Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Հայր Էրմես Մարիա Ռոնքի. «Վերջին խոսքը․ Մի օրհնություն»

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Գործք Առաքելոց 1, 1-11

Առաջին պատմությունը գրի առա, ո՜վ Թեոփիլե, այն բոլոր բաների մասին, ինչ Հիսուսը սկսեց անել և ուսուցանել սկզբից մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց առաքյալներին, որոնց ինքն ընտրել էր, և երկինք վերացավ։ Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով՝ քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին։ Եվ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատվեր տվեց նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն, այլ՝ սպասեն Հոր խոստումին, «որը, - ասաց, - լսեցիք ինձնից. որովհետև Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով»։ Նրանք, մոտենալով, հարցրին նրան և ասացին. «Տե՜ր, ա՞յս ժամանակում է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ. այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»։ Եվ երբ այս խոսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ իրենց աչքերը հառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք և ասացին. «Ո՜վ գալիլեացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը»։

Պողոս Առաքյալի Նամակը Եբրայեցիներին 9, 24-28; 10, 19-23

Քանզի Քրիստոսը ո՛չ թե ճշմարտության օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտավ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծո առաջ։ Ո՛չ թե նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ Սրբությունների Սրբությունն էր մտնում ամեն տարի իրը չեղած արյունով. այլապես նա բազում անգամ պետք է չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ, դարերի վախճանին, նա մեկ անգամ ընդմիշտ հայտնվեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։ Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան, նույնպես և Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։ [...] Եվ մեծ քահանա ունենալով Աստծո տան վրա՝ մոտենանք ճշմարիտ սրտով, հավատքի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։ Ամուր պահենք անխախտ հույսի դավանությունը, քանի որ հավատարիմ է նա, ով խոստացավ. և հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես որ սովոր են անել ոմանք, այլ՝ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։

Ղուկաս 24, 46-53

Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը։ Եվ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոսը, հարություն առներ մեռելներից երրորդ օրը, և քարոզվեր նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։ Եվ այս բաների վկաներ եք դուք։ Եվ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք»։ Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց։ Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում։ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադաձան Երուսաղեմ։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

Հիսուսի բաժանումն իրեններից և այս աշխարհից մեկնումը Ղուկասի կողմից պատմվում է հմայիչ ժուժկալությամբ։ «Հիսուսն իրեններին դուրս հանեց դեպի Բեթանիա». Հիսուսը Նա է, ով առջևից է քայլում հովվի նման, ով ցույց է տալիս ճանապարհը, ով վստահ քայլերով առաջ է գնում, նույնիսկ երբ նպատակակետը Գողգոթան է։

Քանի՜ անգամներ են աշակերտները Նրա ետևից քայլել Պաղեստինի ճանապարհների վրա։ Եվ այժմ ուղևորությունը վերսկսվում է, ամեն օտար հող հայրենիք է, Նա իրենների առջևից քայլում է բոլոր ճանապարհների վրա։

Ապա, հովվի պատկերի վրա ավելանում է ևս մի պատկեր. «Եվ, ձեռքերը վեր բարձրացնելով, օրհնեց նրանց»։ Վերջին պատկերը, որը մնում է կարծես բնակություն հաստատելու նրանց աչքերում, ովքեր երեք տարի շարունակ տեսել էին Նրան և այլևս երբեք չէին տեսնելու, մի օրհնություն է։ «Եվ, մինչ օրհնում էր նրանց, վերացավ դեպի երկինք»։ Այդ օրհնությունը Նրա վերջին կտակն է, հասնում է մեզնից յուրաքանչյուրի, այլևս երբեք ավարտված չէ։ Մնում է երկնքի ու երկրի միջև, ամպի նման տարածվում է ողջ պատմության վրա, գծված է ապրելու մեր ցավի վրա, իջնում է մեր հիվանդությունների ու հուսախաբությունների վրա, անկյալ մարդու և զոհի վրա, հավաստիացնելու համար, որ կյանքն ավելի զորեղ է, քան իր վերքերը։

Հիսուսի վերջին պատգամը աշակերտներից յուրաքանչյուրի համար սա է. դու օրհնված ես. բարիք կա քո մեջ. բազում բարիք կա յուրաքանչյուր մարդու մեջ. սա՛ է, որ պետք է ավետարանես։ Եղիսաբեթի առաջին մարգարեությունը («Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ») դառնում է Հիսուսի վերջին խոսքը. օրհնյա՜լ ես դու Իմ արարածների մեջ, որոնք բոլորը օրհնյալ են։

Եվ այս օրհնությունն է, որ բացում և փակում է Ավետարանը, որ բխում է բարկրանքի այն պաշարից, որից ծնունդ է առնում Մեծացուսցէի երգը, որը Առաքյալներին վերադառնալ է տալիս Երուսաղեմ «մեծ ուրախությամբ լի»։

Մի օրհնություն է թողել Տերը, ո՛չ թե՝ դատաստան. ո՛չ թե դատավճիռ, կամ բողոք, կամ հարկադրանք, այլ՝ մի գեղեցիկ խոսք աշխարհի վրա, հարգանքի մի խոսք, գրեթե երախտագիտության։

Որովհետև օրհնվում է նա, ով մեզ բարիք է արել. իսկ ես ի՞նչ բարիք եմ արել Աստծուն։ Ո՛չ մի։ Եվ սակայն, Աստված ինձ օրհնում է։ Արժանի չեմ դրան, բայց միևնույն է՝ ընդունում եմ վստահության այս խոսքը, պինդ պահում եմ իմ հանդեպ արտահայտված հույսի այս վիթխարի խոսքը, մեր հանդեպ, որ տակավին և միայն սովորում ենք։

Երեք բան կա, որ պետք է սովորենք և վկայենք. խաչի օրենքը, որպես կյանքը մեկնաբանելու ամենավեհ, ամենաճշմարիտ, ամենագեղեցիկ կերպ. դարձի գալ այս կերպին. միշտ ընծայված ներումը որպես վերսկսման հնարավորություն, որ հասանելի է բոլորին, միշտ. «Այս բաների վկաներ եք դուք»։ Իր համբարձմամբ՝ Հիսուսը չի բարձրացել դեպի վեր, այլ՝ գնացել է անդին, դեպի գալիք իրողությունները։ Ո՛չ ամպերից այն կողմ, այլ՝ ձևերից, կերպերից, կերպարանքներից այն կողմ։

Նստած է մեզնից յուրաքանչյուրի աջ կողմում, արարչության ներաշխարհում է, քարի ամրության մեջ, համաստեղությունների մեղեդու մեջ, արևածագի լույսի մեջ, սիրահարների գրկախառնության մեջ, յուրաքանչյուր զոհողության մեջ, որ կատարվում է հանուն մի առավել մեծ սիրո (Ջ. Վաննուչչի)։

Գնացել է առաջ, քայլում է մեր առջևից՝ դեպի երկնքի այն մասը, որը մասնատումից ի մի է հավաքում և մշակելի է դարձնում երկիրը։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի «Շնչել Քրիստոսին» («Respirare Cristo») գրքից, էջ 76-77.
Աղբյուր՝ Mashtoz.org