Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Թումանյանի ասույթները

Պատգամներ, խորհուրդներ և թևավոր խոսքեր

* * *
Հարգիր նախ և առաջ ինքդ քեզ:

* * *
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…

* * *
Բուռդ հավաքիր աշխարհքը թեկուզ,
Թողնելու ես ողջը դարձյալ աշխարհքին:

* * *
Տեսնել ու նկատել միևնույն բանը չի, ինչպես որ լսել ու հասկանալ միևնույն բանը չի, և էդ պատճառով էլ շատ բան ենք լսում, բայց քիչ ենք հասկանում:

* * *
Ջահելությունը շատ թանկ բան է, օգտվել պիտի իմանալ, ապրել, վայելել՝ և դա հեշտ չի, դա էլ մի տաղանդ է, ճաշակի խնդիր:

* * *
Առաջին քայլն է դժվար, երկրորդն ինքն իրեն կգա:

* * *
Դուշմանդ էլ դուռդ գա՝ պետք է ընդունես:

* * *
Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն,-սրանք են կյանքում հիմնականը:

* * *
Չափը կյանքում և ամեն բանում կարևորագույնն է: Չափը՝ ոսկե սանձը, մարդը երբեք ձեռից բաց չպետք է թողնի. «Հազարան բլբուլում» պատկերավոր եմ տվել՝ հրեղեն ձին ոսկե սանձով: Էդ ոսկե սանձը հենց էն չափն է, չափի զգացումը:

* * *
Պետք է ճանաչեք ձեզ՝ ինքզինքը ճանաչելը ամենամեծ հաղթանակն է… Ամենամեծ թշնամին մեծամտությունն է…
Դեպի ժողովուրդը, դեպի բնությունը, հայոց գրողներ…
Աշխարհքին ու մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով:
Ուժը պարզության մեջ է…

* * *
Հոգու ուժ պետք է ունենալ զենքի ուժին չդիմելու համար:

* * *
Աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով… Արևի նման նայեցեք աշխարհքին:

* * *
Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել, օգտվել, արթուն լինել միշտ:

* * *
Մեծ տարբերություններից ավելի մեծ իմաստուն չկա, քան ժամանակը և ավելի խորը հաճույք չկա, քան ժամանակը և ավելի խորը հաճույք չկա, քան զրույց անելը ժամանակի հետ:
Աշխարհում հաստատ չկա ոչ մի բան…

* * *
Երջանկությունը, իմ շնորհալի բարեկամ, հենց նրանով է լավ, որ աշխարհքի բոլոր լավ բաների նման՝ օդի նման, լույսի նման՝ միշտ ու ամեն տեղ կարող ենք գտնել, դեռ նրանցից էլ ավելի առատ: Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է: Եվ մեծ ու հարուստ սիրտ ունեցող մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում նրանք:

* * *
Երջանկության հասնելու համար հարկավոր է կամենալ, ցանկություն ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

* * *
Երջանկությունը գոհունակության զգացմունք է. մարդուցն է կախված:
Երջանկությունը ամեն օր կա. մարդը պիտի ուզենա, կարողանա:
Երջանիկ մարդը բաշխող ձեռք ունի, նա ուզում է իր երջանկությունից բաժին հանել բոլորին, աշխարհքին…
Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… Եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ինչ կյանք:
Փոքրամասնության երջանկությունը չի կարող հաստատուն լինել բացարձակ մեծամասնության թշվառության վրա:
Եվ, իհարկե, լավ կվերջանա: Ճշմարտությունը երբեք չի կորչում:
Ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում, և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուղիղ առաջնորդը:
Բնազդը մեծ բան է- ամենաէականն է ու ամենակարևորը. և առողջ բնազդը քչերին է տված, շատերն են զգում, քչերն են կանխատեսում:
Ոգևորությունը ամեն բանի գաղտնիքն է:
Առանց ոգևորության, շնչի՝ գեղարվեստը ոչինչ է:
Ոգևորությունը խենթ է ու սանձարձակ: Շատ նուրբ պիտի լինել, կոպտությունը նա չի տանի:

Մի՛ սպասիր, որ մուսադ գա: Մուսան շատ քմահաճ արարած է… որոշ ժամերի նստիր ու ոտանավոր գրիր, վարպետություն ձեռք բեր:
Աշխարհքումը բանը շնորհքն ա:
Աշխարհքումը ամեն բանի բույրը ճաշակն է:
Ճաշակը մեծ բան է, դրա համար է, որ հին հույները պատմության էջերից չեն իջնում երբեք, շարժվելու ձև գիտեին, ուտելու, ապրելու ձև, կարգին ու գեղեցիկ, հոգու և մարմնի պաշտամունք կար նրանց մեջ:
Ճաշակը մեծ բան է: Կյանքում ամենամեծ բաները շատ են էժան, նույնիսկ ձրի, բայց շատ դժվար ձեռք բերվող: Մարդիկ պիտի ձեռք բերեն, կարողանան ձեռք բերել էդ մեծ հարստությունը:
Բովանդակությունը դեմքին հրապույր է տալիս:
Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանումն է գլխավոր արժանիքը գրողի:
Բանաստեղծի ոտը հարազատ ու իրական հողի վրա պիտի լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչև երկինք հասնի:
Բանաստեղծը նրանով է բանաստեղծ, որ ապրում է ընդհանուրով: Շատերից է խոսում, ոչ թե մի քանիսից:
Մարդ որքան մոտ լինի իր երկրին ու իր ժողո­վրդին, որքան շատ խորանա ժողովրդական ստեղծագործության մեջ, նա էնքան ավելի մեծ է ու համամարդկային. էդ ճանապարհին միայն գրողը կարող է ընդհանուր գրականության մեջ տեղ ունենալ:

* * *
Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այն օրերը, որ միայն տրտունջ են հարուցում:

* * *
Հենց բանն էլ հայտնելու ձևի և ուժի մեջն է. արտահայտությո՜ւնն է բանաստեղծությունը, ոչ թե միտքը…
Բանաստեղծության տեսակետից միտքը ինչ է որ - միայն նյութ, հում նյութ…
Գրվածքի որակն ավելի վճռական նշանակություն ունի, քան թե քանակը:
Ժողովուրդների մեծությունը հայտնվում է իրենց հոգևոր կուլտուրայի մեջ: Եվ ամեն մի ժողովրդի մեծության առաջին նշանը իր գրականությունն է:

Աղբյուր՝ Grakantert.am