնալով դրսում: Թոփչյանի մոտ նստած էր մեկ ուրիշը:

Զարմանալին այդ երկրորդի ներկայությունը չէր. գուցե մարդն էլ էր մի անհետաձգելի գործ ունեցել քարտուղարի հետ, նա էլ էր հանդիպման ճիշտ նույն ժամը հարմար համարել:

Իսահակյանն էր այդ երկրորդը: Դա էր զարմանալին:

Սակայն երկար մտածելու ժամանակ չունեցա. դռան փակվելու հետ լսեցի Վարպետի ձայնը.

- Ներս անցիր, Գարեգին:

Անցա ներս, բարևեցի, ինչպես միայն նրան էինք բարևում:

- Նստիր, - գլխով աթոռ ցույց տվեց:

Նստեցի:

Հայացքը ինձ վրա էր, աչքերը թախծոտ, դեմքը գունա՜տ-գունատ:

- Երևի մտածում ես, թե ինչու եմ էսպես կանուխ-կանուխ էստեղ եկել, հա՞, - դարձավ նա: - Ժամից ավել է նստած ենք: Մի քանի հարց կար, թողնել չէի կարող. օրը կանցներ, կյանքն էլ հետը: Կանչեցի Էդվարդին, որ նախագահ ու քարտուղար խելք-խելքի տանք: Տվեցինք, վերջացրեցինք: - Բարձրացավ տեղից: - Գնամ, - ավելացրեց, - դուք էլ ձեր գործին կեցեք:

Գնար պիտի, բայց նորից նստեց, ու աչքը գցեց աչքիս: Միայն նրան հատուկ ժպիտ երևաց դեմքին: Ու հանկարծ.

- Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

Ամեն ինչ կանցներ մտքովս, բայց որ այդ ժամին անեկդոտ' երբեք: Լիներ էլ, պատմելու տրամադրություն որտե՞ղից. միտքս ուրիշ բանով էր զբաղված:

- Չկա, Վարպետ, - վատ զգալով, որ անկեղծ ու ճիշտ չէր պատասխանս, ասացի ես:

Իսահակյանն իր տեղը, ինչպես միշտ էր անում նման դեպքերում, ավելի հարմարեցրեց:

- Կա՛, - շտապ վրա բերեց նա: - Սաադին է ասել դարեր առաջ:

Ժպիտը, որ քիչ առաջ փայլում էր աչքերում, չքացավ: Դեմքը անեկդոտ լսողի, մանավանդ պատմողի դեմք չէր այլևս:

- Պատմեմ` լսեք, - սկսեց:

- Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով:

Լռեց: Մի՞թե վերջացրեց ասելիքը:

Ես և Թոփչյանը զարմացած նայեցինք իրար. դե դա ի՞նչ անեկդոտ էր: Ինքը կասեր.

- Հեչ բան էր:

Բայց, այ քեզ բան, Վարպետը սկսեց ծիծաղել, այնքան ուժեղ, որ ասես, հանճարեղ անեկդոտ էր լսել: Աչքերը ջրակալվեցին:

Ահագին ճիգ գործադրելով, ժպիտ հիշեցնող ինչ-որ բան երևացրի դեմքիս: Նույնը Թոփչանն արեց:

Իսահակյանը անտարբեր կրկին բարձրացավ տեղից:

- Ես գնամ, - ասաց ծիծաղի միջից, ու դեպի դուռը շարժվեց:

Շեմքին չհասած, կանգ առավ, շրջվեց: Դեմքին` ծիծաղի ոչ մի հետք: Աչքերը միայն թախիծ:

- Ձեզ մի տանջեք, - դեպի մեզ նետեց, - մեկ է, չեք ծիծաղելու: Կարիք էլ չկա, որ ծիծաղեք, ամեն անեկդոտ չէ, որ ծիծաղ է պահանջում: Պատմածս` դրանցից էր: Չի ծիծաղեցնում, բայց անեկդոտ է: Բա անեկդոտ չի՞, որ բնությունը` կյանքի կողքին մահ է ստեղծել: Ամենամեծ պարգևը տվել է մարդուն, հետո իր ձեռքով էլ ետ խլել նրանից: Անեկդոտ է: Տարիքիս հասնեք կհասկանաք:

Նորից շրջվեց, անցավ շեմքը, դուռը փակելով ետևից:

Մի քանի օր անց մեզ հասավ ցավալի, սիրտ մաշող լուրը. Իսահակյանը մեռել, հրաժեշտ էր տվել աշխարհին (Իսահակյանը մահացել է 1957 թ. հոկտեմբեր 17):

Սակայն, տարիներ անց, և միշտ էլ, ականջիս ոչ թե նրա թախիծ համակող վերջին անեկդոտն է, այլ նրա կենսուրախ, կենսախինդ, կենսասեր հարցը.

- Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. գիրք երրորդ»

«Սովետական գրող» հր., Երևան-1981, էջ 341-345

Աղբյուր՝ Magaghat.am