Այսպէս է ասում Տէրը. «Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ» (Առակներ 28:16)

Հավերժ Չարենց

Եվ թո՛ղ աշխարհի տերերն իմանան,
Եվ խոր ըմբռնեն մի վերջին անգամ,
Որ եղե՛լ եմ ես, կլինե՜մ ու կա՛մ,
Ե՛ս- անհերքելի ու հավերժական…

Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

Չարենց: Եղիշե Սողոմոնյան էր անունը: Տեղ մը ճամփուն վրա մեկ կողմ դրավ Սողոմոնյանը և իր աճող ինքնության վրա զետեղեց Չարենց ընտրյալ անունը: Ի՞նչ կնշանակե: Չար՝ ձևով մը կնշանակե խռովարար և ոչ անպայման «գեշ»: «Ենց»-ը պատկանելություն կցուցնե: Խռովքի մարդը: Ասիկա ոչ մասնագիտական բանասիրություն է և ենթադրություն, որ թերևս զուրկ է իմաստե: Բայց և այնպես, մենք վստահաբար կրնանք բան մը իմանալ անձին մասին՝ իրեն համար ընտրած անունին ծանոթանալ:

Չարենցեն պահանջվեցավ, որ շարունակե բանաստեղծություն գրել՝ այդ բանաստեղծություններուն մեջ միաժամանակ ներմուծելով պատշաճ քաղաքականություն: Ադ կըներ արդեն, երբ իրեն հանդիպեցա Մոսկվային մեջ 1935-ին մայիսի վերջը կամ հունիսի սկիզբը:

Մոսկվայի մեջ ինթուրիսթի առաջնորդուհին ըսավ.

- Թերևս կփափագիք հանդիպել Չարենցին:

Հաջորդ օրը զիս առաջնորդեց մետրոպոլ պանդոկը, Չարենցին սենյակը: Քսանյոթ տարեկան էի: Հրապարակված մեկ գիրք ունեի միայն: Ինթուրիսթի առջնորդուհին թակեց դուռը, որ անմիջապես, գրեթե ուժգնորեն բացվեցավ: Ու ես տեսա կարճահասակ մարդ մը՝ շատ խոշոր, կեռ քիթով, որ իմ վրաս խելագարի տպավորություն ձգեց՝ բառին լավագույն իմաստով: Կեռևեփեր ինքնիրմով, մարդկությամբ, բանաստեղծությամբ, տագնապով, հիշատակներով, ձախորդությամբ, զայրույթով, կսկիծով, և, վերջապես, ամեն-ամեն ինչով, որուն մարդ էակը ծանոթ է, ապրած է, և , սակայն, այս կամ այն ձևով հաջողած է պահել իր հակակշռին տակ: Կատաղի աչքեր ուներ, աչքեր, որոնք, սակայն, ջերմ էին ու հաճելի… տարօրինակ հակասություն իր նկարագիրի մյուս գիծերուն հետ: Կարծես միաժամանակ երկու տարբեր անձնավորություն ըլլար: Տակավին այդ երկու նկարագիրները կարծես պատահականորեն ճյուղավորված ըլլային տարբեր ուղիներով: Իր մեծությունն ու այլազանությունը զինք կմղեին դեպի խելագարություն և կանխահաս մահ՝ անձնասպանությամբ: Կարևոր չէ, թե իր մահը ի՞նչ ձև պիտի առներ իրականության մեջ: Ինձմե մոտավորապես 10 տարի մեծ էր, այսինքն՝ երևի 37 տարեկան, բայց ան իմ ճանչցած մարդերեն որևէ մեկեն ավելի արագ կընթանար:

Սիրեցի Չարենցը, որովհետև այնքան կենսունակ էր, և խորապես մտահոգվեցա իրեն համար, որովհետև ամեն վայրկյան այնքան մոտ կթվար մահվան, խելագարության: Եվ սակայն, աշխարհիկ մեծ իմաստություն մը ուներ:

Կարծես ուրախ էր այն իրողության համար, որ ինք և ես կրնայինք իրարու հետ խոսիլ մեր սեփական լեզվով: Հայեր էինք… իսկ աշխարհը տարբեր բան էր: Աշխարհ կրնար մերը ըլլալ, բայց չէր…

Խոսեցանք ու խնդացինք, այդպես ընելով՝ իրարու հաղորդեցինք, թե մենք հայեր ենք, եղբայրներ, օտարներ, բարեկամներ և ապա՝ գրողներ, հայ գրողներ:

Եղիշե Չարենցը Մոսկվայի մեջ 1935-ի մայիսին կամ հունիսին, երջանիկ, բայց ինձի համար եղերական հայ մը, մարդ մը, բանաստեղծ մը, հայրենասեր մը, քաղաքագետ մըն էր: Զինք նկատեցի աշխարհի մեծագույն մարդոցմեն մեկը: Այդ կարծիքը կպահեմ տակավին: Մեր տղան հավերժ Չարենցն է, հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի, և, վերջապես, լռության: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար: Ինչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կնետեր ինքզինքը իր սիրեցյալ արևին:

Չարե´նցը… Չարե´նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված:

Զայն մինչև այսօր կնկատիմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը:

Երբ 1935-ին առաջին անգամ և, ավաղ, վերջին անգամ գտնվեցանք դեմ դիմաց, շատ գեշ եղա: Ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ: Բայց քանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ինք սկսավ խոսիլ հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելեն ի վեր, ան ուրիշ մեկը դարձած էր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր: Ուրիշ ոչ ոքի հետ պատահած չէր ինձի այս հրաշքը, ոչ մեկ մարդու, ոչ մեկ կնոջ հետ: Հակառակը, սակայն, մեկե ավելի անգամներ: Գեղեցկուհիների հանդիպած եմ հաճախ, որոնք մեկ ժամ հետո ամենեն տգեղ արարածները դարձած են: Չարենցի փայլակնային մտածումներուն մեջ ֆիզիկականը բոլորովին երկրորդական կդառնար, անհետանալու համար վերջնականապես քանի մը ժամ հետո:

Տխրեցա`աղետալի սերմեր տեսնելով իր նկարագրին մեջ: Բայց ոչինչ չգիտեի, և ոչ ոք կրնար օգնել անոր: Նույնիսկ ինչքան կարող էր ինքզ ինքին օգնելու: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար: Ի՞նչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կընետեր ինքզ ինքն իր սիրեցյալ արևին:

Մոռնանք, որ մեռած է… Չարենցը ողջ է դեռ և կենսունակ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա:

Իզո՜ւր խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են:

«Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքից, Երևան, 1986թ.

Աղբյուր՝ Հայկական կակաչ