Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Պարիս Հերունի․ Կենսագրություն

Պարիս Միսակի Հերունի (1933 դեկտեմբերի 17, Երևան, Հայկական ԽՍՀ - 2008 դեկտեմբերի 5, Երևան, Հայաստան), հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1957 թ․), տեխնիկական գիտությունների թեկնածու (1965 թ․), դոցենտ (1968 թ․), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։

1971 թ. հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։

Կենսագրություն

Ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Միսակ Մաթևոսի Հերունի, ծնվել է 1906 թ. Կիլիկիայի Հաճըն քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Մահացել է Երևանում 1986 թ.։ Մայրը՝ Սեդա Նիկողոսի Հերունի (օրիորդ Ագաթյան), ծնվել է 1908 թ. Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Մահացել է Երևանում 1982 թ.։ Պարիս Հերունին ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։ Նրա գիտական, կազմակերպչական, հասարակական գործունեության ժամանակագրությունը և որոշ կենսագրական տվյալները հայերենով, ռուսերենով և անգլերենով բերված են նրա հեղինակած «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքի 291-314 էջերում։

Կրթությունը և գիտական գործունեությունը

Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, 1951 թ. ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ուսանելով 6 տարի։ 1957 թ. ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։ Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի ղեկավարի պաշտոնը և այդ պաշտոնում աշխատել մինչև 1960 թ.։

1960-68 թթ. Պարիս Հերունին ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական գծով փոխտնօրեն էր, ինչպես նաև ղեկավարում էր Գերբարձր հաճախականությունների բաժինը։

1968-71 թթ. աշխատել է Մոսկվայի Ֆիզիկա և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, որպես Ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժնի ղեկավար։

1971 թ. հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը, պատրաստել է 24 գիտությունների թեկնածու և 5 գիտությունների դոկտոր։

1983 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնել և ղեկավարել է Անտենային համակարգերի ամբիոնը։

Հրապարակել է շուրջ 340 գիտական աշխատություն և 3 մենագրություն։

Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Նա երկրագնդի տարբեր կետերում գտնվող 4 աստղադիտակների միջոցով հետազոտել է Զորաց քարերը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։

Գիտակազմակերպչական գործունեություն

Ծավալել է ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն, եղել է․

1965 թ․-ից Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ռադիոաստղագիտության պրոբլեմների Գիտական խորհրդի անդամ,

1997 թ.-ից այդ Խորհրդի բյուրոյի անդամ, Մոսկվա

1965-1992 թթ․ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի և Միջգերատեսչական կոորդինացիոն մի շարք Գիտական խորհուրդների անդամ (Հոլոգրաֆիայի, Անտենաների, Չափագիտության և այլ հարցերով), Մոսկվա

1979 թ․-ից Գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ շնորհող ՌԳՀԻ-ի Մասնագիտացված խորհրդի նախագահ, Երևան

1980 թ․-ից «Չափիչ տեխնիկա» (ռուս.՝ Измерительная техника) գիտական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Մոսկվա

1985-1992 թթ․ Հայաստանի ԳԱԱ Ռադիոէլեկտրոնիկայի խորհրդի նախագահ, Երևան

1985 թ․-ից Ռուսաստանի Աստղագիտական միության անդամ, Մոսկվա

1990-1996 թթ․ Միջազգային Գիտական Ռադիո Միության (LJRSI, Մեծ Բրիտանիա) անդամ, երկու ժամկետով՝

1990-1993 թթ. որպես ԽՍՀՄ-ի և ապա

1993-1996 թթ. որպես Ռուսաստանի ներկայացուցիչ

1998 թ․-ից Էլեկտրատեխնիկայի և Էլեկտրոնիկայի Ինժեներների Միջազգային Ինստիտուտի (IEЕЕ) անդամ, ԱՄՆ

2000 թ․-ից ԱՄՆ People-to-people Ambassador խմբի անդամ, կազմված աշխարհի 30 խոշորագույն գիտնականներից, որի Պատվավոր նախագահն է ԱՄՆ Նախագահը

2001 թ․-ից Вестник МАНЭБ գիտատեխնիկական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Սանկտ Պետերբուրգ

2002 թ․-ից Հայկական բանակ ամսագրի Գիտական Խորհրդի անդամ, Երևան

Գիտական աստիճաններ և կոչումներ

1965 թ. - Տեխնիկական գիտությունների թեկնածու (Մոսկվա),

1968 թ. - Դոցենտ, (Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ),

1972 թ. - Տեխնիկական գիտությունների դոկտոր (Մոսկվա),

1982 թ. - ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ (Երևան),

1983 թ. - Պրոֆեսոր (ՌՉՀԳՀԻ),

1996 թ. - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (Երևան)

1999 թ. - Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (Երևան),

2001 թ. - Էկոլոգիական և կենսագործունեության անվտանգության գիտությունների Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (IAELPS) (Սանկտ Պետերբուրգ),

2001 թ. - Հայաստանի Տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս (Երևան)։

Պատվավոր կոչումներ

1985 թ․ - ՀՀ Տեղեր գյուղի պատվավոր բնակիչ,

1998 թ․ - ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ,

2003 թ․ - Գիտության վաստակավոր գործիչ (կոչումը շնորհվել է МАНЭБ-ի կողմից, Սանկտ Պետերբուրգ)։

Պարգևներ

Գիտական մեծ ավանդի համար Պարիս Հերունին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1983 թ․),Աշխատանքի վետերանի և Սանկտ Պետերբուրգի Գիտնականի աստղի (2003 թ․) շքանշաններով, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության բրոնզե, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Լոմոնոսովի անվան ոսկե,  Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Վազգեն Ա-ի արծաթե (1984 թ․), ՀՀ ԳԱԱ ոսկե և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե (2003 թ․) մեդալներով, գիտության ոլորտում Հայաստանի (1985 թ․) և ԽՍՀՄ (1986 թ․) պետական մրցանակներով։

Գիտատեխնիկական ձեռքբերումներ

Ռադիոօպտիկական աստղադիտակ ՌՕԴ

Հիմնական հոդված՝ Օրգովի ռադիո-օպտիկական աստղադիտարան։

Ռադիոօպտիկական աստղադիտակ ՌՕԴ

Արևային էներգետիկա

Հիմնական հոդված՝ «Արև» նախագիծ։

Պարիս Հերունու նախագծած կիսակառույց փոքրիկ արևային ջերմաէլեկտրակայան Տեղեր գյուղի մերձակայքում
1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991 թ․-ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հունաստանը և այլ երկրներ, սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում։

Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։ Նաև, արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։

Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին։

Հերունին նաև արևային ափսեի գյուտի հեղինակ է, որը կենտրոնացնում է արևի շողերը նույն կետում եւ ապահովում մինչեւ 700 աստիճան տաքություն, ինչի շնորհիվ րոպեների ընթացքում եփվում են էկոլոգիապես մաքուր ուտեստներ:"Herouni also invented solar energy plant AREV and solar cookers that catch direct sunlight with mirrors and use it to cook the food at 700 degrees․"

Քարահունջի հետազոտություն

Հիմնական հոդված՝ Քարահունջ։

Ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախմբերը 1994-ից 1997, 1999 և 2001 թթ. մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում, որի ժամանակ կազմվել է կառույցի տոպոգրաֆիկ քարտեզը, չափվել է նրա աշխարհագրական լայնությունն ու երկարությունը, տեղի մագնիսական շեղման անկյունը, ինչպես և կատարվել են հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունների չափումները 360° ազիմուտների համար։ Չափվել են քարերի անցքերում եղած բոլոր անցքերի ուղղվածության ազիմուտները և տեղի անկյունները և այլ կարևոր բնութագրեր։ Կազմվել է 223 քարերի լիակատար կատալոգը նրանց չափերի ու վիճակի նկարագրությամբ, և բոլոր այդ քարերը համարակալվել են։ Հայտնաբերվել են բազմաթիվ նախնադարյան աստղագիտական քարե գործիքներ և որոշվել է նրանց ճշգրտությունը։

Հայերը և հնագույն Հայաստանը

Հիմնական հոդված՝ Հայերը և հնագույն Հայաստանը (գիրք)։

Պարիս Հերունին ծավալուն ուսումնասիրություններ է իրականացրել Հայոց հնագույն պատմությունը պարզելու և այն հիմնավոր ներկայացնելու համար։ Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփվել են նրա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում (2004 թ․՝ անգլերեն, 2006 թ․՝ հայերեն)։ Հնագիտական աստղագիտության, լեզվաբանության և աշխարհի հնագույն պատմության փաստերի համադրման միջոցով հեղինակը նորովի ներկայացնում է Հայոց հնագույն պատմությունը։ Գիրքը մեծ արձագանք է գտել ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ շարքային ընթերցողների մոտ։ Գրքում շարադրված գաղափարների, մոտեցումների, հետևությունների և արդյունքների մասին մասնագիտական դեմ և կողմ բուռն քննարկումները չեն դադարում առ այսօր։

Նկարչություն

Պարիս Հերունին գիտական աշխատանքից բացի զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ Հատկապես ճանաչված է նրա հեղինակած «Վահագնի ծնունդը» նկարը։ Նկարների հավաքածուի մեծ մասը պահպանվում է Բյուրականի աստղադիտարանի տարածքում գտնվող թանգարանի վերածված նրա աշխատասենյակում։

Պատկերասրահ

Հին հայկական արևային, լուսնային և աստղային ժամացույց
(վերաստեղծել է ակադեմիկոս Պարիս Հերունին)։

Հին հայկական տոմարը (վերաստեղծել է ակադեմիկոս Պարիս Հերունին)։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի