Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Քարոզ Խաչի մասին. Սուրբ Գրիգոր Տաթևացի

«Որովհետև կորստյան մատնվածների համար Խաչի
քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝
Աստծո զորություն» (Ա. Կորնթ. 1։18)։

Բարձրաձայն բարբառող և ազդարարող փողը, նա, ով ելավ Երրորդ երկինք և տեսավ անհասանելին և պատմեց անպատմելին, ով աստվածային խորհուրդների մեծ հազարապետն է և իմաստուն գանձերի հավատարիմ տնտեսը, ընտիր անոթը և ճշմարտության քարոզիչը՝ Պողոս առաքյալը, եկեղեցու մեջ բարձրաձայն հայտարարում է. «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, Աստծո զորությունը»։

Այսինքն՝ Քրիստոսի չարչարանքներն ու Խաչի մահը հիմարություն է թվում անհավատներին, իսկ մեզ՝ հավատացյալներիս համար, որ Խաչի չարչարանքներով փրկվեցինք, Աստծո զորությունն ու իմաստությունը։ Ինչպես հիվանդի համար առողջարար կերակուրը տաղտկալի և վնասակար է թվում, այնպես էլ անհավատ կամակորներին՝ Խաչի քարոզությունը։ Եվ ինչպես խելագարվածն է անարգում իր երախտավոր բժշկին և վանում իրենից, նույնպես էլ նրանք են Խաչյալի մասին ասում. «Եթե կարողություն ուներ, ինչո՞ւ չարչարանքների մեջ ընկավ, մեռավ և թաղվեց, և այն, որ Ինքը չունի, քեզ ինչպես է շնորհում»։ Այսպես են ասում հեթանոսները։

Նույնն են ասում և հրեաները. «Եթե Աստծո Որդի ես իջի՛ր այդ Խաչից, և կհավատանք» (Մատթ. 27։40)։

Այսպես էր ասում նաև կորստյան մատնված ավազակը։

Սրա վերաբերյալ ասենք, որ ավելի զորավոր է նա, որ մտնում է դժնդակ փորձության մեջ և ելնում, ինչպես վարարող գետի հորձանքների կամ ալեկոծ ծովի մեջ մտնողը, քան նա, ով անփորձ է մնում։ Իսկ քաջամարտիկը պատերազմելով է հաղթում, այլ ոչ թե մի կողմ կանգնելով։

Նույնպես և երեք մանուկները սքանչելի եղան հնոցի կրակների մեջ մտնելով ու չայրվելով, և ոչ թե, եթե մոտեցած չլինեին։

Իսկ Հովնան մարգարեն հռչակավոր եղավ կետի փորի մեջ մտնելով և կենդանի դուրս գալով, քան թե, եթե նավին չմոտենար։

Նույնպես և մեր Տիրոջ և Փրկչի գերագույն հաղթությունը կայանում է նրանում, որ լինելով Խաչին գամված՝ արձակում է կապվածներին և մեռած՝ մեռյալներին հարություն տալիս։ Իր մահով խափանում մահը և գերեզման իջնելով՝ մեզ երկինք բարձրացնում։ Նույնպես և քրտնելով, փշե պսակ կրելով, թուքը հանդուրժելով, ոտքերը և ձեռքերը կապված, լեղին ճաշակելով, գլխի խոնարհմամբ, կողքի խոցվածքով և մնացյալ ամեն ինչով բուժում էր նախաստեղծների ախտերը։

Թեպետև Խաչը տկար է ասվում, բայց տես, որ ամենուրեք հակառակ գերազանցությամբ է ներգործում։ Ինչպես որ սկզբում իրար հակառակ տարրերով աշխարհը ստեղծեց, ծովը չնչին ավազով սանձեց և երկրի ծանրությունը ջրի թեթևությամբ արարեց։

Մի այլ դեպքում ևս հակառակ՝ գետնի փոշիով կույրի աչքերը լուսավորեց։ Նաև Պողոսի քրտնաթոր թաշկինակով բուժվում էին բոլոր ախտերը (Գործք. 19։12), իսկ Պետրոսի ստվերով հիվանդներն էին բժշկվում (Գործք. 5։15), նաև նրանց զգեստներից մեռելները կենդանանում էին, և այս ամենը նրա համար, որպեսզի իմացվի, որ Աստծո զորությունը տկարության մեջ է ներգործում։

Այսպես և մեզ՝ փրկվածներիս համար Խաչը Աստծո զորությունն է, քանի որ Խաչը հակառակության նշան է՝ ըստ զորության, ըստ ներգործության, ըստ տեսքի և ձևի՝ համաձայն հետևյալ խոսքի. «Սա շատերի համար անկման ու բարձրացման և շատերի համար էլ հակառակության նշան է» (Ղուկ. 2.34)։

Նախ ըստ զորության. Խաչի նույն զորությունը հավատացյալների համար բարձրացում, իսկ անհավատների համար անկում ու գայթակղություն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն»։

Երկրորդ՝ ըստ ներգործության. Որովհետև Խաչը մարդկանց ցեղի համար փրկություն գործեց, իսկ դևերի գնդին կորստյան մատնեց՝ ըստ հետևալ խոսքի. «Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակ արեց» (Կող. 2։15)։

Երրորդ՝ ըստ տեսքի. որովհետև Խաչը չարչարանքի ու մահվան գործիք է, բայց կյանքն ու անմահությունը ծածկված են նրանում՝ ըստ հետևալ խոսքի. «Քրիստոս պիտի նույն այդ չարչարանքները կրեր և այդպես մտներ Իր փառքի մեջ» (Ղուկ. 24։ 26)։ Եվ եթե մենք «Իր չարչարանքներին կցորդ ենք, ապա հաղորդակից ենք լինելու և Իր փառքին» (Հռոմ. 8։ 17)։

Չորրորդ՝ ըստ ձևի. որովհետև Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում։ Այսինքն՝ Խաչի ներքևի պատվանդանը ավերում է դժոխքը, վերևի գլուխը դրախտի դուռն է բացում, աջ թևը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհաս է բերում դևերին։

Քրիստոսի Խաչով մարդկանց համար այլ փրկություն ևս եղավ, ինչպես որ գրում է առաքյալը. «Քանզի ինչը որ անհնարին էր օրենքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստված հնարավոր դարձրեց՝ առաքելով Իր Որդուն՝ մեղանչական մարմնի նմանությամբ և մեղքի համար մարմնի մեջ դատապարտեց մեղքը» (Հռոմ. 8։ 3)։

Արդ՝ վարդապետներն ասում են, որ Աստվածորդու մարդանալու պատճառներից մեկը եղավ սատանայի հետևալ չարախոսությունը. «Ես չեմ խաբում մարդկանց, այլ իրենք իրենց բնությամբ ու կամքով են մեղանչում»։ Նա այս խոսքերով նախ բնության Արարչին է մեղադրում, հետո և մեզ։ Եվ չկար մեկն իսկ անմեղ, որ սատանայի սուտը բացահայտեր։ Որի համար էլ Հայրն Աստված առաքեց Իր Միածին Որդուն, և Նա, սուրբ Կույսից առնելով մարմին ու հոգի, մարդացավ և մարմնով կրեց մարմնական կրքերը առանց մեղանչելու, իսկ Հոգով՝ հոգունը։ Եվ այսպիսով մեր բնությունը անմեղ պահելով՝ մարդկանց փրկեց մեղքից և Աստծուն ջատագովելով ասաց, որ Նա մեր բնությունը անմեղ է ստեղծել, և սատանան է մեղքի պատճառը, որ խաբում է մարդկանց։ Այսպես մեր Տերը արդարացրեց մարդուն և դատապարտեց թշնամուն։

Այնուհետև Նա, ով մեր բնության անմեղությունը ի հայտ բերեց, եկավ կրելու Խաչի չարչարանքները, նախ՝ որ Իր կամքով Իր անմեղ մարմինը պատարագ մատուցի Հայր Աստծուն՝ մարդկանց հաշտության համար։

Երկրորդ՝ Մենք պարտական էինք մահին և անեծքին, որովհետև մեղանչական ենք, իսկ Նա՝ Անպարտը, մեր փոխարեն մահն ու անեծքը Իր վրա կրեց և մեզ ազատեց։

Երրորդ՝ Մարդը քանի դեռ հարության հույս չուներ, վախենում էր մահվանից և մեղադրում մահվան վճիռը Կայացնողին։ Իսկ Նա, գալով կրեց Իր իսկ սահմանած մահը, մեռավ ու հարություն առնելով՝ մեզ հորդորեց մահվանից չվախենալ, որովհետև դրան հարությունն է հաջորդելու։

Չորրորդ՝ Խաչով սատանային պարտավորեցրեց՝ ասելով.

«Դու ես մարդկանց մեղքերի և մահվան պատճառը, ինչպես և Ինձ՝ անմեղիս, դու խաչել տվեցիր»։ Եվ այսպիսով թշնամացավ հակառակորդի հետ և Հոր առջև դատապարտեց սատանային մեղքերի մեջ, իսկ մարդկանց ետ դարձրեց դեպի արդարություն և կյանք, որի համար առաքյալն ասում է. «Դատապարտեց մեղքը Իր մարմնի մեջ» (Հռոմ. 8։3)։

Այժմ տեսնենք, թե ինչ իմաստ ունի «Խաչ» բառը։

Գիտենք, որ Խաչ են ասում մարմնի չարչարանքները՝ ըստ այն խոսքի, թե «Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10։38)։

Դարձյալ, Խաչ կոչվում է նաև մահվան նշան՝ համաձան հետևալ խոսքի. «Աշխարհը խաչված է ինձ համար, և Ես՝ աշխարհի» (Գաղատ. 6։14)։

Խաչը նաև դատապարտության քառաթև գործիք է, որը անարգ և նախատելի մահվան նշանակն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ Խաչի վրա» (Փիլիպ. 2։8)։

Իսկ թե ինչո՞ւ է Խաչը քառաթև. ասենք որ բազում պատճառներով։

Նախ՝ որ փրկություն է աշխարհի չորս ծագերի համար։

Երկրորդ՝ որովհետև սրբություն է հոգու չորս առաքինությունների համար. վերինը՝ խոհեմության, ներքինը՝ արիության, աջը՝ արդարության, իսկ ձախը՝ ողջախոհության։ Նաև վերին մասը սերն է, ներքինը՝ խոնարհությունը, աջը՝ հնազանդությունը, իսկ ձախը՝ համբերությունը։

Երրորդ՝ մաքրություն է մեղքերից՝ մարմնի չորս տարրերի համար։

Չորրորդ՝ որովհետև Եզեկիել մարգարեն տեսավ չորեքկերպյան աթոռը և Մարդու Որդուն նրա վրա, որ նշանակում է Խաչը և Քրիստոս նրա վրա։

Հինգերորդ՝ որովհետև նրա միջոցով փրկվածները չորս հատկություններով են տարբերվում՝ երկնավոր և երկրավոր, կենդանության և մահվան։

Վեցերորդ՝ քանզի չորս զգայարանների պահապանն է չորս տարերքներից։ Իսկ Խաչի «աչքը», որտեղ միահյուսվում են Խաչի չորս թևերը, զգայությունների միաձուլումն է։

Յոթերորդ՝ նշանակում է մեր ընկնելը դրախտից երկիր, որովհետև աջում էինք, թեքվեցինք դեպի ձախ։

Ութերորդ՝ որովհետև ունի օրենքների չորս կարգը. նախ՝ բնականը, որը տրվեց Ադամին, ապա բանականը՝ Աբրահամին, այնուհետև՝ գրավորը, Մովսեսին, և չորս Ավետարանները, որոնք Խաչի միջոցով տրվեցին։

Իններորդ՝ մարդու երկյուղի նշանակն է տարիքային չորս հասակներում՝ մանկության, երիտասարդության, հասունության և ծերության։

Տասներորդ՝ Խաչի գլուխն ու պատվանդանը նշանակում են Քրիստոսի Աստվածությունն ու մարդեղության միավորումը, որոնք խաչվել են Նրա մեջ։ Աջը՝ արդարների շնորհաբաշխումն է նշանակում, իսկ ձախը՝ դևերի սաստումը։

Իսկ թե ինչո՞ւ է միայն Խաչի ձևը պաշտելի, չէ՞ որ նաև գամվեց, գլխին փշե պսակ դրվեց, գեղարդով խոցվեց և այլն, սակայն դրանցից ոչ մի ձև չպաշտվեց, այլ միայն Խաչն է պաշտելի։ Դավիթ Անհաղթը ասում է, որ Խաչը Քրիստոսի ձևը ունի, Քրիստոս ամեն պահ նրա վրա է և երբեք չի զատվում նրանից։

Խաչը, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Տերը բևեռվելով նրան միացավ։

Խաչը՝ երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը։ Խաչը՝ նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը։ Խաչը՝ առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը։ Խաչը՝ մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը։ Խաչը՝ թագավորների թագն է և իշխանների իշխանությունը։ Խաչը՝ կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը։ Խաչը՝ այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը։ Խաչը՝ ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստությունը։ Խաչը՝ կենաց ծառն է և անմահության պտուղը։ Խաչը՝ անմեղների խրատն է և մեղավորների քավիչը։ Խաչը՝ մոլորվածների ճանապարհն է և խավարյալների ճառագայթը։ Խաչը՝ նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը։ Խաչը՝ սանդարամետականների սարսափն է և երկրայինների սաստողը։ Խաչը՝ Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը։ Խաչը՝ հոգևոր զենք է և չբթացող սուր։ Խաչը՝ դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը։ Խաչը՝ գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը։ Խաչը՝ դրախտի դռներ բացողն է և արքայությունը՝ ժառանգություն տվողը։ Խաչը՝ Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը։ Խաչը՝ անհավատների կուրությունն է ու հավատացյալների զորությունը:

Խաչը իր երկրպագուներին պայծառեցնելով կկանգնեցնի Քրիստոս Աստծո աջ կողմում, որին փառք հավիտյանս. ամեն։

Աղբյուր՝ Armenianhouse.org