Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» ( Հովհաննեսի 13:16-17)

Շառլ Պերո․ Փուփուշիկ Ռիքեն

Շատ տարիներ առաջ մի թագավոր ու թագուհի էին ապրում: Նրանք մի տղա ունեցան, բայց այնքան տգեղ, որ տեսնողը մտածում էր՝ դա մա՞րդ է, թե … Թագուհի մայրիկը շատ էր վշտացել, որ որդին այդպես տգեղ է ու, նայելով նրան, ամեն օր վշտից լալիս էր: Մի անգամ, երբ նա օրորոցի մոտ նստած էր, ներս մտավ մի բարի կախարդ, նայեց փոքրիկ այլանդակին ու ասաց.

- Շատ մի վշտացեք, թագուհի, տղան, ճիշտ է, շատ է տգեղ, բայց դա բոլորովին չի խանգարի նրան լինել բարի ու հմայիչ: Բացի այդ, նա ամենախելացին կլինի ողջ թագավորությունում, և կկարողանա խելացի դարձնել նաև նրան, ում շատ կսիրի:

Բոլորը ուրախացան բարի կախարդի գուշակությունից, բայց ամենից շատ ուրախացավ թագուհին: Կախարդի գուշակությունը կատարվեց: Երեխայի առաջին իսկ թոթովանքներն այնքան խելացի էին, որ բոլորը հիացմունքից հառաչում էին.

- Ախ, որքան խելացի է փոքրիկ արքայազնը:

Մոռացա ասել, որ արքայազնը ծնվել էր գլխին մի փունջ փուփուլ: Դրա համար էլ նրա անունը դրին Փուփուշիկ Ռիքե: Այդ նույն ժամանակ հարևան թագավորն էլ մի աղջիկ ունեցավ, մի աննման գեղեցկուհի: Թագուհին երջանկությունից քիչ մնաց խելագարվեր, որ այդքան սիրուն էր աղջիկը: Բայց այդ նույն կախարդը, որ այցելել էր Ռիքեի մայրիկին, նրան ասաց.

- Այդպես մի ուրախացեք, թագուհի, փոքրիկ արքայադուստրն այնքան հիմար կլինի, որքան որ գեղեցիկ է:
Այդ գուշակությունը շատ վշտացրեց թագուհուն: Նա լաց եղավ ու սկսեց խնդրել կախարդին, որ գոնե մի քիչ խելք տա իր փոքրիկ աղջկան:

- Չեմ կարող,- ասաց կախարդը,- բայց կանեմ այնպես, որ նա, ում սիրի փորիկ արքայադուստրը, նույնքան գեղեցիկ դառնա, որքան որ ինքն է:

Արքայադուստրը մեծանում էր ու օր-օրի ավելի գեղեցկանում: Բայց որքան գեղեցկանում էր, այնքան շատ էր հիմարանում: Ոչինչ չէր պատասխանում, երբ նրան հարց էին տալիս կամ այնքան հիմար պատասխան էր տալիս, որ մարդիկ փակում էին ականջները: Բացի այդ այնքան թափթփվածն էր, որ չէր կարող բաժակը դնել սեղանին, անպայման գցում էր, ջարդում, իսկ երբ ջուր էր խմում, կեսը թափում էր վրան: Դրա համար էլ, չնայած գեղեցկությանը, նա ոչ մեկին դուր չէր գալիս: Խեղճ արքայադուստրը վշտանում էր, երբ բոլորը վերաբերվում էին նրան որպես հիմարի, նա ուղղակի պատրաստ էր ամբողջ գեղեցկությունը տալ մի կաթիլ խելքի դիմաց: Թագուհին որքան էլ շատ էր սիրում նրան, այնուամենայնիվ չէր կարողանում չկշտամբել նրան հիմար վարմունքի համար: Դրանից արքայադուստրը ավելի շատ էր տառապում: Մի անգամ նա գնաց անտառ, այնտեղ լալու իր վիշտը: Զբոսնելիս տեսավ մի փորիկ կուզիկ մարդուկի, որ չնայած անսահման տգեղությանը, շատ շքեղ էր հագնված: Դա արքայազն փուփուշիկ Ռիքեն էր: Նա տեսել էր գեղեցկուհի արքայադստեր դիմանկարն ու սիրահարվել: Թողել էր իր երկիրը, եկել այստեղ, որպեսզի արքայադստերը խնդրի դառնալ իր կինը: Ռիքեն շատ ուրախացավ, որ հանդիպեց գեղեցկուհուն:

Նա բարևեց արքայադստերը ու տեսնելով, որ նա շատ տխուր է, ասաց.

- Ինչո՞ւ եք այդքան տխուր, արքայադուստր: Չէ՞ որ դուք ջահել եք ու այդքան գեղեցիկ: Ես շատ գեղեցիկ արքայադստրեր եմ տեսել, բայց ձեզ նման գեղեցիկին՝ երբեք:

- Դուք շատ բարի եք, արքայազն,- պատասխանեց գեղեցկուհին ու այդտեղ էլ կանգ առավ, որովհետև հիմարությունից չգիտեր, թե ուրիշ ինչ կարելի է ասել:

- Մի՞թե ձեր նման գեղեցկուհին իրավունք ունի տխրելու,- շարունակեց Ռիքեն:

- Ուրախ կլինեի ձեզ նման տգեղ լինել, քան այսքան գեղեցիկ ու այսքան հիմար:

- Դուք բոլորովին էլ հիմար չեք, արքայադուստր, եթե ձեզ հիմար եք համարում: Իսկական հիմարները չեն ընդունում, որ հիմար են:

- Դա չգիտեմ,- ասաց արքայադուստրը: Ես գիտեմ միայն, որ հիմար եմ, դրա համար էլ այսպես տխուր եմ:

- Եթե միայն դրա համար եք տխուր, ես կարող եմ օգնել ձեզ: Կարող եմ խելացի դարձնել այն աղջկան, ում ամենից շատ կսիրեմ: Ու քանի որ աշխարհում ամենից շատ ձեզ եմ սիրում, ապա կարող եմ ձեզ այնքան խելք տալ, որքան որ դուք ցանկանաք, եթե, իհարկե, համաձայնեք ամուսնանալ ինձ հետ:

Արքայադուստրը մնաց շվարած ու ոչինչ չասաց.

- Տեսնում եմ, իմ առաջարկությունը վիրավորեց ձեզ,- ասաց Փոփուշիկ Ռիքեն: - Բայց դա ինձ չի զարմացնում: Ես մի ամբողջ տարի ձեզ մտածելու ժամանակ եմ տալիս: Մի տարուց կգամ պատասխանի ետևից:

Արքայադուստրը մտածեց, որ տարին շատ երկար ժամանակ է, համաձայնեց: Եվ հենց որ համաձայնեց ամուսնանալ Ռիքեի հետ, իրեն իսկույն ուրիշ մարդ զգաց: Սկսեց խոսել գեղեցիկ ու խելացի, այնքան խելացի, որ Ռիքեն մտածեց, թե արդյոք նրան ավելի շատ խելք չի տվել, քան թողել է իրեն: Երբ արքայադուստրը վերադարձավ տուն, պալատականները ապշած մնացին այդ արագ փոփոխությունից, որ տեղի էր ունեցել: Արքայադուստրը անտառ գնաց միանգամայն հիմար, վերադարձավ արտակարգ խելոք: Թագավորը սկսեց խորհուրդ հարցնել արքայադստերը. նույնիսկ կարևոր պետական գործերը նրա սենյակում էր որոշում: Արտակարգ փոփոխության լուրը տարածվեց ամենուր: Բոլոր հարևան երկրներից երիտասարդ արքայազները գալիս էին և յուրաքանչյուրն փորձում էր դուր գալ արքայադստերը, որպեսզի ամուսնանա նրա հետ: Բայց արքայադուստրը նրանց բավական խելացի չէր համարում ու չէր համաձայնում ամուսնանալ: Վերջապես մի անգամ եկավ շատ հարուստ, շատ խելոք ու գեղեցիկ արքայազն:

Անմիջապես դուր եկավ արքայադստերը: Թագավորը դա նկատեց ու ասաց, որ աղջիկը կարող է ամուսնանալ նրա հետ, եթե կամենում է: Ցանկանալով լավ մտածել, արքայադուստրը գնաց զբոսանքի և միանգամայն պատահմամբ հայտնվեց այն անտառում, որտեղ մի տարի առաջ հանդիպել էր Փուփուշիկ Ռիքեին: Նա խոր մտորումների մեջ էր, երբ ինչ-որ աղմուկ հասավ նրա ականջին: Թվաց, թե մարդիկ են վազվզում: Երբ արքայադուստրը կանգ առավ և ուշադիր ականջ դրեց, լսեց.

- Կաթսան տուր ինձ:

- Փայտ ավելացրու կրակին:

Այդ ժամանակ գետինը պատռվեց ու ետ գնաց, և արքայադուստրը իր առաջ տեսավ մի ստորգետնյա խոհանոց, խպոհարարներ, օգնականներ, սպասավորներ: ճերմակ թասակներով ու գոգնոցներով, վիթխարի դանակը ձեռքներին՝ խոհարարների մի ամբոխ դուրս եկավ այդ ստորգետնյա խոհանոցից: Նրանք գնացին անտառի բացատը, շարվեցին երկար սեղանի շուրջը և ուրախ երգելով սկսեցին կտրտել միսը: Արքայադուստրը ապշած հարցրեց, թե ում համար են պատրաստում այդ ճոխ խնջույքը:

- Արքայազն Փոփուշիկ Ռիքեի՛,- պատասխանեց մենագեր խոհարարը: - Վաղը նրա հարսանիքն է:

Այդ ժամանակ արքայադուստրը հիշեց, որ ուղիղ մի տարի առաջ ինքը խոստացավ ամուսնանալ այլանդակ թզուկի հետ ու քիչ մնաց ուշաթափվեր: Հուզմունքը զսպելով արքայադուստրը շարունակեց ճանապարհը, բայց մի 30 քայլ էլ չէր արել, նրա առաջ հայտնվեց Փուփուշիկ Ռիքեն, ուրախ ու առողջ, հիանալի հագնված, ինչպես վայել է փեսային:

- Տեսնում եք, արքայադուստր, ես իմ խոսքի տերն եմ,- ասաց նա: - Կարծում եմ, որ դուք էլ այստեղ եք եկել ձեր խոստման համաձայն և ուզում եք ինձ դարձնել աշխարհիս ամենաերջանիկ մարդը:

- Ոչ,- ասաց արքայադուստրը,- ես դեռ չեմ որոշել, ասենք երբեք էլ չեմ որոշի ամուսնանալ ձեզ հետ:

- Բայց ինչո՞ւ,- հարցրեց Փուփուշիկ Ռիքեն: - Մի՞թե չեք ուզում ամուսնանալ իմ տգեղության պատճառով: Գուցե ձեզ դուր չի գալիս իմ խե՞լքը:

- Ոչ,- ասաց արքայադուստրը,- ինձ դուր է գալիս ձեզ խելքը…

- Ուրեմն իմ արտաքինն է վախեցնում ձեզ,- ասաց Ռիքեն: - Բայց դա կարելի է ուղղել, դուք կարող եք ինձ անսահման գեղեցիկ դարձնել:

- Ինչպե՞ս կարող եմ,- հարցրեց արքայադուստրը:

- Շատ պարզ: Եթե սիրեք ինձ ու ցանկանաք, որ ես գեղեցիկ լինեմ, կգեղեցկանամ: Կախարդը ինձ օժտել է մի շնորհքով, որ ես կարողանամ խելացի դարձնել այն աղջկան, ում որ կսիրեմ: Եվ այդ նույն կախարդն էլ ձեզ օժտել է մի շնորհքով, որ գեղեցկացնեք նրան, ում որ կսիրեք:

- Եթե այդպես է,- ասաց արքայադուստրը,- ապա ես ամբողջ սրտով ուզում եմ, որ դուք դառնաք աշխարհիս ամենագեղեցիկ մարդը:

Արքայադուստրը դեռ խոսքը բերանում, Փուփուշիկ Ռիքեն դարձավ աշխարհիս ամենագեղեցիկ ու ամենասլացիկ տղամարդը: Ասում են կախարդն ու իր կախարդությունը այստեղ ոչ մի դեր էլ չունեն: Պարզապես արքայադուստրը սիրում էր Փոփուշիկ Ռիքեին ու նրա տգեղությունը չէր նկատում: Այն ինչ-որ առաջ նրան տգեղ էր թվում, հիմա թվում էր գեղեցիկ ու հրապուրիչ: Այսպես թե այնպես, արքայադուստրը համաձայնեց ամուսնանալ նրա հետ, և հենց հաջորդ օրն էլ նրանք հարսանիք արին: