Երազիկ Գրիգորյան. Սարն ու ամպը
Հեքիաթներ
Ամպի ստվերն ընկել էր մեծ սարի վրա:
- Գագաթիցդ քիչ ներքև՝ աջ կողմիդ վրա, մի կտոր գիշեր կա, սա՛ր, - ասաց ամպը:
- Դա գիշեր չէ, - պատասխանեց սարը: - Ուշադիր նայիր: Պետք է որ ճանաչես նրան:
- Ես շատ եմ ճամփորդել ու շատ բան գիտեմ: Երբեմն, իսկապես, ծանոթ է թվում նա, ում առաջին անգամ ես տեսնում:
Բայց ես գիշերը լավ եմ ճանաչում, ու այն, ինչ տեսնում եմ հիմա…., - ուզում էր շարունակել ամպը, բայց սարը նրա խոսքը կտրեց.
- Եթե դու լավ ես ճանաչում գիշերը, ասա՝ նա որտե՞ղ է պահում ստվերները:
- Ինչո՞ւ ես հարցնում, - սրտնեղեց ամպը:
- Ուզում եմ, որ դու իսկապես ճանաչես գիշերը:
- Ինչի՞դ է պետք: Կարող ես չմտահոգվել:
- Չեմ կարող: Քո ստվերն ընկել է ինձ վրա, ու իմ սիրտը հիմա թրթռում է քեզ համար:
- Ի՞նչ ստվեր:
- Ուշադիր նայիր. գագաթիցս քիչ ներքև՝ աջ կողմիս վրա:
- Ուզում ես ասել….
- Որ դա քո ստվերն է:
- Այսինքն ես ինքս ի՞նձ եմ նայում: Ուրեմն, ես ինձ մի կտոր գիշե՞ր եմ կարծել:
- Որովհետև չես ճանաչում գիշերը:
- Ես չեմ ճանաչում ինքս ինձ:
- Ճանաչի՛ր: Հիմա դու քեզ տեսնում ես ինձ վրա:
Ամպը երկար նայեց սարին:
- Դու էլ քո ստվերը գցիր ինձ վրա, սա՛ր: Իմ սիրտը կթրթռա քեզ համար, ու դու էլ քե՛զ կճանաչես քո ստվերով:
Սարը քիչ մթնեց:
- Դու շատ ես ճամփորդել, իսկ ես շատ եմ ապրել: Ու մի բան հաստատ գիտեմ. ես չեմ կարող իմ ստվերը գցել քեզ վրա:
- Դու շատ ես ապրել, բայց ես մի բան հաստատ գիտեմ. առանց այդ էլ իմ սիրտը կթրթռա քեզ համար,- դողացող ձայնով ասաց ամպն ու սարը փշաքաղվեց:
- Ասա՜ ինձ, ամպ, ես ի՞նչ տեսք ունեմ:
- Դու փառահեղ ես: Քեզ վրա խոտ ու քարեր կան: Ես ճանապարհին սարեր շատ եմ տեսել, բայց ոչ մեկն այսպիսի խոտ ու այսպիսի քարեր չուներ: Ես հիանում եմ քեզնով:
- Ինձ վրա երբեք ծաղիկներ չեն աճել,- շշնջաց սարը:
Ամպը չլսելու տվեց ու շարունակեց.
- …Իսկ ես, որ մինչև քեզ հանդիպելը չգիտեի էլ, թե ինչպիսին եմ, քիչ հետո չեմ լինի: Հազարավոր ամպեր կանցնեն քո վրայով ու քեզ կտան իրենց ստվերը, ու ես…: Ես միայն մի բան եմ ուզում. որ ինձ չմոռանաս:
- Ես միայն մի բան եմ ուզում. որ ինձ չմոռանաս, - կրկնեց սարը:
Հանկարծ քամի բարձրացավ ու ամպի ձայնը դողաց.
- Ես կարծես շարժվում եմ:
- Մի՛ գնա, - հևաց սարը: - Խոսիր ինձ հետ: Ասա՝ ի՞նչ ես տեսել այստեղ գալիս:
- Ես շատ եմ ճամփորդել, բայց միակ բանը, որ տեսել եմ, այն ճանապարհն էր, որն ինձ քեզ մոտ բերեց:
- Դու ճիշտ ես. հազարավոր ամպեր են անցնում իմ վրայով: Բայց միայն դու ես, որ ….
- Քամին ինձ տանում է: Բռնի՛ր ինձ, սա՛ր: Ստվերի՛ցս բռնիր:
Հսկա սարն անզոր հառաչեց ու ամպը խոսեց հանդարտորեն.
- Դու չասացիր. գիշերը որտե՞ղ է պահում ստվերները:
Ու սարը պատասխանեց.
- Իր սրտի մեջ: Երանի՜ ես մի կտոր գիշեր լինեի:
- Մի՛ տխրիր, սա՛ր, ես գիտեմ սրտում պահվելու գաղտնիքը:
Այսպես ասաց ամպը, հետո մթնեց ու սկսեց արտասվել:
Ամպի արցունքները թափվեցին սարի վրա: Մի խորը հոգոց լսվեց: Ոչ ոք չիմացավ, թե ով էր այդ: Քիչ հետո գիշերը ծածկեց գույները ու իր սրտի մեջ առավ բոլոր ստվերները:
Իսկ առավոտյան անձրևի թափված տեղում սարի վրա ծաղիկներ աճեցին. գույնզգույն, վառման ծաղիկներ: Նրանց բույրն անամպ երկնքին հասավ ու սարը օրհնեց այդ առավոտը:
Աղբյուր՝ Granish.org